Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ, 622...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ, 622-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-86 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3737/2007 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավորներ Գ. Մատինյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

                                              Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

                                              Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

                                              

2008 թվականի փետրվարի 1-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Աստղիկ Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոտայքի մարզի Ալափարսի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) ընդդեմ Աստղիկ Ավետիսյանի` հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարների և տոկոսների գումարների բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է լուծել Աստղիկ Ավետիսյանի հետ 06.05.2005 թվականին կնքված թիվ 2032 հողամասի վարձակալության պայմանագիրը, Աստղիկ Ավետիսյանից հօգուտ Գյուղապետարանի բռնագանձել 4950 ՀՀ դրամ` որպես վարձավճար, 765 ՀՀ դրամ` որպես վարձատուին չվճարված գումարի տուգանք և 4000 ՀՀ դրամ` որպես մուծված պետական տուրքի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աստղիկ Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ, 622-րդ հոդվածները, 466-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 611-րդ, 613-րդ, 617-րդ հոդվածները, 612-րդ և 616-րդ հոդվածների առաջին մասերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ, 48-րդ և 54-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ 4950 ՀՀ դրամի վճարման թիվ 116 անդորրագիրը վերաբերում է Աստղիկ Ավետիսյանի և Գյուղապետարանի միջև նույն օրը կնքված մեկ այլ` 1,82 հա ջրովի հողատարածքի վարձակալության պայմանագրին` առանց հիմնավորելու այդ հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել նաև իր կողմից հաստատված համարված այն հանգամանքը, որ հողամասը վճռի կայացման պահին աղբաթափման վայր էր:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) տեղեկանքն այն մասին, որ Աստղիկ Ավետիսյանի անվամբ Չարենցավանի տարածքային ստորաբաժանումում վարձակալության իրավունքով գրանցված է Ալափարսի վ/տ-ում գտնվող 222-002 ծածկագրով միավորը և Աստղիկ Ավետիսյանի անվամբ Ալափարսում այլ գույքի նկատմամբ իրավունքներ գրանցված չեն:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2007 թվականի վճիռը, փոփոխել և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյուղապետարանի և Աստղիկ Ավետիսյանի միջև 06.05.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի առաջին կետի համաձայն` Աստղիկ Ավետիսյանի տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրվել «Բարաթափասա» վայրում գտնվող 2,71 հա մակերեսով հողամասը: Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է աղբից մաքրելու, հողի բերրի շերտը վերականգնելու, ռեկուլտիվացիայի ենթարկելու, ռեկուլտիվացիայի ենթարկելուց հետո գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

2) 04.08.2005 թվականի թիվ 115 և 18.07.2006 թվականի թիվ 116 անդորրագրերի համաձայն` Աստղիկ Ավետիսյանը Գյուղապետարանին որպես վարձավճար մուծել է համապատասխանաբար 4950-ական ՀՀ դրամ:

3) ՀՀ Կոտայքի մարզի Ալափարսի համայնքի պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագրերի գրանցման մատյանի համաձայն` 4950 ՀՀ դրամի վճարման թիվ 116 անդորրագիրը վերաբերում է պատասխանողի և Ալափարսի գյուղապետարանի միջև նույն օրը կնքված մեկ այլ` 1,82 հա ջրովի հողատարածքի վարձակալության պայմանագրին:

4) Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման կողմից 29.10.2007 թվականին ներկայացված տեղեկանքի համաձայն` Աստղիկ Ավետիսյանի անվամբ Չարենցավանի տարածքային ստորաբաժանումում վարձակալության իրավունքով գրանցված է Ալափարսի վ/տ-ում գտնվող 222-002 ծածկագրով միավորը: Աստղիկ Ավետիսյանի անվամբ Ալափարսում այլ գույքային իրավունքներ գրանցված չեն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով վեճի առարկա հողամասի վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարը Աստղիկ Ավետիսյանի կողմից վճարված չլինելու հանգամանքը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի Ալափարսի համայնքի պահուստային ֆոնդի հողերի վարձակալության պայմանագրերի գրանցման մատյանը, որի համաձայն` 4950 ՀՀ դրամի վճարման թիվ 116 անդորրագիրը վերաբերում է պատասխանողի և Գյուղապետարանի միջև նույն օրը կնքված մեկ այլ` 1,82 հա ջրովի հողատարածքի վարձակալության պայմանագրին:

Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով վերոնշյալ գրանցման մատյանում կատարված գրանցումները անտեսել է Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման 29.10.2007 թվականի տեղեկանքը, համաձայն որի` Աստղիկ Ավետիսյանի անվամբ Չարենցավանի տարածքային ստորաբաժանումում վարձակալության իրավունքով գրանցված է Ալափարսի վ/տ-ում գտնվող 222-002 ծածկագրով միավորը: Աստղիկ Ավետիսյանի անվամբ Ալափարսում այլ գույքային իրավունքներ գրանցված չեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, գնահատման առարկա չի դարձրել Կադաստրի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման 29.10.2007 թվականի տեղեկանքը, ինչպես նաև չի նշել այդ ապացույցի մերժման հիմնավորումները:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ 4950 ՀՀ դրամի վճարումը Աստղիկ Ավետիսյանի կողմից կատարվել է Ալափարսի վ/տ-ում գտնվող այլ հողատարածքի համար, քանի որ հիմնավորված չէ նշված հասցեում այլ հողատարածքի նկատմամբ Աստղիկ Ավետիսյանի անվամբ որևէ իրավունքի գրանցման փաստը:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումն Աստղիկ Ավետիսյանի կողմից վեճի առարկա հողատարածքը պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը ոչ համապատասխան օգտագործելու վերաբերյալ, հետևյալ պատճառաբանությամբ.

Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է աղբից մաքրելու, հողի բերրի շերտը վերականգնելու, ռեկուլտիվացիայի ենթարկելու, ռեկուլտիվացիայի ենթարկելուց հետո գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով չի հիմնավորվել գույքը Աստղիկ Ավետիսյանի կողմից պայմանագրի պայմաններին կամ գույքի նշանակությանը ոչ համապատասխան օգտագործելու հանգամանքը, քանի որ պայմանագրով նախատեսված չէ հողատարածքը աղբից մաքրելու, հողի բերրի շերտը վերականգնելու, ռեկուլտիվացիայի ենթարկելու կոնկրետ ժամկետներ: Հետևաբար, 06.05.2005 թվականին 10 տարի ժամկետով կնքված պայմանագիրը կարող է կատարվել պայմանագրի գործողության ցանկացած պահին: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա վեճի առարկա հողամասի լուսանկարների հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված այն հանգամանքին, որ նշված հողամասում առկա են բոլորովին նոր թափված կենցաղային և տեխնիկական աղբի կույտեր, որոնք հստակ առանձնացվում են նախկինում թափված աղբից, ապա այն չի կարող դիտվել պատասխանողի կողմից հողամասը պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան օգտագործելը հաստատող ապացույց, քանի որ այդ լուսանկարներով չի հիմնավորվում նոր աղբի առկայությունը:

i

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 611-րդ, 613-րդ, 617-րդ հոդվածների, 612-րդ և 616-րդ հոդվածների առաջին մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման ենթակա լինելու և 42-րդ հոդվածի խախտման` վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ բողոքում բացակայում է վերոնշյալ հոդվածների կիրառելիության հիմնավորումները:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2007 թվականի վճռի` Կոտայքի մարզի Ալափարսի գյուղապետարանի և Աստղիկ Ավետիսյանի միջև 06.05.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 2032 պայմանագիրը լուծելու, Աստղիկ Ավետիսյանից Ալափարսի գյուղապետարանի օգտին 4950 ՀՀ դրամ` որպես 2006-2007 թվականների հողամասի վարձակալության վճար, 4000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու մասերը և փոփոխել` Ալափարսի գյուղապետարանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.02.2008
N 3-86 (ՎԴ)
Որոշում