Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Պայմանագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի մեծ նշանակությունն իրենց պետությունների տնտեսությունների զարգացման, բնակչության կենսամակարդակի և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման համար,

նպատակ ունենալով բարձրացնել ժողովրդական տնտեսությանը և բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու հուսալիությունը և արդյունավետությունը` էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տնտեսական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելությունների օգտագործման հիման վրա,

հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի բնագավառում իրավահավասարության, փոխշահավետության, էներգետիկ օբյեկտների ու ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների պահպանման հիման վրա համագործակցության փոխադարձ ձգտումը,

Համագործակցության մասնակից պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացման նպատակով,

ղեկավարվելով 1991 թվականի դեկտեմբերի 17-ի` Էներգետիկ խարտիայի և 1994 թվականի դեկտեմբերի 17-ի` Էներգետիկ խարտիային կից Պայմանագրի դրույթներով,

հիմնվելով 1992 թվականի փետրվարի 14-ի Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունները համակարգելու մասին միջկառավարական Համաձայնագրի վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Պայմանագրի նպատակների համար դրանում կիրառվող հասկացությունները նշանակում են`

սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք` էլեկտրաէներգետիկ համակարգերի միասնական հաճախականությամբ համատեղ աշխատանքը` սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգում,

պետության էլեկտրաէներգետիկ համակարգ` էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման միասնական գործընթացով կապված էլեկտրաէներգետիկայի օբյեկտների, նրանց շահագործման և կառավարման միջոցների ամբողջականություն,

էլեկտրաէներգիայի (հզորության) հոսանքահաղորդում` հսկվող կտրվածքում էլեկտրաէներգիայի (հզորության) փոխադրումը էլեկտրական մեկ կամ մի քանի էլեկտրահաղորդման գծերով,

վթար, վթարային իրավիճակ` էլեկտրաէներգետիկ համակարգերի գործելակարգ, որն առաջանում է առանձին տարրերի վնասման դեպքում, և որի ժամանակ Կողմերից մեկի կամ մի քանիսի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքը դառնում է անհնարին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքը հանդիսանում է Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալի աշխատանքի կարևոր գործոն, որը ստեղծում է Կողմերի փոխշահավետ համագործակցության բազա էլեկտրաէներգետիկայի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի հիմնական սկզբունքներն են`

ցանկացած ժամանակ յուրաքանչյուր պետության էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի և հզորության պահանջարկի բավարարումը սեփական էլեկտրակայանների կամ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերից մատակարարվող էլեկտրաէներգիայի հաշվին,

համաձայնեցված դիապազոններում ստանդարտ հաճախականության պահպանումը յուրաքանչյուր պետության էլեկտրաէներգետիկ համակարգում` էներգիայի սեփական աղբյուրների հաշվին և/կամ այլ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերից հոսանքահաղորդման հաշվին,

աջակցություն էլեկտրաէներգիայի հոսաքնահաղորդմանը` հիմնվելով փոխշահավետության վրա,

նորմատիվ ռեզերվի պահպանումը պետություններից յուրաքանչյուրի էլեկտրաէներգետիկ համակարգում և պայմանագրային հիմունքով ռեզերվի չբավականացնող մասի մատակարարում այլ պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերից,

էլեկտրական հզորության վթարային ռեզերվի պահանջի կրճատումը առանձին երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա,

աշխատանքի հուսալիության համաձայնեցված պահանջների կատարումը,

Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի կողմից իրենց գործունեության ընթացքում վնաս չհասցնելը սույն Պայմանագրի մյուս մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերին,

պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերից յուրաքանչյուրի լրիվ պատասխանատվությունն իրենց սպառողների էլեկտրամատակարարման և իրենց վրա վերցրած պարտավորությունների կատարման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար Կողմերը մշակում և պահպանում են անհրաժեշտ փոխհամաձայնեցված ռեժիմային, տեխնիկական և տեխնոլոգիական պայմաններ, իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի կանոնակարգեր, կանոնադրություններ և կանոններ` միմյանց ժամանակին տեղեկացնելով նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունման և օգտագործման մասին:

