ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-1603 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-742
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
դատավոր` Ա. Խառատյան
դատավոր` Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մամո Ամոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2007 թվականի վճռի դեմ` ըստ Մամո Ամոյանի հայցի ընդդեմ «Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեքչրինգ քամփնի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատավարձը և հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 478.671 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձը և 305.145 ՀՀ դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարները:
ՀՀ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է բռնագանձել պատասխանողից 478.671 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձի գումար, իսկ 305.145 ՀՀ դրամի չափով հաշվարկված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի մասով, հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մամո Ամոյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 411-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը նշել է, որ չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Ընկերությունը Մամո Ամոյանին հասանելիք աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավորվել է վերջինիս վճարել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսները:
Բացի այդ, Ընկերության և Մամո Ամոյանի միջև առկա չէ վնասների հատուցման այլ կարգ կամ տույժի այլ չափ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, փոփոխել այն և բռնագանձել պատասխանողից 305.145 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի նկատմամբ հաշվարկված տոկոսներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության 26.09.2006 թվականի թիվ 01/113 տեղեկանքի համաձայն` 26.06.2006 թվականի դրությամբ Մամո Ամոյանի նկատմամբ պարտքը կազմել է 478.671 ՀՀ դրամ:
2) Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջը մերժել է` պատճառաբանելով, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել ապացույց այն մասին, որ Ընկերությունն աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավոր է վճարել վերոհիշյալ հոդվածով նախատեսված տոկոսները:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին օրենքով սահմանված չափերով և կարգով վճարում է տուժանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնական և այլ հատուկ օրենսդրությամբ:
Սահմանված կարգով և ժամկետներում աշխատողին աշխատանքի վարձատրության գործատուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վճարման ենթակա տուժանքի չափի և վճարման կարգի վերաբերյալ կանոններ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չեն, հետևաբար, այդ իրավահարաբերությունների կարգավորման նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
«Աշխատանքային վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` աշխատավարձը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատարած աշխատանքի դիմաց դրամական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով կատարվող վճարումն է:
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր աշխատող ունի իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ ստանալու իրավունք: Աշխատավարձի վճարման օրվանից աշխատողի մոտ ծագում է գործատուից այն պահանջելու իրավունք: Այսինքն` աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետից դրա նկատմամբ ծագում է աշխատողի սեփականության իրավունքը (սույն իրավական խնդրի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ), հետևաբար, սույն գործով Ընկերությունը ժամանակին չվճարելով հայցվորի աշխատավարձը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով ապօրինի պահել է վերջինիս դրամական միջոցները (տես օրինակ` Մարտուն Ազատյան ընդդեմ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, 10.10.2007 թ., քաղաքացիական գործ 03-1321 (ՎԴ) (աշխատավարձը և ապրանքային արժեքների գումարը բռնագանձելու պահանջով)):
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված` աշխատանքի վարձատրության չափն ու պայմանները սահմանող պայմանագրով և իրավական այլ ակտերով աշխատավարձի չվճարման համար տոկոսների այլ չափ սահմանված չլինելու պայմաններում, Ընկերության կողմից չվճարված աշխատավարձի նկատմամբ տոկոսները ենթակա են հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում դրված պատճառաբանությունն այն մասին, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել ապացույց, որ Ընկերությունը աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավոր է վճարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան