Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ...

 

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ

 

i

Ներածություն

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, ստորագրելով սույն Խարտիան,

համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել առավել սերտ միասնության իր անդամների միջև, հատկապես ընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալների և սկզբունքների գիտակցման և պահպանման նպատակով,

համարելով, որ Եվրոպայի պատմական տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պահպանումը, որոնցից մի քանիսը վերջնական ոչնչացման վտանգի տակ են, նպաստում է Եվրոպայի մշակութային հարստության և ավանդույթների պահպանմանը և զարգացմանը,

համարելով, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվի գործածումը անձնական և հասարակական կյանքում մարդու անօտարելի իրավունքն է, համաձայն քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դաշնագրում ամրագրված սկզբունքներին և համաձայն Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիայի ոգուն,

հաշվի առնելով ԵԱՀԽ շրջանակներում իրականացված աշխատանքը, մասնավորապես 1975 թվականի Հելսինկիի Վերջնական ակտն ու 1990 թվականին Կոպենհագենի հանդիպման փաստաթուղթը,

շեշտելով մշակութային կապերի, ինչպես նաև բազմալեզվության կարևորությունը և համարելով, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պահպանումն ու նրանց ցուցաբերվող աջակցությունը պետք է չվնասեն պաշտոնական լեզուներին և չխոչընդոտեն դրանք սովորելու անհրաժեշտությանը,

գիտակցելով, որ Եվրոպայի տարբեր երկրներում և շրջաններում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պահպանումն ու զարգացումը կարևոր ավանդ են հանդիսանում Եվրոպայի կառուցման գործում, որն իր հերթին հիմնված է ժողովրդավարության սկզբունքների և մշակութային բազմազանության վրա` ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում,

հաշվի առնելով եվրոպական պետությունների տարբեր շրջաններում առկա առանձնահատուկ պայմանները և համապատասխան սովորույթները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Մաս 1

Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Սահմանումներ

 

Սույն Խարտիայի նպատակների համար`

ա/ «տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ» հասկացությունը վերաբերում է այն լեզուներին, որոնք`

i. ավանդական ձևով գործածվում են պետության տվյալ տարածքում այդ պետության քաղաքացիների կողմից, որոնք քանակապես ավելի փոքր խումբ են կազմում, քան տվյալ պետության բնակչության մնացած մասը, և

ii. տարբերվում են այդ պետության պաշտոնական լեզվից (լեզուներից) և չեն ընդգրկում ո՛չ պետության պաշտոնական լեզվի (լեզուների) բարբառները, ո՛չ էլ` միգրանտների լեզուները,

բ/ «տարածք, որտեղ գործածվում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուն» նշանակում է` այն աշխարհագրական շրջանը, որտեղ տվյալ լեզուն հանդես է գալիս իբրև արտահայտման միջոց մի շարք անձանց այնպիսի քանակի համար, որն արդարացնում է սույն Խարտիայում նախատեսված տարբեր պաշտպանողական և աջակցող միջոցների ընդունումը,

գ/ «ոչ տարածքային լեզուներ» նշանակում է` այն լեզուները, որոնք գործածվում են պետության քաղաքացիների կողմից և տարբերվում են տվյալ պետության բնակչության մնացած մասի կողմից գործածվող լեզվից կամ լեզուներից, բայց որոնք, չնայած գործածվում են այդ պետության տարածքում ավանդականորեն, չեն կարող նույնացվել այդ երկրի որևէ տարածքի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Պարտավորություններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կիրառել 2-րդ մասի կետերը իր տարածքում գործող բոլոր տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների նկատմամբ, որոնք համապատասխանում են 1-ին հոդվածի սահմանմանը:

2. 3-րդ հոդվածի համաձայն վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ սահմանված յուրաքանչյուր լեզվի առնչությամբ յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կիրառել Խարտիայի III մասի կետերից ընտրված ամենաքիչը 35 կետեր կամ ենթակետեր` ներառյալ առնվազն 3-ը, ընտրված 8-րդ և 12-րդ հոդվածներից, և 1-ական` յուրաքանչյուր 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ հոդվածներից:

 

ՀՈԴՎԱԾ 3

Գործնական պայմանավորվածություններ

 

1. Յուրաքանչյուր պայմանավորվող պետություն վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթղթում նշում է յուրաքանչյուր տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուն, կամ պաշտոնական լեզուն, որն ավելի քիչ է գործածվում իր տարածքի ամբողջ կամ որևէ մի մասում, որի նկատմամբ կկիրառվեն 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ընտրված կետերը:

2. Ցանկացած Կողմ հետագայում կարող է ծանուցել գլխավոր քարտուղարին, որ ինքը ընդունում է Խարտիայի որևէ այլ կետի դրույթներից բխող պարտավորությունները, որոնք դեռ նշված չեն վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթղթում, կամ` որ ինքը կկիրառի սույն հոդվածի 1-ին կետը այլ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների կամ այլ պաշտոնական լեզուների նկատմամբ, որոնք ավելի քիչ են գործածվում իր տարածքի ամբողջ կամ որևէ մի մասում:

3. Վերոհիշյալ կետում սահմանված պարտավորությունները կկազմեն վավերացման, ընդունման կամ հաստատման անբաժանելի մասը և, ծանուցման ժամկետից սկսած, կունենան միևնույն ուժը:

 

ՀՈԴՎԱԾ 4

Պահպանության գոյություն ունեցող ռեժիմները

 

1. Սույն Խարտիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից երաշխավորված որևէ իրավունքի սահմանափակում կամ ոտնահարում:

2. Սույն Խարտիայի կետերը չպետք է վնասեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների կարգավիճակին վերաբերող ավելի բարենպաստ կետերին կամ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավական ռեժիմին, որը կարող է գոյություն ունենալ Կողմերից որևէ մեկում կամ էլ առկա է երկկողմանի կամ բազմակողմանի միջազգային համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

Առկա պարտավորություններ

 

Սույն Խարտիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես այնպիսի գործունեությամբ զբաղվելու կամ այնպիսի գործունեություն ծավալելու իրավունք, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին կամ, միջազգային իրավունքի համաձայն, այլ պարտավորություններին` ներառյալ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը:

 

ՀՈԴՎԱԾ 6

Տեղեկատվություն

 

Կողմերը պարտավորվում են հետևել, որ շահագրգիռ մարմինները, կազմակերպությունները և անձինք տեղեկացվեն Խարտիայով սահմանված իրավունքների և պարտավորությունների մասին:

 

Մաս 2

2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հետապնդվող նպատակներն ու սկզբունքները

 

ՀՈԴՎԱԾ 7

Նպատակներ և սկզբունքներ

 

1. Որոշակի տարածքներում գործածվող տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների առնչությամբ և յուրաքանչյուր լեզվի կարգավիճակին համաձայն` Կողմերը կհիմնեն իրենց քաղաքականությունը, օրենսդրությունը և փորձառությունը հետևյալ նպատակների և սկզբունքների վրա.

ա/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ճանաչումը որպես մշակութային հարստության արտահայտություն,

բ/ տարածաշրջանային կամ փոքրամասնության յուրաքանչյուր լեզվի աշխարհագրական տարածքի ընդունումը` երաշխավորելու համար, որ առկա կամ նոր վարչական բաժանումները չեն խոչընդոտում տվյալ տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզվի զարգացմանը,

գ/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին աջակցելու համար վճռական գործողություններին դիմելու անհրաժեշտությունը` դրանք պաշտպանելու համար,

դ/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածման հեշտացումը և/կամ խրախուսումը բանավոր և գրավոր խոսքի մեջ, հասարակական կամ անձնական կյանքում,

ե/ սույն Խարտիայում ընդգրկված բնագավառներում կապերի պահպանումն ու զարգացումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ գործածող խմբերի և միանման կամ նույնանման ձևով լեզուն գործածող պետության այլ խմբերի միջև, ինչպես նաև մշակութային կապերի հաստատումը այդ պետության մյուս խմբերի միջև, որոնք գործածում են տարբեր լեզուներ,

զ/ համապատասխան մեթոդների և միջոցների ապահովումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների դասավանդման և ուսուցման համար` բոլոր համապատասխան փուլերում,

է/ պայմանների ապահովում, որոնք հնարավորություն կտան տվյալ տարածքում ապրող` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով չխոսողներին (որտեղ այդ լեզուն գործածվում է) ցանկության դեպքում սովորել այն,

ը/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսումնասիրման և հետազոտման խթանումը համալսարաններում կամ համարժեք ուսումնական հաստատություններում,

թ/ սույն Խարտիայում ընդգրկված բնագավառներում ազգամիջյան համապատասխան ձևերի փոխանակման խթանում` երկու կամ ավելի պետություններում միանման կամ նույնանման ձևով գործածվող տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների համար:

2. Կողմերը պարտավորվում են վերացնել (եթե դեռ չի արվել) ցանկացած չարդարացված տարբերություն, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք վերաբերում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվի գործածմանը և ուղղված են տվյալ լեզվի պահպանումն ու զարգացումը վնասելուն կամ վտանգելուն: Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների առնչությամբ հատուկ միջոցառումների ընդունումը, որը նպատակաուղղված է` աջակցելու իրավահավասարությանը այս լեզուները գործածողների և մնացած բնակչության միջև, կամ որը պատշաճորեն հաշվի է առնում նրանց հատուկ պայմանները, չի համարվի խտրականության ակտ ավելի լայնորեն գործածվող լեզուներ գործածողների նկատմամբ:

3. Կողմերը պարտավորվում են համապատասխան միջոցներով աջակցել փոխադարձ ըմբռնմանը երկրի բոլոր լեզվական խմբերի միջև և, մասնավորապես, իրենց երկրներում կրթության և ուսուցման նպատակների մեջ ներառել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների նկատմամբ հարգանքը, փոխըմբռնումը և հանդուրժողականությունը, ինչպես նաև խրախուսել զանգվածային լրատվամիջոցներին` հետապնդելու միևնույն նպատակները:

4. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների նկատմամբ իրենց քաղաքականությունը որոշելիս Կողմերը պետք է հաշվի առնեն այդ լեզուները գործածող խմբերի կարիքներն ու ցանկությունները: Անհրաժեշտության դեպքում նրանք խրախուսվում են` ստեղծելու մարմիններ` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին առնչվող բոլոր խնդիրների մասին իշխանություններին խորհուրդ տալու նպատակով:

5. Կողմերը պարտավորվում են, mutatis mutandis, կիրառել վերոհիշյալ 1-4-րդ կետերում թվարկված սկզբունքները ոչ տարածքային լեզուների նկատմամբ: Սակայն, քանի որ խոսքը այս լեզուների մասին է, սույն Խարտիան ուժի մեջ մտցնելու համար ձեռնարկվող միջոցառումների բնույթն ու գործունեության շրջանակը պետք է որոշվի ճկուն ձևով` հաշվի առնելով նաև տվյալ լեզուները գործածող խմբերի կարիքներն ու ցանկությունները և հարգելով նրանց սովորություններն ու առանձնահատկությունները:

 

Մաս 3

 

Հասարակական կյանքում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների

լեզուների գործածմանը ուղղված միջոցառումները` համաձայն 2-րդ հոդվածի

2-րդ կետում ընդգրկված պարտավորությունների

 

ՀՈԴՎԱԾ 8

Կրթություն

 

1. Կրթության կապակցությամբ այն տարածքներում, որտեղ այսպիսի լեզուները գործածվում են` համաձայն յուրաքանչյուր լեզվի կարգավիճակին և առանց վնասելու պետության պաշտոնական լեզվի կամ լեզուների ուսուցմանը, Կողմերը պարտավորվում են.

