Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 225...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 225-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-222 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3096

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Մ. Ասատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նիկողոս Դաբաղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ Նիկողոս Դաբաղյանի հայցի ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նիկողոս Դաբաղյանը պահանջել է սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տնից վտարել Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյաններին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Նշան և Մարի Դաբաղյանների մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկողոս Դաբաղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, Տաթևիկ Դաբաղյանին վեճի առարկա բնակարանից չվտարելով, խախտել է Նիկողոս Դաբաղյանի սեփականության իրավունքը` նրան զրկելով սեփականությունը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Տաթևիկ Դաբաղյանի համար նույնպես անհրաժեշտ էր, որ նա (օրինական ներկայացուցիչը) սեփականատիրոջ` Նիկողոս Դաբաղյանի հետ կնքեր համապատասխան պայմանագիր, ինչը կոնկրետ դեպքում չի արվել: Բացի այդ, Տաթևիկ Դաբաղյանի խնամքը հանձնվել է մորը` Մարի Դաբաղյանին, այսինքն` Տաթևիկ Դաբաղյանի խնամքով, այդ թվում` բնակարանային ապահովությամբ, պետք է հոգ տանի մայրը, քանի որ նա հանդիսանում է նրա ընտանիքի անդամը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը` Տաթևիկ Դաբաղյանի մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Նիկողոս Դաբաղյանին:

2) 15.06.1990 թվականին ծնված Տաթևիկ Դաբաղյանը Նիկողոս Դաբաղյանի դուստրն է:

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 13.12.2002 թվականի վճռով փոխհատուցմամբ դադարեցվել է Մարի Դաբաղյանի բնակտարածության օգտագործման իրավունքը վիճելի տան նկատմամբ: Վերջինս վտարվել է այդ բնակարանից:

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 25.03.2004 թվականի վճռով Տաթևիկ Դաբաղյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է մորը` Մարի Դաբաղյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

i

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

Վերոգրյալի հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք:

Ծնողների զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքի ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով:

Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքը չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ, քանի որ ապրելու իրավունքը անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն` ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն` անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Նիկողոս Դաբաղյանը վիճելի բնակարանի սեփականատերն է, իսկ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանը` նրա դուստրը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Նիկողոս Դաբաղյանի սեփականության ներքո գտնվող բնակարանում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-222 (ՎԴ)
Որոշում