Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԽԱՓԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով Արդյունաբերական սեփականության պահպանության միջոցառումների և արդյունաբերական սեփականության պահպանության հարցերով Միջպետական խորհրդի ստեղծման մասին 1993 թվականի մարտի 12-ի` Համաձայնագրի, Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականության անցկացման մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ի` Պայմանագրի, ինչպես նաև Մտավոր սեփականության ոլորտում իրավախախտումների կանխման նպատակով համագործակցության մասին 1998 թվականի մարտի 6-ի Համաձայնագրի վրա,

ընդունելով կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների իրացումից սպառողների ու արտադրողների իրավունքների պաշտպանության իրականացմանն ուղղված համատեղ միջոցառումների կարևոր նշանակությունը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով,

կարևորելով Կողմերի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը,

նպատակ ունենալով համակարգել կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործման, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառման փաստերի կանխմանն ու խափանմանն ուղղված համատեղ գործողությունները`

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են`

ապրանք` առարկա, որը բավարարում է հասարակական որևէ պահանջմունք և արտադրված է փոխանակման համար, այսինքն ունի այլ ապրանքների հետ փոխանակման ընթացքում հաստատված արժեք,

ապրանքանշան` մի ֆիզիկական և իրավաբանական անձանց ապրանքները այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնատիպ ապրանքներից տարբերելու նշան,

աշխարհագրական ցուցանշումներ` նշումներ, որոնք նույնականացնում են ապրանքի ծագումը Կողմերի տարածքներից կամ նրանց տարածաշրջաններից կամ տեղանքներից, որտեղ ապրանքի որակը, վարկանիշը կամ այլ բնութագրեր, նշանակալի չափով հարաբերակցվում են նրա աշխարհագրական ծագման հետ,

կեղծ ապրանքանշան` ապրանքանշանի տիրոջ իրավունքների խախտմամբ երրորդ անձի կողմից օգտագործվող ապրանքանշան կամ ապրանքի ծագման կեղծ նշումներ, ինչպես նաև տվյալներ կամ այնպիսի տարր պարունակող նշան, որը կարող է սպառողին մոլորության մեջ գցել,

պաշտպանության իրավական միջոցներ` կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելուն և խափանելուն ուղղված միջոցառումների համալիր, որը թույլատրված է կիրառման Կողմերի գործող իրավական ռեժիմին համապատասխան,

շահագրգիռ կողմ` ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, որը ներգրավված է ապրանքների արտադրության, պատրաստման, իրացման կամ սպառման մեջ և գտնվում է որպես ապրանքի ծագման վայր կեղծ նշված տեղանքում կամ այդ տեղանքի գտնվելու շրջանում կամ կեղծ նշված երկրում կամ այն երկրում, որտեղ կիրառվում է ապրանքի ծագման մասին կեղծ աշխարհագրական ցուցանշում կամ կեղծ ապրանքանշան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համագործակցում են հետևյալ հարցերում`

կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործման փաստերի բացահայտում ու խափանում,

իրենց մաքսային սահմաններով այլ Կողմերի տարածք կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների թափանցման կանխում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործման կանխմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների համաձայնեցումը Կողմերն իրականացնում են համատեղ գործողությունների և կամավոր ստանձնած պարտավորությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Աշխարհագրական ցուցանշումների առնչությամբ Կողմերը շահագրգիռ կողմերին տրամադրում են պաշտպանության իրավական միջոցներ` նպատակ ունենալով խոչընդոտել`

ա) ապրանքի նշման կամ ներկայացման որևիցե միջոցի օգտագործմանը, որը մատնացույց է անում (կամ ասոցիացիա է առաջացնում) ապրանքի ծագման իրականից տարբեր վայրը և այդպիսով մոլորեցնում է սպառողներին` ապրանքի աշխարհագրական ծագման առումով,

