Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

31.08.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.05.1993  -ից մինչեւ   31.08.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 1996թ օգոստոսի 31-ից, 30.06.96 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» դեկտեմբերի 1992թ. Հ.Ն-0746-I
Օրինագիծն ընդունված է ՀՀ նախագահի
առարկություններով ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0771-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

 

i

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև Հայաստանի բանկ) հանրապետության գլխավոր բանկն է, որի գույքը պատկանում է պետությանը:

Հայաստանի բանկը իրավաբանական անձ է, որի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը:

Հայաստանի բանկը գործում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներին և իր կանոնադրությանը համապատասխան:

Հայաստանի բանկը, դրա հիմնարկները, բաժանմունքները և մասնաճյուղերը ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանումով կնիք:

Հայաստանի բանկի գլխավոր գրասենյակի կենավայրը Երևան քաղաքն է:

i

Հայաստանի բանկն իր ծախսերն ապահովում է սեփական եկամուտների հաշվին: Հայաստանի բանկը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի բանկի պարտավորությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի բանկը ստանձնել են այդպիսիք:

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է միջազգային բանկերում, այլ ֆինանսավարկային կազմակերպություններում, ինչպես նաև այն երկրների կենտրոնական բանկերի հետ հարաբերություններում, որտեղ միջպետական համագործակցությունն իրականացվում է պետությունների կենտրոնական բանկերի մակարդակով:

Հայաստանի բանկը կարող է այլ երկրների կենտրոնական բանկերի հետ միավորվել միջազգային միություններում:

Հայաստանի բանկն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է հրահանգներ և մեթոդական ցուցումներ, որոնք պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի, ձեռնարկությունների մեկ այլ կազմակերպությունների համար:

 

Հոդված 2. Հայաստանի բանկի խնդիրները

 

Հայաստանի բանկի հիմնական խնդիրներն են`

դրամի ներքին և արտաքին կայունության ապահովումը.

հավասարակշռված և կայուն տնտեսական համակարգի գործունեությանը նպաստող դրական, վարկային և ֆինանսական պայմանների ստեղծումը.

բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, վարկատուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման և վերահսկման միջոցով.

միջբանկային հաշվարկների համակարգի կազմավորումը:

 

Հոդված 3. Հայաստանի բանկի ֆունկցիաները

 

Հայաստանի բանկի կողմից իրականացնող ֆունկցիաներն են.

օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի իրականացումն ու կարգավորումը, դրամաշրջանառության կազմակերպումը.

դրամավարկային քաղաքականության իրականացումը.

միջբանկային հաշվարկների կազմակերպումը.

հանրապետության պետական պարտքի սպասարկումը.

հանրապետության արժութային քաղաքականության իրականացումը, հանրապետության արժութային և թանկարժեք մետաղների ու քարերի պահուստների կառավարումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու և արտարժութային բանկային գործառնություններ կատարելու համար արտոնագրեր տրամադրելը.

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, բարեգործական, ապահովագրական, կենսաթոշակային ֆոնդերի, ինվեստիցիոն ընկերությունների և համանման այն ընկերությունների ու կազմակերպությունների գործունեության հսկողությունը.

բանկային վիճակագրության կազմակերպումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը.

Հայաստանի բանկում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը.

բաց շուկայի քաղաքականության իրականացումը.

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության բանկերի համար հանդիսանում է վերջին ատյանի վարկատու:

 

Հոդված 4. Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալը և ֆոնդերը

 

Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալը պատկանում է պետությանը և ծառայում է Հայաստանի բանկի պարտավորությունների ապահովմանը:

Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

Հայաստանի բանկը ստեղծում է պահուստներ կանոնադրական կապիտալի մեծությունից ոչ պակաս չափով:

Հայաստանի բանկը կարող է ստեղծել տարբեր նշանակության նպատակային ֆոնդեր, որոնց կազմավորման և օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի բանկի կանոնադրությամբ:

 

Հոդված 5. Հայաստանի բանկի շահույթը և դրա բաշխումը

 

i

Հայաստանի բանկի շահույթը ձևավորվում է իր գործունեության արդյունքից` որպես բոլոր եկամուտների և ծախսերի տարբերություն:

Հայաստանի բանկն ազատված է բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսային վճարումներից:

Տարեկան արդյունքներով ստացված շահույթը, Հայաստանի բանկի կանոնադրությամբ նախատեսված ֆոնդերը համալրելուց հետո, փոխանցվում է պետական բյուջե:

Հայաստանի բանկն իրավունք չունի լինելու առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բաժնետեր (մասնակից), բացի Հայաստանի բանկի կանոնադրությամբ սահմանված դեպքերի:

 

Հոդված 6. Հայաստանի բանկի ենթակայությունը և հաշվետվությունը

 

Հայաստանի բանկը ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հաշվետու է միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

Հայաստանի բանկը իր գործունեության մեջ անկախ է գործադիր մարմիններից:

Հայաստանի բանկի գործունեության հաշվետվության ժամկետը հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն է:

Հայաստանի բանկը յուրաքանչյուր տարի, ապրիլի 1-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում նախորդ տարվա հաշվետվությունը, որը ներառում է տեղեկություններ հանրապետության բանկային համակարգի, տնտեսության, դրամաշրջանառության, ֆինանսական շուկայի, վճարային հաշվեկշռի վիճակի, Հայաստանի բանկի գործունեության վերլուծության, ինչպես նաև տարեկան հաշվեկշռի մասին և հաշվետվություն` օգուտների ու վնասների մասին:

Տարեկան հաշվեկշիռը, օգուտների ու վնասների մասին հաշվետվությունը պետք է վավերացված լինեն աուդիտային կազմակերպության կողմից:

Հայաստանի բանկը յուրաքանչյուր եռամսյակ մամուլում հրապարակում է իր հաշվեկշիռը, բանկային համակարգի ամփոփ հաշվեկշիռը, Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառությունը և բանկերի գործունեությունը բնութագրող տվյալներ, բանկերի գրանցման գիրքը: Տարեկան հաշվեկշիռը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

ԲԱԺԻՆ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

 

Հոդված 7. Հայաստանի բանկի կառուցվածքը

 

Հայաստանի բանկը կենտրոնացված, միացյալ համակարգ է, որը ներառում է գլխամասային գրասենյակը և գրասենյակին ենթակա հիմնարկները, բաժանմունքներն ու ներկայացուցիչները:

Հայաստանի բանկի հիմնարկներ, բաժանմունքներ և ներկայացուցչություններ բացելու, փակելու և դրանց գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի բանկի կանոնադրությամբ:

Հայաստանի բանկի հիմնարկներն ինքնուրույն տնտեսավարող, ֆինանսական ինքնուրույնությամբ օժտված սուբյեկտներ են, որոնց կանոնադրությունները հաստատվում են Հայաստանի բանկի կողմից:

Հայաստանի բանկի բաժանմունքները Հայաստանի բանկի կողմից լիազորված մասնաճյուղեր են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կազմավորումներում, որոնք տեղերում իրականացնում են Հայաստանի բանկի ֆունկցիաների մի մասը:

Հայաստանի բանկի ներկայացուցչությունները Հայաստանի բանկը ներկայացնող կազմակերպություններ են:

 

Հոդված 8. Հայաստանի բանկի վարչության լիազորությունները

 

Հայաստանի բանկի կառավարման բարձրագույն մարմինը Հայաստանի բանկի վարչությունն է, որը պատասխանատու է Հայաստանի բանկի վարած քաղաքականության համար:

Հայաստանի բանկի վարչությունը`

ա) ընդունում է դրամավարկային քաղաքականության գլխավոր ուղղությունների նախագիծը.

բ) որոշում է բանկերի, պետական բյուջեի հետ, արժեթղթերի շուկայում, ազատ արժութային շուկայում` Հայաստանի բանկի գործառնությունների ծավալները և տեսակները.

գ) սահմանում է բանկերի պետական բյուջեի հետ Հայաստանի բանկն գործառնությունների տոկոսադրույքները.

դ) դրամավարկային քաղաքականության հաստատված ծրագրի շրջանակներում հաստատում է բանկերի` Հայաստանի բանկում գտնվող պարտադիր պահուստների նորմատիվները և մյուս տնտեսական նորմատիվները.

ե) սահմանում է դրամով և արտարժույթով վճարման փաստաթղթերի ձևերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ չի նախատեսված.