ա/ i. մատչելի դարձնել նախադպրոցական կրթությունը` համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. մատչելի դարձնել նախադպրոցական կրթության հիմնական մասը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուներով,

iii. կիրառել վերոհիշյալ i և ii կետերում նշված նախաձեռնված միջոցառումներից որևէ մեկը առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնց ընտանիքները այդպիսի խնդրանք են ներկայացրել, և որոնց քանակը համարվում է բավարար, կամ

iv. եթե պետական մարմինները նախադպրոցական կրթության բնագավառում չունեն անմիջական իրավասություն` աջակցելու i-iii կետերում նշված միջոցառումների կիրառմանը և/կամ խրախուսելու այն,

բ/ i. մատչելի դարձնել տարրական կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

ii. մատչելի դարձնել տարրական կրթության հիմնական մասը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

iii. տարրական կրթության շրջանակներում ապահովել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսուցանումը որպես ուսումնական պլանի անբաժանելի մաս, կամ

iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև iii միջոցներից մեկը առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնց ընտանիքները այդպիսի խնդրանք են ներկայացրել, և որոնց քանակը համարվում է բավարար,

գ/ i. մատչելի դարձնել միջնակարգ կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. մատչելի դարձնել միջնակարգ կրթության հիմնական մասը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

iii. միջնակարգ կրթության շրջանակներում ապահովել համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսուցանումը որպես ուսումնական պլանի անբաժանելի մաս, կամ

iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև iii միջոցներից մեկը առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնք (կամ, հնարավորության դեպքում, որոնց ընտանիքները) այդպես են ցանկանում, և որոնց թիվը համարվում է բավարար,

դ/ i. մատչելի դարձնել տեխնիկական և մասնագիտական կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. մատչելի դարձնել տեխնիկական և մասնագիտական կրթության հիմնական մասը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

iii. տեխնիկական և մասնագիտական կրթության շրջանակներում ապահովել համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսուցանումը որպես ուսումնական պլանի անբաժանելի մաս, կամ

iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև iii միջոցներից մեկը առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնք (կամ, հնարավորության դեպքում, որոնց ընտանիքները) այդպես են ցանկանում, և որոնց թիվը համարվում է բավարար,

ե/ i. մատչելի դարձնել համալսարանական կամ այլ բարձրագույն կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. ստեղծել հնարավորություններ` ուսուցանելու այդ լեզուները որպես համալսարանական և այլ բարձրագույն կրթական հաստատությունների ուսուցանվող առարկաներ, կամ

iii. բարձրագույն կրթական հաստատությունների կապակցությամբ, եթե պետության ստանձնած դերի պատճառով i և ii ենթակետերը չեն կարող կիրառվել, ապա աջակցել և/կամ թույլ տալ համալսարանի կամ բարձրագույն կրթական այլ ձևերի տրամադրումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով կամ հնարավորությունների տրամադրումը այս լեզուների ուսուցման համար` որպես համալսարանական կամ բարձրագույն կրթական հաստատությունների առարկաներ,

զ/ i. կազմակերպել չափահասների կամ շարունակական կրթության դասընթացներ, որոնք հիմնականում կամ ամբողջովին ուսուցանվում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. առաջարկել նման լեզուներ` որպես չափահասների կամ շարունակական կրթության առարկաներ, կամ

iii. եթե պետական մարմինները չունենան անմիջական իրավասություն չափահասների կրթության ոլորտում, ապա աջակցել նշված լեզուների առաջարկմանը կամ խրախուսել դրանց` որպես շարունակական կրթության առարկաների,

է/ ձեռնարկել միջոցառումներ` երաշխավորելու համար պատմության և մշակույթի ուսուցումը տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներով,

ը/ ապահովել ուսուցիչների հիմնական և հետագա վերապատրաստումը` Կողմի կողմից ընդունված «ա»-ից մինչև «է» կետերը իրականացնելու նպատակով,

i. հիմնել վերահսկող մարմին կամ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով ուսուցման հաստատմանը կամ զարգացմանը ուղղված` ձեռնարկված միջոցների և ձեռք բերված առաջընթացի վերահսկման համար և իրենց հայտնաբերումների մասին պարբերական հաշվետվությունների պատրաստման համար, որոնք կներկայացվեն հասարակությանը:

2. Կրթության կապակցությամբ և տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները ավանդաբար օգտագործող տարածքներից բացի այլ տարածքների առնչությամբ Կողմերը պարտավորվում են (եթե տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները գործածողների թիվը արդարացված է) թույլ տալ, աջակցել կամ ապահովել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվի կամ լեզվով ուսուցանումը կրթության բոլոր համապատասխան փուլերում:

 

ՀՈԴՎԱԾ 9

Դատական մարմիններ

 

