Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),

ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարման համար Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների և մասնագետների մասնակցությունն ապահովելու նպատակով,

գործելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գիտատեխնոլոգիական ընդհանուր տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի Համաձայնագրին համապատասխան,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

«ազգային գիտատեխնիկական ծրագիր» (այսուհետ` Ծրագիր)` գիտատեխնիկական ծրագիր կամ այլ ծրագրի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ինքնուրույն բաժիններ, որն իրականացվում է գիտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և ձեռնարկությունների կողմից` անկախ սեփականության ձևից, պետական կարիքների համար, համապատասխան Կողմի պետական բյուջեի միջոցներից ֆինանսական աջակցության դեպքում,

«պետական պատվիրատու»` Կողմի գործադիր իշխանության մարմին (կամ այլ լիազորված կազմակերպություն), որը պատասխանատու է Ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպման և վճարման համար, որոշում է պատվիրատու կազմակերպությունը, իրականացնում է հսկողություն այլ պետությունների կատարող կազմակերպությունների և մասնագետների, պատվիրված գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների պայմանագրային գների մակարդակի, Ծրագրի իրականացման համար առանձնացված միջոցների ծախսման, Ծրագրի աշխատանքների կատարված փուլերի ընդունման և, ընդհանուր առմամբ, աշխատանքների նկատմամբ,

«պատվիրատու կազմակերպություն»` Կողմի գիտական կենտրոն, գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական կամ այլ գիտական կազմակերպություն, ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից, որը հանդիսանում է Ծրագրի աշխատանքների հիմնական կատարողը և որը հանդես է գալիս որպես աշխատանքների իրագործման պատվիրատու կապալի պայմանագրի, համատեղ գործունեության մասին կամ այլ պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա` մյուս Կողմի գիտական և այլ կազմակերպությունների և/կամ մասնագետների հետ,

«իրագործող կազմակերպություն»` Կողմի գիտական կենտրոն, գիտահետազոտական, նախագծակոնստրուկտորական կամ այլ գիտական կազմակերպություն, ձեռնարկություն, որը ներգրավվում է մյուս Կողմի պատվիրատու կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա,

«մասնագետ»` Կողմերից մեկի համապատասխան գիտատեխնիկական կամ այլ բնագավառի գործունեության գիտնական կամ մասնագետ, որը ներգրավված է պատվիրատու կազմակերպության կողմից պայմանագրով պատվիրատու կազմակերպության գտնվելու կամ հիմնական աշխատանքի վայրում Ծրագրի իրագործման աշխատանքի համար,

«գիտական կամ գիտատեխնիկական արդյունք»` գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունք, որն իր մեջ պարունակում է նոր գիտական գիտելիքներ կամ հետազոտության օբյեկտի մասին լուծումներ, որոնք ֆիքսված են յուրաքանչյուր տեղեկատվական կրիչում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է մի կողմից պատվիրատու կազմակերպությունների, մյուս կողմից իրագործող կազմակերպությունների և մասնագետների միջև հարաբերությունները պայմանագրի հիման վրա Ծրագրի իրագործման ուղղությամբ համագործակցություն իրականացնելու ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Պատվիրատու կազմակերպությունն իրավունք ունի`

իր պետության պետական պատվիրատուի հետ համաձայնեցված կնքել պայմանագրեր Կողմերի իրագործող կազմակերպությունների և/կամ մասնագետների հետ` նրանց կողմից գիտատեխնիկական հետազոտություններ և մշակումներ, ինչպես նաև Ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ կատարելու համար` վճարելով նրանց Ծրագրի կատարման համար առանձնացված միջոցներից,

պետական պատվիրատուի հետ համաձայնեցված օգտագործել և տնօրինել այն գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների արդյունքները, որոնք կատարվել են պայմանագրի շրջանակներում, հեղինակային իրավունքի հարցերով ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան,

իրականացնել դրամական միջոցների ուղղակի փոխանցում (պատվիրատու կազմակերպության պետության և/կամ իրականացնող կազմակերպության գտնվելու վայրի պետության տարադրամով) պայմանագրով իր գործակալներին` սույն Համաձայնագրի մասնակից պետություններ, որոնք կատարում են պատվիրած աշխատանքները պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետությունում սահմանված հաշվարկային կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԻՐԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Իրագործող կազմակերպությունը և մասնագետը իրավունք ունեն`

իրենց պետության գործող օրենսդրությանը համապատասխան` կնքել պայմանագրեր և անմիջականորեն ստանալ պատվիրատու կազմակերպությունից վարձատրություն կատարած աշխատանքի համար,

պետական պատվիրատուի հետ համաձայնեցված սեփական կարիքների համար օգտագործել պայմանագրով պատվիրված և իրենց կողմից կատարված գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների արդյունքները, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: Մասնագետները, որոնք հանդիսանում են հետազոտությունների` իրավական պաշտպանության կարիք ունեցող արդյունքների հեղինակներ, Կողմերի օրենսդրությանը համապատասխան, այդ արդյունքների օգտագործման համար ունեն պարգևատրվելու իրավունք,

այլ Կողմերի` պայմանագրով իրենց գործակալից ստանալ ուղղակի փոխանցումով փոխանցված դրամական միջոցները (պատվիրատու կազմակերպության պետության և/կամ իրականացնող կազմակերպության գտնվելու վայրի պետության տարադրամով) իրենց կողմից պայմանագրով կատարված աշխատանքի համար` իրագործող կազմակերպության և/կամ մասնագետի գտնվելու վայրի պետությունում սահմանված հաշվարկային կարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում սահմանվում են հետևյալ պայմանները`