զ) սահմանում է Հայաստանի բանկի կողմից արտարժույթով գործառնություններ կատարելու կանոնները.

Է) քննարկում է Հայաստանի բանկի աշխատանքի մասին տարեկան հաշվետվությունը.

ը) սահմանում է Հայաստանի բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության, խրախուսման և նրանց կարգապահական տույժերի ենթարկելու կարգը.

թ) հաստատում է Հայաստանի բանկի ծախսերի նախահաշիվը:

 

Հոդված 9. Հայաստանի բանկի վարչության կազմը և ձևավորման կարգը

 

Հայաստանի բանկի վարչությունը բաղկացած է 8 անդամներից`

ա) Հայաստանի բանկի նախագահ,

բ) Հայաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ,

գ) Հայաստանի բանկի վարչության վեց անդամներ, որոնցից`

երկուսը` Հայաստանի բանկի վարչության կազմում, 5 տարի ժամկետով, նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

երկուսը, 5 տարի ժամկետով, հաստատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից:

Հայաստանի բանկի վարչության` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված անդամները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ.

երկուսը, 5 տարի ժամկետով, նշանակվում են Հայաստանի բանկի նախագահի կողմից:

Հայաստանի բանկի վարչության անդամները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի բանկի վարչության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հայաստանի բանկի վարչության անդամների 2/3-ը:

Հայաստանի բանկի նախագահն ունի վճռական ձայնի իրավունք:

 

Հոդված 10. Հայաստանի բանկի նախագահը

 

Հայաստանի բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի բանկի նախագահը:

Հայաստանի բանկի նախագահը և նրա առաջին տեղակալը հաստատվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ, 7 տարի ժամկետով:

Հայաստանի բանկի նախագահը կամ նրա առաջին տեղակալը պաշտոնից կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` սեփական նախաձեռնությամբ, կամ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ:

Հայաստանի բանկի նախագահը`

ա) պատրաստում է վարչության նիստերի նյութերը.

բ) նախագահում է Հայաստանի բանկի նիստերին և ստորագրում վարչության կողմից ընդունված որոշումները.

գ) ի կատարումն վարչության որոշումների, արձակում է կարգադրություններ և տալիս խորհրդատվական ցուցումներ.

դ) կազմակերպում է տնտեսագիտական հետազոտություններ և պատրաստում մեթոդական մշակումներ բանկային գործունեության բնագավառում.

ե) նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի բանկի հիմնարկների, բաժանմունքների և ներկայացուցիչների ղեկավարներին.

զ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին է ներկայացնում Հայաստանի բանկի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև` հաջորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը.

է) Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում ներկայացնում է Հայաստանի բանկը.

ը) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության աշխատանքներին.

թ) իրականացնում է Հայաստանի բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 11. Հայաստանի բանկի աշխատակիցները

 

Հայաստանի բանկի աշխատակիցներ են հանդիսանում Հայաստանի բանկի գլխամասային գրասենյակի, հիմնարկների, բաժանմունքների և ներկայացուցչությունների աշխատակիցները:

Հայաստանի բանկի ծառայողներին արգելվում է համատեղությամբ զբաղվել պաշտոնեական կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ (բացի գիտական, մանկավարժական և այլ ստեղծագործական գործունեությունից) և ստանալ լրացուցիչ վարձատրություն, լինել առևտրային բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բաժնետերեր (մասնակից) կամ այլ կերպ մասնակցել դրանց կառավարման աշխատանքներին:

Հայաստանի բանկի աշխատակիցները պարտավոր են պահպանել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ստացված հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները:

Հայաստանի բանկի աշխատակիցները կարող են փոխատվություն ստանալ միայն Հայաստանի բանկից:

 

ԲԱԺԻՆ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Հոդված 12. Հայաստանի բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությունը

 

Հայաստանի բանկը սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում իր վրա դրված ֆունկցիաներն իրականացնելու նպատակով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական ծրագրերի մշակմանը:

Հայաստանի բանկն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսական միջոցառումներին այն դեպքում, երբ դրանք չեն հակասում Հայաստանի բանկի կանոնադրական նպատակներին:

Դրամավարկային կարգավորման հետ կապված օրենսդրության ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում ենթակա են քննարկման Հայաստանի բանկի եզրակացության առկայության դեպքում:

 

Հոդված 13. Հայաստանի բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորումը

 

Հայաստանի բանկը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխատվություն տրամադրել մինչև 1 տարի ժամկետով` սպասվելիք բյուջետային եկամուտների ոչ ավելի, քան 25 տոկոսի չափով:

Յուրաքանչյուր փոխատվություն տրամադրվում է Հայաստանի բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված պայմանագրին համապատասխան, որտեղ նշվում է փոխատվության չափը, հատկացման ժամկետը և վճարման տոկոսը:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվող փոխատվության պայմանագրային չափը կարող է մեծացվել, իսկ հատկացման ժամկետը` երկարաձգվել միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի բանկը, սահմանված կարգով, կարող է գնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բաց թողնված արժեթղթերն առաջնային տեղաբաշխման ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման սահմանային չափի և ժամկետների սահմաններում:

 

Հոդված 14. Հայաստանի բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության բանկային սպասարկումը

 

Հայաստանի բանկն անվճար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության բանկային սպասարկումը, այդ թվում` բյուջեի դրամարկղային սպասարկումը և հաշվարկային ու այլ գործառնությունների իրականացումը:

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ անվճար իրականացնում է պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկումը, կատարելով պետական արժեթղթերի տեղաբաշխման, տոկոսների վճարման, վերաֆինանսավորման և փոխատվությունների մարման հետ կապված, ինչպես նաև իր կանոնադրությամբ նախատեսված հաշվարկային ու այլ գործառնություններ:

Կառավարության բոլոր միջոցները պահվում են Հայաստանի բանկի հաշիվներում կամ Հայաստանի բանկի հանձնարարությամբ` այլ բանկերի հաշիվներում, որոնց դիմաց տոկոս չի վճարվում:

Հայաստանի բանկը կառավարում է Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և արժութային պաշտոնական պահուստները:

 

ԲԱԺԻՆ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ԷՄԻՍԻՈՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 15. Դրամական միավորը Հայաստանի Հանրապետությունում

 

i

Հայաստանի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը «դրամն» է, որի կառուցվածքը, ապահովությունը, տարբերակիչ նշանները, էմիսիայի կարգը, շրջանառության ոլորտները որոշվում են Հայաստանի Հանրապետության դրամական համակարգի մասին օրենքով:

 

Հոդված 16. Դրամի էմիսիան

 

Հայաստանի բանկին է պատկանում շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և շրջանառությունից այն հանելու բացառիկ իրավունքը` օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:

Հայաստանի բանկն իրականացնում է անկանխիկ էմիսիայի կարգավորումը դրամավարկային լծակների միջոցով:

 

Հոդված 17. Դրամաշրջանառության կազմակերպումը

 

Դրամաշրջանառությունը կազմակերպելիս Հայաստանի բանկը`

որոշում է հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգը.

կազմակերպում է թղթադրամի ու մետաղադրամի պատրաստումը.

սահմանում է անկանխիկ դրամի պահպանման, տեղափոխման և ինկասացիայի կարգը.

ապահովում է թղթադրամի ու մետաղյա պահուստային ֆոնդերի ստեղծումը.

սահմանում է դրամի վճարունակության հատկանիշները, փոխանակման և ոչնչացման կարգը:

 

ԲԱԺԻՆ 5
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Դրամավարկային քաղաքականության իրականացումը

 

Դրամավարկային քաղաքականությունն իրականացվում է շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի ու ծավալի կարգավորման միջոցով:

Դրամավարկային կարգավորումն իրականացվում է հիմնականում տնտեսական աճի կարգավորման, տնտեսության կառուցվածքի փոփոխության, սղաճի (ինֆլյացիայի) զսպման, վճարային հաշվեկշռի հավասարակշռության ապահովման միջոցով:

 

Հոդված 19. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը և հաստատման կարգը

 

Դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներառում է`

տնտեսական իրավիճակի վերլուծությունը և կանխագուշակումը` կապված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և հանրապետական բյուջեի ցուցանիշների հետ.

շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և վարկային ներդրումների առավելագույն սահմանները.

տոկոսադրույքների և արժութային կուրսի մակարդակը.