Էլեկտրաէներգետիկայում միջպետական հարաբերություններին վերաբերող նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի նախապատրաստման ու համաձայնեցման համակարգումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ խորհրդի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն ապահովում են իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերի պահպանումն ու զարգացումը այն ծավալներում, որոնք բավարար են սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգի կազմում կայուն զուգահեռ աշխատանքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը, հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի զարգացման սեփական պլանները և իրենց շահերը երկարաժամկետ հեռանկարում, համատեղ մշակում են սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարությունը և ապահովում են դրա իրագործումն իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերին վերաբերող մասով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայում մշակում են փոխադարձ վճարումների մեխանիզմներ, ապահովում են դրանց իրագործումը և էլեկտրական էներգիայի փոխադարձ մատակարարումների ժամանակին մուծումները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը մաքսատուրքեր չեն գանձում սույն Պայմանագրի մասնակից պետությունների էներգահամակարգերից կատարվող էլեկտրաէներգիայի և հզորության հաղորդումներից, իսկ Կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի վրա ազդող միջպետական էլեկտրահաղորդման գծերի և/կամ համակարգը կազմող օբյեկտների վթարային վիճակի դեպքում` դրա վերացման համար անհրաժեշտ էներգառեսուրսների, այլ տիպի արտադրանքների և ծառայությունների մատակարարումներից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը պարտավորվում են ապահովել էլեկտրաէներգիայի անարգել տարանցումն իրենց ցանցերով` դրանց թողունակության սահմաններում` հիմնվելով կնքված պայմանագրերի և տարանցման համար վճարման փոխհամաձայնեցված պայմանների վրա:

Էլեկտրաէներգիայի և հզորության տարանցման իրականացման կարգը կսահմանվի Կողմերի առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կայուն զուգահեռ աշխատանքի համար համաձայնեցված ծավալներով ռեսուրսների ռեզերվների ստեղծման և պահպանման ուղղությամբ:

Ռեզերվների ստեղծման և դրանց օգտագործման կարգը կսահմանվի Կողմերի առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը միմյանց ցուցաբերում են օպերատիվ օգնություն վթարների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:

Այդպիսի օգնության ցուցաբերման կարգը և մատուցված ծառայության դիմաց ֆինանսական վճարումների կարգը կսահմանվի Կողմերի առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Էլեկտրաէներգիայի և հզորության միջպետական հոսանքահաղորդումներն ապահովող օբյեկտներում (էլեկտրահաղորդման գծեր, ենթակայաններ և այլն) վթարների հետաքննման և օբյեկտիվ վերլուծության, դրանց կանխարգելման համատեղ միջոցառումների մշակման ու իրականացման համար շահագրգիռ Կողմերը կարող են անհրաժեշտության դեպքում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ:

Այդպիսի հանձնաժողովների մասին տիպային կանոնադրության նախագծի նախապատրաստումը և հաստատումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ խորհրդի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը, հիմնվելով սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի վրա, միջոցներ կձեռնարկեն էլեկտրաէներգիայի և հզորության բաց ու մրցունակ միջպետական շուկայի ձևավորման և զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության միջկառավարական մարմինների կողմից սույն Պայմանագրի կատարմանն ուղղված աշխատանքի համակարգումը դրվում է Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ խորհրդի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Պայմանագրի դրույթների իրագործման նպատակով դրա մասնակից պետությունները կարող են միմյանց հետ կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Պայմանագիրը չի շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Պայմանագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ նոր հնգամյա ժամանակաշրջանով, եթե դրա մասնակից պետություններն այլ որոշում չեն ընդունում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Պայմանագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերի կարգավորման անհնարինության դեպքում Կողմերը դիմում են արբիտրաժային մարմիններին կամ այլ միջազգային դատական ատյաններ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Յուրաքանչյուր Կողմը կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղղելով ավանդապահին և կատարելով Պայմանագրի գործողության ընթացքում առաջացած իր պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Պայմանագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` բոլոր Կողմերի համաձայնությամբ` միացման մասին փաստաթուղթը ավանդապահին հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած այդ միացման համաձայնության մասին վերջին հաղորդագրությունը ավանդապահի կողմից ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Կողմերի համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

Այդպիսի ընթացակարգերի անհրաժեշտության մասին Կողմերը ծանուցում են ավանդապահին` սույն Պայմանագրի ստորագրման օրվանից երեք ամսվա ընթացքում:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Պայմանագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի դեկտեմբերի 19-ից:

 

 

pin
25.11.1998
Միջազգային պայմանագիր