Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետություններ Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ելնելով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղևորների կյանքի և առողջության պաշտպանության անհրաժեշտությունից,

ընդունելով ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումների ժամանակ ուղևորներին` նրանց առողջությանը հասցված վնասի հատուցման իրավունքը,

ձգտելով ապահովել միանման մոտեցում ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ պատահարների դեպքում ուղևորների կամ նրանց ժառանգների շահերի պաշտպանության հարցում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

միջազգային փոխադրում` ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրում, որն իրականացվում է ավտոբուսներով առնվազն երկու Կողմերի տարածքով` փոխադրման պայմանագրի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ մեկնման և ժամանման կետերը գտնվում են մեկ պետության տարածքում,

ուղևորների կանոնավոր փոխադրում` միջազգային փոխադրում, որն իրականացվում է ավտոբուսի երթևեկության համաձայնեցված չվացուցակով և ուղերթով` մեկնման, ժամանման և կանգառի կետերի նշումով,

ուղևորների անկանոն փոխադրում` միջազգային փոխադրում, որի դեպքում դրա իրականացման պայմանները, յուրաքանչյուր առանձին դեպքում, որոշվում են պատվիրատուի և փոխադրողի համաձայնությամբ,

փոխադրման պայմանագիր` պայմանագիր, որը կնքվում է փոխադրողի և ուղևորի միջև` տրանսպորտային ծառայություն մատուցելու համար,

ավտոբուս` ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոց, որն ունի ոչ պակաս, քան 7 նստատեղ, չհաշված վարորդի տեղը,

փոխադրող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը լիցենզիայի հիման վրա իրականացնում է ուղևորների միջազգային փոխադրում և գրանցված է որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ, իր գտնվելու վայրի պետության օրենսդրության համաձայն,

ուղևոր` ֆիզիկական անձ, որն իր անունից կամ իր կողմից կնքված փոխադրման պայմանագրին համապատասխան, փոխադրվում է փոխադրողի կողմից,

երթևեկության փաստաթուղթ` անհատական կամ խմբակային երթևեկության տոմս, ուղեգիր կամ այլ փաստաթուղթ, որը վկայում է փոխադրողի և ուղևորի միջև փոխադրման պայմանագրի կնքման և միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ պատահարներից ուղևորի ապահովագրության մասին,

կարգավորող կազմակերպություն` ապահովագրողների միություն, որը ստեղծվում է Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով` միջազգային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրության հետ կապված հարցերի լուծման նպատակով,

ապահովագրող` իրավաբանական անձ, որն իրավունք ունի միջազգային փոխադրումների ժամանակ կատարել ուղևորների պարտադիր ապահովագրություն և որը փոխադրողի հետ կնքել է միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքից ուղևորի պարտադիր ապահովագրության պայմանագիր,

ապահովագրվող` փոխադրող, որը ապահովագրողի հետ կնքել է միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքից ուղևորների պարտադիր ապահովագրության պայմանագիր,

ապահովագրական պոլիս` ապահովագրողի կողմից ապահովագրվողին կամ ուղևորին` որպես միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքերից պարտադիր ապահովագրության պայմանագրի կնքման փաստի պաշտոնական հաստատում տրվող փաստաթուղթ,

ապահովագրական դեպք` պատահար (դժբախտ դեպք), որը ուղևորի առողջությանը վնաս է հասցրել կամ նրա մահվան պատճառ է դարձել և որը տեղի է ունեցել մեկնման կետից ավտոբուս նստելու համար ուղևորի կառամատույց կամ նստեցման հարթակ դուրս գալու պահից մինչև ժամանման կետում կառամատույցից կամ նստեցման հարթակից իջնելու պահը` ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում,

ապահովագրական մուծում` վճար, որն ապահովագրվողը մուծում է ապահովագրողին` միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորի պարտադիր ապահովագրության պայմանագրին համապատասխան,

ապահովագրական սակագին` միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորների պարտադիր ապահովագրության ժամանակ Կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանված ապահովագրական վճարի չափ,

ապահովագրական վճար` դրամական գումար, որն ապահովագրողը վճարում է միջազգային փոխադրումների ժամանակ ապահովագրական դեպքից տուժած ուղևորին կամ, նրա մահվան դեպքում, ժառանգներին,

ապահովագրողի պատասխանատվության սահման` Կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությամբ սահմանված դրամական գումարի (ապահովագրության վճարի) առավելագույն չափը, որը ապահովագրողը վճարում է միջազգային փոխադրումների ժամանակ ապահովագրական դեպքից տուժած ուղևորին, կամ էլ նրա ժառանգներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրին համապատասխան, Կողմերն իրենց տարածքներում սահմանում են ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր և անկանոն միջազգային փոխադրումներ կատարելու ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորների պարտադիր ապահովագրում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Չի թույլատրվում կատարել ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ առանց ապահովագրողի և փոխադրողի միջև միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորների պարտադիր ապահովագրության պայմանագիր (այսուհետ` ուղևորների ապահովագրության պայմանագիր) կնքելու:

2. Միջազգային փոխադրումների ժամանակ դժբախտ պատահարներից ուղևորների պարտադիր ապահովագրումը կատարվում է Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով` ապահովագրողի և փոխադրողի միջև համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

3. Կանոնավոր միջազգային փոխադրումներ կատարելիս ուղևորի պարտադիր ապահովագրումը հաստատվում է ուղևորի երթևեկության փաստաթղթով:

ՈՒղևորների անկանոն միջազգային փոխադրումներ կատարելիս ուղևորների ապահովագրումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում ապահովագրական պոլիսը, որը ձևակերպում է ապահովագրողը անհատապես յուրաքանչյուր ուղևորի կամ այդ ուղևորների խմբի համար, ըստ ուղևորների ցուցակի:

Երթևեկության փաստաթղթի սխալ ձևակերպման կամ ապահովագրական պոլիսը կորցնելու դեպքում ուղևորի պարտադիր ապահովագրության պայմանագիրը պահպանում է իր ուժը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Միջազգային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրումն իրականացնում է ապահովագրողը` գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Կողմերից մեկի տարածքում կնքված ուղևորների ապահովագրության պայմանագիրը իսկական է ճանաչվում մյուս Կողմերի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Ապահովագրվողի հետ կնքված ուղևորների ապահովագրության պայմանագրի համաձայն, ապահովագրողը պարտավոր է հատուցել միջազգային փոխադրումների ժամանակ տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին այն վնասը, որը կապված է ուղևորի մահվան, մարմնական վնասվածքների, կամ առողջությանը հասցված ցանկացած այլ վնասի հետ, որը առաջ է եկել այդ փոխադրման ժամանակ տեղի ունեցած ապահովագրական դեպքից:

2. Ապահովագրական դեպք առաջանալիս յուրաքանչյուր Կողմի կարգավորող կազմակերպությունը կամ ապահովագրողը պարտավոր են կատարել ապահովագրական վճարում, անկախ ապահովագրական կազմակերպության գտնվելու վայրից, որի հետ փոխադրողը կնքել է ուղևորների ապահովագրության պայմանագիր` այդ պայմանագիրը կնքած ապահովագրողի կողմից մուծված գումարի հետագա փոխհատուցմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Ապահովագրական մուծումները կատարելու համար փոխադրողը (ապահովագրվողը) սահմանված ապահովագրական սակագներով ապահովագրողին է փոխանցում ապահովագրական մուծումները:

2. Այն ուղևորները, որոնք միջազգային փոխադրման ժամանակ օգտվում են անվճար կամ զեղչով երթևեկության իրավունքից, նույնպես ենթակա են պարտադիր ապահովագրման:

Անվճար կամ զեղչով երթևեկության իրավունքից օգտվող անձանց ապահովագրման հետ կապված ծախսերը հոգալու կարգը սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Միջազգային փոխադրումների ժամանակ ուղևորների առողջությանը վնաս հասցնելու կամ նրանց մահվան յուրաքանչյուր փաստի առթիվ փոխադրողի կողմից կազմվում է ավտոմոբիլային տրանսպորտում ուղևորին պատահած դժբախտ դեպքի մասին արձանագրություն այն Կողմի պետական լեզվով, որտեղ տեղի է ունեցել դեպքը, և/կամ ռուսերեն` միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրման մասին Կանոնակարգով նախատեսված կարգով (այսուհետ` Կանոնակարգ), որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Միջազգային փոխադրման ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորների պարտադիր ապահովագրության դեպքում, ապահովագրողի պատասխանատվության սահմանը, հանձնարարվում է սահմանել ոչ պակաս, քան 2000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:

Ապահովագրողի պատասխանատվության սահմանը սույն կետում նախատեսվածից պակաս սահմանելու դեպքում այն ճանաչվում է անվավեր, սակայն չի հանգեցնում ուղևորի հետ կնքված ապահովագրության պայմանագրի անվավերության ամբողջությամբ:

2. Ապահովագրման վճարը կատարվում է ուղևորի ապահովագրական պայմանագիր կնքած ապահովագրողի սահմանված պատասխանատվության սահմանի շրջանակներում` հաշվի առնելով ուղևորի առողջությանը հասցված վնասի չափը, և Կանոնակարգով նախատեսված կարգով:

3. Ապահովագրական դեպք առաջանալիս ապահովագրական վճարը կատարվում է անկախ ապահովագրական այլ տեսակների գծով վճարումներից, որոնք կատարվում են նույն դեպքի կապակցությամբ:

4. Ապահովագրական վճարի չափը որոշվում է Կանոնակարգով և ուղևորների ապահովագրության պայմանագրի պայմաններին համապատասխան և կատարվում է վճարում կատարող ապահովագրողի գտնվելու վայրի երկրի ազգային տարադրամով` ապահովագրական վճարի կատարման օրվա դրությամբ այդ Կողմի կենտրոնական պետական բանկի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերը, սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան, պարտադիր ապահովագրություն կատարելու հետ կապված հարցերի լուծման նպատակով իրենց պետություններում սահմանում են կարգավորող կազմակերպություններ:

2. Կարգավորող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունը կատարում են ապահովագրական գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները:

3. Կարգավորող կազմակերպությունների և ապահովագրողների միջև փոխադարձ հաշվարկները, ապահովագրական ռեզերվների կազմակերպման և օգտագործման կարգը, տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին ապահովագրական վճարումների կատարման կարգը սահմանվում են Կանոնակարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Ապահովագրական վճարումը կատարվում է սույն Համաձայնագրին և ուղևորների ապահովագրության պայմանագրի պայմաններին համապատասխան` ապահովագրական դեպքի փաստը հաստատելու դեպքում:

2. Ապահովագրական վճարումների չափի վերաբերյալ տարաձայնությունների ծագման դեպքում վեճերը լուծվում են փոխադրողի հետ ուղևորների ապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողի պետության դատարանում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ապահովագրողի գործունեության դադարեցման դեպքում, ապահովագրական վճարումը տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին իրականացվում է ապահովագրողի իրավահաջորդի կամ ապահովագրողի գտնվելու վայրի երկրի կարգավորող կազմակերպության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել ապահովագրական դեպքերի առաջացման ռիսկի կրճատման ուղղությամբ, բարենպաստ պայմաններ ստեղծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար, ինչպես նաև համատեղ միջոցառումներ իրականացնել միջազգային երթուղիներում ճանապարհատրանսպորտային պատահարների պրոֆիլակտիկայի ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերն իրենց պետություններում կապահովեն սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, ներառյալ` համապատասխան ազգային նորմատիվ-իրավական ակտերի նախապատրաստումն ու ընդունումը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն ի կատարումն սույն Համաձայնագրի ընդունված ներքին իրավական ակտերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրը կատարելիս Կողմերը կհամագործակցեն և միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կլուծվեն շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին նման միանալու մասին փաստաթղթերը հանձնելու միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միացմանը Կողմերի համաձայն լինելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց առնվազն 9 ամիս առաջ ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

 

Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Միջազգային ավտոմոբիլային

փոխադրումների ժամանակ

ուղևորների պարտադիր

ապահովագրության մասին

1999 թ. հունվարի 13-ի

Համաձայնագրին կից

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրության մասին Կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ ուղևորների պարտադիր ապահովագրության մասին Համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) համապատասխան և կանոնակարգում է Համաձայնագրի մասնակից պետությունների (այսուհետ` Կողմեր) տարածքներում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ դժբախտ դեպքերից ուղևորների պարտադիր ապահովագրության կազմակերպման համակարգը և կարգը:

2. Կանոնակարգում օգտագործվող տերմինները ունեն նույն նշանակությունը, ինչ որ Համաձայնագրում:

 

2. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄ

 

3. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող փոխադրողը ապահովագրողի հետ գրավոր ձևով կնքում է ուղևորների ապահովագրության պայմանագիր:

Փոխադրողից անհրաժեշտ փաստաթղթեր ստանալով` ապահովագրողը պարտավոր է տասնօրյա ժամկետում նրա հետ կնքել ուղևորների ապահովագրման պայմանագիր:

ՈՒղևորների ապահովագրման պայմանագրում պարտադիր կերպով նշվում են.

ապահովագրական մուծումների չափը,

ապահովագրական մուծումների գծով ապահովագրողների կողմից ապահովագրվողներին վճարումների կարգը,

պայմանագրով կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

ապահովագրողի պատասխանատվության սահմանը,

ապահովագրական վճարի չափը,

ապահովագրական դեպքերը որոշող իրադարձությունների բնույթը,

ապահովագրողին ապահովագրական վճարում իրականացնելու պարտականությունից ազատող հանգամանքները,

պայմանագրի գործողության ժամկետը,

պայմանագրի փոփոխման և դադարեցման կարգը:

4. Ապահովագրական դեպքի առթիվ տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին ապահովագրական վճարումներ կատարելու ապահովագրողի պարտավորությունները ծագում են ուղևորների ապահովագրության պայմանագրի ստորագրման օրվանից:

5. ՈՒղևորների պարտադիր ապահովագրումն իրականացվում է ապահովագրողի կողմից` գործունեության տվյալ տեսակի համար լիցենզիայի հիման վրա: Ապահովագրողին լիցենզիայի հատկացումը կատարվում է ապահովագրական գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից, ազգային նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա` հաշվի առնելով կարգավորող կազմակերպության առաջարկները, որոնք համաձայնեցված են տրանսպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

6. ՈՒղևորների ապահովագրության պայմանագրի գործողության վաղակետ դադարեցումը հնարավոր է հետևյալ դեպքերում.

ա) փոխադրողի կամ ապահովագրողի գործունեության դադարեցման դեպքում,

բ) դատարանի կողմից պայմանագիրը անվավեր համարելու մասին որոշում ընդունելու դեպքում,

գ) ուղևորների ապահովագրման պայմանագրի կողմերից մեկի պահանջով, եթե մյուս կողմը չի կատարում ապահովագրման պայմանագրի պայմանները,

դ) ապահովագրողի պետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով:

7. ՈՒղևորների ապահովագրման պայմանագրի վաղակետ դադարեցումը չի հանգեցնում ապահովագրական դեպքի կապակցությամբ ապահովագրողի կողմից ստանձնած ապահովագրական վճարի կատարման պարտավորությունների դադարման, եթե դեպքը տեղի է ունեցել ուղևորների ապահովագրման պայմանագրի գործողության ժամանակ:

8. ՈՒղևորների ապահովագրման պայմանագիր կնքած ապահովագրողը այլ ապահովագրողի (վերաապահովագրող) հետ կարող է կնքել ուղևորների վերաապահովագրման պայմանագիր:

Վերաապահովագրողի հետ ուղևորների վերաապահովագրման պայմանագիր կնքած ապահովագրողը ապահովագրվողի և ուղևորների հանդեպ մնում է լրիվ ծավալով պատասխանատու, նրանց հետ կնքած ուղևորների ապահովագրման պայմանագրին համապատասխան:

 

3. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. ՈՒղևորների ապահովագրական պայմանագրով ապահովագրողին ապահովագրվողի փոխանցած ապահովագրական մուծումները ձևավորվում են երթևեկության փաստաթղթերի վաճառքից առաջացած միջոցների հաշվին:

Առանձին կատեգորիաների անձանց, այդ թվում նաև երեխաների, որոնք ներքին օրենսդրության համաձայն օգտվում են անվճար կամ զեղչով երթևեկելու իրավունքից, պարտադիր ապահովագրման համար միջոցների կազմավորման և փոխանցման կարգը սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից:

10. ՈՒղևորների պարտադիր ապահովագրման ժամանակ, ապահովագրական մուծման դրույքը սահմանվում է հաշվի առնելով միջազգային փոխադրումների հեռավորությունների հետևյալ աստիճանավորումը` մինչև 200 կմ, 200-ից մինչև 500 կմ և 500 կմ-ից ավել:

11. Ապահովագրվողների կողմից ուղևորների ապահովագրման պայմանագրով մուծումների փոխանցումը կատարվում է առնվազն ամիսը մեկ անգամ:

ՈՒղևորների ապահովագրման պայմանագրում պետք է նախատեսված լինի, որ առաջին ապահովագրական մուծումը հաշվարկվում է` կախված է ապահովագրվողի կողմից վճարմանը նախորդող ամսվա ընթացքում երթևեկության փաստաթղթերի վաճառքից ստացված գումարից, կամ, եթե դա առաջին փոխադրումն է` կախված փոխադրման պլանավորվող ծավալից և դրամական միջոցների սպասվելիք չափից:

12. Ապահովագրվողները պարտադիր կարգով վարում են ապահովագրական պոլիսների, վաճառված երթևեկության փաստաթղթերի և դրանց վաճառքից ստացված միջոցների հաշվառում:

Ապահովագրական մուծումների փոխանցման հետ միաժամանակ ապահովագրվողը գրավոր ձևով տեղեկատվություն է տրամադրում ապահովագրողին հաշվետու ժամանակահատվածում վաճառված երթևեկության փաստաթղթերի, տրված ապահովագրական պոլիսների և փոխադրված ուղևորների քանակի մասին, ինչպես նաև ամբողջական տեղեկատվություն անցած ժամանակահատվածում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի մասին:

 

4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Ապահովագրական դեպքի ժամանակ ապահովագրական վճարը տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, կատարվում է ցանկացած Կողմի տարածքում` ուղևորի մեկնման երկրում կնքված ապահովագրական պայմանագրի պայմաններով:

14. Ապահովագրական վճարը ստանալու համար տուժած ուղևորները կամ նրանց ժառանգները պետք է դիմեն ուղևորների պարտադիր ապահովագրում կատարող ցանկացած ապահովագրողի կամ կանոնակարգող կազմակերպությանը: Այսպիսի ապահովագրողների և կանոնակարգող կազմակերպությունների մասին տեղեկությունը ուղևորներին գրավոր ձևով տրամադրում է փոխադրողը: Այդ տեղեկատվության տրամադրման միջոցը նախատեսվում է ուղևորների ապահովագրման պայմանագրում:

15. Ապահովագրական վճարի չափը սահմանվում է ազգային նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա, կախված է ապահովագրված ուղևորի առողջությանը հասցված վնասի չափից և չի կարող լինել պակաս, քան.

ա) ապահովագրողի սահմանված պատասխանատվության սահմանը` ուղևորի մահվան կամ նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքում (վնաս, որը վտանգավոր է մարդու կյանքի համար, կապված է տեսողության, լսողության, խոսքի, օրգանի կամ դրա ֆունկցիայի կորստի, դեմքի այլանդակվածության և ընդհանուր աշխատունակության զգալի և կայուն` ոչ քիչ, քան 1/3-ի կորստի հետ, կամ մասնագիտական աշխատունակության կորստի հետ),

բ) ապահովագրողի սահմանված պատասխանատվության սահմանի 60%-ը` առողջությանը հասցված միջին ծանրության վնասի դեպքում (վնաս, որը վտանգավոր չէ կյանքի համար, որը ծանր հետևանքներ չի ունեցել, բայց առաջացրել է առողջության երկարատև խաթարում կամ ընդհանուր աշխատունակության զգալի և կայուն` ոչ քիչ, քան 1/3-ի կորուստ),

գ) ապահովագրողի սահմանված պատասխանատվության սահմանի 20%-ը` առողջությանը հասցված թեթև ծանրության վնասի դեպքում (վնաս, որը առաջացրել է առողջության կարճատև խաթարում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կորուստ):

16. Ապահովագրական վճարը կատարում է ապահովագրողը կամ կարգավորող կազմակերպությունը.

գրավոր դիմումի հիման վրա, որին կցվում է երթևեկության փաստաթուղթը կամ ապահովագրական պոլիսը, իսկ երթևեկության փաստաթղթի կորստի դեպքում` փոխադրողի կողմից հաստատված դրա պատճենը կամ երթևեկության տոմսերի վաճառքի ամփոփագրի պատճենը,

ավտոմոբիլային տրանսպորտում ուղևորի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին արձանագրության բնագրի հիման վրա, որը կազմված է փոխադրողի կողմից սույն Կանոնակարգին կցված ձևով, հաստատված է ճանապարհատրանսպորտային պատահարները քննող պետական մարմնի կողմից,

բժշկական հիմնարկության տեղեկանքի հիման վրա, որը հաստատում է ուղևորի առողջությանը հասցված վնասի փաստը և աստիճանը, կամ ուղևորի մահվան վկայականի հիման վրա,

ժառանգության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա (ժառանգների համար` ուղևորի մահվան դեպքում):

17. Ավտոմոբիլային տրանսպորտում ուղևորի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին արձանագրությունը (Հավելված) փոխադրողը (ապահովագրվողը) կազմում է 3 օրինակից` ապահովագրական դեպքի կատարման վայրի պետության ճանապարհային երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից կազմված և հաստատված ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ակտի հիման վրա: Այդ արձանագրության առաջին օրինակը փոխադրողը (ապահովագրվողը) փոխանցում է տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին, իսկ երկրորդ օրինակը ճանապարհատրանսպորտային պատահարի պահից սկսած 10 օրվա ընթացքում ուղարկվում է ապահովագրողին, որը կնքել է ուղևորների ապահովագրման պայմանագիրը:

Փոխադրողը պարտավոր է դժբախտ դեպքի մասին արձանագրությունը ուղարկել տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին` ըստ նրանց պահանջման վայրի:

18. Ապահովագրական վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի Կողմերի փոխադարձ ճանաչման հարցը լուծվում է Կողմերի կարգավորող կազմակերպությունների միջև երկկողմ պայմանագրերի հիման վրա:

19. Ապահովագրական վճարումը տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին կատարում է ապահովագրողը, որը պարտավոր է կատարել ապահովագրական վճարումը կամ կարգավորող կազմակերպությունը սույն Կանոնակարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերի ստացման պահից սկսած 10 բանկային օրվա ընթացքում:

Ապահովագրական վճարման ուշացման դեպքում ապահովագրողը կամ կարգավորող կազմակերպությունը տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին լրացուցիչ վճարում են պահվող միջոցների գումարից տոկոս` պարտավորությունների կատարման օրը պետական վարկային հաստատության սահմանած բանկային տոկոսադրույքով:

20. Ապահովագրողը կամ կարգավորող կազմակերպությունը ազատվում են ապահովագրական վճարում կատարելու պարտականությունից, եթե դատարանի կողմից հաստատվի այնպիսի դիտավորյալ գործողությունների կատարման փաստը, որոնք առաջացրել են ապահովագրական դեպքը կամ նպաստել են դրա առաջացմանը:

21. Ապահովագրական վճարումը մերժելու մասին որոշումը կարգավորող կազմակերպության կամ ապահովագրողի կողմից 10 օրվա ընթացքում հաղորդվում է տուժած ուղևորին կամ նրա ժառանգներին գրավոր` մերժման պատճառների հիմնավորմամբ:

22. Ապահովագրական վճարման հետ կապված վեճերը ենթակա են քննարկման փոխադրողի հետ ուղևորների ապահովագրման պայմանագիր կնքած ապահովագրողի երկրի դատարանում:

23. Ապահովագրողը կամ կարգավորող կազմակերպությունը ունեն ապահովագրական վճարումների հետ կապված իրենց կատարած ծախսերի` ռեգրեսիվ կարգով հատուցման իրավունք:

Նշված ծախսերի հատուցման հայցը ներկայացվում է տեղի ունեցած ապահովագրական դեպքի համար մեղավոր ցանկացած կողմին, այդ թվում նաև ուղևորների ապահովագրման պայմանագիր կնքած փոխադրողին:

 

5. Ապահովագրական ռեզերվների ձևավորումն ու օգտագործումը

 

24. ՈՒղևորների ապահովագրման պայմանագրերով ապահովագրական վճարումների ապահովման և ապահովագրական դեպքերի առաջացման ռիսկի կրճատման նպատակով ապահովագրողները ապահովագրական մուծումների (պարգևատրումների), ներդրումային և այլ գործունեությունից ստացված եկամուտների հաշվին ձևավորում են ապահովագրական ռեզերվ և նախազգուշական միջոցառումների ռեզերվ, իսկ կարգավորող կազմակերպությունը` կենտրոնացված ապահովագրական հիմնադրամ:

Կենտրոնացված ապահովագրական հիմնադրամ մուծումները փոխանցվում են ապահովագրողների կողմից կարգավորող կազմակերպության հետ կնքված պայմանագրերի հիման վրա` առնվազն եռամսյակը մեկ անգամ:

25. Ապահովագրական մուծումների ընդհանուր գումարի բաշխումը կատարվում է ապահովագրողների կողմից ազգային նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա, որոնցում հանձնարարվում է հաշվի առնել հետևյալ տոկոսային հարաբերությունները.

60% (ոչ պակաս)` տուժած ուղևորներին ապահովագրական վճարների ապահովման համար,

25% (ոչ ավել)` նախազգուշական միջոցառումների ռեզերվի համար,

15%` կենտրոնացված ապահովագրական հիմնադրամ:

26. Նախազգուշական միջոցառումների ռեզերվի բոլոր միջոցները ուղղվում են հետևյալ միջոցառումների ֆինանսավորմանը.

միջազգային երթուղիներում ուղևորատար ավտոտրանսպորտի աշխատանքի ոչ վթարային մեթոդների տարածում ու քարոզչություն,

միջազգային հաղորդակցության ավտոբուսների վարորդների մասնագիտական վարպետության բարձրացում,

միջազգային ուղևորատար փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային ձեռնարկությունների և կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի բարելավում,

միջազգային երթուղիներում դիսպետչերատեղեկատվական կապի զարգացում:

27. Կենտրոնացված ապահովագրական հիմնադրամի միջոցներն օգտագործվում են կարգավորող կազմակերպության կողմից հետևյալ նպատակներով.

ապահովագրական վճարումների կատարում տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին,

կարգավորող կազմակերպությունների և Կողմերի ապահովագրողների միջև ապահովագրական վճարումների գծով փոխհաշվարկների ապահովում,

ուղևորների պարտադիր ապահովագրման գործերի վարում:

 

6. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

28. Կարգավորող կազմակերպության և Կողմերից մեկի ապահովագրողների միջև փոխհարաբերությունները, ներառյալ ապահովագրական վճարումների գծով փոխհաշվարկները, կարգավորում են կարգավորող կազմակերպության և ապահովագրողների միջև պայմանագրերով, որոնց կնքումը ապահովագրողների և կարգավորող կազմակերպության համար պարտադիր է:

29. Տուժած ուղևորների նկատմամբ ապահովագրական վճարման մասով ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունները տվյալ ուղևորների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողի փոխարեն մյուս Կողմի ապահովագրողի կամ կարգավորող կազմակերպության կողմից կատարելու դեպքում, վերջիններիս միջև փոխհաշվարկներն իրականացնում են այդ պետությունների կարգավորող կազմակերպությունները, նրանց կողմից կնքված երկկողմ պայմանագրերին համապատասխան:

30. Կարգավորող կազմակերպությունների միջև ապահովագրական վճարներով փոխհաշվարկներն իրականացվում են նրանց կողմից յուրաքանչյուր անցած կիսամյակի համար միմյանց ուղարկվող դեբետ-նոտաների հիման վրա:

Դեբետ-նոտաներում նշվում են յուրաքանչյուր ապահովագրական վճարի գումարները, որոնք կատարվել են ապահովագրողի կամ կարգավորող կազմակերպության կողմից` ուղևորների ապահովագրման պայմանագիր կնքած ապահովագրողի կամ մյուս Կողմի կարգավորող կազմակերպության փոխարեն: Գումարները նշվում են ապահովագրական վճարումների կատարման պահի դրությամբ դոլարային համարժեքով:

Դեբետ-նոտան ուղարկվում է կիսամյակը վերջանալուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

31. Կիսամյակը վերջանալուց հետո` առաջին 20 օրվա ընթացքում կարգավորող կազմակերպությունները պարտավոր են միմյանց ծանուցել ստացված դեբետ-նոտաների վերաբերյալ ունեցած իրենց առարկությունների մասին:

Սույն հոդվածում նշված ժամկետի լրանալուց հետո կարգավորող կազմակերպությունների կողմից առարկությունների բացակայության դեպքում, դեբետ-նոտաները համարվում են նրանց կողմից հաստատված, և դրանցում նշված գումարները հաշվետու կիսամյակի ավարտից հետո 30 օրվա ընթացքում ենթակա են փոխանցման համապատասխան կարգավորող կազմակերպությանը:

Ստացված դեբետ-նոտաների մեջ նշված կարգավորող կազմակերպությունների կողմից չհամաձայնեցված գումարները հանվում են և անցած կիսամյակի համար փոխադարձ հաշվարկների ժամանակ հաշվի չեն առնվում: Այդ գումարների համաձայնեցումից հետո, դրանք կրկին անգամ ներառվում են ընթացիկ կիսամյակի դեբետ-նոտաների մեջ:

32. Կարգավորող կազմակերպության կողմից հաստատված դեբետ-նոտաներում նշված գումարների փոխանցման ուշացման դեպքում, նա լրացուցիչ տուժանք է վճարում` չվճարված գումարի տարեկան 12% հաշվարկով:

33. Փոխհաշվարկների ժամանակ հաշվի են առնվում ուղևորների ապահովագրման պայմանագրի կատարման հետ կապված հետևյալ ծախսերը`

ա) տուժած ուղևորներին կամ նրանց ժառանգներին ապահովագրական վճարների լրիվ գումարը,

բ) գործերի վարման հետ կապված կարգավորող կազմակերպության ծախսերը, բայց ոչ ավել, քան սույն կետի «ա» պարբերությունում նշված գումարի 15%-ը,

գ) տեխնիկական և բժշկական փորձաքննություն անցկացնելու ծախսեր, փաստաթղթերի թարգմանության ծախսեր, փաստաբանական ծախսեր և դատական պահումներ և փաստաթղթերով հաստատված այլ ծախսեր, որոնք առաջանում են փոխհաշվարկների ժամանակ, բայց ոչ ավել, քան սույն կետի «ա» պարբերությունում նշված գումարի 30%-ը,

34. Ապահովագրման վճարումների հետ կապված կարգավորող կազմակերպությունների վեճերը լուծվում են պատասխանողի գտնվելու վայրի պետության դատարանով, եթե կարգավորող կազմակերպությունների միջև պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հավելված

Միջազգային ավտոմոբիլային

փոխադրումների ժամանակ

ուղևորների պարտադիր

ապահովագրության

Կանոնակարգին կից

 

Ձեռնարկության (փոխադրողի)

անկյունային կնիքի տեղը

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N --------

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՈՒՂԵՎՈՐԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

 

Սույն արձանագրությամբ հաստատվում է, որ քաղաքացի (ազգանուն, անուն, հայրանուն, լրիվ)--------------------------------------------------------- անձնագիր, սերիան ----------- համարը ------------- տրված է ---------------

-------------------------------------------------------------------------

բնակության հասցեն -------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

լինելով ավտոտրանսպորտային միջոցի (մակնիշը, պետական գրանցման համարը) ----- ----------------------------------------------------------------- ուղևոր, որը պատկանում է (իրավաբանական անձի լրիվ անվանումը, հասցեն) --------------

-------------------------------------------------------------------------

փոխադրվել է երթևեկության փաստաթղթով (կամ ապահովագրական պոլիսով) սերիա N ------------ երթուղի N ------------------------- որտեղից -------- դժբախտ պատահարի տեղը, ամսաթիվը և ժամանակը ------------------------------

-------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

ՈՒմ կողմից է ցույց տրվել առաջին բժշկական օգնությունը և որտեղ է տուժվածը փոխադրվել հետագա բուժման համար (բուժ. հաստատության անվանումը, տեղակայման հասցեն)-------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

Նշված ավտոտրանսպորտային միջոցով ուղևորի փոխադրումը ապահովագրված է ապահովագրական ընկերությունում (անվանումը, հասցեն) -----------------------

-------------------------------------------------------------------------

«----» --------------- 199 թ. N ------------- պայմանագրին համապատասխան Տրված է ապահովագրական պոլիս ---------------------------------------------

 

Փոխադրողի (ապահովագրողի) Ա.Ա.Հ.

ստորագրությունը

«----»-------------- 199 թ.               --------------------------

 

ստորագրությունը ----------------

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 3-ից:

 

 

pin
13.01.1999
Միջազգային պայմանագիր