Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ             Քաղաքացիական գործ թիվ 3-59 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2843/2007 թ.                         2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

 

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 26.031.400 ՀՀ դրամ, այդ թվում` 17.000.000 ՀՀ դրամ որպես պայմանագրային հիմնական պարտավորության կատարում և 9.031.400 ՀՀ դրամ որպես վնասների փոխհատուցում:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 16.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխանին լրացուցիչ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

31.10.2007 թվականի դատական նիստի ընթացքում Կազմակերպությունը, ներկայացնելով վնասի հատուցման պահանջ, կատարել է հայցապահանջի էական փոփոխություն: Այդ կապակցությամբ Տնտեսական դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև 08.11.2007 թվականը:

Դատարանում Ընկերության շահերի պատշաճ ներկայացում ապահովելու նպատակով 08.11.2007 թվականին Ընկերությունը դիմել է Դատարան` խնդրելով գործի քննությունը նշանակել երկու օր հետո` նիստին իրավաբան-ներկայացուցչի ներկայությունն ապահովելու համար:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը, առանց դիմումի քննարկման արդյունքների մասին Ընկերությանը իրազեկելու, նույն օրը` 08.11.2007 թվականին, ավարտել է գործի քննությունը:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել Ընկերության և Կազմակերպության միջև 17.05.2006 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), ինչի արդյունքում Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 9.031.400 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն` որպես հիմնական պարտավորությունը չկատարելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը սխալ է հաշվարկել գանձվելիք գումարը: Այսպես, Պայմանագրի 3.3 կետով սահմանված է, որ Կազմակերպությունը Պայմանագրով ծառայության համար վճարում է գանձվող գումարից: Այսինքն, անգամ հայցվող ամբողջ 17.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում` Պայմանագրով ծառայությունների մատուցման գումարը կկազմեր ընդամենը 2.888.308 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասով, քանի որ բողոք բերած անձը տեղեկացված է եղել դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, ինչից հետո հետաձգվել է դատական նիստը, նշանակվել է նիստի նոր օր, որին էլ նույնպես Ընկերությունը չի ներկայացել` փոխարենը ներկայացրել է դատական նիստը ևս երկու օրով հետաձգելու միջնորդություն:

 

2.2. Պատասխանին վճռաբեկ բողոքի լրացմամբ բերված փաստարկները.

 

01.01.2008 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` դատական ծախս է համարվում նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում փաստաբանի վարձատրությունը կազմում է հայցվող հիմնական գումարի 53 տոկոսը, ինչը վերոհիշյալ նորմի իմաստով չի կարող խելամիտ համարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Գործի քննությունը նշանակել է 31.10.2007 թվականին:

2) 31.10.2007 թվականի դատական նիստի ժամանակ հայցվորը ներկայացրել է հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում, որի պատճառով գործի քննությունը հետաձգվել է մինչև 08.11.2007 թվականը:

3) 08.11.2007 թվականին Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Տնտեսական դատարան դատական նիստը հետաձգելու և այն 10.11.2007 թվականից հետո նշանակելու մասին:

4) Տնտեսական դատարանը 08.11.2007 թվականին քննել է գործը և հայտարարել վճռի հրապարակման օրը:

5) 08.11.2007 թվականին քաղաքացիական գործը քննվել և վճիռ է կայացվել Ընկերության բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)):

Սակայն, կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի փաստերը տարբեր են վկայակոչված փաստերից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցին:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը:

i

Ի ապահովումն նշված նորմերի իրացվելիության` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերով սահմանված է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, ինչպես նաև ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը (Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսը ընդդեմ Հունաստանի, 09.12.1994) գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը (ներառյալ ապացույցները) այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը (Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N 13972/88, 24.11.1993 թվական):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ: Այս հիմքով դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրեավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)):

Հաշվի առնելով Դատարանի կողմից բողոք բերած անձին ապացույցների ներկայացման և իրավական պաշտպանության կազմակերպման համար ողջամիտ ժամկետի տրամադրման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտությունն առկա էր:

i

Փաստորեն, մերժելով գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը, Դատարանը խախտել է վերջինիս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ անելու, դրանց պատճենները ստանալու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու իրավունքները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

i

Ավելին, սույն քաղաքացիական գործի դատական քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն` հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Փաստորեն, Տնտեսական դատարանը, դատական նիստը 31.10.2007 թվականին հետաձգելով և գործի քննությունը 08.11.2007 թվականին նշանակելով, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի ամբողջ ծավալով իրականացնելու օբյեկտիվ հնարավորությունների բացակայությունը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով.

2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել` կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում:

Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում նաև Պատասխանի և վճռաբեկ բողոքի լրացման` նյութական նորմերի խախտման և խախտման բացակայության վերաբերյալ փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-59 (ՏԴ)
Որոշում