Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԱՐ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիան ստորագրած Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ուշադրություն դարձնելով Պայմանավորվող կողմերի միջև ավտոտրանսպորտային երթևեկության հաճախականության ավելացմանը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ժամանակ ստեղծվող վտանգին,

հաշվի առնելով, որ իրավական նորմերի ընդունումը ճանապարհատրանսպորտային վթարների և դրանց վնասակար հետևանքների կանխման միջոցներից մեկն է,

համարելով, որ այդպիսի նորմերի կանխիչ նշանակությունը զգալի չափով կախված է այն բանից, թե ինչքանով են արդյունավետ կիրառվելու դրանց խախտումների համար նախատեսված վարչական տույժերը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար ներքոթվարկված հասկացությունները նշանակում են.

ա) «իրավասու մարմիններ»` մարմիններ (պաշտոնատար անձինք), որոնք Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան լիազորված են քննելու սույն Կոնվենցիային կցվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցանկով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտումների մասին գործերը,

բ) «հետապնդում վարչական կարգով»` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավասու մարմինների գործողությունները` ուղղված վարչական իրավախախտումների մասին նյութերի ձևակերպմանը և քննմանը, գործով որոշում ընդունելուն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժի ենթարկելուն և այն ի կատար ածելուն,

գ) «ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ»` սույն Կոնվենցիայի հավելվածում նախատեսված խախտումներ,

դ) «բնակության վայրի Պայմանավորվող Կողմ»` Պայմանավորվող կողմ, որտեղ մշտապես կամ ժամանակավորապես բնակվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձը,

ե) «վարչական տույժ»` որոշում` ընդունված իրավասու մարմնի կողմից, որը լիազորված է տույժի ենթարկելու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Պայմանավորվող կողմերը ճանաչում են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակվող անձանց նկատմամբ իրավասու մարմինների կայացրած որոշումները:

2. Եթե պարզված է, որ Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակվող անձը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա խախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները այդ անձի նկատմամբ վարչական տույժի ենթարկելու կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում են ընդունում:

3. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տույժ նշանակելու ժամանակ իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները` դրա կատարումն անհնարին լինելու դեպքում, նշանակված տույժի կատարման մասին հարցում են ուղարկում իրավախախտում կատարած անձի բնակության վայրի Պայմանավորվող կողմին` 15 օրվա ընթացքում:

4. Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձի բնակության վայրի Պայմանավորվող կողմը կատարում է իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից կայացված որոշումը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

5. Անձը, որը ենթարկվել է վարչական տույժի, իրավունք ունի այն բողոքարկելու իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակվող անձը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմը կարող է խնդրել բնակության վայրի Պայմանավորվող կողմին` այդ անձի նկատմամբ վարչական կարգով հետապնդում հարուցել և գործը փոխանցել բնակության վայրի Պայմանավորվող կողմին` վերջնական վարչական տույժ նշանակելու նպատակով, եթե միայն իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմն ինքը չի իրականացնում դա, կամ սկսելով այդպիսի հետապնդում նպատակահարմար չի գտնում այն կարճելու:

Բնակության վայրի Պայմանավորվող կողմը պարտավորվում է ընդունել և քննել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին նյութերը, ինչպես նաև իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմին տեղեկացնել ընդունված որոշումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Եթե իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տույժն ի կատար ածելու մասին հարցում է հղել բնակության վայրի Պայմանավորվող կողմին, ապա տույժի կատարման ժամկետները կասեցվում են մինչև բնակության վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններն այդ հարցումը կստանան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի` ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտումների մասին նյութերը, բնակության վայրի Պայմանավորվող կողմում ունեն նույն իրավաբանական ուժը և չեն պահանջում դրանց օրինականացում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում բնակվող անձը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները նշված անձի վերաբերյալ իրավախախտման կատարման փաստը հավաստող նյութեր են կազմում և, անհրաժեշտության դեպքում, վերցնում են նրա` տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի վարորդական վկայականը` տալով դրա փոխարեն, իրավասու մարմնի զինանշանային կնիքով հաստատված, վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որը ճանաչվում է բոլոր Պայմանավորվող կողմերի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Որոշումը կատարելու մասին հարցումը կազմվում է գրավոր ձևով և պետք է բովանդակի.

