Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները` ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ելնելով ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունից,

 

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան տարածվում է Կողմերի` միջազգային հաղորդակցությունում ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի փոխադրումներ իրականացնող փոխադրողների վրա` անկախ նրանց գրանցման պետությունից և նրանց համար ունի պարտադիր ուժ, ինչպես նաև տարածվում է ավտոբուսներով ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրումների վրա, երբ փոխադրման պայմանագրում նշված է, որ փոխադրումն իրականացվում է առնվազն երկու Կողմերի տարածքով և մեկնման կամ ժամանման վայրը գտնվում է Կողմերից մեկի տարածքում:

2. Կոնվենցիան կանոնակարգում է փոխադրումների պայմաններն ու կանոնները, փոխադրողների պատասխանատվությունը, բողոքների և հայցերի ներկայացման կարգը:

3. Կոնվենցիայում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

ա) «ուղևոր»` ֆիզիկական անձ, որը ի կատարումն իր անունից կամ անձամբ իր կողմից կնքված փոխադրման պայմանագրի, փոխադրվում է անվճար կամ վարձատրությամբ,

բ) «փոխադրող»` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է ուղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումներ և, գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան, գրանցված է որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ,

գ) «ավտոբուս»` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված և չհաշված վարորդի տեղը, առնվազն յոթ տեղ ունեցող ավտոմեքենա,

դ) «տոմս»` ուղևորի` ավտոբուսից օգտվելու իրավունքը հավաստող և փոխադրողի ու ուղևորի միջև փոխադրման պայմանագրի կնքումը հաստատող փաստաթուղթ,

ե) «ուղեբեռ»` տրանսպորտով ուղարկվելու համար փաթեթավորված և ուղևորից առանձին փոխադրվող բեռ,

զ) «ուղեբեռային անդորրագիր»` փաստաթուղթ, որը հաստատում է փոխադրման համար ուղեբեռի ընդունումը:

 

ԳԼՈՒԽ 2
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. ՈՒղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումների ընդհանուր պայմանները, որոնք ներառում են փոխադրումների կազմակերպումը և դրանք իրականացնելու իրավունքի ստացումը, ապահովագրման, սահմանային, մաքսային, սանիտարական և հսկողության այլ ձևերի կարգը, կանոնակարգվում են հետևյալ փաստաթղթերով.

բազմակողմ կոնվենցիաներով և համաձայնագրերով,

միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերով,

Կողմերի ազգային օրենսդրությամբ:

2. Տոմսի, ուղեբեռային անդորրագրի և ֆորմուլյարի ձևը հաստատվում է փոխադրողի ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական իրավասու մարմինների կողմից և ընդունվում է այլ պետությունների տրանսպորտի բնագավառի պետական իրավասու մարմինների կողմից, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական իրավասու մարմինները կմշակեն տոմսի, ուղեբեռային անդորրագրի և ֆորմուլյարի ընդհանուր ձևեր, որոնք հաստատվում են այն պետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական իրավասու մարմինների կողմից, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՈՒղևորների և ուղեբեռի փոխադրումը միջազգային հաղորդակցության ժամանակ կարող են իրականացվել մասնավոր, կոլեկտիվ, պետական կամ սեփականության խառը ձևերի սուբյեկտ հանդիսացող փոխադրողների կողմից` ավտոբուսի գրանցման պետությունում տրված համապատասխան արտոնագրի առկայության դեպքում:

Կողմերը հանձնարարում են իրավասու մարմիններին պատրաստել արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթի նախագիծը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՈՒղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնելիս փոխադրողը ղեկավարվում է ճանապարհային երթևեկության, բնության պահպանության բնագավառում այն պետության օրենսդրությամբ, որի տարածքով իրականացվում է փոխադրումը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՈՒղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումների կազմակերպման և հսկողության կարգը սահմանվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջազգային հաղորդակցության ժամանակ ուղևորների և ուղեբեռի ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների Կանոններով, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը` հաշվի առնելով նրա 17-րդ հոդվածի դրույթները:

 

ԳԼՈՒԽ 3
ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Միջազգային փոխադրումների ժամանակ փոխադրողների պատասխանատվությունը, ինչպես նաև բողոքների և հայցերի ներկայացման կարգը կանոնակարգվում է սույն Կոնվենցիայով, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերով, ինչպես նաև Կողմերի ազգային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում փոխադրման ժամանակ ուղևորի առողջությանը կամ ուղեբեռին հասցված վնասի համար` կապված.

ուղևորի մահվան, մարմնական վնասվածքների կամ նրա առողջությանը հասցված ցանկացած այլ վնասի հետ` անկախ պատահարի վայրի և ժամանակի (փոխադրման, իջեցման, նստեցման, կամ ուղեբեռի բեռնման, բեռնաթափման ընթացքում),

ուղեբեռի լրիվ կամ մասնակի կորստի կամ նրա վնասվածքի հետ:

Փոխադրողը ուղեբեռի համար պատասխանատվություն է կրում այն փոխադրման համար ընդունելու պահից մինչև դրա տեղ հասցնելը կամ ի պահ հանձնելը` ուղևորների փոխադրման Կանոններով նախատեսված կարգով:

2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ինչպես իր գործողությունների, այնպես էլ այլ անձանց գործողությունների համար, որոնց ծառայությանը նա դիմում է փոխադրման պայմանագրով իր վրա դրված պարտավորությունների կատարման համար, երբ այդ անձինք գործում են իրենց պարտավորությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Փոխադրողն ազատվում է ուղևորին հասցված վնասի կամ ուղեբեռի վնասվածքի համար պատասխանատվությունից, եթե պատահարի պատճառը հանդիսացել են այն հանգամանքները, որոնց հետևանքը փոխադրողը, չնայած ձեռնարկված միջոցների, չէր կարող կանխատեսել և խուսափել, ինչպես նաև, եթե վնասը կամ վնասվածքը առաջացել են շուտ փչացող կամ փոխադրման համար արգելված նյութեր, միջոցներ կամ առարկաներ պարունակող ուղեբեռի թերության պատճառով:

2. Փոխադրողն իր վրայից պատասխանատվությունը հանելու համար չի կարող վկայակոչել վարորդի ֆիզիկական կամ հոգեկան թերությունները, ինչպես նաև ավտոբուսի անսարքությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Միևնույն իրադարձության կապակցությամբ փոխադրողի կողմից վճարվելիք վնասի կամ վնասվածքի փոխհատուցման ընդհանուր գումարը սահմանում են Կողմերի դատարանները, իրենց ազգային օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Փոխադրողը լրիվ կամ մասնակի ազատվում է պատասխանատվությունից, եթե վնասը կամ վնասվածքը առաջացել են ուղևորի մեղքով:

2. Եթե վնասը կամ վնասվածքը հասցվել է երրորդ անձի գործողություններով կամ բացթողումներով, ապա փոխադրողը պատասխանատու է ամբողջ վնասի կամ վնասվածքի համար: Ընդ որում, նրան իրավունք է վերապահվում հայցապահանջ ներկայացնել այդ երրորդ անձին, բացառությամբ սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Փոխադրողն իրավունք չունի վկայակոչել սույն Կոնվենցիայի` նրա պատասխանատվությունը լրիվ կամ մասամբ բացառող դրույթները, եթե նրա կողմից ուղևորին, ուղեբեռին կամ գույքին վնասը կամ վնասվածքը հասցվել է այն պետության ճանապարհային երթևեկության Կանոնների խախտման արդյունքում, որի տարածքով իրականացվում է փոխադրումը, կամ ուղևորների փոխադրման Կանոնների խախտման արդյունքում: Նույնը վերաբերում է այն անձին, որի գործողությունների համար փոխադրողը պատասխանատու է սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Կոնվենցիայում հիշատակված վնասը կամ վնասվածքը հաշվառվում են այն պետության ազգային արժույթով, որի տարածքում դրանք հասցվել են:

 

ԳԼՈՒԽ 4
ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ՀԱՅՑԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. ՈՒղևորն իրավունք ունի պահանջ ներկայացնել փոխադրողին ուղևորի կամ ուղեբեռի նշանակված վայր ժամանելու օրվանից յոթ օրվա ընթացքում:

2. ՈՒղևորի հիվանդության դեպքում, երբ նա առողջության պատճառով ի վիճակի չէ պահանջ ներկայացնելու, այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև ուղևորի ապաքինումը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Միջազգային հաղորդակցման ժամանակ ուղևորների և ուղեբեռի փոխադրման հետ կապված բոլոր վիճելի հարցերի դեպքում ուղևորն իրավունք ունի, քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի` Կոնվենցիայի 20-րդ հոդվածին համապատասխան, դիմել այն պետության դատարաններ, որի տարածքում տեղի է ունեցել վնաս կամ վնասվածք առաջացնող պատահարը, կամ որոնք գտնվում են փոխադրողի կամ ուղևորի իրավաբանական հասցեում, ինչպես նաև ուղևորի մեկնման կամ ժամանման կետերում:

2. Դատարանն իրավունք չունի Կողմերի քաղաքացիներից պահանջել գրավ, դատական ծախսերի վճարումն ապահովելու համար, որոնք կապված են սույն Կոնվենցիայի գործողության տակ ընկնող փոխադրումներին վերաբերող հայցի ներկայացման հետ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. ՈՒղևորի առողջությանը հասցված վնասի կապակցությամբ հայցի ներկայացման իրավունքը պահպանվում է երեք տարվա ընթացքում:

Վաղեմության ժամկետը հաշվվում է այն օրվանից, երբ անձը, որին հասցվել է վնաս, իմացել է կամ պետք է իմանար այդ մասին:

2. ՈՒղեբեռի լրիվ կամ մասամբ կորստի կամ դրա վնասվածքի կապակցությամբ հայցի ներկայացման իրավունքը պահպանվում է մեկ տարվա ընթացքում:

Վաղեմության ժամկետը հաշվվում է տրանսպորտային միջոցի` ուղևորի նշանակման վայր ժամանելու օրվանից կամ, չժամանելու դեպքում, այն օրվանից, երբ այն պետք է ժամաներ այնտեղ:

3. Գրավոր տեսքով պահանջների ներկայացումը կասեցնում է վաղեմության ժամկետի ընթացքը, մինչև որ փոխադրողը գրավոր կտեղեկացնի պահանջի չբավարարման մասին` դրան կցելով համապատասխան փաստաթղթեր: Ներկայացված պահանջի մասնակի բավարարման դեպքում, վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է միայն պահանջի այն մասի նկատմամբ, որը մնում է վեճի առարկա: Պահանջում շարադրված փաստերի ապացուցման կամ նրա պատասխանի, ինչպես նաև գործին առնչվող փաստաթղթերի վերադարձման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որը վկայակոչում է այդ փաստերը: Նույն հարցով հետագա պահանջների ներկայացումը չի ընդհատում վաղեմության ժամկետը, եթե փոխադրողը չի համաձայնում քննարկել դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Փոխադրման պայմանագրի այն պայմանը, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն թույլ է տալիս սույն Կոնվենցիայի դրույթներից շեղում, ճանաչվում է ուժ չունեցող: Այդպիսի պայմանի անվավերությունը չի բերում փոխադրման պայմանագրի այլ պայմանների անվավերության:

2. Անվավեր է համարվում ցանկացած պայման, որի համաձայն փոխադրողին վերապահվում են ապահովագրման պայմանագրից բխող իրավունքներ:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Կոնվենցիայում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Կոնվենցիան բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող պետությունների կողմից դրան միանալու համար, այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից միացման մասին հաղորդումը ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Կոնվենցիան այն ստորագրող Կողմերի կողմից ենթակա է վավերացման, իրենց ներքին ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնի երրորդ վավերագիրը ավանդապահին հանձնելու օրվանից: Ավելի ուշ վավերացրած Կողմերի համար այն ուժի մեջ կմտնի իրենց վավերագրերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Կոնվենցիան գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հինգ տարով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Կատարված է Բիշկեկ քաղաքում 1997 թվականի հոկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր Քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

ՈՒղևորների և ուղեբեռի

միջազգային ավտոմոբիլային

փոխադրումների մասին

Կոնվենցիային կից

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջազգային հաղորդակցությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրումների Կանոնները (այսուհետ` ուղևորների փոխադրման Կանոններ) մշակվել են ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Կոնվենցիային համապատասխան և կանոնակարգում են մշտական և ոչ մշտական միջազգային ավտոբուսային հաղորդակցության ժամանակ ուղևորների և ուղեբեռի ավտոբուսով փոխադրման գործընթացը:

2. ՈՒղևորների փոխադրման սույն Կանոնները տարածվում են Կողմերի ուղևորների ու փոխադրողների վրա և պարտադիր են նրանց համար:

3. ՈՒղևորների փոխադրման սույն Կանոնները նախատեսում են փոխադրման գործընթացի կազմակերպման և հսկողության համակարգը, ինչպես նաև ուղևորների և փոխադրողների իրավունքները և պարտականությունները:

4. Ավտոբուսներով միջազգային կանոնավոր հաղորդակցության ժամանակ ուղևորների և ուղեբեռի փոխադրման կազմակերպման հիմք է հանդիսանում ուղևորների և ուղեբեռի կանոնավոր միջազգային փոխադրման համատեղ գործունեության մասին պայմանագիրը (այսուհետ` համատեղ գործունեության մասին Պայմանագիր), որը կնքվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների փոխադրողների կողմից, սահմանում է Համագործակացության պետությունների տրանսպորտի համապատասխան իրավասու մարմինների հետ նախապես համաձայնեցված սակագները և երթևեկության չվացուցակը:

5. ՈՒղևորների փոխադրման Կանոնների մեջ օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

«ավտոկայարան»` շինությունների համալիր, որն ապահովում է բնակելի վայրերում ուղևորների սպասարկումը և ներառում է ավելի քան 75 մարդ տեղավորող սպասասրահով և տոմսարկղերով շինությունը, ուղևորների նստեցման և իջեցման կառամատույց, ավտոբուսների կանգառների տարածքներ, ավտոբուսի մաքրման և ստուգման ուղեկալներ,

«ավտոկայան»` շինությունների համալիր, որն ապահովում է բնակելի վայրերում ուղևորների սպասարկումը և ներառում է ավելի քան 75 մարդ տեղավորող սպասասրահով և տոմսարկղերով շինությունը, ուղևորների նստեցման և իջեցման կառամատույց, ավտոբուսների կանգառների տարածքներ,

«ձեռքի ուղեբեռ»` ուղևորի կողմից անվճար փոխադրվող իրերը, որոնց քաշը չի գերազանցում 20 կգ-ը, իսկ չափսերը` 600 x 400 x 200 մմ,

«վարորդ»` ավտոտրանսպորտային միջոցը վարող ֆիզիկական անձ, կամ անձ, որի վրա փոխադրողի անունից և հանձնարարությամբ դրվել են ավտոմեքենայի վարման և բեռը ստացողներին, ուղարկողներին կամ ուղևորներին սպասարկելու գործառույթները,

«փոխադրման պայմանագիր»` փոխադրողի և ուղևորի միջև կնքված տրանսպորտային ծառայությունների մատուցման համաձայնագիր,

«երթուղի»` որոշակի կետերի միջև ավտոտրանսպորտային միջոցի երթևեկության սահմանված ճանապարհը,

«ճոճանակային փոխադրում»` մի խումբ ուղևորների փոխադրում, որն իրականացվում է որոշակի ժամկետներում, մի պետության տարածքից մյուս պետության տարածքի ժամանակավոր կայանատեղի, նույն փոխադրողի տվյալ խմբի ավտոբուսներով հետագա վերադարձմամբ մեկնման սկզբնական պետություն,

«ոչ կանոնավոր փոխադրում»` փոխադրում, որի ժամանակ դրա իրականացման պայմանները սահմանվում են յուրաքանչյուր առանձին դեպքում պատվիրատուի և փոխադրողի միջև համաձայնեցմամբ,