1. Այն դատական տարածքների առնչությամբ, որտեղ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակիչների թիվը համապատասխանում է ներքոնշյալ միջոցառումներին` համաձայն այս լեզուներից յուրաքանչյուրի դերի, և այն պայմանով, որ սույն կետով տրամադրված հնարավորությունների օգտագործումը դատավորի կողմից չի համարվում պատշաճ արդարադատության իրականացմանը խոչընդոտող, Կողմերը պարտավորվում են`

ա/ քրեական գործերում`

i. ապահովել, որ Կողմերից մեկի հարցման դեպքում դատարանները վարեն գործը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, և/կամ

ii. երաշխավորել մեղադրյալին, որ նա իրավունք կունենա գործածելու իր տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուն, և/կամ

iii. ապահովել, որ հարցումները և ապացույցները (գրավոր թե բանավոր) չպետք է բացառապես անընդունելի համարվեն, որովհետև դրանք ձևակերպվել են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, և/կամ

iv. հարցման հիման վրա` իրավական գործերի հետ կապված փաստաթղթեր տրամադրել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, եթե անհրաժեշտ է, թարգմանիչների և թարգմանությունների միջոցով` չներառելով լրացուցիչ ծախսեր շահագրգիռ անձանց համար,

բ/ քաղաքացիական գործերում`

i. ապահովել, որ Կողմերից մեկի հարցման դեպքում դատարանները գործը վարեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, կամ

ii. թույլատրել, որ դատարանի առաջ կանգնելու դեպքում կողմը խոսի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով` առանց դրա համար լրացուցիչ ծախսեր կրելու, և/կամ

iii. թույլատրել, որ փաստաթղթերը և վկայությունները տպվեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, անհրաժեշտության դեպքում` թարգմանիչների և թարգմանությունների օգնությամբ,

գ/ դատարաններում վարչական գործերի վերաբերյալ դատական գործերում`

i. ապահովել, որ Կողմերից մեկի հարցման դեպքում դատավորները դատը վարեն տվյալ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով,

ii. թույլատրել, որ դատարանի առաջ կանգնելու դեպքում կողմը խոսի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով` առանց դրա համար լրացուցիչ ծախսեր կրելու, և/կամ

iii. թույլատրել, որ փաստաթղթերը և վկայությունները տրամադրվեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, անհրաժեշտության դեպքում` թարգմանիչների և թարգմանությունների օգնությամբ,

դ/ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որ վերոհիշյալ «բ» և «գ» կետերի i և iii ենթակետերի կիրառումը և անհրաժեշտության դեպքում թարգմանությունների ու թարգմանիչների օգնության դիմելը չի ներառի հավելյալ ծախսեր շահագրգիռ անձանց համար:

2. Կողմերը պարտավորվում են`

ա/ չմերժել իրավական փաստաթղթերի վավերականությունը (որոնք կազմվել են տվյալ երկրում) միայն այն պատճառով, որ դրանք կազմված են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով,

բ/ չմերժել կողմերի միջև իրավական փաստաթղթերի վավերականությունը (որոնք կազմվել են տվյալ երկրում) միայն այն պատճառով, որ դրանք կազմված են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, և ապահովել, որ նրանք ի վիճակի լինեն շահագրգիռ 3-րդ կողմերի օգնությանը դիմելու, որոնք չեն հանդիսանում տվյալ լեզուն օգտագործողներ, այն պայմանով, որ փաստաթղթերի բովանդակությունը նրանց կմեկնաբանվի դրանք վկայակոչող անձի (անձանց) կողմից, կամ

գ/ չմերժել կողմերի միջև իրավական փաստաթղթերի վավերականությունը (որոնք կազմվել են տվյալ երկրում) միայն այն պատճառով, որ դրանք կազմված են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով:

3. Կողմերը պարտավորվում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով մատչելի դարձնել ազգային օրենքով սահմանված ամենակարևոր տեքստերը. հատկապես այն տեքստերը, որոնք վերաբերում են այս լեզուներով խոսողներին (եթե նրանք այլ կերպ չեն սահմանում):

 

ՀՈԴՎԱԾ 10

Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ

 

1. Պետության վարչական տարածքների ներսում, որտեղ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության քանակը արդարացնում է ներքոնշյալ միջոցները, և, համաձայն յուրաքանչյուր լեզվի վիճակի, Կողմերը հնարավորության սահմաններում պարտավորվում են.

ա/ i. երաշխավորել, որ վարչական մարմինները կգործածեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները, կամ

ii. երաշխավորել, որ հասարակության հետ հարաբերություն ունեցող պետական ծառայողները, իրենց դիմող տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող անձանց հետ փոխհարաբերության մեջ մտնելով, կխոսեն նույն լեզվով, կամ

iii. երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողները կկարողանան բանավոր կամ գրավոր հայտեր ներկայացնել և ստանալ պատասխանը այդ լեզուներով, կամ

iv. երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողները կկարողանան գրավոր կամ բանավոր հայտեր ներկայացնել այդ լեզուներով, կամ

v. երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողները իրավասու կլինեն փաստաթղթեր ներկայացնել այդ լեզուներով,

բ/ լայնորեն կիրառվող վարչական տեքստերը և ձևերը մատչելի դարձնել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության համար կամ ներկայացնել դրանք երկլեզու տարբերակներով,

գ/ թույլատրել վարչական մարմիններին` փաստաթղթեր կազմել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով:

2. Տեղական և մարզային մարմինների առնչությամբ, որոնց տարածքում բնակվող` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության քանակը արդարացնում է ներքոնշյալ միջոցները, Կողմերը պարտավորվում են թույլատրել և/կամ խրախուսել.

ա/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը մարզային կամ տեղական իշխանությունների սահմաններում,

բ/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողներին հնարավորություն տալ գրավոր կամ բանավոր կերպով հայտ ներկայացնել այդ լեզուներով,

գ/ մարզային իշխանությունների կողմից իրենց պաշտոնական փաստաթղթերի հրատարակումը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

դ/ տեղական իշխանությունների կողմից իրենց պաշտոնական փաստաթղթերի հրատարակումը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

ե/ մարզային իշխանությունների կողմից տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածումը իրենց ժողովների ընթացքում (քննարկումների ժամանակ), սակայն առանց բացառելու պետության պաշտոնապես ընդունված լեզվի (լեզուների) գործածումը,

զ/ տեղական իշխանությունների կողմից տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածումը իրենց ժողովների ընթացքում (քննարկումների ժամանակ), սակայն առանց բացառելու պետության պաշտոնապես ընդունված լեզվի (լեզուների) գործածումը,

է/ անհրաժեշտության դեպքում` տեղանունների ճշգրիտ կամ ավանդական ձևերի կիրառումը կամ ընդունումը տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներով` պաշտոնական լեզվով (լեզուներով) ընդունված անունների հետ միասին:

3. Վարչական մարմինների կամ նրանց անունից գործող այլ անձանց պետական ծառայությունների առնչությամբ այն տարածքում, որտեղ գործածվում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները և համաձայն յուրաքանչյուր լեզվի դիրքի, Կողմերը հնարավորության սահմաններում պարտավորվում են.

ա/ երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կօգտագործվեն ծառայությունների մատուցման ժամանակ, կամ

բ/ թույլատրել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողներին` հարցում ներկայացնել և ստանալ պատասխանը այդ լեզուներով, կամ

գ/ թույլատրել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողներին հարցում ներկայացնել այդ լեզուներով:

4. Կողմերի կողմից ընդունված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներն ուժի մեջ մտցնելու համար նրանք պարտավորվում են ձեռնարկել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

ա/ գրավոր կամ բանավոր թարգմանություններ` ըստ պահանջի,

բ/ հավաքագրել և անհրաժեշտության դեպքում ուսուցանել պահանջվող պաշտոնյաներին և այլ պետական ծառայողներին,

գ/ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին տիրապետող պետական ծառայողների կողմից հնարավորության սահմաններում բավարարել հարցումներն այն տարածքում, որտեղ տվյալ լեզուն գործածվում է:

5. Համապատասխան հարցում ստանալու դեպքում Կողմերը պարտավորվում են թույլ տալ ազգանունների ընդունումը կամ օգտագործումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

Լրատվամիջոցներ

 

1. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները գործածողների համար այն տարածքում, որտեղ տվյալ լեզուները գործածվում են, յուրաքանչյուր լեզվի դիրքին համաձայն և այնքանով, որքանով պետական մարմինները ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրավասու են, լիազորություն ունեն կամ որևէ դեր են խաղում այս ոլորտում, և հարգելով լրատվամիջոցների անկախության և ինքնավարության սկզբունքը, Կողմերը պարտավորվում են`

ա/ այնքանով, որքանով ռադիոն և հեռուստատեսությունը կատարում են հասարակական ծառայության առաքելություն`

i. երաշխավորել ամենաքիչը մեկ ռադիոկայանի և մեկ հեռուստաալիքի ստեղծումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. աջակցել և/կամ հեշտացնել ամենաքիչը մեկ ռադիոկայանի և մեկ հեռուստաալիքի ստեղծումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

iii. ապահովել համապատասխան որոշումներ, որպեսզի հաղորդավարները առաջարկեն ծրագրեր տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

բ/ i. աջակցել և/կամ հեշտացնել ամենաքիչը մեկ ռադիոկայանի ստեղծումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. աջակցել և/կամ հեշտացնել ռադիոծրագրերի կանոնավոր հեռարձակումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

գ/ i. աջակցել և/կամ հեշտացնել ամենաքիչը մեկ հեռուստաալիքի ստեղծումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. աջակցել և/կամ հեշտացնել կանոնավոր հեռուստածրագրերի հեռարձակումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

դ/ աջակցել և/կամ հեշտացնել տեսողական և տեսալսողական աշխատանքների արտադրությունը և տարածումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

ե/ i. աջակցել և/կամ հեշտացնել ամենաքիչը մեկ թերթի ստեղծումը և/կամ պահպանումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ

ii. աջակցել և/կամ հեշտացնել թերթերի հոդվածների կանոնավոր հրատարակումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով,

զ/ i. ծածկել այն լրատվամիջոցների հավելյալ ծախսերը, որոնք օգտագործում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուն, չնայած որ օրենքը սովորաբար ապահովում է ֆինանսական աջակցություն տվյալ լրատվամիջոցներին, կամ

ii. կիրառել գոյություն ունեցող միջոցները տեսալսողական արտադրանքների ֆինանսական աջակցության համար տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով.

