Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

«Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի` Համաձայնագրի և «1994 թվականի ապրիլի 15-ի` «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թվականի ապրիլի 2-ի` Արձանագրության` Կողմերի պետությունների մաքսային տարածքում ազատ առևտրի ռեժիմի ապահովման մասով իրենց պարտավորությունների կատարման նպատակով,

ձգտելով ազատ առևտրի գոտու արդյունավետ գործունեության համար Կողմերի պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը,

ընդունելով, որ ապրանքների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի ոչ պատշաճ օգտագործումը կարող է կասեցնել փոխադարձ առևտրի զարգացումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Արձանագրությամբ որոշվող ներմուծման լիցենզավորման կանոնները կարգավորում են Կողմերի փոխհարաբերությունները, որոնք առաջանում են` կապված Կողմերից մեկի մաքսային տարածքից ծագող և մյուս Կողմերի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների ներմուծման հետ:

Կողմերի պետությունների մաքսային տարածքը սահմանվում է նրանց ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Արձանագրության նպատակների համար ապրանքների ներմուծման լիցենզավորումը սահմանվում է որպես արտաքին առևտրային գործունեությունը կարգավորող վարչական միջոց, որը նախատեսում է Կողմի լիազորված պետական մարմնի կողմից ապրանքների որոշակի տեսակների ներմուծման լիցենզիայի տրամադրում լիցենզիայի ձևակերպման համար անհրաժեշտ դիմումի և/կամ այլ փաստաթղթերի հիման վրա:

2. Կողմերից յուրաքանչյուրը ազգային պաշտոնական պարբերականներում հրապարակում և Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին հայտնում է ներմուծման լիցենզավորման կանոնները, ինչպես նաև` տեղեկություն դրանց մեջ կատարվող փոփոխությունների և լրացումների մասին:

Պաշտոնական հրապարակումը իրականացվում է յուրաքանչյուր Կողմի պետության ստանձնած միջազգային պարտավորություններով և ազգային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

3. Լիցենզիայի տրամադրման մասին դիմումի ձևը և այն ներկայացնելու կարգը հնարավորինս պետք է պարզեցված լինեն և համապատասխանեն ներմուծող Կողմի պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը:

Լիցենզիայի տրամադրման մասին դիմում ներկայացնելիս ներմուծող Կողմի լիազորված պետական մարմինը կարող է պահանջել ներմուծող Կողմի պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը համապատասխան լիցենզիայի պատշաճ ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություն:

4. Սույն Արձանագրության պայմանները Կողմերից չեն պահանջում այնպիսի գաղտնի տեղեկության հրապարակում, որը հակասում է Կողմերի պետությունների ազգային շահերին կամ խախտում է տնտեսվարող սուբյեկտների առևտրական գաղտնիքի պաշտպանության օրինական իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

 

1. Ապրանքների ներմուծման ինքնաբերաբար լիցենզավորումը արտաքին առևտրային գործունեության կարգավորման վարչական միջոց է, որը չի հետապնդում Կողմերի պետությունների մաքսային տարածք ապրանքների ներմուծման քանակական սահմանափակման կամ թույլտվության կարգի կիրառման նպատակ:

Ապրանքների ներմուծման ինքնաբերաբար լիցենզավորումը կրում է պարտադիր բնույթ և իրականացվում է ցանկացած դեպքում: Լիցենզիայի ստացման հիմք են հանդիսանում շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված կարգով ներկայացված դիմումները և/կամ այլ փաստաթղթերը:

2. Ապրանքների ներմուծման ինքնաբերաբար լիցենզավորումը իրականացվում է հետևյալ սկզբունքների պահպանմամբ.

