Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱ ...

 

 

041.0719.160908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2008 թվականի N 719-Ն

 

i

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի իրականացման ապահովման միջոցառումները հաստատելու մասին» N 876-Ն որոշման 3-րդ կետը`

1. Հաստատել`

1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 16-ի

N 719-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 Arm (SF) վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի ու Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով, ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագրի իրականացման գործակալություն)` ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցներ ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) վարկային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ծրագրի իրականացման գործակալության մշակած ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

7) ծրագրի իրականացման գործակալության կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

8) ծրագրի` հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

10) ծրագրի ավարտից հետո դրա արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. Ծրագրի իրականացման գործակալության տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ծրագրի իրականացման գործակալության տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի կատարման մասին ծրագրի իրականացման գործակալության տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ծրագրի իրականացման գործակալության տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Ծրագրի իրականացման գործակալության տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

22. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է:

24. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

i

25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նախագահի տեղակալը, ծրագրի իրականացման գործակալության («Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության) տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և հասարակական կազմակերպություններից:

(25-րդ կետը փոփ. 09.02.10 թիվ 75-Ն որոշում)

26. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

27. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:

28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:

30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

32. Խորհրդի քարտուղարի պարտականությունը դրվում է ծրագիրը համակարգող միավորի վրա:

33. Խորհրդի քարտուղարը (ծրագիրը համակարգող միավորը)`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

35. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2008 թվականի սեպտեմբերի 16-ի

N 719-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Անդրեասյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                        տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի

                        նախագահ)

 

    Գ. Խաչատրյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                        տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ռ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային

                        ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

 

    Վ. Նարիմանյան     - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                        ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                        տեղակալ

 

    Պ. Լորեն          - «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

    Է. Ղուկասյան      - «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                        (2008 թ. ծրագրի կառավարման խորհրդի ստեղծման

                        օրվանից մինչև 2009 թ. հուլիսն ընկած

                        ժամանակաշրջանի համար)

 

    Ա. Հովսեփյան      - «Կայուն ջրային միջավայր» հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                        (2009 թ. հուլիս - 2010 թ. հուլիսն ընկած

                        ժամանակաշրջանի համար)

 

    Հ. Սարգսյան       - «Տապան» էկո-ակումբ» հասարակական կազմակերպության

                        նախագահ (համաձայնությամբ)

                        (2010 թ. հուլիս - 2011 թ. հուլիսն ընկած

                        ժամանակաշրջանի համար)

 

    Ա. Սարգսյան       - «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների

                        միություն» հասարակական կազմակերպության նախագահ

                        (համաձայնությամբ)

                        (2011 թ. հուլիս - 2012 թ. հուլիսն ընկած

                        ժամանակաշրջանի համար)

 

    Ա. Մարկոսյան      - Քաղաքագիտական, իրավագիտական և  տնտեսագիտական

                        հետազոտությունների և կանխատեսումների հասարակական

                        կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                        (2012 թ. հուլիս - 2013 թ. ընկած ժամանակաշրջանի

                        համար` մինչև ծրագրի կառավարման խորհրդի

                        գործունեության` սահմանված կարգով դադարման օրը)

 

(2-րդ հավելվածը փոփ. 09.02.10 թիվ 75-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.09.2008
N 719-Ն
Որոշում