Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Պայմանագրի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների և մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրի դրույթներով,

մեծ նշանակություն տալով ստեղծված արտադրական և գիտատեխնիկական ներուժի, անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության մեջ տնտեսական կապերի պահպանմանը և զարգացմանը,

ընդունելով բոլոր տեսակի անտառների կայուն զարգացման, շրջակա բնական միջավայրի պահպանման, Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչության կենսագործունեության ապահովման նպատակով անտառահումքային պաշարների վերականգնման սկզբունքների իրագործման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը աշխատանք են տանում անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության համակարգման ուղղությամբ և նպաստում են նրա զարգացմանը, ընդունում են համաձայնեցված միջոցառումներ անտառաթղթի արտադրանքի և անտառային այլ մթերքների իրացման շուկաների փոխադարձ ապահովման համար, նպաստում են անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության հետագա զարգացմանը, անտառահումքային պաշարների բանական օգտագործման ապահովմանը` հաշվի առնելով ձևավորված արտադրատեխնոլոգիական կապերը դրանց ու ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն ապահովում են պետական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին, ստեղծում են նպաստավոր պայմաններ անտառարդյունաբերական համալիրում և անտառային տնտեսությունում ներդրումների ներգրավման համար, մշակում են համաձայնեցված դիրքորոշում անտառաթղթի արտադրանքի և այլ անտառային մթերքների համաշխարհային շուկայում համատեղ գործողությունների ապահովման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն իրականացնում են անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության համար սարքավորումների, տեխնոլոգիական գծերի և տեխնիկայի մշակման, պատրաստման և մատակարարման համատեղ միջոցառումներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համակարգում և իրականացնում են համատեղ աշխատանքներ գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական ապահովման, անտառային մոնիտորինգի, անտառարդյունաբերական համալիրում և անտառային տնտեսությունում տեղեկատվական համակարգերի ձևավորման, գիտական, ինժեներական և բանվորական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում շրջակա բնական միջավայրի պահպանման խնդիրների լուծման համար փոխհամաձայնեցված մոտեցումների մշակման ուղղությամբ, անտառների պահպանման և վերականգնման համար, համաշխարհային հանրության պահանջներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության զարգացման ոլորտում համագործակցության համակարգման համար Կողմերը ստեղծում են անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության Միջկառավարական խորհուրդ, որը գործում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի իրագործումն իրականացվում է ինչպես Կողմերի, այնպես էլ նրանց իրավասու մարմինների կողմից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի, ինչպես նաև Կողմերի ձեռնարկությունների, կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների կողմից, անկախ դրանց սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից, կնքվող պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա:

Համագործակցության կոնկրետ ուղղություններին աջակցություն ցուցաբերելու ձևերը որոշելիս և ընտրելիս` Կողմերը ղեկավարվում են փոխադարձ շահերով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն անտառաթղթի արտադրանքի և այլ անտառային մթերքների համար գործող չափանիշների և տեխնիկական պայմանների միասնականացման և ներդաշնակեցման, համապատասխանության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներ են հանդիսանում Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ միջազգային դատարաններ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում Կողմերը կանցկացնեն համապատասխան ազգային մարմինների խորհրդակցություն` դրա իրագործման համար առաջնահերթ միջոցառումները որոշելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն 12 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից դրան միանալու համար` այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Անտառարդյունաբերական համալիրի

և անտառային տնտեսության

բնագավառում համագործակցության

մասին 1998 թվականի սեպտեմբերի

11-ի Համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության Միջկառավարական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության կարգավորման և զարգացման նպատակով` անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) շրջանակներում:

1. Խորհուրդն իր գործունեության մեջ ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով, Համաձայնագրով ու այլ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով ու որոշումներով, սույն Կանոնադրությամբ:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` սերտ համագործակցելով Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի (այսուհետ` ՄՏԿ) և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների հետ:

3. Խորհուրդը հանդիսանում է իրավաբանական անձ գտնվելու վայրի պետությունում գրանցվելու պահից, սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքով ունի առանձնացված գույք, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, ստանձնել պարտականություններ, դատարանում լինել հայցվոր և պատասխանող:

Խորհուրդն իրավունք ունի հաշիվներ բացել ինչպես իր գտնվելու վայրի պետության, այնպես էլ դրա տարածքից դուրս գտնվող բանկերում` գտնվելու վայրի պետության արժույթով կամ արտարժույթով:

Խորհուրդն ունի կնիք, դրոշմ և իր անվանումով բլանկներ:

4. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների կամ այլ կազմակերպությունների ղեկավարներից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհուրդ է ուղարկում երկու ներկայացուցիչ` մեկին անտառարդյունաբերական համալիրի կառավարման ճյուղային մարմնից և մյուսին` անտառային տնտեսության գծով գերատեսչությունից:

Յուրաքանչյուր ներկայացուցիչ (այսուհետ` Խորհրդի անդամ) Խորհրդում ունի մեկ ձայն:

5. Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մտնում են ՄՏԿ ներկայացուցիչը և Անկախ Պետությունների Համագործակցության անտառային ոլորտների աշխատողների արհմիությունների դաշինքի նախագահը:

 

2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.