«կանոնավոր փոխադրում»` ուղևորների և ուղեբեռի փոխադրում փոխադրման պայմանագրով, որտեղ սահմանված են փոխադրման պայմանները, սակագները և ավտոբուսների երթևեկության չվացուցակը` ուղևորների նստեցման և իջեցման համար կանգառների նշումով երթուղիներով,

«երթևեկության չվացուցակը»` գրաֆիկ, աղյուսակ, որոնք տեղեկություններ են պարունակում չվերթի իրականացման ժամանակի, վայրի և հաջորդականության մասին,

«չվերթ»` ավտոբուսի ճանապարհը երթուղու սկզբնական կետից մինչև վերջնականը,

«թույլատրող համակարգ»` նորմատիվ, տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջություն, որոնք ապահովում են միջպետական ավտոբուսային փոխադրումների իրականացումը,

«երթուղիների սխեմա (երթուղիներ)»` երթուղիների (երթուղու) գրաֆիկական պատկերը պայմանական նշաններով,

«սակագին»` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար սահմանված վճարի չափը` հեռավորության կամ ժամանակի միավորի համար,

«տրաֆարետ»` ուղևորների համար ավտոբուսների աշխատանքի ռեժիմի և երթուղու մասին տեղեկությամբ ցուցատախտակ,

«ֆորմուլյար (ճանապարհային թերթիկ)»` փաստաթուղթ, որը սահմանում է փոխադրման տեսակը և պարունակում է երթևեկության երթուղու նկարագիրը և ուղևորների ցուցակը,

«տրանսպորտի իրավասու մարմին»` պետության տրանսպորտի մարմին, որը փոխադրողին տալիս է համաձայնեցված երթուղով ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավունքի թույլտվություն,

«արտոնագիր»` Կողմի լիազորված պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է սահմանված ժամկետում միջազգային հաղորդակցության ուղևորային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելու իրավունքը:

 

2. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Ավտոտրանսպորտով ուղևորների միջազգային փոխադրումներ կատարելու արտոնագրեր տալը, երկարացնելը և չեղյալ հայտարարելը իրականացվում է ավտոբուսի գրանցման պետության գործող օրենսդրությանը համապատասխան:

7. Փոխադրման թույլ չեն տրվում.

ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում պայթունավտանգ, թունավորող, հրդեհավտանգ, քայքայիչ, ռադիոակտիվ, քիմիական, թունավոր, օզոնը քայքայող նյութեր և այդպիսիք պարունակող իրեր, թմրանյութեր, հոգեներգործուն և գարշահոտ նյութեր,

շարժակազմը, ուղևորների հագուստները, պահպանման խցիկները և այնտեղ գտնվող իրերը աղտոտող ուղեբեռ,

ուղևորների փոխադրման սույն Կանոններով սահմանված քաշի և չափսի նորմերը գերազանցող ուղեբեռ, ինչպես նաև առարկաներ, որոնց փոխադրումը արգելված է այն պետության օրենսդրությամբ, որտեղ այն իրականացվում է:

8. Միջազգային հաղորդակցման ուղևորների կանոնավոր փոխադրման երթուղիներ բացելու համար փոխադրողին անհրաժեշտ է.

մյուս պետության, որտեղով անցնում է երթուղին, իր գործընկերոջ հետ համաձայնեցնել երթուղու բացման մտադրությունը,

իր պետության տրանսպորտի իրավասու մարմին ուղարկել հայտ` կցելով հետևյալ փաստաթղթերը` համատեղ գործունեության Պայմանագիրը, միջազգային հաղորդակցության ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք տվող արտոնագրի պատճենը, ինչպես նաև ձեռնարկության գրանցման վկայականը` իր ռեկվիզիտներով, երթուղու երթևեկության չվացուցակը, երթուղու սխեմաները սահմանային անցումների նշումով, փոխադրման սակագները, երթուղիներում վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը:

Պետության տրանսպորտի իրավասու մարմինը, որին հայտ է ներկայացվել, ուղարկում է թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը և երթուղու բացման վերաբերյալ հայտը այն պետության տրանսպորտի իրավասու մարմնին, որի տարածքով անցնում է երթուղին` կցելով վերոհիշյալ փաստաթղթերը:

Պետության տրանսպորտի իրավասու մարմինը, որին հայտ է ներկայացվել, այն բանից հետո, երբ բոլոր պետություններից, որոնց տարածքով անցնում է երթուղին, ստանում է թույլտվություններ` տալիս է դրանք փոխադրողին:

Փոխադրողը ձևակերպում է երթուղու սխեման և ներկայացնում համաձայնեցման այն պետությունների տրանսպորտի իրավասու մարմիններին, որոնց տարածքով անցնում է երթուղին:

Երթուղու, կանգառների, երթևեկության չվացուցակի փոփոխությունները, ինչպես նաև երթուղու փակումը կատարվում է այն պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ նախնական համաձայնեցումից հետո, որոնց տարածքով անցնում է երթուղին:

9. Տրանսպորտի իրավասու մարմինները Համագործակցության պետությունների իրավասու մարմինների հետ համաձայնեցնում են կանոնավոր հաղորդակցության ավտոբուսների սահմանը հատելու ժամանակը և տալիս են անցագիր` սահմանն արտահերթ անցնելու համար:

10. ՈՒղևորների միջազգային փոխադրման համար նախատեսված կանոնավոր հաղորդակցության ավտոբուսները ապահովվում են առջևի և կողմնային տրաֆարետներով, որոնց վրա նշված է երթուղու սկզբնական և վերջնական կետերի անվանումները:

11. Միջազգային հաղորդակցության ավտոբուսների մեկնումն ու ժամանումն իրականացվում է ավտոկայարանից (ավտոկայանից):

Ավտոկայարանում (ավտոկայանում) տեղեկություն է տրամադրվում փոխադրումների կանոնների, ավտոբուսների երթևեկության չվացուցակի, ուղևորների ուղևորության և ուղեբեռի փոխադրման պայմանների ու արժեքի, ավտոկայարանի ծառայությունների, տրանսպորտային այլ միջոցների աշխատանքի մասին:

12. Փոխադրումների սակագները համաձայնեցվում են փոխադրողների հետ:

13. Տոմսը պետք է ներառի հետևյալ հիմնական տվյալները.

ժամանման և մեկնման ավտոկայարանի (ավտոկայանի) անվանումը,

տոմսի համարը (նշված տպագրության միջոցով),

ուղևորության արժեքը,

տոմսի տրման ամսաթիվը,

մեկնման ամսաթիվը և ժամանակը,

նստատեղի համարը,

տոմսի տրման վայրը,

չվերթի համարը:

Տոմսերի վաճառքը նշվում է տոմսահաշվառման թերթիկում:

14. ՈՒղևորության տոմսերի նախնական վաճառքը, ուղեբեռի տեղափոխման ձևակերպումն իրականացվում է ավտոկայարանի (ավտոկայանի) առանձին դրամարկղերում և տոմսերի նախնական վաճառքի համար նախատեսված առանձին տեղակայված տոմսարկղերում:

Ավտոբուսների մեկնման օրը տոմսերը պետք է վաճառվեն երթուղիների սկզբնական կետերի ավտոկայարանների (ավտոկայանների) դրամարկղերում, իսկ միջանկյալ կետերում` ավտոբուսում ազատ տեղերի առկայության մասին տեղեկություն ստանալիս:

Տոմսը վավեր է համարվում միայն նրանում նշված մեկնման օրվա և ավտոբուսի չվերթի համար:

Տոմսի արտահերթ ձեռքբերման իրավունք է տրամադրվում քաղաքացիներին` այն պետության գործող օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է տոմսի վաճառքը:

15. Միջազգային երթուղիներում ավտոբուսով փոխադրվող ուղևորների քանակը համապատասխանում է արտադրող գործարանի կողմից տվյալ մոդելի ավտոբուսի համար սահմանված քանակին:

16. Միջազգային հաղորդակցության ավտոբուսի վարորդը և ուղևորները պետք է ունենան պատշաճ կերպով ձևակերպված սահմանն անցնելու իրավունք տվող փաստաթղթեր:

17. Սահմանն անցնելիս ուղևորների փաստաթղթերը, ուղեբեռը, ձեռքի բեռը, տարադրամը և թանկարժեք իրերը պետք է ձևակերպվեն այն պետության գործող սահմանային և մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան, որի տարածքով իրականացվում է փոխադրումը:

18. Բեռը ուղևորին տրված է համարվում այն դեպքում, եթե փոխադրողը փոխանցել է այն բեռի անդորրագիր ներկայացրած անձին:

19. Եթե բեռի անդորրագիրը բացակայում է, ապա փոխադրողն իրավունք ունի փոխանցել բեռը այն անձին, որն ապացուցել է բեռի իրեն պատկանելությունը: Եթե բեռը առանց անդորրագրի ստանալուն հավակնող անձը բավարար ապացույցներ չի ներկայացնում` բեռը իրեն պատկանելու մասին, փոխադրողն իրավունք ունի պահանջել նրանից մուծելու համապատասխան գրավ, որը վերադարձվում է այն մուծելուց մեկ տարի անց:

20. Բեռը, որը չի պահանջվել ավտոբուսի վերջնական կետ հասնելուց հետո, անկախ նրանից, թե դրա համար տրված է բեռի անդորրագիր, թե ոչ, հանձնվում է պատասխանատու պահման, որի համար բեռը ստանալուց ուղևորից գանձվում է գումար: Փոխադրողը կարող է հանձնարարել բեռի պահպանումը երրորդ անձին, որն իրավունք ունի վարձատրություն ստանալ դրա պահպանման համար:

Բեռի պահպանման կարգը կարգավորվում է այն պետության գործող օրենսդրությամբ, որտեղ իրականացվում է դրա պահպանումը:

21. Բեռը, որը հանձնման դիմում ներկայացնելուց հետո տասնչորս օրվա ընթացքում չի հասցվել ուղևորին, համարվում է կորած:

Եթե կորած համարվող բեռը գտնվել է ուղևորի կողմից այն հանձնելու պահանջ ներկայացնելուց հետո տարվա ընթացքում, փոխադրողը տեղեկացնում է այդ մասին ուղևորին: Ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ուղևորը կարող է պահանջել բեռը առաքել կամ իր մեկնման, կամ նշանակման կետը:

 

3. ՈՒՂԵՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Միջազգային ավտոբուսային փոխադրումների ժամանակ ուղևորը պարտավոր է.