ա) հարցում անող մարմնի անվանումը,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկարագրումը,

գ) հարցում անող Պայմանավորվող կողմի օրենքի դրույթի տեքստը, որի հիման վրա արարքը ճանապարհային երթևեկության կանոնների վարչական խախտում է համարվում, ինչպես նաև գործով վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ օրենսդրական նորմերի տեքստեր,

դ) այն անձի ազգանունը, անունը, հայրանունը և ծննդյան թիվը, որի վերաբերյալ հարցում է արվում, նրա քաղաքացիությունը և բնակության վայրը, ինչպես նաև նրա վերաբերյալ, գործով նշանակություն ունեցող, այլ տվյալներ,

ե) հարցում ուղարկող պաշտոնատար անձի ստորագրությունը:

Հարցմանը կցվում են հարցում անող Պայմանավորվող կողմի տրամադրության տակ գտնվող գործի վարույթի նյութերը (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում` նյութերի պատճենները), ներառյալ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, խախտում թույլ տված անձի վարորդական վկայականը, այլ փաստաթղթեր և ապացույցներ:

2. Հարցումը պետք է հավաստվի հարցում անող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի զինանշանային կնիքով:

3. Եթե հարցում անող Կողմը հարցման մեջ նշի ընդունված որոշման մասին ծանուցելու իր խնդրանքը, բնակության վայրի Պայմանավորվող կողմը պետք է այդպիսի ծանուցագիր ուղարկի որոշում ընդունելու պահից 15 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Հարցումն ուղարկվում է իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից` բնակության վայրի Պայմանավորվող կողմի համապատասխան մարմիններին:

2. Իրավասու մարմինների ցանկը սահմանում են Պայմանավորվող կողմերը` սույն Կոնվենցիան ստորագրելու ժամանակ և փոխանցում են ավանդապահին, որն այդ մասին ծանուցում է Պայմանավորվող կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Եթե բնակության վայրի Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը կգտնի, որ իրավախախտման կատարման վայրի Պայմանավորվող կողմի տրամադրած տեղեկատվությունները անբավարար են սույն Կոնվենցիային համապատասխան տույժի ենթարկելու մասին որոշումն ի կատար ածելու համար, ապա նա խնդրում է անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն և կարող է սահմանել այն ներկայացնելու սահմանային իրական ժամկետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Որոշումները կատարելու մասին հարցումն ու դրան կցվող փաստաթղթերը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի կատարմանը վերաբերող այլ նյութերը կազմվում են ռուսերենով, կամ ուղեկցվում են ռուսերենով հաստատված թարգմանությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Հարցումների կատարման արդյունքում, որպես տուգանք վճարված դրամական միջոցները մուտք են գործում բնակության վայրի Պայմանավորվող կողմի եկամուտների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը սույն Կոնվենցիայում նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված ծախսերը կրում են ինքնուրույն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Կոնվենցիայի հավելվածը` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցանկը, նրա անբաժանելի մասն է կազմում:

2. Պայմանավորվող կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ, ցանկացած ժամանակ, վերանայել սույն Կոնվենցիայի հավելվածում պարունակվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցանկը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Կոնվենցիայի կատարման և մեկնաբանման կապակցությամբ ծագած տարաձայնությունները լուծվում են շահագրգիռ Պայմանավորվող կողմերի լիազորված ներկայացուցիչների միջև անցկացվող խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի կողմից այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, որոնց մասնակիցն են նրանք հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիան կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` Կոնվենցիայից դուրս գալուց 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

Սույն Կոնվենցիան բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կողմից միանալու համար:

 

Կատարված է 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվա քաղաքում մեկ բնօրինակից` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետությանը:

 

Հավելված

Ճանապարհային երթևեկության կանոնների

վարչական խախտումների վերաբերյալ

գործերով որոշումների փոխադարձ

ճանաչման և կատարման մասին 1997

թվականի մարտի 28-ի Կոնվենցիային կից

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումներ, որոնք հանգեցրել են թեթև մարմնական վնասվածքների կամ նյութական վնասի:

2. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում մնալու պարտականության խախտում:

3. Հարբած վիճակում կամ թմրամիջոցների, ինչպես նաև նման ազդեցություն ունեցող այլ նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոցի վարում:

4. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատակցի օրինական պահանջի չկատարում:

5. Սահմանված կարգին համապատասխան հարբածության վիճակի ստուգումից խուսափում:

6. Տրանսպորտային միջոցի վարումը հարբած վիճակում գտնվող անձին հանձնումը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

 

pin
28.03.1997
Միջազգային պայմանագիր