կատարման ենթակա աշխատանքի ծավալը և արժեքը,

այն սկսելու և ավարտելու ժամկետները,

աշխատանքների ֆինանսավորման չափը և կարգը, ինչպես նաև աշխատանքի վարձատրման չափը և պայմանները (պատվիրատու կազմակերպության և իրագործող կազմակերպության գտնվելու վայրի պետության տարադրամով),

պայմանագրի կողմերի փոխադարձ պատասխանատվությունը,

պայմանագրի կողմերի կողմից պայմանագրի կատարման ժամանակ հայտնի դարձած գաղտնի տեղեկատվության օգտագործման կարգը և պայմանները,

մտավոր սեփականության իրավունքի օգտագործման և պահպանման հարցերը,

կողմերի պարտականությունների ապահովման միջոցները և պայմանագրի այլ պայմանները:

2. Պատվիրատու կազմակերպության և մասնագետի միջև պայմանագրում վերջինիս կողմից պատվիրատու կազմակերպությունում աշխատանքը կատարելու դեպքում, անհրաժեշտություն առաջանալիս, լրացուցիչ սահմանվում են վճարովի արձակուրդի տրամադրման տևողությունը և ժամանակը:

3. Պատվիրատու կազմակերպությունը այն կազմակերպության հետ, որտեղ մշտապես աշխատում է մասնագետը, համաձայնեցնում է պատվիրատու կազմակերպությունում գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների կատարմանը մասնագետին ներգրավելու ձևերը, ժամկետները և պայմանները:

4. Անկախ մասնագետի Ծրագրի կատարմանը ներգրավելու ձևից (աշխատանքի կատարում հիմնական աշխատանքի վայրում կամ պատվիրատու կազմակերպությունում), նա պահպանում է իր աշխատանքային հարաբերությունները իր մշտական վայրի գործատուի հետ` մշտական բնակության պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. Մասնագետները, որոնք պայմանագրով աշխատում են պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության տարածքում գտնվող պատվիրատու կազմակերպությունում.

ա) պահպանում են պատվիրատու կազմակերպության ներքին աշխատանքային կարգը, աշխատաժամանակի, հանգստի ժամանակի, աշխատակարգի և աշխատանքի պահպանության հարցերով նրանց նկատմամբ կիրառվում է պատվիրատու կազմակերպության գտնվելու պետության օրենսդրությունը,

բ) ապահովվում են բուժական և կոմունալ-կենցաղային սպասարկմամբ (ներառյալ մասնագետների ընտանիքների անդամները)` պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության քաղաքացիների համար սահմանված պայմաններով,

գ) աջակցություն են ստանում մասնագետների հետ ժամանած նրա ընտանիքի չափահաս անդամներին աշխատանքի տեղավորելու, երեխաներին դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում տեղավորելու գործում,

դ) պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետությունում ազատվում են պետական պարհակներից,

ե) պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության տարածք ներմուծելիս և տարածքից արտահանելիս ազատվում են մաքսային տուրքեր և գանձումներ վճարելուց այն առարկաների համար, որոնք նախատեսված են անձնական օգտագործման համար (ներառյալ մեքենա, տեխնիկա, կահույք, տնային և անձնական գործածության իրեր, կենցաղային սարքավորումներ և այլն) և այն առարկաների համար, որոնք նախատեսված են գիտական նպատակների համար, բացառությամբ դրանց պահպանման և մաքսային ձևակերպման, ինչպես նաև այլ ծառայությունների դիմաց վճարումների,

զ) ազատվում են պատվիրատու կազմակերպության գտնվելու պետությունում, որպես ժամանակավոր բնակվող գրանցումային հաշվառման ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցման դիմաց վճարումներ կատարելուց,

է) վճարում են հարկեր պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով:

2. Պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության տարածքում պատվիրատու կազմակերպությունում պայմանագրով աշխատող մասնագետներն իրավունք ունեն.

ա) ազատ տեղաշարժվելու պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության տարածքով, բացառությամբ այն օբյեկտների և գոտիների, որոնց այցելելու համար պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան նախատեսված է հատուկ ռեժիմ կամ պահանջվում է հատուկ թույլտվություն,

բ) անարգել անցնելու իր քաղաքացիության պետություն` գտնվելու վայրի պետությունում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում,

գ) կատարել սեփական եկամուտների փոխանցում իր մշտական բնակության վայրի պետություն:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերի և 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները տարածվում են մասնագետների ընտանիքների անդամների վրա` պայմանով, որ նրանք չեն հանդիսանում պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության քաղաքացի:

4. Սույն հոդվածով նախատեսված արտոնությունների տրամադրման իրավունք ստանալու համար պետական պատվիրատուն մասնագետին տալիս է Ծրագրի մասնակցության համապատասխան հաստատում:

Արտոնությունները տրամադրվում են մասնագետների կողմից պատվիրատու կազմակերպությունում աշխատանքի հետ կապված իրենց գործառույթների արդյունավետ կատարման համար պայմաններ ապահովելու նպատակով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնություններից օգտվող անձինք պարտավոր են հարգել և պահպանել պատվիրատու կազմակերպության գտնվելու վայրի պետության օրենսդրությունը, ինչպես նաև հենց պատվիրատու կազմակերպությունում սահմանված կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն սահմանափակում Կողմերի իրավունքները` պայմանագրեր կնքելու և իրականացնելու ժամանակ ձեռնարկելու միջոցներ ազգային անվտանգության շահերի պահպանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

3. Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

4. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ իրավասու միջազգային դատական մարմիններ:

5. Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:

6. Յուրաքանչյուր Կողմ կարող դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին, դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ, գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` կարգավորելով Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

7. Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած այլ պետության կողմից միանալու համար` այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 17-ից:

 

 

pin
25.11.1998
Միջազգային պայմանագիր