տոմս գնել և վճարել ուղեբեռի տեղափոխման համար փոխադրողի կողմից սահմանված ուղևորության արժեքին համապատասխան, զբաղեցնել տոմսում նշված տեղը, պահպանել տոմսը մինչև ուղևորության վերջը և ներկայացնել այն հսկող անձանց,

ժամանել ավտոբուսի մեկնման վայրը, տվյալ պետության տարածքում գործող կանոններին համապատասխան,

պահպանել սահմանի անցման համար սահմանված այն պետության կանոնները, որի տարածքով իրականացվում է միջազգային փոխադրումը,

ունենալ բեռի անդորրագիր և ներկա լինել իրեն պատկանող բեռի և այլ գույքի ստուգման ժամանակ, ինչպես նաև իրեն պատկանող նյութերից էքսպրես-անալիզի համար համապատասխան մարմինների կողմից նմուշների և փորձանմուշների վերցման ժամանակ:

24. Միջազգային երթուղու ուղևորն իրավունք ունի.

իր հետ անվճար փոխադրել մինչև հինգ տարեկան մեկ երեխա` առանց առանձին տեղի հատկացման, 5-ից 10 տարեկան` տոմսի լրիվ արժեքի 50% զեղչով` առանձին տեղի հատկացմամբ, մինչև 10 տարեկան երկու և ավել երեխաների փոխադրման ժամանակ նրանցից մեկը փոխադրվում է անվճար, մյուսները` տոմսի լրիվ արժեքի 50% զեղչով` առանձին տեղի հատկացմամբ,

տեղափոխել իր հետ մեկ ձեռքի բեռ, փոքր կենդանիներ և թռչուններ վանդակներում անվճար, կենդանիներին (շներ, կատուներ) փոխադրողի կողմից սահմանված վճարով` նստելուց ներկայացնելով փոխադրվող կենդանիների համար այն պետության անասնաբուժական ծառայության կողմից տրված փաստաթուղթ, որտեղից դուրս է բերվում կենդանին,

ստանալ տեղին և ճշգրիտ տեղեկություն տրամադրվելիք ծառայությունների ցանկի, դրանց տրամադրման պայմանների և երթևեկության չվացուցակի վերաբերյալ,

պահանջել միջազգային փոխադրման ժամանակ ուղևորի առողջությանը կամ նրա բեռին հասցված վնասի հատուցում,

պահանջել փոխադրողներից փոխադրման պայմանագրի կատարումը,

հայտարարել բեռի արժեքավորությունը` այն փոխադրման հանձնելու ժամանակ:

Հայտարարված բեռի արժեքավորության գումարը պետք է սահմանվի ուղևորի կողմից առաքող պետության ազգային արժույթով և նշվի ուղեբեռի անդորրագրում: Անդորրագիրը պետք է պահպանվի ուղեբեռի և իրեն պատկանող այլ գույքի փոխադրման և ստուգման ողջ ընթացքում:

25. ՈՒղևորին կարող են մերժել փոխադրումը.

ազատ տեղերի բացակայության դեպքում,

ուղեբեռի մաքսային ձևակերպման բացակայության դեպքում,

տեղափոխման համար արգելված կամ անվանացուցակով, քաշով կամ չափսերով սահմանված նորմերին չհամապատասխանող բեռների տեղափոխման փորձի դեպքում:

26. ՈՒղևորն իրավունք չունի.

ընթացքի ժամանակ խանգարել վարորդին կամ շեղել նրա ուշադրությունը ավտոբուսի վարումից,

բացել ավտոբուսի դռները մինչև դրա լրիվ կանգնելը,

փոփոխություններ մտցնել տոմսի և ուղևորության այլ փաստաթղթերի մեջ և փոխանցել դրանք այլ ուղևորների,

տեղափոխել ուղեբեռ նստատեղի վրա,

օգտվել վթարային սարքավորումներից առանց անհրաժեշտության, բացի նախատեսված դեպքերից:

27. ՈՒղևորը պատասխանատու է իր մեղքով հասցված վնասի համար, այդ թվում` փոխադրողին պատկանող ավտոբուսի կամ սարքավորման վնասման կամ աղտոտման համար, ինչպես նաև ուղևորների փոխադրման սույն Կանոնների խախտման համար:

Հատուցման չափը որոշվում է հասցված վնասի մեծությամբ:

 

4. ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Փոխադրողը պարտավոր է.

ապահովել միջազգային հաղորդակցության տոմսերի նախնական վաճառք,

մինչև մեկնումը ծանոթացնել վարորդին երթուղու սխեմայի հետ և հանձնել նրան երթևեկության չվացուցակը,

ժամանակին տրամադրել ավտոբուսը` պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակում,

ապահովել ուղևորի անվտանգ, հարմարավետ ուղևորությունը ավտոբուսով, փոխադրման պայմանագրին և հաստատված չվացուցակին համապատասխան,

ավտոբուսի տեխնիկական անսարքության հետևանքով ուղևորության դադարեցման դեպքում ապահովել ուղևորների ուղևորությունը մինչև երթուղու վերջնակետը առանց նրանց լրացուցիչ ծախսերի,

ուղևորին մատուցել փոխադրման պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծառայություններ:

29. Փոխադրողն իրավունք ունի.

