Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒ ...

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները,

հաշվի առնելով Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի 1999 թվականի ապրիլի 2-ի` «Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կառուցվածքի կատարելագործման և բարեփոխման մասին» որոշումը, որը նախատեսում էր ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

1. Հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն Արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից իրենց գործողությունը դադարեցնում են.

Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի 1993 թվականի մայիսի 14-ի` «Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարության մասին» Որոշումը,

«Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտե ստեղծելու մասին» 1994 թվականի հոկտեմբերի 21-ի` Համաձայնագիրը:

3. Կառավարությունների ղեկավարների Խորհրդին` քննարկել հերթական նիստի ընթացքում Գործադիր կոմիտեի նախագահ` ԱՊՀ Գործադիր քարտուղարի տեղակալների և Համագործակցության Գործադիր կոմիտեի աշխատակազմի աշխատակիցների թվի նվազեցման հարցը` ԱՊՀ Գործադիր կոմիտեի մասին կանոնադրությանը համապատասխան:

4. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն մասնակից պետությունների համար, որոնց օրենսդրությունը ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հունիսի 21-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Արձանագրության հաստատված պատճենը:

 

Հավելված

«Անկախ Պետությունների

Համագործակցության Գործադիր

կոմիտեի կանոնադրության

հաստատման մասին»

2000 թվականի հունիսի 21-ի

Արձանագրությանը կից

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության միակ մշտական գործող գործադիր, վարչական և համակարգող մարմինը:

Կոմիտեն ապահովում է պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի և Համագործակցության այլ մարմինների աշխատանքի կազմակերպումը:

2. Կոմիտեն իր գործունեությունում առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնարար փաստաթղթերով, Համագործակցության շրջանակներում մասնակից պետությունների միջև կնքված պայմանագրերով, պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի ու տնտեսական խորհրդի որոշումներով և սույն Կանոնադրությամբ:

Կոմիտեն հաշվետու է պետությունների ղեկավարների Խորհրդին, Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների Խորհրդին և տնտեսական խորհրդին` նրանց իրավասությունների սահմաններում:

3. Կոմիտեն կազմակերպում է իր աշխատանքը` սերտորեն համագործակցելով Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին կից Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովի հետ (այսուհետ` Հանձնաժողով):

4. Գտնվելու վայրի պետությունները Կոմիտեին, Խորհրդի և Հանձնաժողովի անդամներին տրամադրում են նրանց գործառույթների կատարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները, ապահովում են շինությունների անձեռնմխելիությունը, Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերով նախատեսված անձեռնմխելիությունը և արտոնությունները: Կոմիտեն գտնվելու վայրի պետությունների տարածքներում գտնվելու պայմանների մասին կնքում է համաձայնագիր:

5. Կոմիտեն իրավաբանական անձ է:

 

2. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են.

Համագործակցության մասնակից պետությունների հետ համատեղ Համագործակցության զարգացման հեռանկարների, դրանց իրականացման փուլերի և ԱՊՀ առաջնայնությունների մասին առաջարկությունների մշակում,

Համագործակցության մասնակից պետությունների և մարմինների հետ համատեղ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկությունների, փաստաթղթերի նախագծերի մշակում, իր իրավասություններին համապատասխան` դրանք սահմանված կարգով պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և տնտեսական Խորհրդի քննարկմանը ներկայացնելը,

ԱՊՀ շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության խորացման, ազատ առևտրի գոտու ստեղծման և գործունեության, տնտեսական համագործակցության ավելի բարձր աստիճանի անցնելու համար բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ առաջարկությունների պատրաստում,

Համագործակցության մասնակից պետությունների և մարմինների հետ համատեղ ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական բարեփոխումների ընթացքի ուսումնասիրում և համապատասխան առաջարկությունների պատրաստում,

աջակցություն ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետություններին ԱՊՀ շրջանակներում մասնավոր ձեռնարկատիրության, բազմակողմանի արտադրական կոոպերացիայի զարգացման, տրանսպորտային միջանցքների ձևավորման, ներդրումային համագործակցության հաստատման, գյուղատնտեսական շուկայի զարգացման, վառելիքաէներգետիկ և հումքային ռեսուրսների հանքավայրերի յուրացման նախագծերի իրագործման համար համատեղ մասնակցության, երրորդ պետություններին արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտների շինարարության նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար արտաքին շուկա ձեռնարկությունների համատեղ դուրս գալու, տարանցման, հատկապես` խողովակաշարային, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի տարանցման ազատության հարցերի որոշման գործում,

կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության, մշակույթի հարցերում համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկությունների պատրաստում,

աջակցություն ԱՊՀ մասնակից պետություններին տեխնածին և բնական էկոլոգիական աղետների հետևանքների նվազեցման համար համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման, միգրացիայի և հումանիտար հիմնախնդիրների լուծման հարցերում,

աջակցություն ԱՊՀ մասնակից պետություններին կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման հարցում,

աջակցություն ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետություններին տնտեսական և գիտատեխնիկական ոլորտում համատեղ ուսումնասիրությունների և մշակումների հարցում,

ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության իրավական հարցերի մշակում, այդ թվում` տնտեսական օրենսդրության մերձեցում, տնտեսական համագործակցության և ինտեգրացիայի իրավական հիմքի կատարելագործում, Համագործակցության շահագրգիռ մասնակից պետությունների ընդհանուր տեղեկատվական համակարգերի ձևավորում,

Խորհրդի հետ համատեղ Համագործակցության շրջանակներում մասնակից պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի որոշումների կատարման ընթացքի վերլուծություն ու քննարկում և համապատասխան առաջարկությունների պատրաստում,

աջակցություն Համագործակցության շահագրգիռ մասնակից պետությունների կողմից ժամանակակից տեղեկատվական տարածքի ստեղծմանը,

պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և արտաքին գործերի նախարարների Խորհրդի հանձնարարությամբ` փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների և միությունների, այդ թվում` ԱՊՀ շրջանակներում ձևավորված, աշխատանքային (գործադիր) մարմինների հետ, մասնակցություն միջազգային միջոցառումներին,

արտաքին գործերի նախարարների Խորհրդի հանձնարարությամբ` աջակցություն արդիական միջազգային հարցերով արտաքին քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը` հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրի ազգային շահերը,

պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և արտաքին գործերի նախարարների Խորհրդի հանձնարարություններին համապատասխան` աջակցություն Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում տեղ գտած զինված ընդհարումները խաղաղ միջոցներով կարգավորելու համատեղ անհրաժեշտ միջոցների իրականացմանը, այդ թվում` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ռեսուրսների և մեխանիզմների օգտագործմամբ,

Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների գործունեության համակարգում և վերլուծություն, Խորհրդի և Հանձնաժողովի հետ համատեղ` իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,

զանգվածային լրատվության միջոցներով ԱՊՀ մարմինների գործունեության մասին տեղեկությունների տրամադրում:

7. Կոմիտեի գործառույթները.

Կոմիտեն Համագործակցության մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ`

կազմակերպում է պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի, այլ մարմինների նիստերի օրակարգում Համագործակցության մարմինների և մասնակից պետությունների կողմից ներկայացված նյութերի քննարկումը և դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկությունների պատրաստումը,

ձևավորում է պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի նիստերի օրակարգի նախագծերը,

վերլուծում է որոշումների և պայմանագրերի իրականացման ընթացքը և պարբերաբար տեղեկացնում է դրանց կատարման մասին պետությունների ղեկավարների Խորհրդին, Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, արտաքին գործերի նախարարների Խորհրդին, տնտեսական խորհրդին և Համագործակցության մասնակից պետություններին,

սահմանված կարգով տեղեկացնում է պետությունների ղեկավարների Խորհրդին Համագործակցության զարգացման փուլերին և հեռանկարներին ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների առաջարկությունների համապատասխանության մասին,

մշակում է ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի նախագիծ և իրականացնում է հետագա հսկողություն բյուջեի կատարման նկատմամբ,

Համագործակցության մասնակից պետությունների Կառավարություններին ներկայացնում է եռամսյակային հաշվետվություն հաստատված նախահաշվի հոդվածներով սահմանված բյուջետային միջոցների մուտքի և ծախսի մասին:

Կոմիտեն իր գործառույթների իրականացման համար.

ԱՊՀ մասնակից պետությունների դիտողությունների և առաջարկությունների հիման վրա իրականացնում է սահմանված կարգով քննարկման դրված համաձայնագրերի և որոշումների նախագծերի փորձագիտական իրավական վերամշակում,

համագործակցում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմինների հետ,

կազմակերպում է Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների գործունեությունը, որոնց աշխատանքային ապարատների գործառույթները փոխանցված են Կոմիտեին, աջակցում է փոխգործակցությանը և ցուցաբերում է կազմակերպախորհրդատվական օգնություն Համագործակցության այլ մարմիններին,

պատրաստում է վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի կողմից հարցերի քննարկման համար,

սահմանված կարգով Համագործակցության մասնակից պետություններին է ուղարկում պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի առաջիկա նիստերի նախնական օրակարգը և քննարկման ներկայացված փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև Համագործակցության մարմինների և մասնակից պետությունների կողմից ստացված առաջարկությունները` օրակարգ լրացուցիչ հարցեր մտցնելու մասին,

ապահովում է Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի ժամանակին տրամադրումը Համագործակցության մասնակից պետություններին,

պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի հանձնարարությամբ Համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական հիմնարկների եզրակացությանն է ուղարկում հատուկ փորձաքննություն պահանջող փաստաթղթերի նախագծերը,

ԱՊՀ շրջանակներում համագործակցության հարցերի մասին ձևավորում է տվյալների տեղեկատվական-վերլուծական շտեմարաններ,

կազմակերպում է պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերի հաշվառումը և վարում է ընթացիկ արխիվ,

իրականացնում է Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի ավանդապահի գործառույթներ,

եթե պետությունների ղեկավարների Խորհրդի (Կառավարությունների ղեկավարների Խորհրդի) նիստերի միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է ընդունել անհետաձգելի որոշումներ, պետությունների ղեկավարների Խորհրդի (Կառավարությունների ղեկավարների Խորհրդի) հանձնարարությամբ կազմակերպում է քվեարկություն` յուրաքանչյուր պետության ղեկավարի (Կառավարության ղեկավարի) ստորագրության բնագրի օգտագործմամբ,

կազմում է պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի, տնտեսական խորհրդի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Համագործակցության այլ մարմինների նիստերի արձանագրությունները,

լույս է ընծայում Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի տեղեկագրեր, Համագործակցության տեղեկագիր և այլ տեղեկատվական հրատարակություններ,

իրականացնում է Կոմիտեի վրա դրված ֆինանսատնտեսական գործունեության կատարմանն ուղղված գործառույթներ:

 

3. ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

 

8. Կոմիտեն բաղկացած է գործադիր կոմիտեի նախագահից` ԱՊՀ գործադիր քարտուղարից (այսուհետ` Կոմիտեի նախագահ), նրա տեղակալներից, վարչություններից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից:

Կոմիտեի նախագահը Համագործակցության հիմնական վարչական անձն է, որը նշանակվում է 3 տարով, ԱՊՀ մասնակից պետությունների առաջարկությամբ, Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից` միաձայնությամբ ընդունված որոշմամբ: Կոմիտեի նախագահին պաշտոնից վաղաժամ ազատելու դեպքում որոշումն ընդունվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Կոմիտեի նախագահն ունի առնվազն չորս տեղակալ, որոնցից երկուսը` առաջին տեղակալներ, որոնք պաշտոնի են նշանակվում ռոտացիոն հիմքերով, 3 տարի ժամկետով և ազատվում են պաշտոնից Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից` Համագործակցության մասնակից պետությունների առաջարկությամբ` ըստ Կոմիտեի նախագահի ներկայացման: Կոմիտեի նախագահի տեղակալները չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ:

Կոմիտեի նախագահը.

ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և պատասխանատվություն է կրում Կոմիտեի վրա դրված խնդիրների իրականացման համար,

կազմակերպում է ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և տնտեսական խորհրդի նիստերի նախապատրաստումը և անցկացումը,

համակարգում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների աշխատանքը ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության խորացման, ազատ առևտրի գոտու փուլային ձևավորման և գործունեության, Համագործակցությունում ինտեգրացման գործընթացների զարգացման հարցերով,

խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցում է տնտեսական խորհրդի աշխատանքներին,

ներկայացնում է փաստաթղթերի նախագծեր պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և տնտեսական խորհրդի քննարկմանը, ստորագրում է նիստերի արձանագրությունները,

տեղեկացնում է Համագործակցության մասնակից պետություններին, պետությունների ղեկավարների Խորհրդին, Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, արտաքին գործերի նախարարների Խորհրդին, տնտեսական խորհրդին, իսկ անհրաժեշտության դեպքում` ԱՊՀ այլ մարմիններին, Համագործակցության շրջանակներում ընդունված որոշումների և պայմանագրերի կատարման ընթացքի մասին,

իր իրավասությունների սահմաններում ամրապնդում և զարգացնում է միջազգային կազմակերպությունների հետ շփումները նրանց աշխատանքային (գործադիր) մարմինների մակարդակով,

Խորհրդում համաձայնեցնելուց հետո հաստատում է Կոմիտեի կառուցվածքը, ապարատի ընդհանուր թվաքանակի սահմաններում` հաստիքացուցակը և նրա պահպանման ծախսերը, որոնք հաստատվում են Համագործակցության Կառավարության ղեկավարների Խորհրդի կողմից,

սահմանում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները,

աջակցում է Համագործակցության մարմինների միջև փոխգործունեության ապահովմանը,

ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Համագործակցության մարմինների` գալիք տարվա միասնական բյուջեի նախագիծը և նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը` Խորհրդում քննարկվելուց հետո,

անում է իր իրավասությունների մեջ մտնող հարցերով կարգադրություններ,

հանդիսանում է Համագործակցության մարմինների միասնական բյուջեի միջոցների գլխավոր տնօրինողը և հաշվետու է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդին,