է/ աջակցել այն լրագրողների և լրատվամիջոցների այլ անձնակազմերի ուսուցմանը, որոնք գործածում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները:

2. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակումների անմիջական ստացման ազատությունը հարևան երկրներից այն լեզվով, որը օգտագործվում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվին համարժեք կամ նույնական լեզվով, և չհակառակվել տվյալ լեզվով ռադիո և հեռուստատեսային հաղորդումների վերահաղորդումներին հարևան երկրներից:

Այսուհետև նրանք պարտավորվում են երաշխավորել, որ ոչ մի սահմանափակում չի լինի գրավոր մամուլում խոսքի ազատության և տեղեկատվության ազատ շրջանառության հետ կապված` այն լեզվով, որը գործածվում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվին համարժեք կամ նույնական ձևով:

Վերոհիշյալ ազատությունների իրականացումը (երբ այն իրականացվում է պատասխանատվությամբ և պարտավորություններով) կարող է ենթակա լինել նման ձևականությունների, պայմանների, սահմանափակումների կամ տուգանքների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության, անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության և բարքերի պաշտպանության, այլոց համբավի կամ իրավունքների պաշտպանության, գաղտնի տեղեկության արտահոսքի կանխման կամ դատավորների հեղինակության և անկողմնակալության պահպանման նպատակով:

3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները գործածողների շահերը ներկայացված են կամ հաշվի են առնվում օրենքի համաձայն ստեղծված մարմինների կողմից, որոնք պատասխանատվություն են կրում լրատվամիջոցների` ազատության և բազմակարծության երաշխավորման համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

Մշակութային գործունեություն և հնարավորություններ

 

1. Այն տարածքում, որտեղ նման լեզուները գործածվում են, և այնքանով, որքանով պետական մարմինները իրավասու են, լիազորություն ունեն կամ որևէ դեր են խաղում այդ բնագավառում, հատկապես գրադարանների, տեսագրադարանների, մշակութային կենտրոնների, թանգարանների, արխիվների, ակադեմիաների, թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև գրական աշխատությունների և կինոնկարների արտադրության, մայրենի լեզվով մշակութային գործունեության, փառատոների և մշակութային արդյունաբերությունների, ներառյալ, inter alia, նոր տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ, Կողմերը պարտավորվում են`

ա/ խրախուսել արտահայտման ձևերին և նախաձեռնություններին, որոնք բնորոշ են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին, ինչպես նաև զարգացնել տարբեր միջոցներ` այդ լեզուներով արտադրվող աշխատանքները մատչելի դարձնելու համար,

բ/ զարգացնել այլ լեզուներով տարբեր միջոցներ` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով ստեղծագործությունները մատչելի դարձնելու համար` աջակցելով և զարգացնելով թարգմանչական գործը, ֆիլմերի կրկնօրինակումը, հետհամաժամանակացումը և ենթավերնագրերի հետ կապված գործունեությունը,

գ/ խթանել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով ստեղծագործությունների մատչելիությունը` աջակցելով և զարգացնելով թարգմանչական գործը, ֆիլմերի կրկնօրինակումները, հետհամաժամանակացումը և ենթավերնագրերի հետ կապված գործունեությունը,

դ/ երաշխավորել, որ տարբեր տեսակի մշակութային գործունեության կազմակերպման և աջակցման համար պատասխանատու մարմինները համապատասխան թույլտվություն կտան, որպեսզի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների և մշակույթի գիտենալը և գործածումը միավորվեն այն նախաձեռնություններին, որոնք ձեռնարկվում են նրանց կողմից, կամ որոնց համար նրանք աջակցություն են տրամադրում,

ե/ ձեռնարկել միջոցներ` երաշխավորելու, որ մշակութային գործունեությունների կազմակերպման համար պատասխանատու կամ նրանց աջակցող մարմինները իրենց տրամադրության տակ կունենան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին, ինչպես նաև մնացած բնակչության լեզվին (լեզուներին) տիրապետող անձնակազմ,

զ/ աջակցել տվյալ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուն գործածողների ներկայացուցիչների ուղղակի մասնակցությունը մշակութային գործունեության իրականացման և պլանավորման գործում,

է/ խթանել և/կամ հեշտացնել այն մարմնի կամ մարմինների ստեղծումը, որոնք պատասխանատու կլինեն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով արտադրված աշխատանքների հավաքման, կրկնօրինակման, ներկայացման կամ հրապարակման համար,

ը/ անհրաժեշտության դեպքում ստեղծել և/կամ խթանել ու ֆինանսավորել թարգմանչական և տերմինաբանական հետազոտական ծառայությունները, մասնավորապես, յուրաքանչյուր տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվում վարչական, առևտրական, տնտեսական, հասարակական, տեխնիկական կամ իրավական տերմինաբանության պահպանման և զարգացման նկատառումով:

2. Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուները ավանդականորեն գործածող տարածքներից տարբեր տարածքների առնչությամբ Կողմերը պարտավորվում են թույլ տալ, աջակցել և/կամ ապահովել համապատասխան մշակութային գործունեություն և հնարավորություններ, նախորդ կետի համաձայն, եթե տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուն գործածողների թիվը բավարար է:

3. Իրենց մշակութային քաղաքականությունը արտասահմանում վարելու նպատակով Կողմերը պարտավորվում են ապահովել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները և նրանցով արտահայտված մշակույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

Տնտեսական և հասարակական կյանք

 

1. Տնտեսական և հասարակական գործունեության բնագավառում ամբողջ երկրի տարածքում Կողմերը պարտավորվում են.