չեղյալ հայտարարել ավտոբուսի չվերթը այն հանգամանքներից ելնելով, որոնք նա չէր կարող կանխատեսել կամ կանխել` չնայած բոլոր ձեռնարկված միջոցներին: Այս դեպքում փոխադրողը ուղևորին է վերադարձնում տոմսի արժեքը` այն ներկայացնելուց հետո, ինչպես նաև ուղևորի կողմից լրացուցիչ ծառայությունների համար վճարված գումարը: Բացի այդ, վերադարձման ենթակա են նաև համապատասխան փաստաթղթերով հաստատված ուղևորի կրած ծախսերը նրա` տոմսում նշված ուղևորության սկզբի վայր հնարավոր վերադարձի և դրանից ամենաէժան տրանսպորտային միջոցով մեկնելու հետ կապված: Տոմսի և վճարված լրացուցիչ ծառայությունների արժեքի վերադարձման պայմանները որոշվում է համատեղ գործունեության Պայմանագրով,

իրենց պետության տարածքում սահմանափակել կամ դադարեցնել միջազգային փոխադրումները համաճարակի, տարերային աղետի կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) հանգամանքների դեպքում,

ուղեբեռի անդորրագրում նշել ուղեբեռի կամ դրա փաթեթավորման վիճակը` ուղևորի համաձայնությամբ: Եթե ուղևորը չի հաստատում նշումը, ապա փոխադրողը կարող է հրաժարվել ուղեբեռը փոխադրման ընդունելուց: Այն դեպքում, եթե ուղեբեռը փոխադրողի կողմից ընդունվել է առանց նշման, համարվում է, որ ուղեբեռն ընդունվել է պատշաճ վիճակում և պատշաճ փաթեթավորմամբ:

 

5. ՎԱՐՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

30. Միջազգային փոխադրումներ կատարող ավտոբուսի վարորդը պարտավոր է.

ղեկավարվել ճանապարհային երթևեկության Կանոններով, ավտոբուսի տեխնիկական շահագործման կանոններով, պաշտոնական հրահանգով և կատարել կարգավարական ծառայության օպերատիվ կարգադրությունները,

պահպանել այն պետությունների սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային և հսկողության այլ տեսակների կանոնները, որոնց տարածքով իրականացվում է միջազգային փոխադրումը,

ունենալ տրանսպորտային միջոցների գրանցման փաստաթղթեր և վարորդական վկայական, որը համապատասխանում է ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի նոյեմբերի 8-ի` Կոնվենցիայի պահանջներին,

կազմակերպել, ժամանակին ծանուցել և պատրաստել ուղևորներին սահմանն անցնելիս ստուգում անցնելու համար,

սահմանն անցնելիս ստուգման համար ներկայացնել.

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` վարորդական իրավունքի վկայական, ճանապարհային (ուղևորության) թերթիկ, տոմսահաշվառային փաստաթղթեր, թույլտվության բնօրինակը, ավտոբուսի երթևեկության չվացուցակը, արտոնագիրը, պետական սահմանն անցնելու իրավունք տվող փաստաթղթեր,

բ) ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` վարորդական իրավունքի վկայական, ճանապարհային (ուղևորության) թերթիկ, արտոնագիր, անկանոն փոխադրման թույլտվություն (եթե դա նախատեսված է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագրերով), պետական սահմանն անցնելու իրավունք տվող փաստաթղթեր,

միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմերի աշխատանքին վերաբերող համաձայնագրի համաձայն, հաստատել վարորդի աշխատանքի ռեժիմը,

շարժվել սահմանված երթուղով և կատարել ավտոբուսի երթևեկության գրաֆիկը,

ուղևորների նստեցման ժամանակ ստուգել ուղևորության և ուղեբեռի տեղափոխման տոմսերի առկայությունը և համապատասխանությունը,

ընդունել և տեղավորել ուղեբեռը, որը նախատեսված է փոխադրման համար, չվացուցակով նախատեսված կանգառներում ուղևորներին տալ ուղեբեռը,

հայտարարել կանգառների անվանումները և կանգ առնման ժամանակը,

միջազգային փոխադրումների նկատմամբ հսկողության իրավունք ունեցող անձանց ազդանշանով ավտոբուսը կանգնեցնել, կատարել նրանց ցուցումները և օգնել ստուգում կատարելու ժամանակ,

տրանսպորտային միջոցի կանգ առնելուց հետո կատարել իջեցումը միայն իջեցման հրապարակից, իսկ այդպիսի հրապարակի բացակայության դեպքում` մայթից կամ ճամփեզրից: Եթե դա անհնար է, ապա երթևեկելի մասի կողմից` պայմանով, որ դա անվտանգ կլինի և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ չի հանդիսանա,

ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, հնարավորության սահմաններում, օգնություն ցուցաբերել տուժածներին և իշխանության համապատասխան մարմիններին տեղեկացնել կատարվածի մասին,

ձեռնարկել միջոցներ կարիք ունեցող ուղևորին առաջին բժշկական օգնության ցուցաբերելու, ինչպես նաև նրան անհապաղ օգնության մոտակա կետը տեղափոխելու կապակցությամբ: Եթե ուղևորը հիվանդության պատճառով դադարեցնում է ուղևորությունը, ապա նրա ուղեբեռը հանձնվում է պահպանման սույն Կանոնների 20 կետով նախատեսված կարգի համաձայն,

երթևեկությունը սկսել ավտոբուսի դռները ամբողջապես փակելուց հետո և բացել դրանք միայն կանգառներում:

31. Վարորդն իրավունք ունի.

