Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.02.1995  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1995 թվականի թիվ 29

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

բանկերի կողմից արժեթղթերի թողարկման մասին

 

Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկայի զարգացման գործնթացում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնակցությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերի թողարկման» կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերի վարչության` մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արժեթղթերի և դրանց թողարկման ազդագրերի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը ստանալու պայմանները»:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերի վարչության` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատների (հավաստագրերի) թողարկման և շրջանառության պայմանները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում արձանագրելու» կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 29

որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից

արժեթղթերի թողարկման

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1. ՀՀ տարածքում գործող բանկերը (այսուհետև` բանկեր) կարող են թողարկել արժեթղթերի հետևյալ տեսակները.

ա) բաժնետոմսեր,

բ) պարտատոմսեր,

գ) մուրհակներ,

դ) ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատներ (հավաստագրեր):

1.2. Բանկերի կողմից թողարկված արժեթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 568 որոշմամբ հաստատված «ՀՀ արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին»:

1.3. Բանկերի կողմից ազատ շրջանառության իրավունքով թողարկվող բաժնետոմսերն ու պարտատոմսերը և դրանց ազդագրերը պարտադիր ենթակա են գրանցման ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում, որն ստանալու պայմանները հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը:

1.4. Բանկի սահմանափակ շրջանառության իրավունքով թողարկված բաժնետոմսերի և պարտատոմսերի գրանցումը չի պահանջում թողարկման ազդագրի գրանցում:

1.5. Արժեթղթերի թողարկման մասին որոշումն ընդունվում է բանկի կանոնադրական փաստաթղթերի և գործող օրենսդրության համաձայն` համապատասխան իրավասություն ունեցող կառավարման մարմնի կողմից:

1.6. Թողարկման մասին որոշումը պետք է ընդգրկի թողարկման հիմնական չափանիշները, թողարկման հետ կապված միջոցառումների ցանկը, իրականացման կարգն ու ժամկետները:

1.7. Արժեթղթերի թողարկման ազդագիրը կազմվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով:

1.8. Թողարկման ազդագիրը ստորագրում են բանկի վարչության նախագահը և գլխավոր հաշվապահը, էջերը կարվում են, համարակալվում և կնքվում բանկի կնիքով:

1.9. Բանկը պատասխանատու է թողարկման ազդագրում նշված տեղեկությունների հավաստիության համար:

1.10. Արժեթղթերի թողարկման ազդագիրը պետք է հաստատված լինի ՀՀ կենտրոնական բանկի հետ նախօրոք համաձայնեցված աուդիտորական կազմակերպության կողմից:

 

2. Բաժնետոմսերի թողարկում

 

2.1. Բանկերը թողարկում են բաժնետոմսեր` կանոնադրական կապիտալի համալրման նպատակով:

2.2. Բանկերի կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը պետք է լինեն անվանական:

2.3. Բաժնետոմսերի անվանական արժեքը արտահայտվում է դրամով և պետք է լինի 100 դրամին բազմապատիկ:

2.4. Ազատ շրջանառության իրավունքով բաժնետոմսեր կարող է թողարկել մեկ տարուց ավել գործող բանկը:

2.5. Բաժնետոմսերը թողարկվում են անժամկետ, կարող են լինել հասարակ և արտոնյալ:

2.6. Բանկի արտոնյալ բաժնետոմսերը կարող են ունենալ տարբեր անվանական արժեքներ, եթե դրանք ձայնի իրավունք չեն տալիս:

2.7. Բանկի արտոնյալ բաժնետոմսերի ծավալը չի կարող գերազանցել թողարկման ընդհանուր ծավալի 10 %-ը:

2.8. Բանկի բաժնետոմսերը նույն թողարկման ընթացքում պետք է ունենան միևնույն անվանական արժեքը, եթե դրանք բաժնետերերի ժողովում ձայնի իրավունք են տալիս:

2.9. Հիմնադրվող բաժնետիրական բանկի առաջին թողարկման բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն այդ բանկի հիմնադիրների միջև:

2.10. Փակ բաժնետիրականից բաց բաժնետիրականի, փայատիրականից բաց բաժնետիրական բանկի վերակազմավորման ժամանակ թողարկվող բաժնետոմսերը, ինչպես նաև բանկի կրկնվող թողարկման բաժնետոմսերը և դրանց թողարկման ազդագրերը ենթակա են պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

2.11. Բաժնետիրական բանկի կանոնադրական կապիտալի մեծացման համար բաժնետոմսերի թողարկումը (կրկնվող թողարկում) կարող է իրականացվել միայն բաժնետերերի կողմից բանկի մինչ այդ թողարկված բաժնետոմսերի ամբողջ արժեքի (անվանական արժեքից ոչ ցածր գնով) վճարումից հետո:

 

3. Պարտատոմսերի թողարկում

 

3.1. Փոխառու միջոցներ ներգրավելու նպատակով բանկը կարող է պարտատոմսեր թողարկել միայն մինչ այդ բանկի կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերի ամբողջ արժեքի անվանական արժեքից ոչ ցածր գնով վճարումից հետո (բաժնետիրական բանկի համար) կամ փայատերերի կողմից կանոնադրական կապիտալում իրենց չափաբաժինների ամբողջ արժեքի վճարումից հետո (փայատիրական բանկի համար):

3.2. Բանկի սահմանափակ շրջանառության իրավունքով թողարկված պարտատոմսերի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում թողարկման հիմնական չափանիշների մասին տեղեկություններ:

3.3. Բաժնետոմսերի և պարտատոմսերի միաժամանակյա թողարկումն արգելվում է:

3.4. Բանկը կարող է թողարկել պարտատոմսեր` իր փաստացի լրացված կանոնադրական կապիտալի գումարի 50 %-ից ոչ ավել ընդհանուր արժեքով:

3.5. Պարտատոմսերի անվանական արժեքը կարող է արտահայտված լինել դրամով կամ արտարժույթով` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնների:

3.6. Բանկերը կարող են թողարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտատոմսերի բոլոր տեսակները:

 

4. Ավանդային սերտիֆիկատների (հավաստագրերի) թողարկում

 

4.1. Ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատը (հավաստագիրը) բանկերի կողմից թողարկվող փաստաթուղթ է, որը հավաստում է միջոցների ավանդադրումը և դրա դիմաց սերտիֆիկատների (հավաստագրերի) թողարկմամբ պայմանավորված որոշակի տոկոսի չափով եկամուտ ստանալու` ներդրողի իրավունքը:

4.2. Ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատները (հավաստագրերը) թողարկվում են միայն անվանական, կարող են լինել ժամկետային և ցպահանջ, փոխանցվող կամ առանց փոխանցման իրավունքի:

4.3. Ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատների (հավաստագրերի) համար թողարկող բանկը վարում է հատուկ հաշվառում:

4.4. Բանկի ավանդային (դեպոզիտային) սերտիֆիկատների (հավաստագրերի) թողարկման և շրջանառության պայմաններն արձանագրվում են ՀՀ կենտրոնական բանկում, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով հաստատված կարգի:

 

5. Մուրհակների թողարկում

 

5.1. Բանկերը կարող են թողարկել մուրհակներ` միայն իրենց որոշակի ձևավորված պարտավորությունների դիմաց:

5.2. Բանկերը կարող են թողարկել հասարակ և փոխանցվող մուրհակներ:

5.3. Հասարակ մուրհակն արժեթուղթ է, որով մուրհակատուն անառարկելի պարտավորվում է օրինական մուրհակատիրոջը վճարել որոշակի գումար` որոշակի ժամկետում կամ ըստ ներկայացման:

5.4. Փոխանցվող մուրհակը արժեթուղթ է, որով մուրհակատուն անառարկելի գրավոր ցուցում է տալիս վճարողին որոշակի ժամկետում կամ ըստ ներկայացման որոշակի գումար օրինական մուրհակատիրոջը վճարելու մասին:

5.5. Մուրհակների թողարկման ազդագիր չի պահանջվում:

5.6. Մուրհակների թողարկումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
17.02.1995
N 29
Որոշում