Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱԳԱ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով պետական ինքնիշխանության, իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքներից,

հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա և ցանկանալով զարգացնել միջպետական համագործակցությունը քրեական իրավունքի բնագավառում,

հաշվի առնելով, որ դատապարտյալների պատժի կրումն այն պետությունում, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, նպաստում է պատժի կատարման նպատակին ավելի արդյունավետ հասնելուն, իրավախախտներին հասարակությունում նորմալ կյանքի վերադարձնելուն,

ղեկավարվելով մարդասիրության և մարդու իրավունքները հարգելու սկզբունքներով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Տերմինների սահմանումը

 

1. Սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար ներքոնշված տերմինները նշանակում են.

1) «դատավճռի կայացման պետություն» - այն Պայմանավորվող կողմը, որի դատարանի կողմից անձին ազատազրկման ձևով պատժի դատապարտելու դատավճիռ է կայացվել,

2) «դատավճռի կատարման պետություն» - այն Պայմանավորվող կողմը, որին պատիժը հետագա կրելու համար փոխանցվում է ազատազրկման դատապարտված և իր քաղաքացին հանդիսացող անձը,

3) «դատապարտյալ» - հանցագործություն կատարելու համար Պայմանավորվող կողմերից մեկի դատարանի կողմից ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձը,

4) «մերձավոր ազգականներ» - ազգակցական կապի մեջ գտնվող անձինք` մայր, հայր, ամուսին, կին, երեխաներ, հարազատ եղբայրներ և քույրեր, թոռներ, պապ և տատ, որդեգրողներ, որդեգրվածներ,

5) «օրինական ներկայացուցիչներ» - Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված կարգով այդպիսիք ճանաչվածները,

6) «իրավասու մարմիններ» - Պայմանավորվող կողմերի` դատապարտյալներին փոխանցելու մասին որոշումները կատարող մարմինները,

7) «կենտրոնական մարմիններ» - Պայմանավորվող կողմերի` դատապարտված անձանց փոխանցելու մասին որոշումներ կայացնող մարմինները.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

ՈՒկրաինայի համար` ՈՒկրաինայի արդարադատության նախարարությունը:

2. Սույն Պայմանագրի կատարումն իրականացվում է Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմինների միջոցով:

3. Սույն Պայմանագրի կատարման հարցերով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց հետ շփվում են իրենց կենտրոնական մարմինների փոխանցարարությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Ընդհանուր սկզբունքները

 

1. Պայմանավորվող կողմերը, սույն Պայմանագրի պայմանների համաձայն, պարտավորվում են ըստ հարցման միմյանց փոխանցել դատավճռի կայացման պետության տարածքում կատարած հանցագործությունների համար դատավճռի կայացման պետության ազատազրկման վայրերում պատիժ կրող և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունեցող անձանց` դատավճռի կատարման պետությունում պատժի հետագա կրման համար:

2. Այն Պայմանավորվող կողմը, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը, կարող է դատապարտյալին փոխանցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով դիմել այն Պայմանավորվող կողմին, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռը:

3. Այն Պայմանավորվող կողմը, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռը, կարող է դատապարտյալին փոխանցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով դիմել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը:

 

ՀՈԴՎԱԾ 3

Դատապարտյալի փոխանցման ընթացակարգ սկսելու հիմքը

 

Պայմանավորվող կողմին քաղաքացի հանդիսացող դատապարտյալին փոխանցելու ընթացակարգ սկսելու համար հիմք է ծառայում այդ անձի, նրա մերձավոր ազգականների կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը` ուղղված դատավճռի կայացման պետության կենտրոնական մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 4

Դատապարտյալի փոխանցման մասին դիմումի վերաբերյալ որոշումը

 

1. Փոխանցման համաձայնության կամ մերժման մասին ստացված հարցման վերաբերյալ որոշումն ընդունվում է Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնի կողմից` ոչ ուշ, քան սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է այն անձին, ում վերաբերյալ հարցում է ուղարկվել, և փոխանցման մասին դիմում ներկայացրած անձին, եթե այդպիսին կա:

2. Դատապարտյալի փոխանցումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

 