դրամավարկային կարգավորման մեթոդները:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հետ միաժամանակ Հայաստանի բանկի ներկայացմամբ հաստատում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը:

 

Հոդված 20. Դրամավարկային քաղաքականության իրականացման պատասխանատուն

 

Դրամավարկային քաղաքականության իրականացման պատասխանատուն Հայաստանի բանկն է:

Դրամավարկային քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և այն գերատեսչությունների հետ, որոնց լիազորությունների մեջ է մտնում դրամավարկային, ֆինանսական և արժութային քաղաքականության կարգավորումը:

Հայաստանի բանկի կառավարության կողմից ներկայացվող պետական բյուջեի հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնում է հաշվետվություն դրամավարկային քաղաքականության իրականացման մասին և հաջորդ բյուջետային ժամանակաշրջանի դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը:

 

Հոդված 21. Դրամավարկային քաղաքականության իրականացման մեթոդները, կիրառման առանձնահատկությունները

 

Դրամավարկային կարգավորումն իրականացվում է անուղղակի և ուղղակի մեթոդներով:

Դրամավարկային կարգավորման իրականացման անուղղակի մեթոդներից հիմնականներն են`

հանրապետության հաշվարկային դրույթների փոփոխությունը.

վերաֆինանսավորման համակարգը.

Հայաստանի բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պահուստային նորմայի փոփոխությունը.

Հայաստանի բանկի գործառնությունները բաց շուկայում.

հանրապետությունում թողարկվող արժեթղթերում պարտադիր ներդրումների նորմայի փոփոխությունը:

Դրամավարկային քաղաքականության իրականացման ուղղակի մեթոդներից հիմնականներն են`

առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ծավալի սահմանափակումը.

ակտիվ և պասսիվ գործառնությունների տոկոսադրույքների սահմանափակումը.

առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների միջնորդական վճարների սահմանափակումը:

Նշված մեթոդները կարող են իրականացվել ըստ տարբեր բանկերի, վարկի տեսակների, ճյուղերի և վարչատարածքային կազմավորումների:

Հայաստանի բանկի կողմից ուղղակի մեթոդները կարող են կիրառվել որպես ծայրահեղ միջոց` 6 ամիս ժամկետով, որը կարող է երկարացվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

 

ԲԱԺԻՆ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 22. Հայաստանի բանկը որպես Հայաստանի Հանրապետությունում արժութային քաղաքականություն իրականացնող մարմին

 

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետությունում արժութային քաղաքականություն իրականացնող մարմին է:

Հայաստանի բանկը`

որոշում է Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկով և արտարժույթով կատարվող գործարքների կարգը.

իրականացնում է Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության կատարման հսկողությունը.

բանկերին և այլ ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրում է արտոնագրեր ոսկով և արտարժույթով գործառնություններ կատարելու համար.

սահմանում է դրամի կուրսն օտարերկրյա պետությունների դրամական միավորների նկատմամբ.

կարգավորում է դրամի շուկայական կուրսը.

կառավարում է Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և արժույթի պաշտոնական պահուստները:

 

ԲԱԺԻՆ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Հաշվառային գործառնություններ

 

Հայաստանի բանկը կարող է հաշվառել չեկեր, հասարակ և փոխանցվող մուրհակներ, որոնք ունեն իրենցով պարտավորված հայտնի վճարունակությամբ երեք անձանց ստորագրություն և գնման պահից սկսած` երեք ամսից ոչ ավելի վճարման տևողություն:

 

Հոդված 24. Գործառնություններ արժեթղթերի հետ

 

Առաջնային տեղաբաշխման ընթացքում Հայաստանի բանկը կարող է արժեթղթեր գնել միայն սույն օրենքի 13 հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում:

Դրամավարկային և արժութային կարգավորումն իրականացնելու նպատակով Հայաստանի բանկը կարող է գնել, պահել և վաճառել`

ա) սույն օրենքի 23 հոդվածի պահանջները բավարարող մուրհակներ և չեկեր.

բ) պետական արժեթղթեր.

գ) այլ արժեթղթեր:

 

Հոդված 25. Վարկային գործառնություններ

 

i

Հայաստանի բանկը կարող է վարկեր տրամադրել`

բանկերին և այլ ֆինանսավարկային կազմակերպություններին դրամավարկային քաղաքականության ծրագրով սահմանված լիմիտից ավելի վարկավորման դեպքում` մինչև 5 ամիս ժամկետով:

Հայաստանի բանկի ծառայողներին` ֆինանսական շուկայի տոկոսադրույքներով:

Վարկավորումն իրականացվում է ոսկու, թանկարժեք մետաղների, արտարժույթի, սույն օրենքի 23 հոդվածի և 24 հոդվածի երկրորդ մասի «բ» կետի պահանջները բավարարող արժեթղթերի ապահովությամբ:

 

Հոդված 26. Ավանդային գործառնություններ

 

Հայաստանի բանկը կարող է դրամով և արտարժույթով ավանդներ ներգրավել բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից:

Հայաստանի բանկը կարող է իր աշխատակիցների դրամական ավանդները պահել իր հաշիվներում:

Հայաստանի բանկը իրավաբանական և ֆիզիկական անձանց սպասարկելու նպատակով կարող է բացել ընթացիկ հաշիվներ:

 

Հոդված 27. Հաշվարկների իրականացումը բանկերի միջև

 

Հայաստանի բանկը բանկերի միջև հաշվարկներ կազմակերպում է թղթակցային հաշիվների միջոցով կամ միջազգային պրակտիկայում կիրառվող այլ ձևերով:

 

Հոդված 28. Գործառնություններ արտարժույթով, թանկարժեք մետաղներով և քարերով

 

Հայաստանի բանկն իրավունք ունի իր միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գնել և վաճառել արտարժույթ, թանկարժեք մետաղներ և քարեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ կազմակերպություններին մատուցվող համանման ծառայությունների դեպքում` նրանց միջոցների հաշվին:

Այդ գործառնությունները կատարվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձեվով և իրականացվում են արժութային քաղաքականության նպատակներին հասնելու համար:

 

Հոդված 29. Արժույթի և թանկարժեք մետաղների ու քարերի պահուստների սպասարկումը

 

Հայաստանի բանկը կառավարում է իր հաշվեկշռային հաշիվներում գտնվող հանրապետության արժութային, թանկարժեք մետաղների ու քարերի պահուստները, որոնք ծառայում են նրա պարտավորությունների ապահովմանը:

Այդ պահուստների տեղաբաշխումը և պահպանումը կատարում է Հայաստանի բանկը կամ նրա հանձնարարությամբ` այլ բանկեր և ֆինանսավարկային կազմակերպություններ:

Արժույթի, թանկարժեք մետաղների ու քարերի պահուստները նվազելու կամ այնպիսի վտանգի առկայության դեպքում, երբ դրանք կարող են չհամապատասխանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման պահանջներին, Հայաստանի բանկը պարտավոր է համապատասխան առաջարկություններով հանդերձ այդ մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

 

Հոդված 30. Հայաստանի բանկի այլ գործառնությունները

 

Հայաստանի բանկը կարող է իրականացնել նաև հետևյալ գործառնությունները`

ի պահ ընդունել արժեքներ, այդ թվում` թանկարժեք մետաղներ և քարեր, կանխիկ դրամ, արժեթղթեր և փաստաթղթեր.

Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների համար կոմիսիոն հիմունքներով կատարել ակտիվների առուվաճառք և մատուցել իր կանոնադրությամբ նախատեսված այլ ծառայություններ.

տալ երաշխիքներ և հանձնարարություններ:

 

ԲԱԺԻՆ 8
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 31. Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ Հայաստանի բանկի փոխհարաբերությունների սկզբունքները

 

Հայաստանի բանկը նպաստում է բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության և դրանց հավասար մրցակցության համար պայմանների ստեղծմանը:

Հայաստանի բանկը իրավասու չէ միջամտելու բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Հայաստանի բանկի կարգավորիչ և վերահսկիչ ֆունկցիաներն ուղղված են դրամավարկային համակարգի կայունության ապահովմանը, բանկի վարկատուների և ավանդատուների շահերի պաշտպանությանը:

 

Հոդված 32. Բանկային գործունեություն իրականացնելու և արտարժույթով գործառնություններ կատարելու համար արտոնագրեր տալը

 

