ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-578 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1651
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վահան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ Անդրանիկ Այվազյանի հայցի ընդդեմ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` վարձակալության պայմանագիր կնքելուն հարկադրելու, վարձակալության պայմանագիրը և այդ պայմանագրի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անդրանիկ Այվազյանը պահանջել է հարկադրել Կազմակերպությանը իր հետ կնքել Գեղարքունիքի մարզի նախկին Կրասնոսելսկի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող 50,3 քմ ընդհանուր մակերես ունեցող տանը կից 1000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր և մասնակի անվավեր ճանաչել Կազմակերպության և Վահան Գրիգորյանի միջև 25.10.2007 թվականի թիվ 659-584 վարձակալության պայմանագիրը և այդ պայմանագրի պետական գրանցումը:
Տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2008 թվականի որոշմամբ Տնտեսական դատարանի 28.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի վայրի և ժամանակի մասին, որի հետևանքով նա չի կարողացել ծանոթանալ հայցադիմումին, ներկայացնել հայցադիմումի պատասխան, ապացույցներ և օգտվել հակընդդեմ հայց ներկայացնելու իր դատավարական իրավունքից:
Ավելին, Վերաքննիչ դատարանը անտեսել է գործում առկա Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքը, համաձայն որի` Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում, Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ. Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքը, ըստ որի` Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս:
Ինչ վերաբերում է 14.12.2007 թվականին ուղարկված ծանուցագրի ստացման թերթիկում առկա ստորագրությանը, ապա այն անհասկանալի է, և Վահան Գրիգորյանը այն չի ստացել և չի ստորագրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
2.1. Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը.
Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, քանի որ ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկվել է Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ հասցեով, որը նրա հասցեն է: Նամակը ծանուցագրով առաքվել է նույն հասցեով և հետ չի վերադարձվել: Ծանուցագիրը ստանալու մասին առկա է հասցեատիրոջ ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը և տարին:
Վահան Գրիգորյանը վճռաբեկ բողոքում իր բնակության հասցեն նույնպես նշել է Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ, այսինքն այն նույն հասցեն, որով դատարանը ծանուցել է նրան դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում (գ.թ. 102):
2. Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ. Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս (գ.թ. 109):
3. Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
i
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ (տես` «Հայկապ» բանկ ԲԲԸ-ն ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 2-2128 (Ա) գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):
i
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում:
Սույն գործում առկա` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի 07.01.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվում է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ Վահան Գրիգորյանը 20.06.2007 թվականից ծառայում է ՀՀ բանակում, Սևանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Տ. Աթայանի 17.01.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվում է, որ Վահան Գրիգորյանը 21.06.2007 թվականին Սևանի զինկոմիսարիատից զորակոչվել է թիվ 10724 զորամաս:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահան Գրիգորյանը, 21.06.2007 թվականից գտնվելով զինվորական ծառայության մեջ, չէր կարող ստանալ և ստորագրել Դատարանի կողմից 14.12.2007 թվականին ուղարկած ծանուցագիրը, ուստի նա պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Դատարանի կողմից 14.12.2007 թվականին ուղարկած ծանուցագրի վրա առկա ստորագրությունը վկայում է, որ Վահան Գրիգորյանը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան