Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՆԵՐԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՆԵՐԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՆԵՐԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ներդրողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը համարելով Կողմերի տնտեսությունների զարգացման անհրաժեշտ պայման,

աջակցելով Կողմերի ազգային տնտեսությունների մեջ ներդրումների ներգրավմանը,

ղեկավարվելով Տնտեսական միություն ստեղծելու մասին 1993 թվականի սեպտեմբերի 23-ի` Պայմանագրով,

ի զարգացումն Կապիտալ ներդրումների բնագավառում համագործակցության մասին 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համաձայնագրի,

ձգտելով ստեղծել ներդրումների ընդհանուր միջավայր և ներդրումների ներգրավման խնդրին համաձայնեցված մոտեցում ցուցաբերելու նպատակով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՄԱՍ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

«ներդրող»` պետություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է սեփական, փոխառու կամ ներգրավված միջոցների ներդրումներ կապիտալ ներդրումների ձևով,

«ներդրումներ»` ներդրողի կողմից գործունեության տարբեր տեսակներում ներդրված ֆինանսական և նյութական միջոցներ, ինչպես նաև գույքային և մտավոր սեփականության փոխանցված իրավունքներ` շահույթ (եկամուտ) ստանալու կամ սոցիալական արդյունքի հասնելու նպատակով, եթե դրանք շրջանառությունից հանված չեն կամ Կողմերի ազգային օրենսդրության համաձայն շրջանառության մեջ սահմանափակված չեն,

«ներդրումների ծագման երկիր»` պետություն, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձ հանդիսացող ներդրողը կամ որի քաղաքացի է ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողը,

«ընդունող երկիր»` պետություն, որի տարածքում գտնվում է ներդրվող օբյեկտը,

«իրային իրավունք»` գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Կոնվենցիան որոշում է Կողմերի տարածքում գրանցված ներդրումների տարբեր տեսակների իրականացման իրավական հիմքերը և ներդրումների իրականացման և դրանցից ստացվող եկամուտների համար ներդրողների իրավունքների երաշխիքները:

Սույն Կոնվենցիայով սահմանված նորմերը և կանոնները կիրառվում են այն դեպքում, երբ ներդրումների իրականացման ընթացքում մասնակցում են իրավահարաբերությունների սուբյեկտ հանդիսացող երկու կամ ավելի պետությունների սուբյեկտներ:

Ներդրողի գործունեության և նրա իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են ընդունող երկրի լիազորված պետական մարմինների կողմից:

Անկախ Պետությունների Համագործակցության երկրների մարմինների կողմից սույն Կոնվենցիայի գործողության հետ կապված խնդիրների համակարգման գործառույթները իրականացնում է Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեն (այսուհետ` ՄՏԿ):

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ

 

Ներդրողներ կարող են հանդիսանալ պետությունները, Կողմերի, ինչպես նաև երրորդ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք, եթե Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ այլ բան:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Ներդրողն իրավունք ունի ներդրումներ իրականացնել ընդունող երկրի օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցներով:

Ընդունող երկիր հանդիսացող Կողմն իրավունք ունի անցկացնելու ներդրումային նախագծերի փորձաքննություն էկոլոգիական, հակամենաշնորհային և այլ պահանջները պահպանելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

Ներդրումներ կատարելու պայմանները, ինչպես նաև ներդրումները կատարելու հետ կապված ներդրողների գործունեության իրավական ռեժիմը չեն կարող լինել պակաս բարենպաստ, քան ընդունող երկրի իրավաբանական և ֆիզիկական անձանց համար նախատեսված ներդրումների իրականացման պայմանները և դրանց հետ կապված գործունեության ռեժիմը, եթե ընդունող երկրի ազգային օրենսդրությամբ բացառություններ չեն սահմանված:

Կողմերն իրավունք ունեն վերանայելու բացառությունների ցանկը: Նման դեպքերում նրանք ՄՏԿ-ին տեղեկացնում են այդ փոփոխությունների մասին: Կողմերն իրավունք ունեն որոշելու գերակայությունների ցանկերը այն ոլորտներում, գործունեության տեսակներում և տարածաշրջաններում, որոնց համար սահմանվում են ներդրումների ներգրավման առավել արտոնյալ պայմաններ: Եթե սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը կփոփոխեն ներդրումներին վերաբերող իրենց օրենսդրական նորմերը, որի պատճառով, մեկ կամ մի քանի շահագրգիռ Կողմերի կարծիքով, դադարեցնում են ներդրումների հետ կապված գործունեության պայմանները և ռեժիմը, ապա հարցը կարող է քննարկվել Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կամ այլ միջազգային դատարանների կամ միջազգային միջնորդ դատարանների կողմից:

Նշված դատարանների կողմից ներդրումների հետ կապված գործունեության պայմանների և ռեժիմի վատթարացման փաստը հաստատող որոշում կայացնելու դեպքում վերը նշված օրենսդրական նորմերի գործողությունը, նրանց ընդունման պահից, կասեցվում է (այսինքն պահպանվում են այնպիսի պայմաններ և ռեժիմ, ինչպիսին կլիներ, եթե այդ նորմերը ընդունված չլինեին) և վերսկսվում է որոշումը ընդունելու օրվանից սկսած հինգ տարի անց` սույն Կոնվենցիային չհակասող պայմաններով: Սույն դրույթը չի տարածվում պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգի, շրջակա միջավայրի, բարոյականության, ազգաբնակչության առողջության պահպանմանը, հարկմանը վերաբերվող օրենսդրության փոփոխություններին, ինչպես նաև բացառությունների ցանկին:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԸՆԴՈՒՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ

 

Բացառությունների ցանկը ընդգրկում է այն ոլորտները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, որոնք Կողմերի ազգային օրենսդրության համաձայն ենթակա չեն սեփականաշնորհման, բաժնետիրացման կամ սեփականության ապապետականացման այլ ձևերի:

Գերակայությունների ցանկը սահմանում է այն ոլորտները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, գործունեության տեսակները և տարածաշրջանները, որոնց համար սահմանվում են ներդրումների ներգրավման արտոնյալ պայմանները:

Բացառությունների և գերակայությունների ցանկերը ենթակա են հրապարակման Կողմերի և ՄՏԿ-ի պաշտոնական հրատարակություններում:

 

ՄԱՍ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Ներդրումների իրականացման և դրա հետ կապված ներդրողների գործունեության հարաբերությունները կարգավորվում են սույն Կոնվենցիայով, Կողմերի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերով, որոնց նրանք մասնակցում են:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կողմերի տարածքում կատարվող ներդրումները ենթակա են իրավական պաշտպանության, որն ապահովում է սույն Կոնվենցիայով, Կողմերի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերով, որոնց նրանք մասնակցում են:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԻՑ, ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԻՑ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ) ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Ներդրումները ենթակա չեն ազգայնացման և բռնագանձման, բացառությամբ առանձին դեպքերի (տարերային աղետ, վթար, համաճարակ, անասունների համաճարակ և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներ), որոնք նախատեսված են Կողմերի ազգային օրենսդրությամբ, երբ այդ միջոցառումները կիրառվում են հասարակական շահերից ելնելով` ընդունող երկրի հիմնական օրենքի (Սահմանադրության) համաձայն: Ազգայնացումը կամ բռնագանձումը չի կարող կատարվել առանց ներդրողին համապատասխան փոխհատուցում վճարելու:

Ազգայնացման կամ բռնագանձման մասին որոշումները ընդունվում են ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներդրումների ազգայնացման կամ բռնագանձման մասին պետական մարմինների որոշումները կարող են գանգատարկվել ընդունող երկրի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընդունող երկրի պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից` ընդունող երկրի օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերին հակասող որոշումների ընդունման և գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի դիմաց ներդրողն իրավունք ունի պահանջել պատճառված վնասների փոխհատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ

 

Ներդրողին պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը կատարվում է այն տարադրամով, որով իրականացվել են ներդրումները: Փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում է ընդունող երկրի ազգային օրենսդրությամբ:

Սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վնասի փոխհատուցումը իրականացվում է ընդունող երկրի ազգային օրենսդրության նորմերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիայի շրջանակներում ներդրումների իրականացման ժամանակ ծագող վեճերը քննարկվում են վեճերին մասնակից երկրների դատարանների, միջնորդ դատարանների, Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի և (կամ) այլ միջազգային դատարանների կամ միջազգային միջնորդ դատարանների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Նախկինում իրականացված ներդրումներից դրամական տեսքով ստացված եկամուտներից հարկեր և տուրքեր վճարելուց հետո, համաձայն Կոնվենցիային մասնակից ընդունող երկրի ազգային օրենսդրության, ներդրողին երաշխավորվում է.

ներդրումների ծագման երկրի (կամ) ընդունող երկրի տարադրամով եկամուտների օգտագործում ներդրումներ և վերաներդրումներ իրականացնելու, ինչպես նաև ընդունող երկրի տարածքում ապրանքներ գնելու նպատակով, ընդունող երկրի տարադրամով ստացված եկամուտների օգտագործում ընդունող երկրի տարադրամի ներքին շուկայում Կողմերի այլ տարադրամ գնելու նպատակով ներդրողի հայեցողությամբ եկամուտների անարգել փոխանցում ցանկացած այլ երկիր,

նախկինում իրականացված ներդրումներից բնաիրային ձևով ստացված եկամտից հարկեր և տուրքեր վճարելուց հետո, համաձայն Կոնվենցիայի մասնակից ընդունող երկրի օրենսդրության, ներդրողին երաշխավորվում է.

նշված եկամուտների օգտագործում` ընդունող երկրի տարածքում ներդրումներ և վերաներդրումներ կատարելու նպատակով, ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունող երկրի մաքսային տարածքի սահմաններից ապրանքների դուրսբերում, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի և ընդունող երկրի միջազգային պայմանագրերի դրույթները:

Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան միջոցների փոխանցումը իրականացվում է ընդունող երկրում փոխանցման օրը գործող տարադրամի փոխանակման պաշտոնական փոխարժեքով:

Ընդունող երկիրը կարող է սահմանափակել իրականացված ներդրումներից ստացված եկամուտները ներդրումների ծագման երկիր կամ այլ երկիր փոխանցելու վերաբերյալ օրենսդրության կիրառումը` վարկատուի սնանկացման, անվճարունակության, ինչպես նաև նրա իրավունքների պաշտպանության դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՈՒՅՔԻ ԵՎ ՌԻՍԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

 

Կողմերի ներդրումներով ձեռնարկության գույքի և ռիսկի ապահովագրումը իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

ՄԱՍ 3. ՆԵՐԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ: ՆԵՐԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 14. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Ներդրողն իրավունք ունի ձեռք բերել տնտեսվարող սուբյեկտների և արժեթղթերի թողարկվող այլ հաստատությունների բաժնետոմսեր և այլ արժեթղթեր, այդ թվում նաև պետական արժեթղթեր, ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան:

Ընդունող երկրի ֆոնդային շուկայում շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերը և այլ արժեթղթերը ներդրողի կողմից կարող են ձեռք բերվել ընդունող երկրի տարադրամով կամ այլ տարադրամով վճարմամբ, եթե ընդունող երկրի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չի:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՆԵՐԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ներդրողը կարող է մասնակցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտի սեփականաշնորհմանը` ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով:

Օբյեկտի սեփականաշնորհման մասին որոշումը կարող է չեղյալ համարվել, ներդրողի մասնակցությամբ սեփականաշնորհվող օբյեկտի սեփականաշնորհման կարգը և ձևը կարող են փոփոխվել, ինչպես նաև սեփականաշնորհման վերաբերյալ գործարքները կարող են լուծարվել դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Կողմերը սեփականաշնորհման ընթացքում պարտավորվում են միմյանց տեղեկացնել հետևյալ հարցերի մասին.