ուղևորության չթույլատրել կամ իջեցնել մոտակա կանգառում փոխադրման պայմանագիրը խախտած կամ իր վարքի, հիվանդության և այլ պատճառների հետևանքով շրջապատի ուղևորների համար վտանգ ներկայացնող ուղևորին,

պահանջել ուղևորներից նրանց պարտականությունների կատարում,

բաց չթողնել ուղեբեռը, եթե չի ներկայացվել ուղեբեռային անդորրագիր,

ներկա գտնվել ավտոբուսի և ուղեբեռի զննման ժամանակ:

 

6. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

32. Միջազգային հաղորդակցման ավտոբուսի մեկնումից ոչ ուշ, քան երկու ժամ առաջ ավտոկայանի (ավտոկայարանի) դրամարկղ տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքը` տոմսի նախնական վաճառքի համար նախատեսված գանձման հանումով:

Այդ ժամկետից ուշ, բայց ոչ պակաս, քան երթևեկության չվացուցակով նախատեսված ավտոբուսի մեկնումից 15 րոպե առաջ, տոմսի վերադարձման դեպքում, ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքը` փոխադրողի կողմից սահմանված չափով:

Տոմսի կորստի դեպքում ուղևորին չի թույլատրվում ավտոբուս նստել, տոմսի արժեքը չի վերադարձվում, կրկնօրինակ չի տրվում, բողոքներ չեն ընդունվում:

33. Եթե մի պետության փոխադրողի ավտոբուսը մյուս պետության տարածքով երթևեկելու ընթացքում որևէ պատճառով չի կարող շարունակել երթևեկությունը, ապա այդ պետության Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ընկերությունը նշված ավտոբուսի վարորդի խնդրանքով փոխադրողի հաշվին ցույց է տալիս անհրաժեշտ օժանդակությունը տվյալ ավտոբուսի ուղևորներին մոտակա կետ փոխադրման կազմակերպման գործում, որտեղից հնարավոր է անհրաժեշտ ուղղությամբ իրականացնել ուղևորությունը:

Հարկադիր կանգառի և ժամանման վայր ուղևորին հասցնելու անհնարինության դեպքում, ինչպես նաև, եթե ուղևորը դադարեցնում է ուղևորությունը հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով, նրան վերադարձվում է ուղևորության և ուղեբեռի տեղափոխման արժեքը (բացառությամբ կոմիսիոն գանձումների)` ելնելով անսարքության վայրից կամ հարկադիր կանգառից մինչև վերջնակետ եղած հեռավորության հաշվարկից, որը կարգավորվում է համատեղ գործունեության Պայմանագրով:

34. ՈՒղևորն իրավունք ունի վերադարձնել տոմսերը դրամարկղ մինչև ավտոբուսի մեկնումը և ստանալ ուղևորության լրիվ արժեքը, ներառյալ տոմսերի նախնական վաճառքի գանձումները, հետևյալ դեպքերում.

ուղերթում ավտոբուսի ավելի քան մեկ ժամ ուշացման դեպքում երթևեկության չվացուցակով նախատեսված ժամանակի հետ համեմատած,

ավտոբուսում ուղևորին ավելի ցածրակարգ տեղ տրամադրելու դեպքում, քան այն, որը նախատեսված էր տոմսով: Ավտոբուսում ավելի ցածրակարգ տեղով երթևեկելու ուղևորի համաձայնության դեպքում նրան վերադարձվում է տոմսի արժեքի տարբերությունը:

Եթե չվացուցակով նախատեսված ավտոբուսի փոխարեն, այլ ավտոբուս ներկայացվի, որում երթևեկելն ավելի թանկ է, ապա այդ մասին հայտարարելուց առաջ տոմսեր ձեռք բերած ուղևորներն իրավունք ունեն այդ տոմսերով երթևեկել առանց հավելավճարի: Ավտոբուսի տիպի փոխարինման մասին հայտարարելուց հետո տոմսերը վաճառվում են ավելի բարձր սահմանված սակագնով` ուղևորներին համապատասխան զգուշացում տալով:

ՈՒշացման դեպքում ուղևորն իրավունք ունի այն ավտոբուսի մեկնման պահից երեք ժամվա ընթացքում, որի համար նա տոմս է գնել, իսկ հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում` երեք օրվա ընթացքում վերականգնել երթևեկության փաստաթղթերը տոմսի արժեքի 25% հավելավճարով կամ էլ ստանալ երթևեկության արժեքը տոմսի արժեքից 25% հանելով:

Դրամի վերադարձն իրականացվում է.

տոմսերի նախնական վաճառքի դրամարկղերում, որոնք վաճառել կամ ուղարկել են տոմսը, մինչև ավտոբուսի երթուղի մեկնելը` օրացուցային մեկ օրվա (մինչև 18 ժամ) ընթացքում,

երթուղու սկզբնական կետի ավտոկայանի (ավտոկայարանի) տոմսերի ընթացիկ վաճառքի դրամարկղերում` ավտոբուսի երթուղի մեկնելու օրը:

 

7. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

35. ՈՒղևորների և ուղեբեռի փոխադրման վերահսկումը ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումների ժամանակ իրականացվում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի և այն պետությունների ազգային օրենսդրության հիման վրա, որոնց տարածքներով իրականացվում են փոխադրումները:

36. ՈՒղևորների փոխադրումների սույն Կանոնների խախտման համար փոխադրողների և ուղևորների պատասխանատվությունը նախատեսվում է ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ի` Կոնվենցիայով, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին բազմակողմ և երկկողմ միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև այն պետության ազգային օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է խախտումը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի մայիսի 11-ից:

 

 

pin
09.10.1997
Միջազգային պայմանագիր