Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.09.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.05.1993  -ից մինչեւ   01.09.1996  -ը:
 

 

/ուժը կորցրել է 1996թ սեպտեմբերի 1-ից, 30.06.96 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «15» դեկտեմբերի 1992թ. Հ.Ն-0745-I

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության բանկերը

 

Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:

Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:

i

Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:

i

Բանկերը պատասխանատու չեն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:

«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը

 

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը ներառում է`

i

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության բանկերը (փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ), բանկերի մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և այլն:

 

Հոդված 3. Բանկերի տեսակները

 

Բանկերը դասակարգվում են`

ըստ կանոնադրական կապիտալի պատկանելիության և ձևավորման` փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ բանկեր.

ըստ գործունեության ոլորտների` մասնագիտացված և բազմապրոֆիլ բանկեր.

ճյուղային ուղղվածություն ունեցող բանկեր:

Հանրապետական և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել պետական մասնագիտացված բանկեր:

 

Հոդված 4. Բանկային միությունները

 

Բանկերն իրենց գործունեության կոորդինացման և շահերի պաշտպանության, տեղեկությունների փոխանակման, կադրերի պատրաստման, բանկային քաղաքականության մշակման համար կարող են ստեղծել միություններ:

Բանկերին արգելվում է իրենց միություններն օգտագործել բանկային գործառնությունների շուկայում մենաշնորհային դիրք գրավելու, տոկոսադրույքների և միջնորդավճարների, բանկային գործում մրցակցության սահմանափակման նպատակով:

 

Հոդված 5. Բանկի կանոնադրությունը

 

Բանկը գործում է իր կանոնադրության հիման վրա, որը հաստատվում է նրա բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի կողմից:

Բանկի կանոնադրությունը պետք է ներառի`

բանկի անվանումը և գտնվելու վայրը.

բանկի կողմից կատարվող գործառնությունների ցանկը.

կանոնադրական կապիտալի չափը, ֆոնդերի ցանկը և դրանց կազմավորման կարգը.

դրույթ այն մասին, որ բանկը հանդիսանում է իրավաբանական անձ.

բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, ձևավորման կարգը և իրավասությունը.

բանկի գործունեության դադարման կարգը:

 

Հոդված 6. Բանկային գործառնությունները

 

Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`

ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.

բ) ներգրավել և տրամադրել վարկեր.

գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)

հանձնարարությամբ.

դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.

ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).

է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.

ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.

լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).

խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարությամբ բանկերն իրականացնում են պետական բյուջեի դրամարկղային սպասարկման գործառնություններ:

Սույն հոդվածով նախատեսված գործառնությունները բանկերը կարող են կատարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ` արտարժույթով:

Բանկերն արտարժույթով գործառնություններ կարող են կատարել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված այդպիսի արտոնագրի առկայության դեպքում:

Բանկերն արժեթղթերով միջնորդական գործառնություններ կատարում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալուց հետո:

Բանկերին արգելվում է գործունեություն ծավալել ոչ բանկային գործունեության, այդ թվում` ապահովագրության ոլորտում:

 

ԲԱԺԻՆ 2
ԲԱՆԿԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 7. Բանկի հիմնադիրները, բաժնետերերը (մասնակիցները)

 

Բանկի կանոնադրական կապիտալի ձևավորմանը, բացառապես սեփական միջոցների հաշվին, կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Բանկի հիմնադիր, բաժնետեր (մասնակից) չեն կարող հանդիսանալ պատգամավորների խորհուրդները և դրանց գործադիր մարմինները, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, բարեգործական և հասարակական ֆոնդերը:

Ցանկացած հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի չափը չպետք է գերազանցի բանկի կանոնադրական կապիտալի 35 տոկոսը: Բանկի Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հիմնադիր, բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի չափը կարող է գերազանցել բանկի կանոնադրական կապիտալի 35 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

(լրացվել է 17.05.95թ. օրենք)

 

Հոդված 8. Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը

 

Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) միջնորդագիր արտոնագիր ստանալու համար.

բ) կանոնադրություն և այլ հիմնադիր փաստաթղթեր.

գ) բանկի ստեղծման անհրաժեշտության տնտեսագիտական հիմնավորումը (բանկի հաշվարկային հաշվեկշռի, շահույթների ու վնասների պլանային հաշիվը).

դ) աուդիտային կազմակերպության կամ հիմնադիրներին սպասարկող ֆինանսական հաստատության, բանկային հիմնարկի եզրակացությունը հիմնադիրների ֆինանսական դրության և սեփականության մասին, իսկ ֆիզիկական անձանցից` հայտարարագիր եկամուտների մասին.

