Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

նպաստելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տնտեսական ինտեգրացման խորացմանը,

ղեկավարվելով միջազգային առևտրում համընդհանուր ընդունված նորմերով և կանոններով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

անուղղակի հարկեր` ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) և ակցիզ (ակցիզային հարկ կամ ակցիզային տուրք),

զրոյական դրույքաչափ` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկումը զրո տոկոս դրույքաչափով, ինչը հարկատուի համար նշանակում է այդ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով արդեն իսկ վճարված ավելացված արժեքի հարկի գումարի հաշվանցման կամ բյուջեից փոխհատուցման իրավունք,

հարկից ազատում` ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) վաճառելիս հարկումից ազատում: Ընդ որում, վերջին վաճառողը արդեն իսկ վճարված ավելացված արժեքի հարկի գումարի հաշվանցման կամ փոխհատուցման իրավունք չի ստանում,

ապրանք` ցանկացած շարժական և անշարժ գույք, էներգիայի բոլոր տեսակներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ, բացառությամբ ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումների համար օգտագործվող ցանկացած տրանսպորտային միջոցի, ներառյալ բեռնարկղերը և այլ տրանսպորտային սարքավորումները,

արտահանում` Կողմերի մաքսային տարածքներից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դուրս բերում առանց հետադարձ ներկրման պարտավորության,

ներմուծում` Կողմերի մաքսային տարածքներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներկրում առանց հետադարձ դուրս բերման պարտավորության,

կեղծ արտահանում` մի Կողմի մաքսային տարածքից որպես արտահանվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կեղծ փաստաթղթային ձևակերպում, որի դեպքում տեղի չի ունենում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փաստացի արտահանում այդ Կողմի մաքսային տարածքից դուրս,

ապրանքի նշանակման երկիր` պետություն, որի մաքսային տարածք ներմուծվել են ապրանքները,

նշանակման վայրի սկզբունք` ներմուծվող (կամ ներմուծված) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) նկատմամբ մի Կողմի մաքսային տարածքից արտահանելիս զրոյական դրույքաչափի կիրառում (ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկումից ազատում) և, ազգային օրենսդրությանը համապատասխան, գործող դրույքաչափով հարկում մյուս Կողմի կողմից,

իրավասու մարմիններ` Կողմերի օրենսդրությամբ սահմանված պետական կառավարման մարմիններ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Կողմերից ոչ մեկը անուղղակի հարկերով չի հարկում մյուս Կողմի տարածք արտահանվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները):

Սույն կանոնը նշանակում է ԱԱՀ հարկում զրոյական դրույքաչափով, ինչպես նաև արտահանվող ապրանքների ազատում ակցիզից: Համաձայնագրի մասնակից այն պետություններում, որտեղ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ԱԱՀ հարկում զրոյական դրույքաչափով, կիրառվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատում ԱԱՀ-ից:

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի, իր օրենսդրությանը համապատասխան, կարգավորել արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Մի Կողմի մաքսային տարածք ներմուծված ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), որոնք արտահանվել են մյուս Կողմի մաքսային տարածքից, անուղղակի հարկերով հարկվում են ներմուծող պետությունում` նրա ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման դեպքում անուղղակի հարկերի գանձման ամբողջականության ապահովման նպատակով, ինչպես նաև կեղծ արտահանումից խուսափելու համար Կողմերի հարկային և մաքսային մարմինները գործողության մեջ կդնեն Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմ, որը շարադրված է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող անուղղակի հարկերի գանձման (դրանք ըստ նշանակման երկրի սկզբունքի գանձելուն անցնելիս) և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) փաստացի տեղափոխման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին կանոնակարգում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից և ուժի մեջ է մտնում ավանդապահին երրորդ վավերագիրը հանձնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ավելի ուշ վավերացրած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի, յուրաքանչյուր անգամ` հետագա 5 տարվա համար, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար` բոլոր Կողմերի համաձայնությամբ, միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած այդպիսի միանալուն համաձայնելու մասին վերջին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Բոլոր Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել արձանագրություններով ձևակերպված փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 11 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը շահագրգիռ Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Բանակցությունների միջոցով վիճելի հարցերի կարգավորման անհնարինության դեպքում Կողմերը միմյանց համաձայնությամբ դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական դատարան կամ այլ իրավասու միջազգային դատարաններ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին` մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:

 

Հավելված

Անկախ Պետությունների

Համագործակցության մասնակից

պետությունների միջև ապրանքների

(աշխատանքների, ծառայությունների)

ներմուծման և արտահանման ժամանակ

անուղղակի հարկերի գանձման

սկզբունքների մասին 1998 թվականի

նոյեմբերի 25-ի` Համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ (ԴՐԱՆՔ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՐԿՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԳԱՆՁԵԼՈՒՆ ԱՆՑՆԵԼԻՍ) ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՓԱՍՏԱՑԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն Կանոնակարգը մշակված է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրագործման նպատակով և ուղղված է Համաձայնագրի մասնակից պետությունների բյուջեներ նշանակման երկրի սկզբունքով անուղղակի հարկերի ամբողջական և ժամանակին վճարման ապահովմանը:

Այն ապրանքների նկատմամբ, որոնք պետք է ներկրվեն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ մաքսային ձևակերպման և վերահսկողության պայմանով, անուղղակի հարկերը գանձում են այն երկրի մաքսային մարմինները, որի մաքսային տարածք իրականացվում է ապրանքների ներկրումը (այսուհետ` նշանակման երկիր)` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են ներկրվել Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ առանց մաքսային ձևակերպման և հսկողության, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների նկատմամբ անուղղակի հարկերը գանձում են նշանակման երկրի հարկային մարմինները:

 

2. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

1. Անուղղակի հարկերի գանձումը մաքսային մարմինների կողմից

Համաձայնագրի մասնակից պետությունների միջև մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման առկայության դեպքում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման ժամանակ գանձվող անուղղակի հարկերը գանձում են ներմուծող երկրի մաքսային մարմինները` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.1 ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի փետրվարի 15-ի` որոշմամբ հաստատված բեռնամաքսային հայտարարագրերի լրացման կարգի մասին հրահանգի համաձայն` մաքսային ձևակերպման ժամանակ մաքսային մարմինների կողմից օգտագործվում են ՄՀ 1, ՄՀ 2 բեռնամաքսային հայտարարագրերի (այսուհետ` ԲՀՄ) միասնական ձևերը, որոնք լրացված են համաձայն նույն հրահանգի:

1.2 Ապրանքների արտահանման համար բեռնամաքսային հայտարարագրի 4-րդ պատճենը հաստատվում է այն մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարային կնիքով, որտեղ արտահանման մաքսային ռեժիմին համապատասխան կատարվել է մաքսային ձևակերպումը (այսուհետ` ստուգիչ օրինակ), տեղափոխվում է ապրանքի հետ (բացառությամբ այն ապրանքների, որոնք Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով, կամ այն ապրանքների, որոնք տեղափոխվում են պարբերաբար` հայտարարագրման սխեմայի կիրառմամբ) և ներկայացվում է նշանակման երկրում ապրանքների մաքսային ձևակերպում կատարելիս:

1.3 Ապրանքի տեղափոխման ժամանակ, բացառությամբ խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխելիս, ստուգիչ օրինակի վրա արվում են առաքող, նշանակման և տարանցման երկրների մաքսային մարմինների նշումները: Նշված բացառությունը տարածվում է նաև պարբերաբար հայտարարագրման կիրառման դեպքում:

1.4 Նշանակման երկրում ապրանքների մաքսային ձևակերպումն ավարտելուց հետո արտահանման հայտարարագրերի վրա դրվում է ստուգիչ օրինակի տեղեկատու համարը. ստուգիչ օրինակի վրա մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշում է արվում արտահանման ԲՄՀ համարի և ամսաթվի գրանցմամբ և հաստատվում է անձնական համարային կնիքով` սահմանված մաքսային ռեժիմին համապատասխան: Մի քանի արտահանման հայտարարագրերի ձևակերպման դեպքում դրանց համարները ևս մտցվում են ստուգիչ օրինակի մեջ:

1.5 Նշանակման երկրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարային կնիքով հաստատված արտահանման հայտարարագրերի պատճենները և ստուգիչ օրինակը փոխանցվում են հայտարարագրողին:

1.6 Վերը նշված փաստաթղթերը հանդիսանում են ապրանքների փաստացի արտահանման/ներմուծման հաստատում և կարող են հիմք հանդիսանալ արտահանման երկրում անուղղակի հարկերից հատուցման (ազատման) համար:

 

2. Անուղղակի հարկերի գանձումը հարկային մարմինների կողմից

 

Համաձայնագրի մասնակից պետությունների միջև մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման բացակայության, ինչպես նաև աշխատանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման դեպքում անուղղակի հարկերը գանձում են ներմուծող երկրի հարկային մարմինները` հետևյալ կարգով:

2.1 Ապրանք (աշխատանքներ, ծառայություններ) արտահանողը սահմանված ձևով (հավելված) իր գրանցման վայրի հարկային մարմնում ձևակերպում է հարկային հավաստագիր 6 օրինակից: 1-ին օրինակը մնում է արտահանող երկրի հարկային մարմնի մոտ: Մնացած 5 օրինակները փոխանցվում են ներմուծողին` նշանակման երկրի հարկային մարմին ներկայացվելու համար:

2.2 Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման կոնտրակտին (պայմանագրին) համապատասխան ներմուծող-հարկատուն հարկային մարմին է ներկայացնում հարկային հավաստագիր: Հարկային մարմինը պարտավոր է հարկային հավաստագրի մեջ նշում կատարել ներմուծողի կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ընդունման մասին և իր մոտ թողնել փաստաթղթի 2-րդ օրինակը:

2.3 Ներմուծողը իր մոտ է թողնում հարկային հավաստագրի 3-րդ օրինակը, իսկ հարկային հավաստագրի 4-րդ, 5-րդ, 6-րդ օրինակները ներմուծող երկրի հարկային մարմնի նշումով փոխանցում է արտահանողին: Արտահանողն իր մոտ է թողնում հարկային հավաստագրի 4-րդ օրինակը, որը նշված է արտահանող երկրի և ներմուծող երկրի հարկային մարմինների կողմից, իսկ այդ փաստաթղթի 5-րդ և 6-րդ օրինակները փոխանցում է իր գրանցման վայրի հարկային մարմնին:

2.4 Արտահանող երկրի հարկային մարմինն իր մոտ է թողնում փաստաթղթի 5-րդ օրինակը և 6-րդ օրինակն ուղարկում է ազգային վիճակագրական մարմնին:

2.5 Գրանցման վայրի հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պայմանում հարկման նպատակների համար են համարվում հետևյալ ցանկով սահմանվող արտահանվող աշխատանքներն ու ծառայությունները`

ա) Համաձայնագրի մասնակից պետության տարածքի սահմաններից արտահանվող բեռների փոխադրման և սպասարկման ծառայությունները, ներառյալ էքսպեդիտավորման, բեռնման, բեռնաթափման և վերաբեռնման ծառայությունները (բացի խողովակաշարային տրանսպորտից),

բ) Համաձայնագրի մասնակից պետության տարածքի սահմաններից արտահանվող նավթի, նավթամթերքի և գազի խողովակաշարային տրանսպորտով փոխադրման ծառայությունները,

գ) Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներով օտարերկրյա տարանցիկ բեռների փոխադրման և սպասարկման ծառայություններ` ներառյալ էքսպեդիտավորման, բեռնման, բեռնաթափման և վերաբեռնման ծառայությունները,

դ) Համաձայնագրի մասնակից պետության տարածքի սահմաններից դուրս ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունները,

ե) Համաձայնագրի մասնակից պետությունների սահմաններից մասնակիորեն դուրս հայտնված միջազգային կապի (փոստային, հեռախոսային, հեռագրային, տիեզերական և այլն) ծառայությունները: Ընդ որում, դրանք ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա չեն միայն Համաձայնագրի մասնակից պետության տարածքի սահմաններից դուրս դրանց իրացման շրջանառության մասով,

զ) Համաձայնագրի մասնակից պետության տարածք պատվիրատուի ներմուծվող հումքի մշակումը` այդ հումքից հետագա վերամշակման արդյունքում պատրաստի արտադրանք ստանալու համար, որը արտահանվում է տվյալ աշխատանքն իրականացնող պետության տարածքից,

է) անմիջապես տիեզերական տարածությունում կատարվող աշխատանքները` այդ աշխատանքների (ծառայությունների) արդյունքները կատարվող աշխատանքներն արտահանող պետության տարածքից դուրս օգտագործելու պայմանով,

ը) օտարերկրյա նավերի սպասարկման ծառայությունները (աշխատանքները),

թ) Համաձայնագրի մասնակից պետությունների օդանավակայանների տարածքում մատուցվող` օտարերկրյա օդանավերի սպասարկման ծառայությունները` ներառյալ օդանավիգացիոն սպասարկումը,

ժ) շինարարական, շինմոնտաժային, վերանորոգման, վերականգնողական աշխատանքները, կանաչապատման աշխատանքները և այլ համանման ծառայությունները,

ժա) շարժական գույքի հետ կապված աշխատանքները (ծառայությունները),

ժբ) մշակույթի, արվեստի, կրթության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կամ այլ համանման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքները (ծառայությունները),

ժգ) արտոնագրերը, թույլտվությունները, առևտրային նշանները, հեղինակային իրավունքները կամ այլ համանման իրավունքները ի սեփականություն փոխանցելու կամ վերազիջելու աշխատանքները (ծառայությունները),

ժդ) խորհրդատվական, իրավաբանական, ճարտարագիտական, գովազդային ծառայությունները, ինչպես նաև այլ համանման ծառայությունների մասին տեղեկության մշակման գծով ծառայությունները,

ժե) աշխատակազմի տրամադրման ծառայությունները` այն դեպքում, եթե աշխատակազմը գործում է գնորդի տնտեսական գործունեության վայրում,

ժզ) շարժական գույքը վարձակալության տալու ծառայությունները (բացառությամբ տրանսպորտային ձեռնարկությունների փոխադրամիջոցների),

ժէ) գործակալի ծառայությունները, որը կոնտրակտի հիմնական մասնակցի անունից ներգրավում է անձ (կազմակերպություն, ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ)` գնորդին ծառայություններ մատուցելու համար, եթե այդ ծառայությունների գնորդի գտնվելու վայրը մի պետությունում է, իսկ վաճառողինը` մյուսում:

2.6 Ներմուծողի կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով հարկերի վճարումը կատարվում է Համաձայնագրի մասնակից պետության ազգային օրենսդրության համաձայն:

Աշխատանքների (ծառայությունների) մատակարարման (իրացման) վայր է ճանաչվում`

ա) անշարժ գույքի գտնվելու վայրը, եթե աշխատանքները (ծառայությունները) անմիջականորեն կապված են այդ գույքի հետ: Նման աշխատանքների թվին են դասվում շինարարական, շինմոնտաժային, վերանորոգման, վերականգնողական աշխատանքները, կանաչապատման աշխատանքները և համանման ծառայությունները,

բ) աշխատանքների (ծառայությունների) փաստացի իրականացման վայրը, եթե դրանք կապված են շարժական գույքի հետ,

գ) ծառայությունների փաստացի իրականացման վայրը, եթե դրանք մատուցվում են մշակույթի, արվեստի, կրթության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կամ գործունեության այլ համանման ոլորտում,

դ) ծառայությունների գնորդի տնտեսական գործունեության վայրը, եթե այդ ծառայությունների գնորդի գտնվելու վայրը մի պետությունում է, իսկ վաճառողինը` մյուսում:

«Դ» ենթակետի դրույթները կիրառվում են հետևյալ աշխատանքների և ծառայությունների նկատմամբ`

ապրանքները, թույլտվությունները, առևտրային նշանները, հեղինակային իրավունքները կամ այլ համանման իրավունքները ի սեփականություն փոխանցում կամ վերազիջում,

խորհրդատվական, իրավաբանական, ճարտարագիտական, գովազդային, ինչպես նաև այլ համանման ծառայությունների մասին տեղեկության մշակման ծառայությունները (սույն հրահանգի կիրառման նպատակների համար ճարտարագիտական ծառայությունների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ օբյեկտների արտադրանքի արտադրության և իրացման գործընթացի նախապատրաստման ճարտարագիտական-խորհրդատվական ծառայությունները, մինչնախագծային և նախագծային ծառայությունները, տեխնիկատնտեսական հիմնավորումների, բիզնես-պլանների պատրաստումը, նախագծակոնստրուկտորական մշակումները և համանման ծառայությունները),

