Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-163 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                  2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3316

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ Լ. Գրիգորյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի ապրիլի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիամ Ազիզյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ Օքսաննա Մեյթարջյանի հայցի ընդդեմ Մարիամ, Աշոտ և Քնարիկ Ազիզյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու, ինչպես նաև ըստ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Օքսաննա Մեյթարջյանի և Աշոտ Գունաշյանի` առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքները կիրառելու, շինարարական աշխատանքների գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Օքսաննա Մեյթարջյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Մարիամ, Աշոտ և Քնարիկ Ազիզյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը և վտարել նրանց Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տանից և հողամասից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարիամ և Աշոտ Ազիզյանները պահանջել են անվավեր ճանաչել Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև 22.04.1997 թվականին կնքած առուվաճառքի պայմանագիրը, կիրառել գործարքի անվավերության հետևանքներ և բռնագանձել շինարարական աշխատանքների գումարը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 02.08.2007 թվականի վճռով Օքսաննա Մեյթարջյանի հայցը բավարարվել է, իսկ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցը մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով Օքսաննա Մեյթարջյանի հայցը բավարարվել է, իսկ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցը մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Ազիզյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օքսաննա Մեյթարջյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ապացույցները գնահատելիս ընդհանրապես չի անդրադարձել գործում առկա ստացականին, որով հիմնավորվում է, որ գործարքի իրական կողմը` գնորդ Աշոտ Գունաշյանն է, որն ամբողջությամբ չի կատարել գույքի դիմաց վճարման իր պարտականությունը: Վերաքննիչ դատարանի կողմից ստացականին իրավական գնահատական չտալու պարագայում Մարիամ Ազիզյանը զրկվել է իր կողմից վաճառվող բնակելի տան արժեքի մասը պահանջելու իրավունքից, քանի որ Օքսաննա Մեյթարջյանի հետ կնքած բնակելի տան առուվաճառքի շինծու պայմանագրի համաձայն` «նա արդեն ստացել է այդ գումարը»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով հարցաքննված վկաների ցուցմունքները` գործարքի կողմերի և դրա պայմանների վերաբերյալ, որոնք նույնպես վկայում են պայմանագրի` շինծու գործարք լինելու մասին:

Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր շինծու գործարքին վերաբերող օրենքի նորմերը և դրա անվավերության հետևանքները, որը չի կիրառել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Օքսաննա Մեյթարջյանը գործարքի կնքումից հետո գրանցել է սեփականության իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճռով նախատեսված գումարը` 300.024 ՀՀ դրամը, Աշոտ Ազիզյանը և Քնարիկ Ազիզյանը 12.12.2007 թվականին ստացել են Արագածոտնի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով (դրամարկղային օրդեր 208 և 196):

Տունը գնելուց հետո Օքսաննա Մեյթարջյանն աշխատանքի բերումով գտնվել է Մոսկվա քաղաքում, որի հետևանքով նրա և պատասխանողի միջև եղել է բանավոր պայմանավորվածություն նրանց կողմից գույքը զբաղեցնելու և օգտագործելու վերաբերյալ, մինչև նրա Հայաստան վերադառնալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարիամ Ազիզյանն Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի սեփականատերն է:

2) 22.04.1997 թվականին Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև կնքած բնակելի տան առուվաճառքի պայմանագրի համաձայն` Մարիամ Ազիզյանն Օքսաննա Մեյթարջյանին վաճառել է քաղաք Աշտարակ, Իսահակյան 31 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, դրանից ծագած իրավունքները գրանցվել են Աշտարակի գույքագրման տեղամասում 06.05.1997 թվականին:

3) 02.05.1997 թվականին Աշոտ Գունաշյանի կողմից տրված ստացականի համաձայն` Աշոտ Գունաշյանը գնել է Աշտարակ քաղաքի բնակիչ Մարիամ Ազիզյանից բնակելի տուն, որի արժեքն ամբողջությամբ չի վճարել` պարտավորվելով արժեքի մյուս մասը վճարել մեկ տարվա ընթացքում:

4) 14.09.2006 թվականի Մարուսյա Սողոմոնյանի հայտարարության համաձայն` 1997 թվականին Մարուսյա Սողոմոնյանի բարեկամ Աշոտ Գունաշյանն իր հարևան Մարիամ Ազիզյանից գնել է բնակելի տուն Աշտարակի Իսակյան 31 հասցեում և իր ներկայությամբ վճարել դրա արժեքի մի մասը, գումարի մնացած մասը` պարտավորվելով վճարել մեկ տարվա ընթացքում: Աշոտ Գունաշյանը տունը ձևակերպել է իր քրոջ` Օքսաննա (Գունաշյանի) Մեյթարջյանի անունով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

i

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89 (ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրն իրականում կնքվել է Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքը առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն քաղաքացիական գործում առկա 22.04.1997 թվականին կնքած առուվաճառքի պայմանագրի և 02.05.1997 թվականին տրված ստացականի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրականում գործարքը կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, որի արդյունքում քողարկվել է գործարքի իրական կողմ հանդիսացող անձանց միջև կնքած գործարքը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.

22.04.1997 թվականին Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրի համաձայն` Մարիամ Ազիզյանը վաճառել է քաղաք Աշտարակ, Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը: Առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո` 02.05.1997 թվականին, Աշոտ Գունաշյանի կողմից Մարիամ Ազիզյանին տրվել է ստացական, որի համաձայն` Աշոտ Գունաշյանը գնել է Աշտարակ քաղաքի բնակիչ Մարիամ Ազիզյանից բնակելի տուն, որի արժեքը վճարել է մասամբ` պարտավորվելով իր կողմից գնված անշարժ գույքի արժեքի մնացած մասը վճարել մեկ տարվա ընթացքում: Գործում առկա 14.09.2006 թվականի Մարուսյա Սողոմոնյանի հայտարարության համաձայն` 1997 թվականին Մարուսյա Սողոմոնյանի բարեկամ Աշոտ Գունաշյանն իր հարևան Մարիամ Ազիզյանից գնել է բնակելի տուն քաղաք Աշտարակ, Իսակյան 31 հասցեում և իր ներկայությամբ վճարել դրա արժեքի մի մասը, գումարի մնացած մասը` պարտավորվելով վճարել մեկ տարվա ընթացքում: Աշոտ Գունաշյանը տունը ձևակերպել է իր քրոջ` Օքսաննա (Գունաշյանի) Մեյթարջյանի անունով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է որ վաճառող` Մարիամ Ազիզյանի կողմից կնքած վեճի առարկա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական կողմը` գնորդ Աշոտ Գունաշյանն է, այլ ոչ` նրա քույրը` Օքսաննա Մեյթարջյանը: Հետևաբար, գործարքը կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, որի արդյունքում քողարկվել է գործարքի իրական կողմերի` վաճառող Մարիամ Ազիզյանի և գնորդը` Աշոտ Գունաշյանի, միջև կնքած վիճելի անշարժ գույքի առուվաճառքի գործարքը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.04.2008
N 3-163 (ՎԴ)
Որոշում