ՀՈԴՎԱԾ 5

Դատապարտյալի փոխանցման պայմանները

 

1. Դատապարտված անձը սույն Պայմանագրին համաձայն կարող է փոխանցվել հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) եթե այդ անձը հանդիսանում է դատավճռի կատարման պետության քաղաքացի,

2) եթե դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել,

3) եթե փոխանցման մասին հարցումը ստանալու պահին դատապարտյալը պետք է դեռևս 6 ամսից ոչ պակաս տևողությամբ պատիժ կրի,

4) եթե դատապարտյալը համաձայն է փոխանցմանը, կամ, հաշվի առնելով նրա տարիքը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակը, դատապարտված անձի օրինական ներկայացուցիչը դա անհրաժեշտ է համարում,

5) եթե գործողությունը կամ անգործությունը, որի համար դատավճիռ է կայացվել, դատավճռի կատարման պետության օրենսդրության համաձայն հանդիսանում է հանցագործություն,

6) եթե հատուցված է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը,

7) եթե դատավճռի կայացման պետությունը և դատավճռի կատարման պետությունը համաձայն են դատապարտված անձի փոխանցմանը:

2. Դատավճռի կայացման պետության իրավասու մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են դատապարտյալին և նրա օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, բացատրել փոխանցման հնարավորության և դրա իրավական հետևանքների մասին:

3. Բացառիկ դեպքերում Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել դատապարտված անձի փոխանցմանը, եթե նույնիսկ նրա պատժի կրմանը մնացել է 6 ամսից պակաս կամ եթե հանցագործությամբ պատճառված նյութական վնասը ամբողջ ծավալով չի հատուցվել:

 

ՀՈԴՎԱԾ 6

Այն պայմանները, որոնց դեպքում դատապարտյալի փոխանցումը չի կատարվում

 

Դատապարտյալի փոխանցումը չի կատարվում, եթե.

1) չեն պահպանվել սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմանները,

2) պատիժը չի կարող կատարվել այն Պայմանավորվող կողմի կողմից, որի քաղաքացին է հանդիսանում դատապարտյալը, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով,

3) հարցում կատարող Պայմանավորվող կողմը պատշաճ կերպով չի կատարել սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 7

Տեղեկատվություն տրամադրելը

 

Պայմանավորվող կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

1) կենտրոնական մարմինների միջոցով միմյանց գրավոր տեղեկացնել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին ազատազրկման դատապարտելու, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի մասին,

2) դատապարտյալներին, նրանց օրինական ներկայացուցիչներին կամ մերձավոր ազգականներին բացատրել և ապահովել իրական հնարավորություն` դիմելու Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմիններ` այն պետությանը փոխանցելու մասին, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը:

 

ՀՈԴՎԱԾ 8

Դատապարտյալի փոխանցման մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Դատապարտյալի փոխանցման մասին հարցումը կենտրոնական մարմնի կողմից կազմվում է գրավոր, և դատավճռի կայացման պետության իրավասու մարմնի կողմից դրան կցվում են.

1) տեղեկություններ դատապարտյալի անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը),

2) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը,

3) քրեական օրենքի այն հոդվածների տեքստը, որոնց հիման վրա դատապարտվել է անձը,

4) դատապարտյալի կամ սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը` փոխանցմանը համաձայն լինելու մասին,

5) դատավճռի և վերադաս դատական մարմինների` գործով առկա որոշումների, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերի պատճենները,

6) պատժի կրած մասի և պատժի` հետագա կրման ենթակա մասի վերաբերյալ փաստաթուղթը,

7) լրացուցիչ պատժի կատարման մասին փաստաթուղթը, եթե այդպիսին նշանակվել է,

8) բժշկական եզրակացություն դատապարտյալի առողջական վիճակի մասին և տեղեկություններ նրա վարքագծի առանձնահատկությունների մասին,

9) տեղեկություններ նյութական վնասի առկայության և դրա հատուցման մասին,

10) այլ փաստաթղթերի պատճենները կարող են կցվել միայն իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

2. Թվարկված բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն դրա համար լիազորված անձի կողմից և հավաստված պաշտոնական կնիքով:

 

ՀՈԴՎԱԾ 9

Համաձայնության կամավորության երաշխիքը

 

1. Դատավճռի կայացման պետությունը ապահովում է, որ անձը, որը, սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան, համաձայնում է փոխանցմանը, դա անի կամավոր և ամբողջությամբ գիտակցելով նման համաձայնության իրավական հետևանքները:

2. Դատավճռի կայացման պետությունը դատավճռի կատարման պետությանը հնարավորություն է տալիս պաշտոնական անձի միջոցով ստուգել, որ դատապարտյալին փոխանցելու համաձայնությունը ստացվել է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

Դատապարտյալի փոխանցման ընթացակարգը

 

Դատապարտյալի փոխանցման վայրը, ժամանակը և կարգը սահմանվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11

Ծախսերը

 

Դատապարտյալների փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է դատավճռի կատարման պետությունը, բացառությամբ այն ծախսերի, որոնք ծագել են բացառապես դատավճռի կայացման պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 12

Պատժի կատարումը

 

1. Դատավճռի կատարման պետությունը պարտավոր է ապահովել պատժի լրիվ ծավալով կատարումը` ղեկավարվելով իր ազգային օրենսդրությամբ:

2. Դատավճռի կատարման պետությունն իր օրենսդրությանը համապատասխան ապահովում է պատժի կրման շարունակումը` չվատթարացնելով դատապարտյալի դրությունը: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից դատավճռի կատարման հետ կապված հարցերը որոշվում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ:

3. Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է դատավճռի կայացման պետության դատարանի դատավճռի հիման վրա: Դատավճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված դատավճռից, որոշում է կայացնում այն կատարելու մասին:

4. Եթե դատավճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ հանցագործության համար ազատազրկման սահմանային ժամկետն ավելի քիչ է, քան դատավճռով նշանակվածը, ապա դատավճռի կատարման պետության դատարանը սահմանում է այդ պետության օրենսդրությամբ տվյալ հանցանքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:

5. Եթե դատավճիռը վերաբերում է երկու կամ ավելի արարքների, որոնցից մեկը կամ մի քանիսը դատավճռի կատարման պետությունում հանցագործություն չեն հանդիսանում, այդ պետության դատարանը որոշում է, թե պատժի որ մասն է կիրառվում հանցագործություն հանդիսացող արարքի նկատմամբ:

6. Լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է դատավճռի կատարման պետության դատարանի կողմից, եթե կատարված հանցագործության համար այդ պետության օրենսդրությամբ այդպիսի պատիժ նախատեսված է:

 

ՀՈԴՎԱԾ 13

Ներումը և համաներումը

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխանցված դատապարտյալի նկատմամբ ներում կամ համաներում կիրառում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ իր դատարանների կողմից դատապարտված անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

Դատարանների իրավասությունը

 

1. Փոխանցված դատապարտյալի վերաբերյալ դատավճռի հիմնավորվածության մասով այն վերանայելու իրավասություն ունեն միայն դատավճռի կայացման պետության դատարանները:

2. Դատավճռի վերանայման դեպքում դրա կայացման պետությունը դատավճռի կատարման պետությանն անհապաղ ուղարկում է դատարանի այն որոշման հաստատված պատճենը, որով վերացվել կամ փոփոխվել է դատավճիռը:

3. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո դատավճռի կայացման պետությունում դատավճիռը վերացվել է և նոր քննություն կամ դատական քննություն է նախատեսված, ապա այդ մասին որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և դատապարտյալի բացակայությամբ հնարավոր անհրաժեշտ դատավարական գործողությունների անցկացման արդյունքների վերաբերյալ մյուս նյութերը, քրեական գործով բոլոր նյութերը ռուսերեն թարգմանությամբ, ուղարկվում են դատավճռի կատարման պետությանը` այդ պետության օրենսդրությամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

4. Արդարացնող հիմքերով լրացուցիչ քննության արդյունքներով քրեական գործը կարճելու կամ դատարանի կողմից արդարացնող դատավճիռ կայացնելու դեպքում անձին անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկելու հետևանքով պատճառված վնասը հատուցվում է անհիմն դատավճիռ կայացրած պետության կողմից:

5. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո այն կայացնող պետության կողմից դատավճիռը փոփոխվել է, այդ որոշման պատճենը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվում են դատավճռի կատարման պետությանը: Դատավճռի կատարման պետության դատարանը լուծում է այդպիսի որոշման կատարման հարցը սույն Պայմանագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 15

Փոխանցման իրավական հետևանքները

 

1. Պատիժը կրելու համար դատավճռի կատարման պետությանը փոխանցված անձի նկատմամբ առաջանում են դատապարտման նույնպիսի իրավական հետևանքներ, ինչպիսիք առաջանում են նման հանցագործության կատարման համար այդ պետության տարածքում դատապարտված անձանց նկատմամբ:

2. Պատիժը կրելու համար փոխանցված անձը չի կարող նույն հանցանքի համար, որի կապակցությամբ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կրկին քրեական պատասխանատվության ենթարկվել դատավճռի կատարման պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 16

Տարանցիկ փոխադրումը

 

1. Պայմանավորվող կողմերից մեկն իր օրենսդրությանը համապատասխան կարող է բավարարել դատապարտված անձին իր տարածքով տարանցիկ փոխադրման մասին խնդրանքը, եթե մյուս Պայմանավորվող կողմը դիմում է նրան նման խնդրանքով, և եթե դիմած Պայմանավորվող կողմը երրորդ պետության հետ պայմանավորվել է այդ անձին նրա տարածքում կամ նրա տարածքից փոխանցելու մասին: Ընդ որում, ապահովվում են դատապարտյալին պահակախմբի հսկողության տակ պահելու անհրաժեշտ պայմանները:

2. Դատապարտված անձի տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը հոգում է նման փոխադրման խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 17

Ծագող հարցերի լուծումը

 

Սույն Պայմանագրի կիրառման ընթացքում ծագող հարցերը լուծում են Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 18

Լեզուն

 

1. Սույն Պայմանագիրը կատարելիս Պայմանավորվող կողմերն օգտվում են իրենց պետական լեզուներից:

2. Պայմանավորվող կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերին կցվում են վավերացված ռուսերեն թարգմանությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19

Գործողությունը ժամանակի ընթացքում

 

Սույն Պայմանագրի գործողությունը տարածվում է նաև մինչև Պայմանագիրն ուժի մեջ մտնելը Պայմանավորվող կողմերի դատարանների կողմից դատապարտված անձանց վրա:

 

ՀՈԴՎԱԾ 20

Պայմանագրի փոփոխումը

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 21

Առնչությունն այլ միջազգային պայմանագրերին

 

1. Այն դեպքում, եթե երկու Պայմանավորվող կողմերն էլ հանդիսանում են 1983 թվականի մարտի 21-ին ստորագրված դատապարտված անձանց փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի մասնակիցներ, Պայմանավորվող կողմերը կիրառում են սույն Պայմանագրի միայն այն դրույթները, որոնք լրացնում են նշված Եվրոպական կոնվենցիան կամ նպաստում են դրանում շարադրված սկզբունքների կիրառմանը:

2. Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի` միջազգային այլ պայմանագրերից (որոնց մասնակից են նրանք հանդիսանում, կամ կարող են հանդիսանալ) բխող իրավունքները և պարտավորությունները:

3. Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, դրանց կենտրոնական մարմինները խորհրդակցություններ են անցկացնում սույն Պայմանագրի և միջազգային այլ պայմանագրերի հարաբերակցության հարցերով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների ներկայացուցիչների:

 

ՀՈԴՎԱԾ 22

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի միջև վավերագրերի փոխանակման օրվանից երեսուն օր անց:

2. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Սույն Պայմանագրի գործողությունը դադարեցվում է Պայմանագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մի Պայմանավորվող կողմից գրավոր ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու օրվանից վեց ամիս անց:

Կատարված է Կիև քաղաքում 2001 թվականի մարտի 1-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Պայմանագրի տեքստի մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Պայմանավորվող կողմերը կդիմեն ռուսերեն տեքստին:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
21.03.2008
Միջազգային պայմանագիր