Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԲԱԶՄԱԲՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-595 (ՎԴ)

    դատարանի որոշում                                          2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-175

Նախագահող դատավոր` Վ. Թորոսյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համեստ Վիրաբյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համեստ Վիրաբյանի ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի և Լիլիա Սահրադյանի` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Սոսեի 26 տան ամբողջ տանիքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, նշված տանիքի վրա շինարարություն իրականացնելու վերաբերյալ Արաբկիրի թաղապետարանի 10.10.2007 թվականի թիվ 16 թույլտվությունն անվավեր ճանաչելու և մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Համեստ Վիրաբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Սոսեի 26 տան ամբողջ տանիքի նկատմամբ, անվավեր ճանաչել տանիքում շինարարություն իրականացնելու վերաբերյալ Արաբկիրի թաղապետարանի 10.10.2007 թվականի թիվ 16 թույլտվությունը, ինչպես նաև պարտավորեցնել Լիլիա Սահրադյանին վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2008 թվականի որոշմամբ Համեստ Վիրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համեստ Վիրաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը, «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ և 192-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածներից բխում է, որ Երևանի Սոսեի փողոցի 26-րդ տունը բազմաբնակարան շենք է, և դրա տանիքը Համեստ Վիրաբյանի և Լիլիա Սահրադյանի ընդհանուր բաժնային սեփականությունն է: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ և 192-րդ հոդվածների համաձայն` այն պետք է տնօրինվեր միայն սեփականատերերի ընդհանուր համաձայնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ և 38-րդ հոդվածների համաձայն` Համեստ Վիրաբյանը պետք է ծանուցվեր և լսվեր Արաբկիրի թաղապետարանի կողմից շինարարական թույլտվություն տալուն ուղղված վարչական վարույթին, քանի որ նշված թույլտվությունը ուղղակիորեն վերաբերում է Համեստ Վիրաբյանի իրավունքներին:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն ապացույցը, որ վերոնշյալ բնակարանի տանիքի 1/5-րդ մասի սեփականատերերը, սկսած 1965 թվականից, իրենց գործողություններով հրաժարվել են իրենց պատկանող գույքից:

Ելնելով դրանից` Համեստ Վիրաբյանը հիմք է ունեցել համոզված լինելու, որ միանձնյա տիրապետում է տանիքը Լիլիա Սահրադյանի և նրա իրավահաջորդների համաձայնությամբ: Բացի այդ, հայցվորը միանձնյա մասնակցել է տանիքի կառավարմանը, հոգ տարել դրա սպասարկման համար` ինչպես իր սեփականի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Սոսեի փողոցի թիվ 26 տան սեփականատերն է Համեստ Վիրաբյանը, իսկ 24-26 տան սեփականատերը` Լիլիա Սահրադյանը:

2) Արաբկիրի թաղապետի կողմից Լիլիա Սահրադյանին 10.10.2007 թվականին տրվել է թիվ 16 շինարարական թույլտվությունը մեկ հարկի ավելացման և ներքին վերակառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Նույն օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ բազմաբնակարան շենքի պարտադիր վավերապայմաններն են.

1. մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք պատկանելը,

2. շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը սեփականատերերի միջև բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առանձնացնելու անհնարինությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով կողմերին սեփականության իրավունքով պատկանող շինությունը առանձնատուն է, որի մոտ բացակայում է բազմաբնակարան շենքի համար օրենքով նախատեսված պարտադիր վավերապայմանները, այն է` առանձնացման ոչ ենթակա ընդհանուր գույքը (մասնավորապես բացակայում է բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված տարածքը): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ և 224-րդ հոդվածները սույն գործով կիրառելի չեն:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հարցին` սահմանելով նշված հիմքով սեփականության իրավունքի ծագման պարտադիր վավերապայմանները (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման պարտադիր վավերապայմաններից է գույքը տիրապետելու բարեխղճությունը, համաձայն որի տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Մինչդեռ սույն գործում բացակայում են այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեն Համեստ Վիրաբյանի կողմից գույքի բարեխիղճ տիրապետման փաստը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N 3-595(ՎԴ)
Որոշում