6.1. Առաջարկությունների մշակում Համաձայնագրի մասնակից պետությունների անտառաթղթային արտադրանքի և անտառի այլ մթերքների շուկայի կայացման և զարգացման վերաբերյալ, այդ թվում` դրանց ձեռնարկությունների միջև փոխշահավետ կոոպերացիոն կապեր ձևավորելու միջոցով` հաշվի առնելով նոր իրավական և տնտեսական պայմանները:

6.2. Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում անտառաթղթային արտադրանքի և անտառի այլ մթերքների ներքին շուկայի պաշտպանվածության համաձայնեցված միջոցառումների մշակում:

6.3. Աջակցություն անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ստեղծված գիտաարտադրական ներուժի պահպանմանն ու զարգացմանը:

6.4. Համաձայնագրի շրջանակներում անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության տնտեսական և գիտատեխնիկական զարգացման համատեղ ծրագրերի մշակման և իրագործման կազմակերպում:

6.5. Համաձայնագրի մասնակից պետությունների անտառարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման և տեղակայման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

6.6. Աջակցություն անտառային պաշարների պահպանմանն ու վերականգնմանը, անընդմեջ, անսպառ և անտառների բանական օգտագործում ապահովող պայմանների ստեղծում:

6.7. Շրջակա բնական միջավայրի պահպանման և համաշխարհային հանրության պահանջներին համապատասխան անտառների պահպանման խնդիրների լուծման փոխհամաձայնեցված մոտեցումների մշակման և իրագործման կազմակերպում:

6.8. Աջակցություն Համաձայնագրի մասնակից պետությունների` անտառարդյունաբերական համալիր և անտառային տնտեսություն ներդրումների և վարկերի ներգրավմանը, արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավման մեխանիզմների և պայմանների ստեղծման մասին երաշխավորությունների մշակում:

6.9. Գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական մշակումների առաջնային ուղղությունների որոշում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների նախագծերի, ծրագրերի և այլնի ֆինանսավորման կազմակերպում բաժնային հիմունքներով:

6.10. Մասնակցություն անտառաթղթային և այլ անտառային արտադրանքի համար գործող չափանիշների և տեխնիկական պայմանների, ինչպես նաև անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի միասնականացման աշխատանքներին:

6.11. Տեղեկատվական և գովազդային գործունեության կազմակերպում, գիտական, ուսումնական և այլ բնույթի պարբերականների թողարկում:

6.12. Աջակցություն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, դպրոցների և գործարարության, մարքեթինգի ու մենեջմենթի դասընթացների կազմակերպման, մասնագիտական գիտելիքների և կուտակված փորձի տարածման, ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:

6.13. ՄՏԿ և Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից սահմանված այլ խնդիրների կատարում:

 

3. ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.

7.1. Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան գերատեսչություններից իր խնդիրների լուծման համար հարցումով խնդրել անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվություն:

7.2. Խորհրդի իրավասությանը վերաբերող նորմատիվ-մեթոդական և այլ փաստաթղթերի համաձայնեցում և հաստատում:

7.3. Հաստատված կարգով ներկայացնել Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի, ՄՏԿ քննարկմանը:

7.4. Ստեղծել Խորհրդի մշտական կամ ժամանակավոր աշխատանքային և այլ մարմիններ, ընդունել դրանց մասին կանոնադրություններ, որոշել դրանց գտնվելու վայրը, գործունեության և ֆինանսավորման կարգը, հաստատել հաստիքները և ծախսերի նախահաշիվները, նշանակել այդ մարմինների ղեկավարներ և իրականացնել հսկողություն դրանց գործունեության նկատմամբ:

7.5. Մասնակցել միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների որոշմանը:

7.6. Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով համագործակցել սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների, Համագործակցության այլ միջպետական, միջկառավարական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:

7.7. Մշակել և հաստատել իր աշխատակարգը, ինչպես նաև դրանում կատարել փոփոխություններ:

 

4. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհրդի աշխատանքը, որպես կանոն, իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններում նիստերի անցկացումով:

9. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության նախաձեռնությամբ և Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ:

Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:

10. Խորհուրդը ղեկավարում են նախագահը և նախագահի տեղակալը, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից, երկու տարով ռոտացիայի կարգով` Խորհրդի անդամների թվից:

Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի ընտրության մասին որոշումն ընդունվում է Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

11. Համաձայնագրի մասնակից պետությունները Խորհրդում կրում են իրենց ներկայացուցիչների աշխատանքի հետ կապված ծախսերը: Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը ֆինանսավորվում են այն պետությունների միջոցներից, որի տարածքում դրանք անցկացվում են, և այդ պետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

12. Խորհրդի գույքի ձևավորման աղբյուրները` դրամական և այլ ձևով, հանդիսանում են.

- կամավոր գույքային մուծումները և հանգանակությունները,

- Համագործակցության պետությունների և այլ երկրների նպատակային հատկացումները, այդ թվում` պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամների դրամաշնորհները,

- գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ չարգելված այլ մուծումներ:

13. Խորհրդի անդամն իրավունք ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Խորհրդի գործունեության, ընդունած որոշումների մասին, ինչպես նաև քննարկման ներկայացնել ցանկացած հարցեր` Խորհրդի իրավասության շրջանակներում:

14. Խորհրդի նիստերին, որպես դիտորդներ կամ փորձագետներ, կարող են հրավիրվել Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը, ժամանակը և նախնական օրակարգը որոշվում է Խորհրդի նախորդ նիստում:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ծրագրերի և նախագծերի հաստատման, սույն Կանոնադրության փոփոխության մասին առաջարկությունների, ինչպես նաև ֆինանսական հարցերով Խորհրդի աշխատանքային և այլ մարմինների ծախսերի նախահաշվի վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

17. Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար:

18. Խորհրդի աշխատանքային մարմնի գործառույթները կատարում է ՄՏԿ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

19. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

20. Խորհրդի գտնվելու վայրը` Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա:

 

5. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների որոշմամբ:

Խորհրդի գործունեության դադարեցման դեպքում ֆինանսական և այլ հարցերը որոշում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ստեղծվող լուծարող հանձնաժողովը:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

 

 

pin
11.09.1998
Միջազգային պայմանագիր