ե) տեղեկություններ բանկի առաջարկվող ղեկավարների (նախագահի և գլխավոր հաշվապահի) մասնագիտական համապատասխանության մասին.

զ) տեղեկանք բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը մուծելու մասին:

 

Հոդված 9. Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար փաստաթղթերի ներկայացման կարգը

 

Բանկերն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն իրականացնելու համար տրված արտոնագրի հիման վրա:

Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պատվիրված նամակով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ընդունում է հիմնադիրների միջնորդագիրն այն դեպքում, եթե միջնորդագիրը ներկայացնելու պահին բանկի կենտրոնական կապիտալը համալրված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափով, բայց ոչ պակաս` բանկի հիմնադիրների կողմից հայտարարված կանոնադրական կապիտալի 75 տոկոսը:

 

Հոդված 10. Օտարերկրյա բանկերի, համատեղ բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը

 

Օտարերկրյա բանկերի, համատեղ բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար, բացի սույն օրենքի 8 հոդվածով նախատեսված փաստաթղթերից, սահմանված կարգով, ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից`

օտարերկրյա հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) կառավարման բարձրագույն մարմնի որոշումն այն մասին, որ նա մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում բանկի ստեղծմանը կամ հիմնում է օտարերկրյա բանկի մասնաճյուղ.

օտարերկրյա հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) գտնվելու երկրի լիազորված մարմնի գրավոր հայտարարությունն այն մասին, որ չի առարկում այդ հիմնադրի կամ բաժնետիրոջ (մասնակցի) մասնակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնվող բանկին կամ լիազորված մարմնի կամ իրավաբանական ծառայության հայտարարությունն այն մասին, որ հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) գտնվելու երկրի օրենսդրությամբ, այդպիսի թույլտվություն չի պահանջվում.

բ) օտարերկրյա քաղաքացիների կողմից`

տվյալ անձի վճարունակության մասին օտարերկրյա առաջնակարգ բանկի հավաստումը.

ճանաչված վճարունակությամբ առնվազն երկու օտարերկրյա իրավաբանական անձանց երաշխավորությունը:

Բոլոր բանկերի համար մրցակցության հավասար պայմաններ ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել օտարերկրյա բանկերին, համատեղ բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղի հիմնադիրներին, բաժնետերերին (մասնակիցներին):

 

Հոդված 11. Արտոնագիր տալու միջնորդագրերի քննարկման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատասխանատվությունը

 

Արտոնագիր տալու միջնորդագրերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Նշված ժամկետում միջնորդագիրը չքննարկելու դեպքում բանկերի հիմնադիրների պահանջով ժամկետանց յուրաքանչյուր օրվա դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վճարում է տույժ` հայտարարված կանոնադրական կապիտալի 0,01 %-ի չափով:

Միջնորդագիրը քննարկված է համարվում համապատասխան որոշումը պատվիրված նամակով բանկի հիմնադիրներին ուղարկելու օրվանից:

 

Հոդված 12. Արտոնագիր տալու մերժման հիմքերը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր տալը կարող է մերժել այն դեպքում, երբ առկա են հետևյալ հիմքերը.

ա) բանկի կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի անհամապատասխանությունը գործող օրենսդրությանը.

i

բ) բանկի ղեկավարների (նախագահի և գլխավոր հաշվապահի) մասնագիտական անհամապատասխանությունը` հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

Հոդված 13. Բանկի գրանցումը

 

Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր տալու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գրանցում է բանկը և հայտնում գրանցման համարը:

Բանկը իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում գրանցման պահից:

i

Բանկերը ենթակա չեն գրանցման պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներում:

 

Հոդված 14. Բանկերի բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, դրանք հիմնելու կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում կարող են հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնվելու դեպքում գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ արտասահմանում` տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներկայացուցչություններն իրականացնում են ֆինանսական շուկայի ուսումնասիրման, բանկի անունից պայմանագրերի կնքման ու համանման այլ ֆունկցիաներ և իրավասու չեն իրականացնել բանկային գործառնություններ:

Բանկերի բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները բանկային գործառնությունները կարող են իրականացնել միայն իրենց գրանցման պահից:

Բանկերի մասնաճյուղերի, բաժանմունքների և ներկայացուցչությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

հիմնադիր բանկի միջնորդագիրը.

հիմնադիր բանկի կանոնադրության օրինակը.

թույլատրվող գործառնությունների ցանկը (բացառությամբ ներկայացուցչությունների):

 

Հոդված 15. Արտոնագրերը անվավեր ճանաչելը

 

Բանկային գործունեություն իրականացնելու համար տրված արտոնագիրը կարող է անվավեր ճանաչվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հետևյալ դեպքերում`

ա) արտոնագիր տալու համար հիմք հանդիսացած փաստաթղթերում անարժանահավատության բացահայտման.

բ) բանկի գրանցման պահից ավելի քան մեկ տարի բանկային գործունեություն չիրականացնելու.

գ) բանկի հայտարարված կանոնադրական կապիտալը մեկ տարում չհամալրելու.

դ) սույն օրենքի 6 հոդվածով արգելված գործունեություն ծավալելու.

ե) հակամենաշնորհային օրենսդրության խախտման փաստերի առկայության դեպքերում:

Արտոնագիրը անվավեր կարող է ճանաչվել նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում:

Այն բանկերը, որոնց արտոնագրերը անվավեր են ճանաչվել, իրավունք չունեն կատարելու սույն օրենքով նախատեսված գործառնություններ և լուծարվում են իրենց իրավական կարգավիճակին համապատասխան:

 

Հոդված 16. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնելու բանկերի պարտավորությունը

 

i

Բանկերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ծանուցել հիմնադիր փաստաթղթերի (ներառյալ կանոնադրական կապիտալի չափի) մեջ կատարված փոփոխությունների մասին` կցելով փոփոխված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները: Փոփոխված փաստաթղթերի մեջ սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում արտոնագիրը կարող է անվավեր ճանաչվել սույն օրենքի 15 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հետևանքներով:

 

Հոդված 17. Բանկերի գործունեության դադարումը

 

Բանկերի գործունեությունը դադարում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բանկերի կանոնադրություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումների գանգատարկման կարգը

 

Բանկերը և դրանց հիմնադիրները կարող են դատարանում կամ արբիտրաժում գանգատարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումները:

 

ԲԱԺԻՆ 3
ԲԱՆԿԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Բանկերի կողմից տնտեսական նորմատիվների պահպանումը

 

Բանկերի հուսալիությունն ապահովելու և բանկերի հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով, բանկերը պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանված տնտեսական նորմատիվները, ինչպես նաև ստեղծել ապահովագրական և պահեստային ֆոնդեր:

 

Հոդված 20. Բանկային (բանկերի առևտրային) գաղտնիքը

 

Բանկերը երաշխավորում են իրենց հաճախորդների և բանկերի (թղթակցող) ավանդների, հաշիվների և գործառնությունների գաղտնիությունը:

Բանկային գաղտնիքը հրապարակելը կամ այլ կերպ հայտնի դարձնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Իրավաբանական անձանց հաշիվների և գործառնությունների մասին տեղեկանքներ կարող են տրվել դրանց վերադաս մարմինների, դատական, արբիտրաժային և քննչական մարմիններին` իրավաբանական անձանց վերաբերյալ գործերը նրանց վարույթում գտնվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաև հարկման հարցերով` պետական հարկային տեսչությանը:

Քաղաքացիների հաշիվների և ավանդների մասին տեղեկանքներ կարող են տրվել այդ քաղաքացիներին և նրանց օրինական ներկայացուցչություններին, ինչպես նաև դատական ու քննչական մարմիններին` իրենց վարույթում գտնվող գործերով այն դեպքում, երբ քաղաքացիների հաշիվներում և ավանդներում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների (այդ թվում` արժեթղթեր) վրա կարող է կալանք դրվել, տույժ է դրված կամ կիրառվել է գույքի բռնագրավում:

i

Քաղաքացու մահվան դեպքում նրա հաշիվների և ավանդների մասին տեղեկանքներ կարող են տրվել նրա կտակում նշված անձին (անձանց), պետական նոտարական գրասենյակներին` նրանց վարույթում գտնվող ժառանգման գործերով, ինչպես նաև օտարերկրյա խորհրդատվական ծառայություններին:

 

Հոդված 21. Բանկերում գտնվող դրամական միջոցների ու մյուս արժեքների վրա կալանք դնելը, դրանք տույժի ենթարկելը և բռնագանձելը

 

Իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության բանկերում գտնվող դրամական միջոցների և մյուս արժեքների վրա կարող է կալանք դրվել միայն դատարանի վճիռներով կամ արբիտրաժի որոշումներով, իսկ տույժ` դատարանների և արբիտրաժների կողմից տրված կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև պետական հարկային տեսչությունների պահանջով` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկերում քաղաքացիների դրամական միջոցների և մյուս արժեքների նկատմամբ կարող է կալանք դրվել կամ տույժ կիրառվել միայն դատարանի դատավճռի կամ որոշման հիման վրա:

i

Բանկերում քաղաքացիների դրամական միջոցների և մյուս արժեքների բռնագանձումը կարող է կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով:

 

i

ԲԱԺԻՆ 4
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 22. Միջբանկային դեպոզիտային, վարկային և այլ գործառնություններ

