Սեղմել Esc փակելու համար:
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

i

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բելգիայի Թագավորության, Դանիայի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության, Իռլանդիայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության, Հունաստանի Թագավորության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Նորվեգիայի Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունները,

նկատի ունենալով, որ, Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, Եվրոպայի խորհուրդը, անդամների ներկայացուցիչները և քարտուղարությունը անդամների տարածքներում օգտվում են իրենց գործառույթների կատարման համար անհրաժեշտ արտոնություններից և անձեռնմխելիություններից,

նկատի ունենալով, որ, վերոհիշյալ հոդվածի «բ» կետի համաձայն, Խորհրդի անդամները պարտավորվում են կնքել համաձայնագիր այդ կետի դրույթների լիարժեք իրականացման նպատակով,

նկատի ունենալով, որ, վերոհիշյալ հոդվածի «բ» կետի համաձայն, Նախարարների կոմիտեն որոշել է առաջարկել անդամների կառավարություններին ընդունել ներքոհիշյալ դրույթները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գլուխ 1
Կարգավիճակը, իրավունակությունը

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Եվրոպայի խորհուրդը իրավաբանական անձի կարգավիճակ ունի: Նա կարող է պայմանագրեր կնքել, ձեռք բերել և օտարել անշարժ և շարժական գույք, հանդես գալ դատարանում:

Այս նպատակով Գլխավոր քարտուղարը Խորհրդի անունից ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Գլխավոր քարտուղարը մշտապես համագործակցում է անդամների իրավասու մարմինների հետ` արդարադատությունն արդյունավետ իրականացնելու, ոստիկանական կանոնակարգերի կատարումն ապահովելու և սույն Համաձայնագրում նշված արտոնությունների, անձեռնմխելիությունների, ազատումների և հնարավորությունների չարաշահումը կանխելու նպատակով:

 

Գլուխ 2
Սեփականությունը, ֆոնդերը, ակտիվները

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Խորհուրդը, նրա սեփականությունը և ակտիվները, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են գտնվում, և ով է տիրապետում դրանք, օգտվում են անձեռնմխելիությունից իրավազորության նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Նախարարների կոմիտեն մասնավոր դեպքերում ակնհայտորեն հրաժարվում է այդ անձեռնմխելիությունից: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը չպետք է տարածվի վճիռների կատարման կամ սեփականության վրա կալանք դնելու վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Խորհրդի շինությունները և շենքերը անձեռնմխելի են: Նրա սեփականությունը և ակտիվները, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են գտնվում, և ով է դրանք տիրապետում, պետք է անձեռնմխելի լինեն խուզարկությունից, ռեկվիզիցիայից, բռնագրավումից, սեփականազրկումից կամ վարչական կամ դատական ներգործության այլ միջոցներից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Խորհրդի արխիվները և ընդհանրապես նրան պատկանող կամ նրա կողմից տիրապետվող բոլոր փաստաթղթերը անձեռնմխելի են, որտեղ էլ որ գտնվեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Խորհուրդը, սահմանափակված չլինելով ֆինանսական հսկողությամբ, կարգավորումներով կամ այլ տեսակի միակողմանի արգելքներով, կարող է.

ա) ունենալ ամեն տեսակի տարադրամ և պահել բանկային հաշիվներ ցանկացած արժույթով.

բ) ազատ տեղափոխել իր ֆոնդերը մի երկրից մյուս երկիր կամ որևէ երկրի սահմաններում, իր կողմից տնօրինվող յուրաքանչյուր տարադրամ փոխանակել այլ տարադրամի.

գ) վերոհիշյալ «ա» և «բ» կետերի հիման վրա իրեն վերապահված իրավունքներն իրականացնելիս Եվրոպայի խորհուրդը հաշվի կառնի ցանկացած անդամի կառավարության` իրեն ուղղվելիք բոլոր ներկայացումներն այնքանով, որքանով որ հնարավոր կգտնի ընթացք տալ դրանց` առանց վնասելու իր շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Խորհուրդը, նրա ակտիվները, եկամուտը և այլ սեփականությունն ազատվում են.

ա) բոլոր ուղղակի հարկերից: Այնուամենայնիվ, Խորհուրդը չի պահանջի ազատում այն հարկերից կամ տուրքերից, որոնք գանձվում են կենցաղային ծառայությունների մատուցման համար.

բ) բոլոր տեսակի մաքսատուրքերից, իր պաշտոնական օգտագործման համար ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումներից և արգելքներից: Ներմուծված ապրանքները չեն կարող վաճառվել այն երկրում, ուր ներմուծվել են, բացառությամբ անդամի կառավարության հետ համաձայնեցված դեպքերի.

գ) բոլոր տեսակի մաքսատուրքերից, արգելքներից ու սահմանափակումներից` իր հրապարակումները ներմուծելու և արտահանելու համար:

 

Գլուխ 3
Հաղորդումները

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Յուրաքանչյուր անդամ պետության տարածքում իրենց պաշտոնական հաղորդակցության համար Նախարարների կոմիտեն և Գլխավոր քարտուղարը օգտվում են ոչ պակաս բարենպաստ վերաբերմունքից, քան այն վերաբերմունքն է, որը այդ անդամի կողմից տրամադրվում է այլ պետության կառավարության դիվանագիտական առաքելությանը:

Նախարարների կոմիտեի և քարտուղարության պաշտոնական նամակագրությունը կամ այլ պաշտոնական հաղորդակցությունները չպետք է ենթարկվեն գրաքննության:

 

Գլուխ 4
Ներկայացուցիչները Նախարարների կոմիտեում

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Նախարարների կոմիտեում ներկայացուցիչները իրենց գործառույթների իրականացման ընթացքում և դեպի ժողովների վայրեր և ժողովների վայրերից ուղևորվելու ժամանակ օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից.

ա) անձեռնմխելիություն ձերբակալումից կամ կալանքից, իրենց անձնական ուղեբեռների առգրավումից, ինչպես նաև իրավազորությունից` պաշտոնական կարգավիճակով իրենց կողմից կատարված ցանկացած գործողության` ներառյալ ասվածի, գրվածի առնչությամբ.

բ) իրենց նյութերի և փաստաթղթերի անձեռնմխելիություն.

գ) իրավունք` օգտագործելու ծածկագրեր, ստանալ փաստաթղթեր կամ նամակագրություն սուրհանդակից կամ կնքված ճամպրուկներով.

դ) իրենց և իրենց ամուսինների համար ազատում ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրացիների համար նախատեսված գրանցումից այն պետությունում, ուր իրենք այցելել են կամ որով անցնում են իրենց պարտականությունները կատարելու համար.

ե) նույն հնարավորությունները տարադրամի նկատմամբ կամ դրա փոխանակման սահմանափակումների դեպքում, ինչպիսիք տրամադրվում են նույն կարգավիճակն ունեցող դիվանագիտական առաքելությունների անդամներին.

զ) նույն անձեռնմխելիությունը և հնարավորությունները իրենց անձնական ուղեբեռի համար, ինչպիսիք տրամադրված են դիվանագիտական առաքելությունների նույն կարգավիճակն ունեցող անդամներին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անդամ պետությունների ներկայացուցիչների խոսքի ազատությունը և պարտականությունները կատարելու ժամանակ նրանց անկախությունը ապահովելու նպատակով ներկայացուցիչների անձեռնմխելիությունը իրավազորությունից` նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելիս ասվածի կամ գրվածի և բոլոր գործողությունների առնչությամբ, շարունակվում է պահպանվել նույնիսկ տվյալ անձի լիազորությունների ավարտից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Արտոնությունները և անձեռնմխելիությունը անդամների ներկայացուցիչներին տրվում են ոչ թե անձնական շահի, այլ նրանց պարտականությունների անկախ իրականացումը Կոմիտեում երաշխավորելու համար: Հետևաբար անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հրաժարվել իր ներկայացուցչի անձեռնմխելիությունից յուրաքանչյուր այն դեպքում, երբ, այդ անդամ պետության կարծիքով, անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը: Սակայն նա կարող է հրաժարվել` առանց վնաս պատճառելու այն նպատակներին, որոնց համար դրանք տրվել են:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ա) 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվելու այն պետության իշխանությունների կողմից, որի քաղաքացին է կամ եղել է տվյալ ներկայացուցիչը:

բ) 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածների և 12-րդ հոդվածի «ա» ենթակետի իմաստով «ներկայացուցիչ» տերմինը ներառում է բոլոր ներկայացուցիչներին, նրանց տեղակալներին, խորհրդականներին, տեխնիկական փորձագետներին և պատվիրակության քարտուղարներին:

 

Գլուխ 5
Ներկայացուցիչները Խորհրդակցական վեհաժողովում

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Ոչ մի վարչական կամ այլ բնույթի սահմանափակում չի կարող կիրառվել Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչների և նրանց փոխարինողների ազատ տեղաշարժի նկատմամբ դեպի վեհաժողովի ժողովի վայր մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս:

Մաքսային և տարադրամի փոխանակման առումով ներկայացուցիչներին և նրանց փոխարինողներին`

ա) իրենց պետության կառավարության կողմից տրվում են նույն հնարավորությունները, ինչպիսիք տրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահման ժամանակավոր պաշտոնական առաքելության մեկնելիս.

բ) մյուս անդամների կառավարությունների կողմից տրվում են նույն հնարավորությունները, ինչպիսիք տրվում են ժամանակավոր պաշտոնական առաքելությամբ ժամանող օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչներին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները և նրանց փոխարինողները չեն կարող հարցաքննվել, ձերբակալվել կամ հետապնդվել իրենց գործառույթները իրականացնելու ընթացքում արտահայտած կարծիքի կամ քվեարկության համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Խորհրդակցական վեհաժողովի նստաշրջանների ընթացքում Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչները և նրանց փոխարինողները, լինեն խորհրդարանական, թե ոչ.

ա) իրենց պետության տարածքում օգտվում են իրենց երկրի խորհրդարանի անդամներին տրված անձեռնմխելիություններից.

բ) այլ անդամ պետության տարածքում օգտվում են անձեռնմխելիությունից կալանքի կամ դատական հետապնդման այլ միջոցներից:

Անձեռնմխելիությունը կիրառվում է նաև Խորհրդակցական վեհաժողովի ժողովի վայր մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս: Այն չի կիրառվում հանցանքի վայրում բռնվելու դեպքում և չի խոչընդոտում վեհաժողովին հրաժարվել որևէ ներկայացուցչի և փոխարինողի անձեռնմխելիությունից:

 

Գլուխ 6
Խորհրդի պաշտոնյաները

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Բացի ներքոհիշյալ 18-րդ հոդվածով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից, Գլխավոր քարտուղարը և Գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաև նրանց ամուսինները և անչափահաս երեխաները օգտվում են այն նույն արտոնություններից, անձեռնմխելիություններից, ազատումներից և հնարավորություններից, ինչպիսիք տրված են, միջազգային իրավունքին համապատասխան, դիվանագիտական բանագնացներին (դեսպանորդներին):

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Գլխավոր քարտուղարը կսահմանի այն պաշտոնյաների կատեգորիաները, որոնց նկատմամբ մասնակիորեն կամ ամբողջությամբ կկիրառվեն ներքոհիշյալ 18-րդ հոդվածի դրույթները: Նա այդ մասին կհաղորդի բոլոր անդամների կառավարություններին: Այդ կատեգորիաներում ընդգրկված պաշտոնյաների անունները պարբերաբար կհաղորդվեն անդամների կառավարություններին:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները.