Անկախ Պետությունների Համագործակցության զարգացման տեսակետից հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը փոխանցում է Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներին, Կառավարությունների ղեկավարներին, արտաքին գործերի նախարարներին, պետությունների ղեկավարների Խորհրդին, Կառավարությունների ղեկավարների Խորհրդին, արտաքին գործերի նախարարների Խորհրդին, տնտեսական խորհրդին, ինչպես նաև Համագործակցության այլ մարմինների ղեկավարներին, նրանց քննարկմանն է ներկայացնում համապատասխան առաջարկություններ,

իրականացնում է այլ գործառույթներ, որոնք դրվում են նրա վրա ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

9. Կոմիտեում քվոտային են հանդիսանում Կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոնները, ինչպես նաև դեպարտամենտների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոնները, որոնք նշանակվում են Կոմիտեի նախագահի կողմից` Համագործակցության մասնակից պետությունների առաջարկությամբ:

Մնացած աշխատակիցները նշանակվում են Կոմիտեի նախագահի կողմից, որպես կանոն, մրցութային հիմունքներով:

10. Քվոտային պաշտոնի նշանակման համար ներկայացված անձը պետք է.

լինի Համագործակցության` համապատասխան մասնակից պետության քաղաքացի,

որպես կանոն` ունենա ԱՊՀ` համապատասխան մասնակից պետության պետական ապարատի ծառայողի կարգավիճակ,

ունենա մասնագիտական պատրաստվածություն (որակավորում), որը կհամապատասխանի կոնկրետ քվոտային պաշտոնի պահանջներին:

11. Քվոտային պաշտոնում աշխատելու տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 3 տարին:

12. Քվոտային պաշտոնն զբաղեցնելը դադարում է.

երբ ավարտվում է աշխատանքի սահմանված ժամկետը,

մինչև սահմանված ժամկետի ավարտը` Համագործակցության` համապատասխան մասնակից պետության առաջարկությամբ,

աշխատակցի ցանկությամբ,

կապված Կոմիտեի լուծարման, վերակազմավորման, հաստիքների կրճատման հետ,

գտնվելու վայրի պետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

13. Ապարատի աշխատակիցների հետ Կոմիտեն կնքում է աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ):

Աշխատանքային պայմանագրի կնքման, փոփոխման, երկարաձգման և դադարեցման կարգը կարգավորվում է գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ, եթե Համագործակցության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով կամ Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի կամ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից ընդունված որոշումներով այլ բան նախատեսված չէ:

14. Կոմիտեի ապարատի աշխատակիցները (բացի տեխնիկական և սպասարկող անձնակազմից), ըստ Համագործակցության մասնակից պետությունների օրենսդրության, հավասարեցվում են այն պետությունների համապատասխան կատեգորիայի պետական ծառայողներին, որոնց քաղաքացիներ են նրանք հանդիսանում` նրանց վրա տարածելով այն արտոնությունները, որոնցից օգտվում են պետական ծառայողները սոցիալ-կենցաղային, բժշկական սպասարկման և կենսաթոշակային ապահովման հարցերով:

Կոմիտեում նշված անձանց աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես պետական ծառայողի աշխատանքային ստաժ Համագործակցության այն մասնակից պետությունում, որի քաղաքացի են նրանք:

15. Կոմիտեի աշխատակազմի աշխատակիցները (բացի տեխնիկական և սպասարկող անձնակազմից) հավասարեցվում են միջազգային պաշտոնատար անձանց և ծառայողական պարտականությունները կատարելիս անկախ են իրենց պետությունների պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև չեն կարող համատեղել Կոմիտեի աշխատակազմում աշխատանքը այլ աշխատանքի հետ կամ զբաղվել այնպիսի գործունեությամբ, որն անհամատեղելի է իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, բացառությամբ մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեության:

 

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների բյուջետային միջոցների հաշվին` Համագործակցության մարմինների միասնական բյուջեից: Ֆինանսավորման կարգը սահմանվում է Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ:

17. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները միջոցներ են տրամադրում Կոմիտեի պահպանման համար Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով սահմանված կարգով:

18. Կոմիտեի նախագահի ներկայացմամբ Խորհրդի հետ համաձայնեցված ծախսերի նախահաշիվը, նախահաշվի կատարման մասին հաշվետվությունը և Կոմիտեի աշխատակազմի թվաքանակը հաստատվում է Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից:

19. Կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումը իրականացվում է տարին մեկ անգամ` ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության վերստուգիչներից բաղկացած հանձնաժողովի կողմից:

20. Կոմիտեի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

21. Կոմիտեի գտնվելու վայրը Բելառուսի Հանրապետությունն է, Մինսկ քաղաքը:

Կոմիտեն կարող է ունենալ իր կառույցները և ներկայացուցչությունները` Համագործակցության մասնակից պետություններում ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմանը համապատասխան:

22. Կոմիտեն հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարության և տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի իրավահաջորդը:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 20-ից:

 

 

pin
21.06.2000
Միջազգային պայմանագիր