ա/ իրենց օրենսդրությունից հանել որևէ կետ, որն առանց արդարացվող պատճառների արգելում կամ սահմանափակում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվի օգտագործումը տնտեսական կամ հասարակական կյանքին վերաբերող փաստաթղթերում, մասնավորապես` աշխատանքի ընդունման պայմանագրերում և տեխնիկական փաստաթղթերում, ինչպիսիք են հրահանգները ապրանքների կամ սարքավորումների օգտագործման համար,

բ/ արգելել ընկերությունների ներքին կանոնակարգերում և մասնավոր փաստաթղթերում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը (առնվազն նույն լեզուն գործածողների մոտ) չընդունող կամ սահմանափակող որևէ կետ մտցնելը,

գ/ ընդդիմանալ տնտեսական կամ հասարակական գործունեության հետ կապված` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործմանը խոչընդոտող պրակտիկային,

դ/ հեշտացնել և/կամ աջակցել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործմանը վերոնշյալ ենթակետերում սահմանված միջոցներից բացի այլ միջոցներով:

2. Տնտեսական և հասարակական գործունեության առնչությամբ, այնքանով, որքանով պետական մարմինները իրավասու են, տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները օգտագործող տարածքում հնարավորության դեպքում Կողմերը պարտավորվում են.

ա/ իրենց ֆինանսական և բանկային կանոնակարգերում ներառել այնպիսի դրույթներ, որոնք առևտրական աշխատանքի հետ համատեղելի ընթացակարգային մեթոդներով թույլ են տալիս տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը վճարման ձևերի (չեկեր) կամ այլ ֆինանսական փաստաթղթերի կազմման ժամանակ, կամ, հնարավորության դեպքում, երաշխավորել նման դրույթների իրականացումը,

բ/ տնտեսական և հասարակական հատվածներում իրենց անմիջական (պետական հատված) հսկողության տակ կազմակերպել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը խթանող գործունեությունները,

գ/ երաշխավորել, որ հասարակական խնամքի հիմնարկությունները (ինչպիսիք են հիվանդանոցները, ծերանոցները, հանրակացարանները) հնարավորություն կտան ընդունել և խնամել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող անձանց, որոնք խնամքի կարիք ունեն վատառողջության, ծերության կամ այլ պատճառներով,

դ/ համապատասխան միջոցներով երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով նույնպես կկազմվեն անվտանգության հրահանգներ,

ե/ մատչելի դարձնել իրավասու պետական մարմինների կողմից սպառողների իրավունքների վերաբերյալ տրված տեղեկությունը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 14

Միջսահմանային փոխանակումներ

 

Կողմերը պարտավորվում են`

ա/ կիրառել գոյություն ունեցող երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրեր, որոնք իրենց կկապեն այն պետությունների հետ, որտեղ այդ լեզուն գործածվում է նույնատիպ և նույնական ձևով, կամ, եթե անհրաժեշտ է, կնքել նման համաձայնագրեր` այդ պետություններում միևնույն լեզվով խոսողների միջև կապերի հաստատմանը նպաստելու նպատակով` մշակութային, կրթական, տեղեկատվական, մասնագիտական ուսուցման և մշտական կրթության բնագավառներում,

բ/ ի շահ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների` հեշտացնել և/կամ խթանել միջսահմանային համագործակցությունը, մասնավորապես, մարզային կամ տեղական իշխանությունների միջև, որոնց տարածքում գործում է միևնույն լեզուն նմանատիպ կամ նույնական ձևով:

 

Մաս 4

Խարտիայի կիրառությունը

 

ՀՈԴՎԱԾ 15

Պարբերական զեկույցներ

 

1. Կողմերը պետք է Նախարարների կոմիտեի կողմից սահմանված կարգով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին պարբերաբար զեկույցներ ներկայացնեն սույն Խարտիայի II մասի համաձայն իրենց վարած քաղաքականության և այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են նրանց կողմից ընդունված III մասի դրույթների կիրառման համար: Առաջին զեկույցը պետք է ներկայացվի շահագրգիռ Կողմի նկատմամբ Խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում, մյուս զեկույցները` առաջին զեկույցից հետո` 3 տարին մեկ:

2. Կողմերը պետք է հրապարակեն իրենց զեկույցները:

 

ՀՈԴՎԱԾ 16

Զեկույցների քննում

 

1. 15-րդ հոդվածի համաձայն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցները պետք է քննվեն 17-րդ հոդվածի համաձայն հաստատված փորձագետների կոմիտեի կողմից:

2. Որևէ Կողմում օրինականորեն հաստատված մարմինները կամ ընկերակցությունները կարող են փորձագետների կոմիտեի ուշադրությունը հրավիրել սույն Խարտիայի III մասի համաձայն տվյալ Կողմի նախաձեռնած պարտավորությունների հետ կապված հարցերի վրա: Շահագրգիռ Կողմի հետ խորհրդակցելուց հետո փորձագետների կոմիտեն կարող է ներքոնշյալ երրորդ կետում սահմանված զեկույցը կազմելիս հաշվի առնել այդ տեղեկությունները: Այս մարմինները կամ ընկերակցությունները կարող են հաշվետվություններ ներկայացնել II մասի համաձայն Կողմի վարած քաղաքականության վերաբերյալ:

3. Առաջին կետում նշված զեկույցների և 2-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա փորձագետների կոմիտեն պետք է պատրաստի հաշվետվություն Նախարարների կոմիտեի համար: Զեկույցը կուղեկցվի մեկնաբանություններով, որոնք պետք է կատարեն Կողմերը, և որոնք կարող են հրապարակվել Նախարարների կոմիտեի կողմից:

4. 3-րդ կետում նշված զեկույցը պետք է մանրամասնորեն պարունակի փորձագետների կոմիտեի կողմից Նախարարների կոմիտեին ուղղված առաջարկությունները` վերջինիս կողմից մեկ կամ մի քանի Կողմերին տրվող հանձնարարականների պատրաստման համար:

5. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկամյա մանրամասն հաշվետվություն պետք է ներկայացնի Խորհրդարանական ասամբլեային Խարտիայի կիրառման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 17

Փորձագետների կոմիտե

 

1. Փորձագետների կոմիտեն պետք է ընդգրկի յուրաքանչյուր Կողմից մեկ անդամ, որը պետք է նշանակվի Նախարարների կոմիտեի կողմից, Խարտիայի հետ կապված գործերում նկատելի իրազեկություն և գերազանց ազնվություն ունեցող անդամների ցանկից, որոնց առաջադրում է շահագրգիռ Կողմը:

2. Կոմիտեի անդամները պետք է նշանակվեն վեց տարի ժամկետով և պետք է ունենան վերանշանակվելու իրավունք: Այն անդամը, որն ի վիճակի չէ աշխատելու մինչև իր պաշտոնի ժամկետի ավարտը, կփոխարինվի առաջին կետում նշված ընթացակարգին համապատասխան, իսկ փոխարինող անդամը պետք է ավարտի իր նախորդի պաշտոնի սահմանված ժամկետը:

3. Փորձագետների կոմիտեն պետք է ընդունի ընթացակարգային կանոններ: Կոմիտեի քարտուղարությունը պետք է ապահովվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

 

Մաս 5

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Խարտիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Սույն Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի հինգ անդամ պետությունների` 18-րդ հոդվածի դրույթների համաձայն Խարտիային հետևելու մասին համաձայնություն տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

2. Ցանկացած անդամ պետության համար, որը համաձայնություն է տվել միանալու Խարտիային հետագայում, Խարտիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Սույն Խարտիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի ցանկացած ոչ անդամ պետության` միանալու սույն Խարտիային:

2. Յուրաքանչյուր միացող պետության նկատմամբ Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու օրվանից հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Յուրաքանչյուր պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ կատարել մեկ կամ ավել վերապահում սույն Խարտիայի 7-րդ հոդվածի 2-ից 5-րդ կետերի կապակցությամբ: Այլ վերապահումներ չեն կարող կատարվել:

2. Նախորդ կետի համաձայն վերապահում կատարած յուրաքանչյուր պայմանավորվող պետություն կարող է ամբողջովին կամ մասամբ հետ վերցնել այն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը ուժի մեջ է մտնում նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ կարող է չեղյալ համարել սույն Խարտիան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով:

2. Նման չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է Խորհրդի անդամ պետություններին և Խարտիային միացած յուրաքանչյուր պետության`

ա/ ցանկացած ստորագրության մասին,

բ/ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթուղթը ի պահ տալու մասին,

գ/ 19-րդ և 20-րդ հոդվածների համաձայն սույն Խարտիան ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

դ/ 3-րդ հոդվածի, 2-րդ կետի դրույթների համաձայն յուրաքանչյուր ծանուցման մասին,

ե/ սույն Խարտիային առնչվող այլ ակտի, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի վկայումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Խարտիան:

Կատարված է 1992 թվականի նոյեմբերի 5-ին` Ստրասբուրգում, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները ուղարկում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և յուրաքանչյուր պետության, որը հրավիրվել է` միանալու սույն Խարտիային:

 

* Համաձայն Խարտիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» իմաստով Հայաստանի Հանրապետության փոքրամասնությունների լեզուներ են ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը:

Համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» 2-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան կիրառել ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի նկատմամբ`

 

ՀՈԴՎԱԾ 8

Կրթություն

 

1-ին կետի ա-ի iv ենթակետ

1-ին կետի բ-ի iv ենթակետ

1-ին կետի գ-ի iv ենթակետ

1-ին կետի դ-ի iv ենթակետ

1-ին կետի ե-ի iii ենթակետ

1-ին կետի զ-ի iii ենթակետ

 

ՀՈԴՎԱԾ 9

Դատական մարմիններ

 

1-ին կետի ա-ի ii, iii, iv ենթակետեր

1-ին կետի բ-ի ii ենթակետ

1-ին կետի գ-ի ii և iii ենթակետեր

1-ի կետի «դ» ենթակետ

3-րդ կետ

 

ՀՈԴՎԱԾ 10

Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ

 

1-ին կետի ա-ի iv և v ենթակետեր

1-ին կետի «բ» ենթակետ

2-րդ կետի «բ» ենթակետ

2-րդ կետի «զ» ենթակետ

2-րդ կետի «է» ենթակետ

3-րդ կետի «գ» ենթակետ

4-րդ կետի «գ» ենթակետ

5-րդ կետ

 

ՀՈԴՎԱԾ 11

Լրատվամիջոցներ

 

1-ին կետի ա-ի iii ենթակետ

1-ին կետի բ-ի ii ենթակետ

1-ին կետի գ-ի ii ենթակետ

1-ին կետի ե-ի i ենթակետ

2-րդ կետ

3-րդ կետ

 

ՀՈԴՎԱԾ 12

Մշակութային գործունեություն և հնարավորություններ

 

1-ին կետի ա, դ, զ ենթակետեր

2-րդ կետ

3-րդ կետ

 

ՀՈԴՎԱԾ 13

Տնտեսական և հասարակական կյանք

 

1-ին կետի «բ» ենթակետ

1-ին կետի «գ» ենթակետ

1-ին կետի «դ» ենթակետ

2-րդ կետի «բ» ենթակետ

2-րդ կետի «գ» ենթակետ

 

ՀՈԴՎԱԾ 14

Միջսահմանային փոխանակումներ

 

«ա» կետ

«բ» կետ»

 

** Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից:

 

 

pin
05.11.1992
Միջազգային պայմանագիր