Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

իրագործելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի` Պայմանագրի դրույթները,

անհրաժեշտ համարելով Համագործակցության մասնակից պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերակառուցման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման ապահովումը,

ձգտելով ապահովելու բարենպաստ պայմաններ Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների միջև արտադրական կոպերացիայի պահպանման և զարգացման համար,

հաստատելով Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների արտահանման ներուժը և մրցունակությունը ավելացնելու ձգտումը,

կարևոր նշանակություն տալով արտադրական, ներդրումային, առևտրային և ֆինանսավարկային գործունեության բնագավառում փոխգործակցության ժամանակակից ձևերի օգտագործմանը,

ղեկավարվելով արտադրական, առևտրական, վարկաֆինանսական, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանը աջակցելու մասին 1994 թվականի ապրիլի 15-ի` Համաձայնագրով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՄԱՍ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայով սահմանվում են անդրազգային կորպորացիաների (այսուհետ` կորպորացիա) ստեղծման և գործունեության բնագավառում Կողմերի համագործակցության ընդհանուր հիմքեր:

2. Սույն Կոնվենցիայով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Կողմերի միջև կնքվող երկկողմ համաձայնագրերով, ինչպես նաև իրենց ազգային օրենսդրություններով:

3. Սույն Կոնվենցիայի կիրառման հարցերի կարգավորումը իրականացնում է կորպորացիայի գրանցումը իրականացնող Կողմի` դրա համար լիազորված պետական մարմինը:

4. Կողմերը պայմանավորվեցին, որ Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կողմից ստեղծվող կորպորացիաների մասին տվյալների բանկի վարումը իրականացնում է Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեն:

5. Կորպորացիայի ձևավորման ժամանակ Կողմերից յուրաքանչյուրը ելնում է իր տարածքում մյուս Կողմի իրավաբանական անձանց գույքի սեփականության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից:

6. Կողմերը համաձայնեցին, որ կորպորացիան ստեղծվում և գործում է Կողմերի օրենսդրությունների պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2. «ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կողմերը «անդրազգային կորպորացիա» հասկացության տակ ճանաչում են իրավաբանական անձի (իրավաբանական անձանց ամբողջությունը), որը.

երկու և ավելի Կողմերի տարածքներում ունի որպես սեփականություն, տնտեսվարման կամ օպերատիվ կառավարման ձևով առանձնացված գույք,

ձևավորվում է երկու և ավելի Կողմերի իրավաբանական անձանց կողմից,

որպես կորպորացիա գրանցված է սույն Կոնվենցիային համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայում «անդրազգային կորպորացիա» հասկացությունը ներառում է իր մեջ տարբեր անդրազգային կառույցներ, այդ թվում ֆինանսաարդյունաբերական խմբեր, ընկերություններ, կոնցեռներ, հոլդինգներ, համատեղ ձեռնարկություններ, օտարերկրյա մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ և այլն:

3. Կորպորացիան իրավունք ունի Կողմերի տարածքներում իրականացնել գործունեության ցանկացած տեսակ, որը արգելված չէ Կողմերի օրենսդրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Կորպորացիայի մասնակիցներ կարող են լինել ցանկացած կազմակերպաիրավական ձևի իրավաբանական անձինք, այդ թվում` երրորդ երկրներից:

2. Պետական, քաղաքային և ունիտար ձեռնարկությունները կարող են լինել կորպորացիաների մասնակիցներ` նրանց գույքի սեփականատիրոջ կողմից որոշվող կարգով և պայմաններով:

 

ՄԱՍ 2

ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կորպորացիան ստեղծվում է կամավոր ձևով ինչպես միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, այնպես էլ Կողմերի օրենսդրություններով չարգելված այլ ձևով:

Կորպորացիայի գրանցման կարգը սահմանվում է դրա գրանցման վայրի պետության օրենսդրությամբ:

Գրանցումը հաստատվում է սահմանված կարգի վկայագրի հանձնումով, որը պարունակում է կորպորացիայի լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը` պարտադիր ներառելով «անդրազգային կորպորացիա» բառակապակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 

Կորպորացիայի գրանցման ժամանակ ներկայացվում է կորպորացիայի կազմակերպական նախագիծը:

Կորպորացիայի կազմակերպական նախագիծ ասելով հասկացվում է կորպորացիայի գրանցումը իրականացնող Կողմի լիազորված պետական մարմնին ներկայացված փաստաթղթերի փաթեթը: Կազմակերպական նախագիծը պարունակում է նպատակների և խնդիրների մասին անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև կորպորացիայի գրանցման մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

Կառավարման կառուցվածքը (բարձրագույն, գործադիր և հսկողական մարմինների կազմը) սահմանվում է կորպորացիայի հիմնադիր փաստաթղթերում` ելնելով կորպորացիայի գրանցման վայր պետության օրենսդրությունից:

 

ՀՈԴՎԱԾ 7. «ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Կորպորացիայի գործունեություն ասելով Կողմերը հասկանում են դրա մասնակիցների և գլխադասային ձեռնարկության (կենտրոնական ընկերության) գործունեությունը, որը վարվում է կորպորացիայի հիմնադիր փաստաթղթերին և այն Կողմերի օրենսդրություններին, որոնց իրավաբանական անձինք մտնում են կորպորացիայի կազմի մեջ, և նրա կազմակերպական նախագծին համապատասխան` առանձնացված ակտիվների օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԹԱՆՈՒՄ

 

Կողմերը առաջնայնության հիման վրա կարող են ձեռնարկել Կողմերի օրենսդրություններին չհակասող միջոցներ` ուղղված կորպորացիայի ստեղծմանն ու գործունեության խթանմանը, այդ թվում.

կորպորացիայի կամ դրա մասնակցի վստահելի կառավարմանը փոխանցվող պետություններին պատկանող կորպորացիաների մասնակից ձեռնարկությունների բաժնետոմսերի փաթեթներ,

ձեռնարկության պարտքերի հաշվառում, որի բաժնետոմսերը իրացվում են ներդրումային մրցույթներում (վաճառքներում), գնորդ կորպորացիայի համար ներդրումային մրցույթի (վաճառքներում) պայմաններով նախատեսված ներդրումների ծավալի,

տարբեր բնույթի ներդրումային ռեսուրսներ գրավելու համար պետական երաշխիքների տրամադրում, այդ թվում գրավի մեխանիզմի օգտագործմամբ,

կորպորացիայի մասնակիցների կրկնակի հարկման վերացում այն Կողմերի տարածքներում, որտեղ գործում է կորպորացիան և դրա մասնակից ձեռնարկությունները,

սարքավորման, արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ներմուծման և արտահանման առանց մաքսատուրքերի վճարման և կորպորացիայի մասնակիցների միջև կապիտալի տեղաշարժման իրականացում,

կորպորացիայի մասնակից բանկերին, որոնք ներդրումային գործունեություն են իրականացնում նրանում, արտոնությունների տրամադրում, որոնք նախատեսում են պարտադիր պատվերի նորմերի նվազեցում և այլ չափանիշների փոփոխություն` նրանց ներդրումային ակտիվության բարձրացման նպատակով,

կորպորացիայի մասնակից բանկերին Միջպետական բանկի միջոցով ներդրումային վարկերի և այլ ֆինանսական օժանդակության տրամադրում` կորպորացիայի նախագծերի իրագործման համար:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ հարցում Կողմերի քաղաքականությունը կրում է անհատական բնույթ և որոշվում է համապատասխան նորմատիվ ակտով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Կորպորացիայի և/կամ գլխադասային ձեռնարկության (կենտրոնական ընկերության) կորպորացիայի գործունեությունում մասնակցության արդյունքում ծագած պարտավորություններով մասնակիցները պատասխանատվություն են կրում այն Կողմերի օրենսդրությանը համապատասխան, որի իրավաբանական անձինք մտնում են կորպորացիայի կազմի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵԼԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. Կորպորացիան հաշվետվություն է ներկայացնում կորպորացիայի գրանցման վայր պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Կորպորացիայի մեջ մտնող իրավաբանական անձինք հաշվետվություն ներկայացնում են իրենց գտնվելու վայրով:

3. Կորպորացիայի գրանցման վայր պետության լիազոր պետական մարմինը իրավունք ունի նշանակել աուդիտորական ստուգումներ կորպորացիայի գործունեության համար` այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Կորպորացիայի և նրա կազմի մեջ մտնող այլ իրավաբանական անձանց սեփականության իրավունքը եկամտի և արտադրած արտադրանքի նկատմամբ որոշվում է այն Կողմերի օրենսդրություններին համապատասխան, որոնց իրավաբանական անձինք մտնում են կորպորացիայի կազմի մեջ կամ առանձին միջկառավարական համաձայնագրի հիման վրա:

2. Կորպորացիայի կազմի մեջ մտնող իրավաբանական անձանց հարկումը կատարվում է նրանց գտնվելու վայրով` գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Կորպորացիայում սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորումն իրականացվում է այն Կողմերի օրենսդրությունների հիման վրա, որոնց տարածքներում գտնվում են դրա մասնակիցները, եթե այլ բան չի որոշվել միջպետական պայմանագրերով (համաձայնագրերով):

 

ՀՈԴՎԱԾ 13. ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Կորպորացիան կարող է վերացվել կորպորացիայի գրանցման վայր պետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով, ինչպես նաև միջկառավարական համապատասխան համաձայնագրի գործողության դադարեցման հետ կապված:

 

ՄԱՍ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 14. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԵՏ

 

Սույն Կոնվենցիան չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ավանդապահին երրորդ վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:

2. Այն ավելի ուշ վավերացրած Կողմերի համար, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իրենց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո գործում է 10 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Կոնվենցիան ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ` հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` դուրս գալուց առնվազն 12 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Կոնվենցիային, նրա ուժի մեջ մտնելուց հետո, կարող են միանալ այլ պետություններ` նման միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Կոնվենցիայում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ Կողմերի համաձայնեցրած այլ դատական մարմին դիմելու միջոցով, որի որոշումը պարտադիր է ճանաչվում:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի մարտի 6-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 22-ից:

 

 

pin
06.03.1998
Միջազգային պայմանագիր