Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

i

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Շրջանակային Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները և այլ պետությունները,

հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի նպատակն է իր անդամ պետությունների ավելի սերտ միության հասնելը` նրանց ընդհանուր հարստություն համարվող իդեալների և սկզբունքների պաշտպանության և զարգացման նպատակով,

հաշվի առնելով, որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է,

ցանկանալով զարգացնել և կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների` Պետությունների և Կառավարությունների ղեկավարների` 1993 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունված Վիեննայի Հռչակագրի դրույթները,

իրենց համապատասխան տարածքներում ազգային փոքրամասնությունների գոյությունը պաշտպանելու վճռականությամբ լեցուն,

հաշվի առնելով, որ Եվրոպայի պատմության մեջ եղած ցնցումները ցույց են տվել, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտ է եվրոպական մայրցամաքում կայունության, ժողովրդավարական անվտանգության և խաղաղության համար,

հաշվի առնելով, որ բազմակարծիք և իսկապես ժողովրդավարական հասարակությունը պարտավոր է ոչ միայն հարգել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական ինքնությունը, այլև ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք թույլ կտան արտահայտել, պահպանել և զարգացնել այդ ինքնությունը,

հաշվի առնելով, որ հանդուրժողականության և երկխոսության մթնոլորտի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի մշակութային բազմազանությունը լինի յուրաքանչյուր հասարակության հարստացման և ոչ թե պառակտման աղբյուր և գործոն,

հաշվի առնելով, որ հանդուրժող և բարգավաճող Եվրոպայի զարգացումը կախված է ոչ միայն երկրների միջև համագործակցությունից, այլև պահանջում է տեղական և տարածաշրջանային իշխանությունների միջսահմանային համագործակցություն` յուրաքանչյուր պետության սահմանադրությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով,

ելնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայից և դրա Արձանագրություններից,

ելնելով Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիաներում և հռչակագրերում, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի փաստաթղթերում, մասնավորապես, 1990 թվականի հունիսի 29-ի Կոպենհագենի փաստաթղթում, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած պարտավորություններից,

վճռականությամբ լեցուն` որոշելու այն սկզբունքները, որոնց պետք է հետևել, և դրանցից բխող պարտականությունները անդամ պետություններում և այլ պետություններում, որոնք կարող են դառնալ սույն փաստաթղթի մասնակիցներ, ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար, հարգելով օրենքի գերակայությունը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը,

սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքները ազգային օրենսդրության և համապատասխան պետական քաղաքականության հիման վրա կյանքի կոչելու վճռականությամբ լի,

 

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Բաժին 1
ՀՈԴՎԱԾ 1

 

Ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժան մասն է և, որպես այդպիսին, հանդիսանում է միջազգային համագործակցության բնագավառ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Շրջանակային կոնվենցիայի դրույթները պետք է կիրառվեն բարեխիղճ կերպով, ըմբռնման և հանդուրժողականության ոգով և բարիդրացիության, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության սկզբունքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ պետք է ունենա այդպիսին համարվելու կամ չհամարվելու ազատ ընտրության իրավունք, և այդ ընտրությունը կամ այն իրավունքների իրականացումը, որոնք կապված են այդ ընտրության հետ, չպետք է տվյալ անձին դնեն անբարենպաստ պայմաններում:

2. Ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք անհատապես, ինչպես նաև մյուսների հետ խմբերով կարող են իրականացնել իրավունքներ և օգտվել ազատություններից, որոնք բխում են սույն Շրջանակային կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից:

 

Բաժին 2
ՀՈԴՎԱԾ 4

 

1. Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորել օրենքի առջև հավասարություն և օրենքով հավասար պաշտպանություն: Այդ առումով արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելության վրա հիմնված ցանկացած խտրականություն:

2. Կողմերը պարտավորվում են անհրաժեշտ դեպքերում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցեն ազգային փոքրամասնությանը և բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջև լիակատար և իրական հավասարությունը: Այս նպատակով Կողմերը, ըստ պատշաճի, պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց առանձնահատուկ պայմանները:

3. Երկրորդ կետի դրույթներին համապատասխան ընդունված միջոցները չպետք է համարվեն խտրականություն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կողմերը պարտավորվում են նպաստել ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են իրենց մշակույթը պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև ինքնության հիմնական տարրերը` կրոնը, լեզուն, ավանդույթները և մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