բ) որևէ գործողության իրականացմանը, որը Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 10-bis հոդվածի շրջանակներում կարող է դիտվել որպես անբարեխիղճ մրցակցություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերն իրենց պարտականությունների ուժով, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, կամ շահագրգիռ կողմի հիմնավորված հարցմամբ մերժում են ապրանքանշանի կամ ապրանքանշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը կամ անվավեր են ճանաչում աշխարհագրական ցուցանշումից բաղկացած կամ այն պարունակող ապրանքանշանի կամ ապրանքանշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը, եթե որևէ Կողմի նշված տարածքից չծագող ապրանքների համար ապրանքանշանի մեջ աշխարհագրական ցուցանշման օգտագործումը մոլորեցնում է սպառողներին` այդպիսի ապրանքների ծագման իրական վայրի կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պաշտպանության իրավական միջոցները, սույն Համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան, կիրառվում են նաև այն աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ, որոնք թեև տառացիորեն հավաստի են ապրանքների ծագման տարածքի, տարածաշրջանի կամ տեղանքի առումով, սակայն սպառողներին սխալ պատկերացում են տալիս ապրանքների տարածքային ծագման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պաշտպանության իրավական միջոցներ են տրամադրում այն աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելու նպատակով, որոնք նույնացնում են գինիների կամ թունդ ոգելից խմիչքների տարածքային ծագումը, խմիչքների այն տեսակների համար, որոնք իրականում չեն ծագում աշխարհագրական ցուցանշման մեջ նշված վայրից, այդ թվում նաև այն դեպքերում, երբ այդպիսի աշխարհագրական ցուցանշումներն օգտագործվում են թարգմանությամբ կամ զուգորդվում են իրական ծագման վայրի նշմամբ կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» կամ նման այլ պարզաբանումներով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Գինիների կամ թունդ ոգելից խմիչքների` աշխարհագրական ցուցանշումից բաղկացած կամ այն պարունակող ապրանքանշանի գրանցումը պետք է մերժվի կամ ճանաչվի անվավեր, եթե դա նախատեսված է Կողմի ազգային օրենսդրությամբ, կամ շահագրգիռ կողմի հարցմամբ այն գինիների կամ թունդ ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք չունեն այդ աշխարհագրական ծագումը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Գինիների կամ թունդ ոգելից խմիչքների համար միանման աշխարհագրական ցուցանշումների օգտագործման դեպքում պաշտպանության իրավական միջոցները տրամադրվում են յուրաքանչյուր աշխարհագրական ցուցանշմանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթների պահպանման պայմանով:

Արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու և սպառողների մոլորեցումը կանխելու նպատակով յուրաքանչյուր Կողմ սահմանում է պայմանական նշաններ, որոնցով միանման աշխարհագրական ցուցանշումները կտարբերվեն միմյանցից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Աշխարհագրական ցուցանշումների պաշտպանության իրավական միջոցները դյուրին դարձնելու համար Կողմերը բանակցություններ են վարում աշխարհագրական ցուցանշումների գրանցման և Կողմերի տարածքներում դրանց պահպանության մասին տեղեկացնելու բազմակողմ համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերն ապահովում են իրենց ազգային օրենսդրության մեջ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների պահպանման ընթացակարգերի մասին այնպիսի դրույթների ներառում, որոնք սույն Համաձայնագրում նախանշված իրավունքների ցանկացած խախտման դեմ արդյունավետ միջոցառումներ են նախատեսում` ներառյալ այդպիսի խախտումները կանխելու շտապ միջոցառումներ և հետագա խախտումների դեպքում իրենցից իրավական սանկցիա ներկայացնող միջոցներ: Այդ ընթացակարգերը պետք է ապահովեն օրինական առևտրի պաշտպանությունը չարաշահումներից և խոչընդոտեն դրանում արգելքների ստեղծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Ապրանքանշանների կամ աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների պահպանումն ապահովող ընթացակարգերը պետք է բոլորի համար լինեն հավասար և արդար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների սեփականատերերին հնարավորություն են տալիս դիմել դատական մարմիններին սույն Համաձայնագրով նախատեսված այդպիսի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար` ըստ դրանց խախտման վայրի և Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Դատական մարմիններն իրավունք ունեն Կողմերի ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձից պահանջելու լրիվ չափով հատուցել շահագրգիռ կողմին հասցված վնասները և նրան վճարել կեղծ ապրանքանշաններով ու աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների առևտրից ստացված շահույթի ամբողջ գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Դատական մարմինները, շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա, իրավունք ունեն Կողմի ցանկացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձից պահանջելու հատուցել նրան դատավարության ծախսերը, որոնք կարող են ներառել փաստաբանի հոնորարը, ինչպես նաև ձեռնարկել այդ Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշումի սեփականատիրոջ իրավունքների խախտման դեմ արդյունավետ միջոցներ ստեղծելու համար Կողմերի դատական մարմինները շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա իրավունք ունեն պահանջելու, որ այն ապրանքները, որոնցով հաստատվել է իրավունքների խախտումը, առանց որևէ փոխհատուցման հանվեն ապրանքաշրջանառությունից` որևէ վնաս չպատճառելով ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշման նկատմամբ իրավունքների սեփականատիրոջը, կամ, եթե դա չի հակասում Կողմերի գործող ազգային օրենսդրությանը, ոչնչացվեն:

Նման դեպքեր քննության առնելիս Կողմերն ապահովում են երկու գործոնների համաչափությունը` իրավախախտման փաստը և պաշտպանության իրավական միջոցները մի կողմից, և երրորդ անձանց շահերը` մյուս կողմից: Կեղծ ապրանքանշաններով ապրանքների վերաբերմամբ անօրինական ամրացված ապրանքանշանի պարզ հեռացումը համարվում է անբավարար այդպիսի ապրանքների մուտքը ապրանքաշրջանառություն թույլատրելու համար, բացի բացառիկ դեպքերից, որոնք լրացուցիչ համաձայնեցնում են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Դատական մարմիններն իրավունք ունեն պահանջելու այն շահագրգիռ կողմից, որի դիմումի համաձայն ձեռնարկվել են միջոցները, նրա կողմից ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշումի սեփականատիրոջ իրավունքների պահպանման ապահովման ընթացակարգերի անբարեխիղճ օգտագործման կապակցությամբ, մյուս շահագրգիռ կողմին, որը անօրինական կերպով պարտավորեցվել կամ սահմանափակվել է, տրամադրել բավարար փոխհատուցում նման անբարեխիղճ օգտագործման հետևանքով կրած վնասի համար:

Դատական մարմինները նաև իրավունք ունեն պահանջելու դիմողից հատուցել պատասխանողի ծախսերը, որոնք կարող են ներառել փաստաբանին տրվող պատշաճ հոնորարը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Կողմերի դատական մարմիններն իրավունք ունեն շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա որոշում ընդունել անհետաձգելի գործում ժամանակավոր միջոցառումների մասին`

ա) ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշման սեփականատիրոջ իրավունքի խախտման առաջացումը և, մասնավորապես, ապրանքաշրջանառության մեջ կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների, ներառյալ անմիջականորեն մաքսային հսկողությունից հետո ներմուծվող ապրանքների մուտքը կանխելու ուղղությամբ: Նման գործողությունները չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք որևէ սպառողի կողմից ձեռք են բերվել կամ պատվիրվել են, նախքան նա իմացել է կամ հնարավորություն է ունեցել իմանալու, որ նման ապրանքների առևտուրը եղել է անօրինական,

բ) իրավախախտումների վերաբերյալ համապատասխան ապացույցների պահպանման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Դատական մարմիններն իրավունք ունեն շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա, չլսելով հակառակ կողմին, ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ, մասնավորապես այն դեպքերում, երբ հավանականություն կա, որ յուրաքանչյուր ուշացում անուղղելի վնաս կհասցնի ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշման իրավունքների սեփականատիրոջը, կամ, եթե գոյություն ունի ապացուցվող ռիսկ, որ հանցանշանները կոչնչացվեն:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Դատական մարմիններն իրավունք ունեն պահանջելու հայցվորից ներկայացնել ապացույցներ, որ հայցվորը ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշման իրավունքի սեփականատեր է, և նրա իրավունքը խախտվում է, կամ նման խախտումը անխուսափելի է, և ընդունել որոշում այն մասին, որ հայցվորը տրամադրի պատասխանողի իրավունքների պաշտպանության և չարաշահումների կանխման համար բավարար երաշխիք:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկվելու դեպքում պատասխանողն այդ մասին պետք է անհապաղ տեղեկացվի: Պատասխանողի դիմումի հիման վրա պետք է վերանայվի ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկելու մասին որոշումը, այդ թվում` լսված լինելու իրավունքի մասին որոշումը:

Ժամանակավոր միջոցառումները վերացնելու կամ հայցվորի մեղքով դրանց դադարեցման դեպքում, կամ երբ հետագայում հաստատվում է, որ մտավոր սեփականության իրավունքի խախտում կամ խախտման սպառնալիք չի եղել, դատական մարմիններն իրավունք ունեն պատասխանողի հարցմամբ պահանջել հայցվորից վճարել այդ միջոցառումներով հասցված վնասի համար պատշաճ փոխհատուցում այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որտեղ տարվում է դատական քննությունը:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Կողմերն իրականացնում են ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ապրանքանշանի կամ աշխարհագրական ցուցանշումի նկատմամբ իրավունքի սեփականատիրոջը, որը լուրջ հիմքեր ունի կասկածելու կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների ներմուծում իրականացնելու հնարավորությանը, գրավոր դիմելու իրավասու մարմիններին, վարչական կամ դատական մարմիններին` մաքսային մարմինների կողմից այդ ապրանքները ազատ շրջանառության մեջ բաց թողնելը դադարեցնելու խնդրանքով:

Կողմերը կարող են նախատեսել նաև մաքսային մարմինների կողմից իրենց տարածքներից արտահանելու համար նախատեսված կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների բացթողումը դադարեցնելուն ուղղված համապատասխան ընթացակարգեր:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Կողմերը միջոցներ կձեռնարկեն առևտրային նպատակներով կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների դիտավորյալ օգտագործման դեպքերում ազգային օրենսդրության մեջ քրեական և վարչական պատասխանատվություն սահմանելու ուղղությամբ: Պատժամիջոցները պետք է համաչափ լինեն նման ծանրության հանցագործությունների համար պատիժների այլ տեսակներին, որպեսզի կանխվի իրավունքների խախտումը: Համապատասխան դեպքերում պատժամիջոցները պետք է ներառեն կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների, իրավախախտումներ կատարելիս օգտագործված նյութերի և արտադրության գործիքների վրա արգելանք դնելը, բռնագրավումը և ոչնչացումը:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը`

օպերատիվ տեղեկություն են փոխանակում իրենց իրավասու մարմինների կողմից կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործմամբ ապրանքների արտադրության և իրացման բացահայտված փաստերի, ինչպես նաև նման ապրանքների արտահանման կամ ներմուծման ենթադրվող փորձերի մասին,

համատեղ նախանշում և իրականացնում են սույն հոդվածի նախորդ մասում նշված փաստերի և ապրանքանշանների ու աշխարհագրական ցուցանշումների օգտագործման իրավունքների պահպանման հետ կապված այլ իրավախախտումների պրոֆիլակտիկային, բացահայտմանը, խափանմանն ու կանխմանն ուղղված միջոցառումներ,

պարբերաբար փոխանակում են տեղեկատվություն սույն Համաձայնագրի գործողությանը ենթակա հարցեր կարգավորող իրավական ակտերի մասին, ինչպես նաև համապատասխան մեթոդական և մասնագիտական գրականություն,

պարբերաբար փոխանակում են Կողմերի տարածքում գործածության մեջ դրվող ապրանքանշանների և ապրանքների ծագման աշխարհագրական ցուցանշումների մասին տեղեկություններ,

աջակցում են արդյունաբերական սեփականության պահպանման ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների կատարմանը, անցկացնում են սեմինարներ ու համաժողովներ, համագործակցում են կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված Կողմերի գործողությունների համակարգումը Կողմերը հանձնարարում են Արդյունաբերական սեփականության պահպանման հարցերով միջպետական խորհրդին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրով նախատեսված կարգով:

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

Բանակցությունների միջոցով վիճելի հարցերի կարգավորման անհնարինության դեպքում Կողմերը շահագրգիռ կողմերի գրավոր պայմանավորվածության հիման վրա դիմում են իրավասու միջազգային դատարաններ:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան ծանուցում տալու օրվանից: Այդպիսի ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրման պահից երեք ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնին կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից կամ դադարեցնել դրանում իր մասնակցությունը` այդ մասին գրավոր տեղեկացնելով ավանդապահին, դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 20-ից:

 

 

pin
04.06.1999
Միջազգային պայմանագիր