Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-322 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 4150

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արժիկ Ղևոնդյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ Արժիկ Ղևոնդյանի հայցի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքային պայմանագրի մասը և ազատման հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության հետ կնքված 04.08.2006 թվականի թիվ 166 աշխատանքային պայմանագրի 1.3 կետը և Ընկերության 02.08.2007 թվականի թիվ 803-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում` բռնագանձելով միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արժիկ Ղևոնդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Ընկերության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, 94-րդ հոդվածի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ոչ ժամանակավոր (մշտական) բնույթի աշխատանքի կատարման պայմաններում ժամանակավոր աշխատանքային պայմանագրի կնքումն արգելվում է:

Այսինքն, վեճի առարկա աշխատանքային պայմանագիրը հակասում է օրենքին, վատթարացնում է աշխատողի դրությունը, հետևաբար, աշխատանքային պայմանագրի ժամկետ սահմանող կետն անվավեր է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Արժիկ Ղևոնդյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրինական հիմքերով: Ընկերությունը գտել է, որ Արժիկ Ղևոնդյանի կողմից կատարվող աշխատանքի բնույթը ժամկետային է, հետևաբար, կնքել է ժամկետային պայմանագիր: Ժամկետային պայմանագիրը կնքվել է Արժիկ Ղևոնդյանի համաձայնությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 04.08.2006 թվականին Ընկերության և Արժիկ Ղևոնդյանի միջև կնքվել է թիվ 166 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, մինչև 04.11.2006 թվականը, որով Արժիկ Ղևոնդյանը նշանակվել է աշխատանքի Ընկերության Գանձապետարանի Գլխավոր դրամապահոցում` որպես բաժնի պետ:

2. Լրացուցիչ համաձայնագրերով վերոնշյալ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.08.2007 թվականը:

3. Ընկերության` 02.08.2007 թվականի թիվ 803-Կ հրամանի հիման վրա Արժիկ Ղևոնդյանը 06.08.2007 թվականից աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով ազատվել է աշխատանքից:

4. Թիվ 166 պայմանագրի 04.08.2006 թվականի հավելվածի համաձայն` վերոնշյալ պաշտոնում աշխատողի պաշտոնեական պարտականություններն են.

ա. Գլխավոր դրամապահոցի գործունեության ղեկավարումը, իր իրավասության շրջանակներում բոլոր հրատապ հարցերի լուծումը, անձնական պատասխանատվության կրումը բաժնի վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ. Գլխավոր դրամապահոցի աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը և համակարգումը.

գ. Գլխավոր դրամապահոցի աշխատակիցների կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելու, աշխատանքային և կատարողական կարգապահության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

դ. Գլխավոր դրամապահոցին տրված հանձնարարականների պատշաճ և ժամանակին կատարման կազմակերպումը.

ե. կանխիկ դրամական միջոցների և այլ արժեքների ընդունման և դրամապահոց տեղափոխման աշխատանքների նկատմամբ մշտական հսկողության իրականացումը.

զ. Գլխավոր դրամապահոցի աշխատակիցների խրախուսման և պարգևատրման, ինչպես նաև ոչ պատշաճ կերպով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու կամ չկատարելու դեպքում` ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը գործառնական վարչության պետին.

է. Գլխավոր դրամապահոցի աշխատակիցներին աշխատանքից ազատելու կամ աշխատանքի ընդունելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը գործառնական վարչության պետին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցերին.

1) արդյո՞ք կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր` անկախ կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից:

2) որո՞նք են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքները:

1) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման օրինականության մասին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում է ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

i

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու և գնահատման առարկա դարձնելու սույն քաղաքացիական գործով առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը և ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրինաչափության հարցը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սուրեն Ղևոնդյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով)` գնահատելով հայցվորին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը` հայցվորի և Ընկերության միջև 04.08.2006 թվականին կնքված թիվ 166 պայմանագրի 04.08.2006 թվականի հավելվածով սահմանված` աշխատողի պաշտոնեական պարտականությունների ցանկը, որով հիմնավորվում է, որ հայցվորի աշխատանքը կրել է մշտական բնույթ:

2) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների մասին:

«Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել` աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` 1) կողմերի համաձայնությամբ, 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, 3) աշխատողի նախաձեռնությամբ, 4) գործատուի նախաձեռնությամբ, 5) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արժիկ Ղևոնդյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` հայցվորի ընդունակության կամ վարքի, ինչպես նաև ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների հետ առնչություն չունեցող հիմքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են նույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրը առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների և երաշխիքների սահմանափակում, հետևաբար, նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված և դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի և գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-322 (ՎԴ)
Որոշում