Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 23...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 232-ՐԴ, 233-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ՎԲ-22/08

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

ՔԳՀ-22/08

Նախագահող դատավոր` Մ. Սիմոնյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի     

                                              Ս. Սարգսյանի

                   

                   քարտուղար                  Ք. Մարտիրոսյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով դիմող Ռոբերտ Սուքիասյանի բերած վճռաբեկ բողոքը գույքի վրա կալանք դնելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա. Զոհրաբյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունվարի 16-ի որոշումն ուժի մեջ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

2007 թվականի հոկտեմբերի 25-ին «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Լևոնի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կալանք է դրվել «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ հանրային սննդի սպասարկման գործունեություն իրականացնող օբյեկտների` Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/1, Խորենացու փողոցի թիվ 31/2, Խորենացու փողոցի թիվ 43, Թումանյան փողոցի թիվ 32, Իսահակյան փողոցի թիվ 12, «Օղակաձև զբոսայգի մեծ շատրվաններին կից» /Շալե/ և Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների հատման անկյունի /Քուին Բուրգեր/ տարածքներում գտնվող անշարժ գույքի վրա:

i

2007 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 7081/16 գրությամբ ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի քննիչը Ռոբերտ Սուքիասյանին հայտնել է, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի կարգով գույքի վրա կալանք դնելու մասին 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը կարող է բողոքարկել դատախազին:

2007 թվականի դեկտեմբերի 3-ին Ռոբերտ Սուքիասյանը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որով խնդրել է վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը:

2007 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 11-32-07 գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալը Ռոբերտ Սուքիասյանին հայտնել է, որ 2007 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված նրա դիմումը թողնվել է առանց քննության, քանի որ դիմումատուի ինքնությունը պարզելու, դիմումին կից ներկայացված լուսապատճեն փաստաթղթերի բնօրինակներն ուսումնասիրելու նպատակով Ռ. Սուքիասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն առանց որևէ պատճառաբանության նա չի ներկայացել:

3. 2008 թվականի հունվարի 8-ին Ռոբերտ Սուքիասյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել` պահանջելով վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժել է գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Ռոբերտ Սուքիասյանի բողոքը:

Դիմող Ռոբերտ Սուքիասյանի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ուժի մեջ է թողել գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ Ռոբերտ Սուքիասյանի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունվարի 16-ի որոշումը:

4. Դիմող Ռոբերտ Սուքիասյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով:

i

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի մարտի 20-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

5. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կալանք է դրվել «Պիցցա Դի Ռոմա» ՍՊԸ հանրային սննդի սպասարկման գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներում գտնվող անշարժ գույքի վրա:

ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի քննիչը 2007 թվականի նոյեմբերի 29-ին Ռոբերտ Սուքիասյանին գրություն է ուղարկել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի կարգով գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկել դատախազին:

2007 թվականի դեկտեմբերի 3-ին Ռոբերտ Սուքիասյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը վերացնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Դիմումատուի ինքնությունը պարզելու, դիմումին կից ներկայացված լուսապատճեն փաստաթղթերի բնօրինակներն ուսումնասիրելու նպատակով դիմող Ռ. Սուքիասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն նա առանց որևէ պատճառաբանության չի ներկայացել:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ռ. Սուքիասյանի դիմումը թողնվել է առանց քննության:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումներով:

i

Բողոք բերած անձը նշել է, որ դատարանի կողմից խախտվել են սեփականության իրավունքը պաշտպանող ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածների, 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի, անմեղության կանխավարկածի սկզբունքն ամրագրած ՀՀ Սահմանադրության 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների, գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ հոդվածների, քննիչի, դատախազի որոշումների և գործողությունների` դատարան բողոքարկելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջները:

7. Ելնելով վերոգրյալից` բողոք բերող անձը պահանջել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի փետրվարի 13-ի որոշումը` կայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի` գույքի վրա կալանք դնելու մասին 2007 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը վերացնելու մասին որոշում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, բեկանել ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատական ակտերը, և կայացնել նոր դատական ակտ հետևյալ պատճառաբանությամբ.

8. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ իրավունք:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավորված չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

i

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը սահմանում է, որ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է լուծել հետաքննության մարմնի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին:

Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության օբյեկտ են, իսկ նշված սուբյեկտների որոշումների և գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական վերահսկողության առարկա են:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտների` բողոքարկման ենթակա որոշումների ու գործողությունների շրջանակն ընդգրկում է ինչպես քննչական և դատավարական գործողություններն ու որոշումները, այնպես էլ բազմաթիվ ընթացակարգային ու քննության կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնք շատ դեպքերում նախնական քննության նկատմամբ դատախազական հսկողության օբյեկտ են: Այդ են վկայում ինչպես մինչդատական վարույթում նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները (բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին) լուծելու` դատախազի բացառիկ լիազորությունը, այնպես էլ նույն օրենսգրքի 237-րդ հոդվածով սահմանված գույքի վրա կալանք դնելու մասին որոշման բողոքարկումը դատախազին:

Այդ է պատճառը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական վերահսկողության կարգով բերված բողոքները չեն կարող միանգամից ներկայացվել դատարան: Նշված հոդվածում թվարկված սուբյեկտները պարտավոր են իրենց բողոքները ներկայացնել նման դատախազին, և եթե վերջինս չի բավարարում նրանց բողոքները, ապա բողոքարկման սուբյեկտները նոր միայն իրավունք են ձեռք բերում բողոք ներկայացնելու դատարան:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի բովանդակությունից հետևում է, որ դատախազի կողմից բողոքը չբավարարելու տակ օրենսդիրը նկատի ունի բողոքը մերժելը: Միաժամանակ` դատարան բողոք ներկայացնելու հիմք է նաև բողոքի վերաբերյալ դատախազից պատասխան չստանալը:

Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց որոշումների և գործողությունների դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան, եթե տեղեկություն է ստացվել դատախազի կողմից բողոքը մերժելու մասին կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել:

Վարույթի նյութերից երևում է, որ 2007 թվականի նոյեմբերի 6-ի ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի քննիչը կայացրել է գույքի վրա կալանք դնելու մասին որոշում և և Ռոբերտ Սուքիասյանին գրավոր հայտնել, որ այդ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի կարգով կարող է բողոքարկվել դատախազին: Ռ. Սուքիասյանը 2007 թվականի դեկտեմբերի 3-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը:

13. ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետի տեղակալի 2007 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 11-32-07 գրությամբ դիմողին հայտնել է, որ «ՀՀ գլխավոր դատախազին 2007 թվականի դեկտեմբերի 3-ին հասցեագրված Ձեր դիմումը թողնվել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ` դիմումատուի ինքնությունը պարզելու, դիմումին կից ներկայացված լուսապատճեն փաստաթղթերի բնօրինակներն ուսումնասիրելու նպատակով Դուք հրավիրվել եք ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն առանց որևէ պատճառաբանության չեք ներկայացել»:

Այսպիսով, Ռ. Սուքիասյանի կողմից դատախազին հասցեագրված դիմումը թողնվել է առանց քննության, որի մասին հայտնվել է դիմողին: Իսկ դա նշանակում է, որ բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված դատարան դիմելու իրավունք վերապահող այնպիսի հիմքերը, ինչպիսիք են բողոքը մերժելու մասին տեղեկություն ստանալը կամ դրա վերաբերյալ պատասխան չստանալը:

14. Անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը` դատախազի կողմից բողոքը մերժելու մասին տեղեկության բացակայության պայմաններում, երբ բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին գրավոր հայտնվել է դիմողին, ընդհանուր իրավասության դատարանն ըստ էության քննել է գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշման դեմ բերված դիմողի բողոքը և այն մերժել:

15. Իր հերթին վերաքննիչ դատարանը, ստուգելով ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջի խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է ուժի մեջ:

i

16. Դատավարական իրավունքի այդ խախտումը, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, վերը նշված դատական ակտերը բեկանելու հիմք է:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով անհրաժեշտ է կայացնել նոր դատական ակտ` մերժել վճռաբեկ բողոքը, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և առանց քննության թողնել դիմողի բողոքը, որը վերջինիս հնարավորություն կտա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանմամբ դատարան բողոքարկել քննիչի որոշումը:

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել, բեկանել գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնի քննիչի որոշման դեմ դիմող Ռ. Սուքիասյանի բերած բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունվարի 16-ի և այն ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի փետրվարի 13-ի որոշումները, և դիմողի բողոքը թողնել առանց քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N ՎԲ-22/08
Որոշում