տեղեկությունների մշակման ծառայությունների թվին են դասվում տեղեկության զանգվածների հավաքում և ընդհանրացում իրականացնելու, համակարգելու և տեղեկությունների մշակման արդյունքները օգտագործողի տնօրինմանը տրամադրելու գծով ծառայությունները,

աշխատակազմի տրամադրումը` այն դեպքում, եթե աշխատակազմը գործում է գնորդի տնտեսական գործունեության վայրում,

շարժական գույքը վարձակալության տալը (բացառությամբ տրանսպորտային ձեռնարկությունների փոխադրամիջոցների),

գործակալի ծառայությունները, որը կոնտրակտի հիմնական մասնակցի անունից ներգրավում է անձ (կազմակերպություն, ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ)` «դ» ենթակետով նախատեսված ծառայությունների կատարման համար:

«Ա»-ից «դ» ենթակետերում չնախատեսված աշխատանքների (ծառայությունների) իրացման վայր է հանդիսանում այդ աշխատանքները (ծառայությունները) կատարող կազմակերպության (ձեռնարկության) տնտեսական գործունեության իրականացման վայրը:

Եթե աշխատանքների (ծառայությունների) իրացումը կրում է օժանդակ բնույթ հիմնական աշխատանքների (ծառայությունների) իրացման նկատմամբ, ապա նման օժանդակ իրացման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների (ծառայությունների) իրացման վայրը:

 

3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

3.1 Նշանակման երկրի սկզբունքով անուղղակի հարկերի գանձման դեպքում ապրանքներ արտահանողները անուղղակի հարկերի վճարման արտոնության իրավունք ունեն (ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկում և/կամ ազատում ԱԱՀ և ակցիզների վճարումից):

3.2 Ապրանքների արտահանման հաստատումը:

Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքներ արտահանելիս գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) ապրանքի մատակարարման պայմանագիրը (սահմանված կարգով հաստատված պայմանագրի պատճենը),

բ) արտահանման բեռնամաքսային հայտարարագիրը (արտահանող երկրի սահմանում մաքսային մարմինների նշումի առկայությամբ),

գ) ներմուծող երկրի մաքսային մարմնի կողմից հաստատված` ապրանքի ներմուծման բեռնամաքսային հայտարարագիրը (մաքսային սահմանների առկայության և մաքսային հսկողություն ու մաքսային ձևակերպում կատարելու դեպքում),

դ) Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից համաձայնեցված միասնական ձևով լրացված (հավելված) հարկային հավաստագիրը (այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են ներմուծվել Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ առանց մաքսային ձևակերպման): Հավաստագիրը լրացվում է 6 օրինակից.

1-ին, 5-րդ օր. - արտահանող երկրի մաքսային մարմնի համար,

2-րդ օր. - ներմուծող երկրի մաքսային մարմնի համար,

3-րդ օր. - ներմուծող երկրի տնտեսավարող սուբյեկտի համար,

4-րդ օր. - արտահանող երկրի տնտեսավարող սուբյեկտի համար,

6-րդ օր. - վիճակագրական մարմինների համար,

ե) ապրանքատրանսպորտային բեռնագիր (ապրանքատրանսպորտային բեռնագրի պատճենը այն ապրանքների համար, որոնք կարող են ներմուծվել Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներ առանց մաքսային ձևակերպման),

զ) արտահանվող ապրանքների մատակարարման պայմանագրով հաշվարկների կատարումը հաստատող փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթեր են հանդիսանում`

դրամական ձևով արտահայտված վճարման դեպքում` ապրանքների իրացումից հասույթի փաստացի ստացումը հաստատող բանկային փաստաթղթերը,

ապրանքափոխանակման պայմանագրերով` բեռնամաքսային հայտարարագիրը կամ դրա պատճենը` հաստատված ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի կողմից,

ապրանքների արտահանման դիմաց աշխատանքների կամ ծառայությունների կատարմամբ հաշվարկներ նախատեսող պայմանագրերով` աշխատանքների (ծառայությունների) ընդունման (հանձնման) ակտը:

Վերը նշված փաստաթղթերը հանդիսանում են ապրանքների փաստացի արտահանման/ներմուծման հաստատում և կարող են հիմք ծառայել արտահանման դեպքում անուղղակի հարկերի փոխհատուցման (ազատման) համար:

3.3 Աշխատանքների և ծառայությունների արտահանման հաստատումը:

Տնտեսավարող սուբյեկտների կողմից աշխատանքների և ծառայությունների արտահանման դեպքում գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) աշխատանքների և ծառայությունների կատարման պայմանագիրը (պայմանագրի` սահմանված կարգով հաստատված պատճենը),

բ) Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից համաձայնեցված միասնական ձևով լրացված հարկային հավաստագիրը (հավելված): Ներկայացվում է մաքսային սահմանների և մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպման բացակայության դեպքում: Հավաստագիրը լրացվում է 6 օրինակից.

