Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-439 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                  2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2640/2008 թ.

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Վ. Թորոսյան

Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին

քննարկելով Ռոբերտ Ամիրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռոբերտ Ամիրյանի, Իռա Ամիրյանի ընդդեմ Ավետիք Ամիրյանի` տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորները խնդրել են անվավեր ճանաչել Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքված Երևանի Նորք-Մարաշ թիվ 115 տան առուվաճառքի պայմանագիրը և վերադարձնել գործարքով ստացածը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Ամիրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել վեճի առարկա պայմանագիրը և դրա կնքումից հետո կողմերի միջև ծագած հարաբերությունները: Մասնավորապես, գնահատման առարկա չի դարձրել Ավետիք Ամիրյանի կողմից 20.06.2003 թվականին տրված պարտավորագիրը, որից հետևում է, որ կողմերի միջև իրականում կնքվել է ոչ թե առուվաճառքի, այլ փոխառության պայմանագիր, իսկ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է փոխառությամբ տրված գումարի վերադարձելիություն ապահովելու համար:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1. Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքվել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 115 տան վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր:

2. Պարտավորագրով Ավետիք Ամիրյանը պարտավորվել է վեց ամսվա ընթացքում Նորք-Մարաշ 115 տան հետ ոչ մի գործարք չկատարել, Ավետիք Ամիրյանի կողմից տրված պարտքը մարելուց հետո բնակարանը անվանափոխել Ռոբերտ Ամիրյանի անունով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

i

(տե՛ս Ա. Եփրեմյան ընդդեմ Ն. Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին թիվ 3-132/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ չկան հիմքեր Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև 19.06.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Ավետիք Ամիրյանի կողմից 20.06.2003 թվականի տրված գրավոր պարտավորագիրը: Մասնավորապես, պարտավորագրով Ավետիք Ամիրյանը պարտավորվում է վեց ամսվա ընթացքում Նորք-Մարաշի 115 տան հետ ոչ մի գործարք չկատարել, իսկ Ավետիք Ամիրյանի կողմից տրված պարտքը մարելուց հետո բնակարանը անվանափոխել Ռոբերտ Ամիրյանի անունով:

Վերոնշյալ պարտավորագրից հետևում է, որ Ռոբերտ Ամիրյանի և Ավետիք Ամիրյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով նրանց միջև իրականում ծագել են այլ իրավահարաբերություններ, քան այն հարաբերությունները, որոնք կողմերը երրորդ անձանց ներկայացրել են առուվաճառքի պայմանագիրը կնքելիս: Մասնավորապես, առուվաճառքի պայմանագիրը Ավետիք Ամիրյանի համար հանդիսացել է երաշխիք հետագայում Ռոբերտ Ամիրյանին փոխառությամբ տրված գումարը հետ ստանալու համար, իսկ պարտավորագիրը վերջինիս համար հանդիսացել է երաշխիք հետագայում իրեն պատկանող տունը հետ վերադարձնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-439(ՎԴ)
Որոշում