ա) ապրանքների ներմուծման լիցենզիայի ստացման ընթացակարգը պետք է լինի առավելագույնս պարզեցված. այնպես, որ չսահմանափակվի լիցենզավորվող ապրանքների ներմուծումը,

բ) անկախ սեփականության ձևից` Կողմերի բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք ներկայացրել են ապրանքների ներմուծման լիցենզիայի տրամադրման մասին դիմում և/կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր և կատարել են ներմուծող Կողմի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված բոլոր ձևականությունները, ունեն այդպիսի լիցենզիայի ստացման հավասար իրավունքներ,

գ) լիցենզիայի տրամադրման մասին դիմումը և/կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են տրվել ցանկացած աշխատանքային օր` մինչև ապրանքների մաքսային ձևակերպումը,

դ) լիցենզիան տրվում է հնարավորինս անհապաղ, ընդ որում, տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի, սահմանված պահանջներին համապատասխանող դիմումի և/կամ այլ փաստաթղթերի ստացման օրվանից հաշված 15 աշխատանքային օրը:

3. Ապրանքների ներմուծման ինքնաբերաբար լիցենզավորումը հանդիսանում է ժամանակավոր միջոց, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են դրա կիրառման համար հիմք հանդիսացող հանգամանքները:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

 

1. Քանակական սահմանափակումներ կամ թույլտվության կարգ հաստատելիս ներմուծման լիցենզավորումը արտաքին տնտեսական գործունեության կարգավորման վարչական միջոց է, որը կիրառվում է Կողմերի մաքսային տարածքներ որոշակի տեսակի ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումներ կամ թույլտվության կարգ սահմանելու դեպքում:

Քանակական սահմանափակումներ կամ թույլտվության կարգ սահմանելիս ներմուծման լիցենզավորման ընթացակարգն իրականացվում է սույն Արձանագրության 2-րդ հոդվածին, ինչպես նաև սույն հոդվածի 2-9-րդ կետերին համապատասխան և պետք է համարժեք լինի այն նպատակին, որի համար այն կիրառվում է:

2. Ներմուծման քանակական սահմանափակման նպատակ չհետապնդող լիցենզավորում կիրառելու դեպքում Կողմերին պետք է տրամադրվի այդպիսի լիցենզավորում կիրառելու պատճառը բացատրող տեղեկություն:

3. Որոշակի ապրանքի վաճառքով շահագրգռված Կողմի հարցումով հարցվող Կողմը տրամադրում է տեղեկություն.

ներմուծման սահմանափակումների կիրառման,

ներմուծվող ապրանքների ծավալի նշմամբ լիցենզիաների քանակի,

Կողմերի պետություններից ներմուծվող լիցենզավորվող ապրանքների արժեքի և/կամ ծավալի մասին վիճակագրական տվյալների վերաբերյալ:

4. Քանակական սահմանափակումներ սահմանելու նպատակով ապրանքների ներմուծման լիցենզավորում կիրառող Կողմը սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետներում հրապարակում է ապրանքների քանակը և/կամ արժեքը սահմանող քվոտաների (սահմանափակումների) ընդհանուր չափը, քվոտաների գործողության սկզբի և ավարտի ժամկետները և դրանց ցանկացած փոփոխությունները:

5. Արտահանող պետությունների միջև քվոտաների բաշխման դեպքում ներմուծման քանակական սահմանափակում կիրառող Կողմը անհապաղ տեղեկացնում է այլ շահագրգիռ Կողմերին սահմանվող քվոտայում արտահանող պետությունների բաժնեմասերի մասին և հրապարակում է այդ տեղեկությունը սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետներում:

6. Ներմուծող Կողմի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները կատարող Կողմերի տնտեսվարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ունեն լիցենզիայի տրամադրման մասին դիմումի ներկայացման և նման դիմումի քննարկման հավասար իրավունքներ: Եթե լիցենզիայի տրամադրումը մերժված է, ապա դիմողին հայտնվում է մերժման պատճառները: Դիմողն ունի այդպիսի որոշումը բողոքարկելու կամ վերանայելու իրավունք` ներմուծող Կողմի պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

7. Եթե դիմումները քննարկվում են ընդունման հերթականությամբ, ապա դիմումի քննարկման ժամկետը չպետք է գերազանցի դիմումի ստացման օրվանից 30 աշխատանքային օրը:

Եթե բոլոր դիմումները քննարկվում են միաժամանակ, ապա դիմումների քննարկման ժամկետը չպետք է գերազանցի դիմումների ընդունման հայտարարված ժամկետի ավարտից 60 աշխատանքային օրը:

8. Լիցենզիայի գործողության ժամկետը պետք է լինի բավարար, որպեսզի չխոչընդոտվի ներմուծումը, այդ թվում` հեռավոր աղբյուրներից, բացառությամբ հատուկ դեպքերի, երբ ներմուծումն իրականացվում է չնախատեսված կարճաժամկետ պահանջները բավարարելու համար:

9. Քվոտաները բաշխելիս լիցենզիայում նշվում է արտահանող պետությունը: Այդպիսի բաշխման բացակայության դեպքում լիցենզիայի սեփականատերերը ազատ են ներմուծման աղբյուրների ընտրության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՈՂՄԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Սույն Արձանագրության կատարման ընթացքի հսկումը և դրա կատարմանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդակցությունների անցկացումը իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեն:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

1. Լիցենզավորման ընթացակարգը սահմանող կամ այդ ընթացակարգում փոփոխություններ կատարող Կողմերը այդ մասին ծանուցում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե` համապատասխան տեղեկությունը հրապարակելուց 60 օրվա ընթացքում:

2. Ապրանքների ներմուծման լիցենզավորման կանոնների մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.

ինքնաբերաբար լիցենզավորման կամ քանակական սահմանափակումներ կամ թույլտվության կարգ սահմանելու նպատակով լիցենզավորման ենթակա ապրանքների ցանկը,

դիմումների և/կամ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար լիազորված պետական մարմնի անվանումը, ինչպես նաև տեղեկություն լիցենզավորման կանոնների մասին,

ազգային պաշտոնական պարբերականների ամսաթիվը և անվանումը, որոնցում հրապարակվում են ապրանքների ներմուծման լիցենզավորման կանոնները,

ապրանքների ներմուծման լիցենզավորում կիրառելու նպատակը,

լիցենզիաների գործողության ենթադրվող ժամկետը,

3. Լիցենզավորման կանոններում փոփոխություններ կատարելու մասին ծանուցումները պետք է ներառեն սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունները:

4. Կողմերը ծանուցում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե սույն Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունը պարունակող ազգային պաշտոնական պարբերականների մասին:

5. Կողմերը տեղեկացնում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե սույն Արձանագրությանը վերաբերող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների և դրանց կիրառման մասին: Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեն համակարգում է ստացված տեղեկությունը և ուղարկում է այն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Կողմերը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվա ընթացքում կձեռնարկեն սույն Արձանագրության իրագործման համար անհրաժեշտ միջոցներ, կուղարկեն Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտե լիցենզավորվող ապրանքների ցանկերը` սույն Արձանագրության 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան նշելով կիրառվող ռեժիմները և լիցենզավորման կանոնները:

2. Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեն Կողմերին աջակցում է ապրանքների ներմուծման լիցենզավորմանը վերաբերող հարցերով տեղեկության ստացման հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում երրորդ վավերագիրը ավանդապահին հանձնվելու օրվանից: Արձանագրությունն ավելի ուշ վավերացնող Կողմերի պետությունների համար այն ուժի մեջ է մտնում նրանց կողմից իրենց վավերագրերը ավանդապահին հանձնելու օրվանից:

2. Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգի համաձայն ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

3. Սույն Արձանագրության կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են խորհրդակցությունների միջոցով:

4. Սույն Արձանագրությունը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Արձանագրությունը ինքնաբերաբար երկարաձգվում է` յուրաքանչյուր անգամ հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չեն կայացնում:

5. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Արձանագրությունից, դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` նախապես կարգավորելով սույն Արձանագրությանը համապատասխան ծագած իր պարտավորությունները:

6. Սույն Արձանագրությունը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների կողմից միանալու համար` նման միանալու մասին համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

7. Սույն Արձանագրությանը վերապահումներ չեն թույլատրվում:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 30-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 16-ից:

 

 

pin
30.11.2000
Միջազգային պայմանագիր