1-ին, 5-րդ օր. - արտահանող երկրի հարկային մարմնի համար,

2-րդ օր. - ներմուծող երկրի հարկային մարմնի համար,

3-րդ օր. - ներմուծող երկրի տնտեսավարող սուբյեկտի համար,

4-րդ օր. - արտահանող երկրի տնտեսավարող սուբյեկտի համար,

6-րդ օր. - վիճակագրական մարմինների համար,

գ) բանկի քաղվածքը, որը հաստատում է կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց հասույթի փաստացի ստացումը բանկում` հարկային մարմիններում գրանցված հարկատուի հաշվին,

դ) ապրանքների փաստացի արտահանումը հաստատող փաստաթղթերը` այն դեպքում, երբ աշխատանքների (ծառայությունների) կատարումը կապված է ապրանքների արտահանման հետ,

ե) տիեզերական տարածքում աշխատանքների արդյունքների օգտագործման փաստը հաստատող ակտերը, տեղեկանքները և այլ փաստաթղթերը (2.6 կետի «ը» ենթակետով նախատեսված աշխատանքների և ծառայությունների համար):

3.4 Հարկային հավաստագրի լրացման տարադրամ է համարվում պայմանագրային տարադրամը և ԱՓՏ-ն` հարկային հավաստագրի լրացման օրվա դրությամբ գնորդի կենտրոնական (ազգային) բանկի կողմից սահմանված պաշտոնական կուրսով (ազատ փոխարկելի տարադրամի նկատմամբ պայմանագրի տարադրամի կուրսի հարաբերակցությունը):

 

4. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4.1 Փոխադարձ առևտրում ապրանքների տեղափոխման ժամանակ հսկողությունն ուժեղացնելու նպատակով մաքսային մարմինները վարում են արտահանման հայտարարագրերի գրանցամատյաններ (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանների ձևը և բովանդակությունը սահմանվում է Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համաձայնեցմամբ: Մաքսային ծառայությունները յուրաքանչյուր ամիս կատարում են գրանցամատյանների ձևերի փոխանակում:

4.2 Հարկային մարմինների հարցումներով արտահանող երկրների մաքսային մարմինները ստացված գրանցամատյանների հիման վրա հաստատում են ապրանքների մաքսային ձևակերպման փաստը ներմուծող երկրում: Անհրաժեշտության դեպքում ուղարկող երկրների մաքսային մարմինները հարցում են կատարում նաև ապրանքների նշանակման երկրի մաքսային մարմիններին, ներկայացնում են առավել ամբողջական տեղեկություն արտահանման և ներմուծման գործարքների մասին:

4.3 Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային ծառայությունները փոխանակում են ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային մարմինների կողմից օգտագործվող կնիքների նմուշները:

4.4 Համաձայնագրի մասնակից պետությունների հարցումներով հարկային մարմինները ներկայացնում են տնտեսավարող սուբյեկտներին տրված դասակարգման համարների գրանցամատյան և տեղեկություն հարկերի վճարման մասին, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին անհրաժեշտ ցանկացած տեղեկություն:

 

5. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

 

Վերաարտահանումից և կեղծ արտահանումից խուսափելու նպատակով Համաձայնագրի մասնակից պետությունների իրավասու մարմինները Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնեցնում և գործողության մեջ են դնում արտահանվող ապրանքի` ըստ պետության և ըստ նշանակման վայրի համապատասխանության նշանային համակարգը:

 

* Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել «Նման դեպքերում սույն Համաձայնագրի մյուս Կողմերը այդ պետությունների նկատմամբ նույնպես կարող են կիրառել ԱԱՀ-ից ազատելու սկզբունքը` անկախ ազգային օրենսդրության դրույթներից»:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 1-ից:

 

 

pin
25.11.1998
Միջազգային պայմանագիր