ա) օգտվում են անձեռնմխելիությունից իրավազորության նկատմամբ` պաշտոնական կարգավիճակով և իրենց լիազորությունների սահմաններում իրենց կողմից կատարված գործողությունների, այդ թվում` իրենց ասածի կամ գրածի առումով.

բ) ազատվում են Եվրոպայի խորհրդի կողմից վճարված աշխատավարձերի կամ վարձատրությունների հարկումից.

գ) իրենք, ինչպես նաև իրենց ամուսինները և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները ենթակա չեն ներգաղթային սահմանափակումների և օտարերկրացիների գրանցման ընթացակարգերի.

դ) տարադրամի փոխանակման առումով օգտվում են այն նույն արտոնություններից, ինչպիսիք ունեն տվյալ կառավարության մոտ հավատարմագրված դիվանագիտական առաքելության նույն կարգավիճակն ունեցող ծառայողները.

ե) իրենք, իրենց ամուսինները և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները օգտվում են վերադարձի նույն հնարավորություններից, ինչպիսիք ունեն դիվանագիտական բանագնացները (դեսպանորդները) միջազգային ճգնաժամի ընթացքում.

զ) տվյալ պետությունում առաջին անգամ պաշտոնի անցնելու դեպքում օգտվում են անմաքս շարժական գույք և իրենց իրերը ներմուծելու և, իրենց պարտականությունները դադարեցնելու դեպքում, դրանք իրենց բնակության պետություն անմաքս վերարտահանելու իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Արտոնությունները, անձեռնմխելիությունները և հնարավորությունները պաշտոնյաներին տրվում են Խորհրդի շահերի համար և ոչ թե նրանց անձնական առավելության: Գլխավոր քարտուղարը կարող է և պետք է հրաժարվի որևէ պաշտոնյայի տրված անձեռնմխելիությունից բոլոր դեպքերում, երբ, իր կարծիքով, այդ անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության նորմալ իրականացմանը: Նա կարող է հրաժարվել այդ անձեռնմխելիությունից առանց խորհրդի շահերին վնաս պատճառելու: Գլխավոր քարտուղարի և նրա տեղակալի առնձեռնմխելիությունից հրաժարվելու մասին որոշում է կայացնում Նախարարների կոմիտեն:

 

Գլուխ 7
Լրացուցիչ համաձայնագրեր

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Խորհուրդը կարող է մեկ կամ մի քանի անդամների հետ կնքել լրացուցիչ համաձայնագրեր, այդ անդամի կամ անդամների առումով, սույն Գլխավոր համաձայնագրի դրույթները փոփոխելու նպատակով:

 

Գլուխ 8
Վեճերը

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Խորհրդի և մասնավոր անձանց միջև Խորհրդի համար կատարված մատակարարումների, աշխատանքների և անշարժ գույքի գնման հետ կապված ցանկացած վեճ ենթակա է վարչական արբիտրաժի, որի կարգը կսահմանվի Գլխավոր քարտուղարի կողմից և կհաստատվի Նախարարների կոմիտեի կողմից:

 

Գլուխ 9
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Համաձայնագիրը կվավերացվի: Վավերագրերը ի պահ կհանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի յոթ ստորագրողների կողմից վավերագրերն ի պահ հանձնվելու պահից:

Այնուամենայնիվ, մինչև սույն հոդվածի նախորդ պարբերության պայմաններով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ստորագրողները համաձայնում են, Խորհրդի պատշաճ գործունեության համար ցանկացած հետաձգումից խուսափելու նպատակով, այն կիրառել ժամանակավորապես ստորագրման պահից` իրենց համապատասխան սահմանադրական կանոններին համապատասխան:

Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճ լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Գլխավոր համաձայնագիրը:

Կատարված է Փարիզում 1949 թվականի սեպտեմբերի 2-ին` ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հավասարազոր տեքստերից բաղկացած մեկ բնօրինակից, որը կպահվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները կներկայացնի բոլոր ստորագրած պետություններին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
02.09.1949
Միջազգային պայմանագիր