սեփականաշնորհման էության մասին,

սեփականաշնորհման ընթացքի, այդ թվում` աճուրդների, մրցույթների, դրանց անցկացման տեղի և ժամանակի, սեփականաշնորհվող ձեռնարկությունների մասին, աճուրդների, մրցույթների անցկացման ժամանակացույցերի մասին,

սեփականաշնորհվող ձեռնարկությունների բաժնետոմսերի ձեռքբերման կարգի մասին,

սեփականաշնորհման օբյեկտների վաճառքի ընթացքի մասին, վաճառքի հանված առավել կարևոր օբյեկտների մասին,

սեփականաշնորհման օբյեկտների առաջիկա վաճառքի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Սեփականաշնորհման ընթացքում պետական և մունիցիպալ գույքի ձեռքբերումը իրականացվում է ներդրողի և սեփականաշնորհվող գույքի վաճառողի գործառույթը իրականացնող անձի միջև կնքված առուծախի պայմանագրերի հիման վրա:

Սեփականաշնորհվող ձեռնարկությունների բաժնետոմսերի առուծախի պայմանագրերը ենթակա են գրանցման` ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սեփականաշնորհման ընթացքում պետական և համայնքային գույքի ձեռքբերման այլ կարգ չի թույլատրվում:

 

ՄԱՍ 4. ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

Ներդրողի կողմից հողատարածքների, բնական ռեսուրսների և անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների ձեռքբերումն իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿՈՆՑԵՆՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

 

Ներդրողին ընդունող երկրի բնական ռեսուրսներից օգտվելու և ընդունող երկրի պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքի, ինչպես նաև ընդունող երկրի պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների օգտագործման հետ կապված ձեռնարկատիրական գործունեության իրավունքի տրամադրումը իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված արտադրանքի բաշխման մասին կոնցենսիոն համաձայնագրերին և պայմանագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Ընդունող երկրի քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքը, պետական սեփականություն հանդիսացող օբյեկտները ներդրողին վարձակալության հանձնումը և ներդրողի կողմից ընդունող երկրի տարածքում գտնվող սեփական գույքը վարձակալության` հանձնումը, ինչպես նաև այդ պայմանագրային հարաբերությունների դադարեցումը իրականացվում է ընդունող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

 

ՄԱՍ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն տարածվում միջազգային այլ պայմանագրերի դրույթների վրա, որոնց մասնակից են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

Սույն Կոնվենցիան կարող է հիմք հանդիսանալ Կողմերի միջև ներդրողի իրավունքները պաշտպանող երկկողմ համաձայնագրեր կնքելու համար:

Անհրաժեշտության դեպքում, Կոնվենցիայի առանձին դրույթներ կարող են կոնկրետացվել երկկողմ համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման այն ստորագրող Կողմերի կողմից` նրանց ներպետական ընթացակարգերի համաձայն և ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ավանդապահին ի պահ հանձնելու երեսուներորդ օրը: Այն ավելի ուշ վավերացրած Կողմերի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելու երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու պահից սկսած տասը տարվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիայի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս տասը տարի ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:

Հնարավոր վեճերը և տարաձայնությունները, այդ թվում նաև նյութական բնույթի, լուծելու նպատակով սույն Կոնվենցիայի դրույթները, մինչև բոլոր վիճելի հարցերի կարգավորումը, գործում են հեռացող Կողմի համար:

 

ՀՈԴՎԱԾ 25. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր Կողմերի համաձայնությամբ, նրան կարող են միանալ այլ պետություններ` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած այն օրվանից 30 օր հետո, երբ ավանդապահը ծանուցագրերի միջոցով կստանա Կողմերի համաձայնությունը այդ միացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից ոչ ուշ, քան դուրս գալուց 12 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիայում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան դիմելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 28-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրող յուրաքանչյուր պետության կուղարկի նրա հաստատված պատճենը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է վերապահումով. «1. 10-րդ հոդվածում առաջին նախադասության վերջում «... կամ Կողմերի համաձայնության առկայության դեպքում այլ արժույթով»:

 

** Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 21-ից:

 

 

pin
28.03.1997
Միջազգային պայմանագիր