2. Իրենց ընդհանուր ինտեգրացիոն քաղաքականության իրականացման համար ձեռնարկվող միջոցներին ոչ ի վնաս Կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած քաղաքական կամ գործնական գործողությունից, որը հետապնդում է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց, հակառակ նրանց կամքի, միաձուլելու նպատակ, և պետք է այդ անձանց պաշտպանեն ցանկացած գործողությունից, որը ուղղված է այդպիսի միաձուլման:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Կողմերը պետք է խրախուսեն հանդուրժողականության և մշակույթների միջև երկխոսության մթնոլորտը և պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող բոլոր անձանց միջև, անկախ նրանց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելությունից, փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և համագործակցությունը խթանելու համար, մասնավորապես, կրթության, մշակույթի և լրատվական միջոցների բնագավառներում:

2. Կողմերը պարտավորվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ այն անձանց պաշտպանելու համար, ովքեր կարող են իրենց էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական պատկանելության պատճառով դառնալ սպառնալիքների, խտրականության, թշնամական կամ բռնի գործողությունների զոհ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պետք է ապահովեն ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` խաղաղ հանրահավաքների, միությունների մեջ ընդգրկվելու, խոսքի, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքների հարգումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` սեփական կրոնը կամ հավատը բացահայտ դավանելու, ինչպես նաև կրոնական հաստատություններ, կազմակերպություններ և ընկերություններ ստեղծելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի` իր կարծիքն արտահայտելու իրավունքը ներառում է կարծիքներ ունենալու և փոքրամասնության լեզվով տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և հաղորդելու ազատությունը` անկախ պետական իշխանությունների միջամտությունից և սահմաններից: Իրենց իրավական համակարգի շրջանակներում Կողմերը պետք է ապահովեն, որ լրատվական միջոցների մատչելիության հարցում ազգային փոքրամասնությունների պատկանող անձինք չենթարկվեն խտրականության:

2. Առաջին կետը չի արգելում, որ Կողմերը ռադիոյի և հեռուստահեռարձակման կամ կինեմատոգրաֆիայի ձեռնարկությունների համար արտոնագրում պահանջեն` առանց որևէ խտրականության և օբյեկտիվ չափանիշների հիման վրա:

3. Կողմերը չպետք է արգելեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց կողմից տպագիր մամուլի միջոցների ստեղծումն ու օգտագործումը: Ռադիոյի և հեռուստահեռարձակման իրավական դաշտի շրջանակներում, որքանով դա հնարավոր է, և հաշվի առնելով 1-ին կետի դրույթները` Կողմերը ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար պետք է երաշխավորեն լրատվական սեփական միջոցների ստեղծման և օգտագործման հնարավորություն:

4. Իրենց իրավական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է համապատասխան /համարժեք/ միջոցներ ձեռնարկեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար լրատվական միջոցների մատչելիությունը դյուրացնելու, ինչպես նաև հանդուրժողականությունը խրախուսելու և մշակութային բազմակարծությունը ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ անձնական կյանքում և հասարակական վայրերում իր փոքրամասնության լեզվից բանավոր և գրավոր անարգել օգտվելու իրավունք ունի:

2. Ավանդապես կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված վայրերում, եթե այդ անձինք խնդրել են, և այնտեղ, որտեղ այդպիսի խնդրանքը համապատասխանում է իրական կարիքներին, Կողմերը, որքանով հնարավոր է, պետք է ձգտեն ապահովել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան այդ անձանց և վարչական իշխանությունների միջև հարաբերություններում օգտագործել փոքրամասնության լեզուն:

3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` ամենասեղմ ժամկետներում իրեն հասկանալի լեզվով տեղեկություն ստանալ իր ձերբակալության պատճառների, իր դեմ հարուցված մեղադրանքների բնույթի և պատճառների մասին, ինչպես նաև իր պաշտպանությունը իրականացնել այդ լեզվով` դրա համար անհրաժեշտության դեպքում ստանալով թարգմանչի անվճար ծառայություն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք` տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:

2. Կողմերը պարտավորվում են ճանաչել, որ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ իր փոքրամասնության լեզվով հասարակության համար տեսանելի մասնավոր բնույթի նշումներ, գրություններ և այլ տեղեկատվություն տեղադրելու իրավունք ունի:

3. Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդաբար բնակեցված տարածքներում Կողմերը իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում ներառյալ նաև այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաև բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների, փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Կողմերը անհրաժեշտության դեպքում կրթության և գիտական ուսումնասիրությունների բնագավառում պետք է միջոցներ ձեռնարկեն իրենց ազգային փոքրամասնությունների և բնակչության մեծամասնության մշակույթի, պատմության, լեզվի և կրոնի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու համար:

2. Այս ենթատեքստում Կողմերը, մասնավորապես, պետք է համարժեք հնարավորություններ տրամադրեն ուսուցիչների պատրաստման, դպրոցական դասագրքերով ապահովման համար և դյուրացնեն շփումները տարբեր համայնքների ուսանողների և ուսուցիչների միջև:

3. Կողմերը պարտավորվում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար բոլոր մակարդակներով ապահովել կրթության մատչելիության հավասար հնարավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Իրենց կրթական համակարգերի շրջանակներում Կողմերը պետք է ճանաչեն, որ ազգային փոքրամասնության պատկանող անձինք իրավունք ունեն ստեղծելու և ղեկավարելու իրենց սեփական մասնավոր կրթական և վերապատրաստման հաստատությունները:

2. Այս իրավունքի իրագործումը Կողմերի վրա ոչ մի ֆինանսական պարտավորություն չի դնում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի իրավունքը` սովորել իր փոքրամասնության լեզուն:

2. Ավանդաբար կամ զգալի քանակությամբ ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով բնակեցված տարածքներում բավարար կարիքի դեպքում Կողմերը հնարավորությունների սահմաններում և իրենց կրթական համակարգերի շրջանակներում պետք է ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար երաշխավորեն իրենց լեզուն ուսումնասիրելու կամ այդ լեզվով կրթություն ստանալու համարժեք հնարավորություններ:

3. Սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթները չպետք է իրագործվեն ի վնաս պաշտոնական լեզվի ուսուցման և դասավանդման:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց արդյունավետ մասնակցությունը մշակութային, հասարակական և տնտեսական կյանքում, ինչպես նաև պետական գործունեության մեջ, մասնավորապես, իրենց առնչվող հարցերում ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով, և նպատակ ունեն սահմանափակելու սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքը` հաստատել և պահպանել ազատ և խաղաղ միջսահմանային շփումներ այլ պետություններում օրինական կերպով գտնվող անձանց հետ, մասնավորապես, նրանց հետ, ովքեր ունեն ընդհանուր էթնիկական ինքնություն, լեզվական, կրոնական կամ մշակութային ընդհանուր ժառանգություն:

2. Կողմերը պարտավորվում են չխոչընդոտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց` ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը ազգային և միջազգային մակարդակներով մասնակցելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Համապատասխան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանությունն ապահովելու համար Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է ջանք գործադրեն այլ պետությունների, մասնավորապես, հարևան երկրների հետ երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար:

2. Կողմերը անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկեն միջսահմանային համագործակցությունը խրախուսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Կողմերը պարտավորվում են հարգել և կիրառել սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքները` անհրաժեշտության դեպքում կատարելով միայն այնպիսի սահմանափակումներ և բացառություններ, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայում, այնքանով, որքանով դրանք վերաբերում են նշված սկզբունքներից բխող իրավունքներին և ազատություններին:

 

Բաժին 3
ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքների և ազատությունների իրագործման ժամանակ ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձ պետք է հարգի ազգային օրենսդրությունը և մյուսների իրավունքները, մասնավորապես, բնակչության մեծամասնության և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Ոչինչ սույն Շրջանակային կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած անհատի որևէ ենթադրվող գործունեությամբ զբաղվելու կամ ինչ-որ գործողություններ կատարելու իրավունք, որը հակասում է միջազգային իրավունքի, մասնավորապես, ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության և պետությունների քաղաքական անկախության սկզբունքներին:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Ոչինչ սույն Շրջանակային կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենքներով կամ որևէ այլ համաձայնագրով, որին այդ Կողմը մասնակից է, երաշխավորվող մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների սահմանափակում կամ նվազեցում:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Շրջանակային կոնվենցիայում շարադրված սկզբունքներից բխող ազատությունները և իրավունքները, այնքանով, որքանով հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների առարկա, պետք է հասկացվեն որպես վերջինիս համապատասխան դրույթներ:

 

Բաժին 4
ՀՈԴՎԱԾ 24

 

1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն լիազորված է հետևելու Պայմանավորվող պետությունների կողմից սույն Շրջանակային կոնվենցիայի իրագործմանը:

2. Կողմերը, որոնք չեն հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ, Կոնվենցիայի իրագործման մեխանիզմին կմասնակցեն համաձայն այն պայմանների, որոնք պետք է սահմանվեն:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Որևէ Պայմանավորվող կողմի նկատմամբ սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, վերջինս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին պետք է փոխանցի օրենսդրական և այլ միջոցառումների մասին համալիր տեղեկատվություն, որոնք ընդունվել և ձեռնարկվել են սույն Շրջանակային կոնվենցիայից բխող սկզբունքները իրականացնելու համար:

2. Հետագայում յուրաքանչյուր Կողմ պարբերաբար և ամեն անգամ, երբ Նախարարների կոմիտեի կողմից կստանա համապատասխան խնդրանք, Գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի ցանկացած այլ տեղեկատվություն` կապված սույն Շրջանակային կոնվենցիայի իրագործման հետ:

3. Սույն հոդվածի դրույթների համաձայն ստացված ամբողջ տեղեկատվությունը Գլխավոր քարտուղարը պետք է փոխանցի Նախարարների կոմիտեին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Սույն Շրջանակային կոնվենցիայում շարադրված սկզբունքների իրականացման համար Կողմերից որևէ մեկի ընդունած միջոցառումների նույնականության գնահատման ժամանակ Նախարարների կոմիտեին պետք է օժանդակի Խորհրդակցական կոմիտեն, որի անդամները պետք է ճանաչված իրազեկություն ունենան ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում:

2. Խորհրդակցական կոմիտեի կազմավորման կարգը, ինչպես նաև աշխատանքային ընթացակարգը պետք է սահմանվեն Նախարարների կոմիտեի կողմից սույն Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Բաժին 5
ՀՈԴՎԱԾ 27

 

Սույն Շրջանակային կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը այն բաց է նաև ցանկացած այն պետության ստորագրման համար, ում կհրավիրի ստորագրել Նախարարների կոմիտեն: Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության: Վավերացման, ընդունման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ի պահ տրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

1. Սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ, սույն Շրջանակային կոնվենցիայի 27-րդ հոդվածի դրույթներին համաձայն, Եվրոպայի խորհրդի տասներկու անդամ պետություններ կարտահայտեն իրենց համաձայնությունը սույն Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու մասին:

2. Յուրաքանչյուր անդամ պետության համար, որը հետագայում կարտահայտի իր համաձայնությունը սույն Շրջանակային կոնվենցիան իր համար պարտադիր լինելու մասին, Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ հանձնելու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Սույն Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց և Պայմանավորվող պետությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշմամբ, որը համաձայն Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետի` ընդունվում է մեծամասնությամբ, Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետության կարող է առաջարկել միանալ սույն Շրջանակային կոնվենցիային, որը, համաձայն 27-րդ հոդվածի դրույթների, հրավիրվել է` ստորագրելու այն, բայց չի ստորագրել, ինչպես նաև որևէ այլ անդամ չհանդիսացող պետության:

2. Յուրաքանչյուր միացած պետության համար սույն Շրջանակային կոնվենցիան ուժի մեջ կմտնի միացման փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերացման պահին, ինչպես նաև ընդունման և միանալու փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամանակ կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց սահմաններում ինքը պատասխանատվություն է կրում միջազգային հարաբերությունների և սույն Կոնվենցիայի կիրառման համար:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Շրջանակային կոնվենցիայի կիրառումը որևէ ուրիշ` հայտարարության մեջ նշված տարածքի վրա: Այդ տարածքների վերաբերյալ սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերի դրույթների հիման վրա արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով` այդպիսի հայտարարության մեջ նշված ցանկացած տարածքի վերաբերյալ: Այդպիսի հետ վերցնելը ուժի մեջ կմտնի ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Յուրաքանչյուր կողմ ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել սույն Շրջանակային կոնվենցիան` ծանուցագիր հղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Այդպիսի չեղյալ հայտարարումը ուժի մեջ կմտնի ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու օրից վեցամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացնի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Շրջանակային կոնվենցիան ստորագրած մյուս պետություններին և սույն Կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետության`

ա/ ցանկացած ստորագրման մասին,

բ/ վավերացման, ընդունման, հավանության կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ/ Շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած օրվա մասին` համաձայն Կոնվենցիայի 28-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածների,

դ/ սույն Շրջանակային կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդագրության մասին:

Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Շրջանակային կոնվենցիան:

Կատարված է Ստրասբուրգում 1995 թվականի փետրվարի 1-ին, անգլերեն և ֆրանսերեն. երկու տեքստերն էլ հավասարազոր են և մեկական տարբերակով հանձնվում են ի պահ Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները պետք է փոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, ինչպես նաև յուրաքանչյուր պետության, որին կառաջարկվի ստորագրել կամ միանալ սույն Շրջանակային կոնվենցիային:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

pin
01.02.1995
Միջազգային պայմանագիր