Բանկային գործունեություն իրականացնելու համար արտոնագրեր տրվում են Հայաստանի բանկի կողմից` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում արտարժույթով գործառնություններ իրականացնելու համար Հայաստանի բանկը բանկերին կամ ֆինանսավարկային և առևտրային մյուս կազմակերպություններին տալիս է արտոնագրեր Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանված կանոններին համապատասխան:

 

Հոդված 33. Հայաստանի բանկի իրավասությունը ապահովագրական և պահուստային ֆոնդերի ձևավորման կարգը որոշելիս

 

Հայաստանի բանկը սահմանում է հնարավոր վնասները ծածկելու համար բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների շահույթից ապահովագրական և պահուստային ֆոնդեր ձևավորելու կարգը:

 

Հոդված 34. Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները

 

Հայաստանի բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

սեփական միջոցների և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը.

հաշվեկշռի իրացվելիության (լիկվիդայնության) ցուցանիշները.

Հայաստանի բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը.

մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը.

բնակչության կողմից ներդրած գումարների և սեփական միջոցների միջև սահմանային հարաբերակցությունը:

 

Հոդված 35. Հայաստանի բանկի հսկողական ֆունկցիաները

 

Բանկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով, Հայաստանի բանկը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան աուդիտային կազմակերպությունը իրավունք ունի ստուգումներ իրականացնելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում:

 

Հոդված 36. Հայաստանի բանկի իրավասությունը բանկային օրենսդրության խախտումների վերացման ուղղությամբ

 

Բանկի կողմից բանկային օրենսդրությունը խախտելու դեպքում Հայաստանի բանկը պարտադիր ցուցումներ է տալիս հայտաբերված խախտումները որոշակի ժամկետում վերացնելու մասին:

Բանկի կողմից սույն օրենքով սահմանված տնտեսական նորմատիվները չպահպանելու, Հայաստանի բանկի հանձնարարականները չկատարելու, հաշվետվություններ չներկայացնելու, բանկի ավանդատուների և վարկատուների շահերը վտանգելու դեպքում, Հայաստանի բանկն իրավասու է`

ա) բանկի հիմնադիրների (մասնակիցների) առջև հարց բարձրացնելու ֆինանսական առողջացման, բանկը վերակազմավորելու կամ լուծարելու մասին.

բ) կիրառել հետևյալ պատժամջոցները`

գանձել տուգանք.

բարձրացնել պարտադիր ռեզերվների նորմատիվը.

բանկի խորհրդի համաձայնությամբ նշանակել բանկի կառավարման ժամանակավոր ադմինիստրացիա.

անվավեր ճանաչել բանկային գործունեություն կամ բանկային գործառնություններ կատարելու համար տրված արտոնագիրը.

հաշվի վրա կալանք դնել:

 

Հոդված 37. Հակամենաշնորհային լիազորությունները

 

Հայաստանի բանկն իրավասու է կասեցնել բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, բանկային միությունների այն գործունեությունը, որն ուղղված է ազատ մրցակցության սահմանափակմանը, բանկային տոկոսադրույքների և կոմիսիոն վճարումների սահմանմանը, իսկ դրանց գործունեությունն արգելելու հայցով` դիմել դատարան կամ արբիտրաժ:

 

Հոդված 38. Վեճերի լուծման կարգը

 

Հայաստանի բանկի կողմից ընդունված որոշումները կարող են վիճարկվել դատարանում կամ պետական արբիտրաժում:

 

ԲԱԺԻՆ 9
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ

 

Հոդված 39. Հաշվառման կանոնները բանկերում

 

Բանկային հաշվառման կանոնները սահմանում է Հայաստանի բանկը:

 

Հոդված 40. Բանկերի համար սահմանվող հաշվետվությունը

 

Հայաստանի բանկը սահմանում է բանկերի հաշվետվության և այլ տեղեկատվության ծավալը և ձևերը:

 

ԲԱԺԻՆ 10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 41. Հայաստանի բանկի լուծարումը

 

i

Հայաստանի բանկը կարող է լուծարվել միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան օրենք ընդունելու միջոցով: Լուծարման դեպքում Հայաստանի բանկի գույքը, իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են այդ օրենքում նշված իրավահաջորդին:

 

 

pin
ՀՀ 27.04.1993
N ՀՕ-55 օրենք