Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ, 227 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Լոռու մարզի առաջին ատյանի           Քաղաքացիական գործ թիվ 3-149 (Ա)

    դատարանի վճիռ                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2/1812-2006 թ.

Նախագահող դատավոր` Բ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արգենյա Մարգարի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 23.11.2006 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կարինե Իգնատի Ավագյանի ընդդեմ Ռոբերտ Ալեքսանի Բաղդասարյանի, Արգենյա Մարգարի Բաղդասարյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի վկայականում մասնակի փոփոխություն կատարելու, հայցվորի և նրա երեխայի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է մասնակի փոփոխություն կատարել Արգենյա և Ռոբերտ Բաղդասարյանների անվամբ տրված Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 1-ին շենքի թիվ 27 բնակարանի սեփականության իրավունքի վկայականում և ճանաչել իր ու երեխայի` Արգենյա Ռոբերտի Բաղդասարյանի սեփականության իրավունքը Վանաձորի Ներսիսյան փողոցի 1-ին շենքի 27-րդ բնակարանի նկատմամբ:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 23.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արգենյա Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Ավագյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված` գործի քննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն Արգենյա Բաղդասարյանին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է վերջինիս բացակայությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքի այն փաստարկները, որ Դատարանը բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որ գործում առկա չէ այդ փաստը հաստատող որևէ ապացույց չի համապատասխանում իրականությանը, քանի որ գործում առկա են ծանուցագրեր` բողոք բերած անձին դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման մասին: Բացի այդ, պատասխանողը դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել է նաև հեռախոսով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արգենյա Մարգարի Բաղդասարյանը պատշաճ ձևով տեղեկացված չէ, Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակ և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ծանուցում): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Արգենյա Մարգարի Բաղդասարյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 23.11.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արգենյա Մարգարի Բաղդասարյանին պատշաճ ձևով ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 23.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-149 (Ա)
Որոշում