 

Բանկերը պայմանագրային հիմունքներով կարող են միմյանց մոտ ներդնել և տեղաբաշխել միջոցներ դեպոզիտների և վարկերի ձևով, կատարել իրենց կանոնադրություններով նախատեսված այլ փոխադարձ գործողություններ:

i

Հաճախորդների վարկավորման և ստանձնած այլ պարտավորությունների կատարման համար միջոցների անբավարարության դեպքում վարկեր ստանալու նպատակով բանկերը կարող են դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: Այդպիսի գործառնությունների կատարման կարգը և պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

Հոդված 23. Բանկերի վարկերի տոկոսադրույքները

 

Բանկերն ինքնուրույն են որոշում վարկերի տոկոսադրույքները և միջնորդավճարների չափը:

 

Հոդված 24. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունների պայմանագրային բնույթը

 

Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:

Հաճախորդները վարկահաշվարկային և դրամարկղային սպասարկման համար ինքնուրույն ընտրում են բանկեր և կարող են ունենալ մեկ հաշվարկային հաշիվ, բանկային գործառնությունների բոլոր տեսակների գծով կարող են սպասարկվել մեկ կամ մի քանի բանկերում:

Առանձին դեպքերում հաճախորդները կարող են ունենալ մեկից ավելի հաշվարկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ:

 

Հոդված 25. Հաշվարկների ձևերը

 

Բանկերը հաշվարկներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևերին համապատասխան: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ հաշվարկների որևէ ձև, բանկերն իրավունք ունեն հաշվարկներն իրականացնել բանկային պրակտիկայում ընդունված այլ ձևերով:

 

Հոդված 26. Վարկերի վերադարձնելիության ապահովումը

 

Բանկը վարկը ժամանակին վերադարձնելը կարող է ապահովել գրավականով, երաշխավորությամբ և հանձնարարականներով, ինչպես նաև բանկային պրակտիկայում ընդունված պարտավորությունների կատարման ապահովման այլ ձևերով:

i

Բանկը կարող է վարկեր տրամադրել նաև առանց երաշխիքի (բլանկային վարկեր):

 

ԲԱԺԻՆ 5
ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ

 

Հոդված 27. Բանկի ավանդատուները և ավանդներ ընդունելու կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում բնակչության խնայողական ավանդները կարող են ընդունվել մասնագիտացված խնայողական և մյուս բանկերի կողմից:

Բանկերն ինքնուրույն են սահմանում այն պայմանները, որոնց հիման վրա նրանք կատարում են բնակչության ավանդների ընդունման գործառնություններ:

Ավանդատուներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Ավանդատուներն ազատ են բանկ ընտրելու հարցում, կարող են իրենց ավանդներն ունենալ մեկ կամ մի քանի բանկերում:

Ավանդատուները կարող են իրենց ցանկությամբ տնօրինել ավանդները, դրանցից եկամուտներ ստանալ տոկոսադրույքների կամ բանկերի կողմից առաջարկվող այլ ձևերով, կատարել անկանխիկ հաշվարկներ:

 

ԲԱԺԻՆ 6
ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ, ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28. Հաշվառումն ու հաշվետվությունը բանկերում

 

Բանկերի գործառնությունների հաշվետու ժամանակաշրջանը հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն է:

Հաշվառումը բանկերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

Բանկերը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում կազմում և հրապարակում են կիսամյակային և տարեկան հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բակի կողմից հաստատված ձևով:

Կիսամյակային և տարեկան հաշվետվությունները ներառում են բանկի շահույթների ու վնասների ամփոփ հաշվեկշիռը և հաշիվները:

Բանկի տարեկան հաշվետվությունը հաստատվում է աուդիտային կազմակերպությունների կողմից:

Բանկի տարեկան հաշվետվությունը տրամադրվում է բոլոր բաժնետերերին և շահագրգիռ անձանց:

 

Հոդված 29. Վերահսկողությունը բանկերի գործունեության նկատմամբ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Բանկերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ներկայացնել վիճակագրական և այլ հաշվետվություններ` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Բանկային հսկողության կարգով ստացված տեղեկությունները դիտվում են որպես բանկային գաղտնիք:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավունք ունի ստուգելու բանկերի, այդ թվում` դրանց օտարերկրյա մասնաճյուղերի գործունեությունը, առանց այդ մասին նրանց նախապես տեղյակ պահելու:

 

ԲԱԺԻՆ 7
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 30. Օրենքի կիրառման առանձնահատկությունները

 

Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն բանկերի գործունեությունը, որոնք ստեղծվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Օրենքի 20 և 21 հոդվածները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:

 

 

pin
ՀՀ 27.04.1993
N ՀՕ-56 օրենք