Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ               Քաղաքացիական գործ թիվ 3-33 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-437

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

դատավորներ` Տ. Սահակյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Լևոն Ոսկանյանի ընդդեմ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների` երկաթյա դուռը քանդելու` մուտքն ազատելու պահանջի մասին և Գրիգոր Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լևոն Ոսկանյանի` մուտքի նկատմամբ օգտագործման կարգ սահմանելու և իրենց անհատույց օգտագործման իրավունքը 55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Լևոն Ոսկանյանը պահանջել է պարտավորեցնել Կոլյա և Գրիգոր Անտոնյաններին քանդելու իր հողամասում նրանց կողմից տեղադրված երկաթյա դուռը` հողամասը բերելով նախկին տեսքին:

Դիմելով դատարան` Գրիգոր Անտոնյանը պահանջել է մուտքի նկատմամբ սահմանել օգտագործման կարգ և ճանաչել իր ընտանիքի օգտագործման իրավունքը 55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ քաղաքացիական դատարանի վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ (իրականում` բողոքը ներկայացնելու ժամանակ գործող 218-րդ) հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործի ապացույցները չի հետազոտել դրանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ, ինչի արդյունքում գտել է, որ Անտոնյանների կողմից փաստացի օգտագործվում է 1470 քմ մակերեսով հողամաս, որից 55 քմ մակերեսի վրա ամրակայված է 19,4 քմ մակերեսով բնակելի շինություն: Մինչդեռ, Անտոնյաններն իրենց հատկացված 1500 քմ մակերեսով հողամասից պակաս հողամաս են զբաղեցնում: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում պարզ կդառնար, որ Լևոն Ոսկանյանի կողմից Անտոնյանների հողամասից զավթում չի կատարվել:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից կազմված հատակագիծը, որի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470 քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա: Այս ապացույցի գնահատման դեպքում ակնհայտ է, որ Անտոնյաններն առանց Ոսկանյանի համաձայնության, առանց որևէ իրավական հիմքի փաստացի օգտագործում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 55 քմ մակերեսով հողամասը: Վերաքննիչ դատարանը չի գնահատել այս ապացույցը և սխալ եզրակացության է եկել այդ ապացույցով հաստատվելիք փաստի մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Անտոնյանների հողամասը պակասում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 6 տան կողմից:

Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել նաև Վերաքննիչ դատարանին հասցեագրված Կադաստրի 26.04.2007 թվականի կղ-2967 գրությունը, որի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 տան նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ:

Փաստորեն Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և չի պատճառաբանել այդ ապացույցը չգնահատելու պատճառները:

Վերաքննիչ դատարանը, որպես ապացույց ընդունել և գնահատել է Վերաքննիչ դատարանում ներկայացված Երևանի Դավթաշենի թաղապետի գրությունն այն մասին, որ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների կողմից վիճելի տարածքն օգտագործվել է դեռևս 1939 թվականից, այն դեպքում, երբ Կոլյա Անտոնյանն այդ ժամանակ եղել է երեք տարեկան, իսկ Գրիգոր Անտոնյանը ծնված չի եղել:

i

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որի արդյունքում խախտվել է իր գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու անձի իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու հիմք է համարել այն, որ Ոսկանյանների տանը կից տարածքը սեպաձև մտել է Անտոնյանների հողամասի մեջ: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումից հետևում է, որ օրինական հիմքով հատկացված և սեփականության իրավունքով գրանցված հողամասի սեպաձև հատակագիծը հիմք է, որպեսզի սեփականատերը չկարողանա օգտագործել և տիրապետել իր հողամասը: Դրանով Վերաքննիչ դատարանը խախտել է Լևոն Ոսկանյանի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 և թիվ 2 տները գտնվում են հարևանությամբ:

2) Քննվող քաղաքացիական գործում առկա Կադաստրի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 17.07.2006 թվականի գրության և դրան կից հատակագծի համաձայն` վերոհիշյալ երկու տներին կից հողամասերի սահմանները համադրվում են: Համադրվող տարածքում գտնվում է վեճի առարկա անշարժ գույքը:

3) Կադաստրի կողմից կազմված հատակագծի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470 քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկաթյա դուռը քանդելու` մուտքն ազատելու (այսուհետ` մուտքն ազատելու) հայցապահանջը բավարարելու կամ մերժելու համար Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացնում է վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշեր ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբաներ, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել և գնահատման առարկա չեն դարձվել Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը, որոնց համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470 քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսով հողամասը, իր վրա ամրակայված 19,4 քմ բնակելի շինությամբ, ընկնում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 տան հողամասի վրա:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, վեճի առարկա հողամասի պատկանելիության հարցը որոշված չլինելու պատճառով: Այս իրավական հարցին հնարավոր է պատասխանել գործի նոր քննության ժամանակ:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը` մուտքն ազատելու հայցապահանջի մասով և գործն այդ մասով ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-33 (ՎԴ)
Որոշում