Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված Ժնևում, 1971 թ. հունիսի 2-ին, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից, իր հիսունվեցերորդ նստաշրջանին,

մատնանշելով Կազմակերպվելու իրավունքի և կոլեկտիվ պայմանագրերի մասին 1949 թ. կոնվենցիայի պայմանները, որը նախատեսում է աշխատավորների պաշտպանությունը` աշխատանքի կապակցությամբ միավորվելու դեմ ուղղված խտրականությունից,

ուշադրության առնելով, որ ցանկալի է այս պայմանները լրացնել աշխատավորների ներկայացուցիչների առնչությամբ, և

որոշելով ընդունել ձեռնարկության աշխատավորների ներկայացուցիչների պաշտպանության և նրանց հնարավորությունների մասին մի շարք առաջարկություններ, ինչը նստաշրջանի օրակարգի հինգերորդ կետն է,

վճռելով այդ առաջարկներին տալ կոնվենցիայի ձև,

ընդունում է հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի հունիսի քսաներեքին հետևյալ Կոնվենցիան, որը կարող է մեջբերվել որպես Աշխատավորների ներկայացուցիչների 1971 թ. կոնվենցիա.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ձեռնարկությունում աշխատավորների ներկայացուցիչներն օգտվում են արդյունավետ պաշտպանությունից ընդդեմ իրենց վնաս պատճառող ցանկացած գործողության, ներառյալ` աշխատանքից հեռացումը` որպես աշխատավորների ներկայացուցիչ կամ միության անդամ կամ միության գործունեությանը մասնակից, իրենց ունեցած կարգավիճակի կամ գործունեության հիմքով, եթե նրանք գործում են գոյություն ունեցող օրենսդրությանը կամ կոլեկտիվ պայմանագրերին կամ այլ համատեղ համաձայնեցված պայմաններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Ձեռնարկության աշխատավորների ներկայացուցիչներին տրամադրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք նրանց թույլ են տալիս իրենց գործառույթներն իրականացնել արագ և արդյունավետ:

2. Այդ կապակցությամբ հաշվի են առնվում տվյալ երկրի արդյունաբերական հարաբերությունների համակարգի առանձնահատկությունները և համապատասխան ձեռնարկության պահանջմունքների ծավալն ու հնարավորությունները:

3. Այդպիսի հնարավորությունների տրամադրումը չպետք է նվազեցնի համապատասխան ձեռնարկության գործունեության արդյունավետությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «աշխատավորների ներկայացուցիչներ» հասկացությունը նշանակում է անձինք, որոնք որպես այդպիսին ճանաչվում են ներպետական օրենսդրությամբ կամ պրակտիկայով, լինեն նրանք.

(ա) արհեստակցական միությունների ներկայացուցիչներ, այն է` նման միությունների կամ նրանց անդամների կողմից նշանակվող կամ ընտրվող ներկայացուցիչներ, կամ

(բ) ընտրովի ներկայացուցիչներ, այն է` ներկայացուցիչներ, որոնք ներպետական օրենսդրության դրույթներին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան ազատորեն ընտրվում են ձեռնարկության աշխատավորների կողմից և որոնց գործառույթները չեն ընդգրկում այնպիսի գործունեություն, որը տվյալ երկրում ճանաչվել է որպես արհեստակցական միությունների բացառիկ առանձնաշնորհ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ներպետական օրենքները կամ ենթաօրենսդրական ակտերը, կոլեկտիվ պայմանագրերը, արբիտրաժային կամ դատական որոշումները կարող են սահմանել աշխատավորների ներկայացուցիչների այն դասը կամ դասերը, որոնց վերապահվում են սույն Կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունն ու հնարավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Երբ միևնույն ձեռնարկությունում գոյություն ունեն ինչպես արհմիության, այնպես էլ ընտրովի ներկայացուցիչներ, անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի ընտրովի ներկայացուցիչների առկայությունը չօգտագործվի համապատասխան արհմիությունների կամ նրանց ներկայացուցիչների դիրքերը թուլացնելու համար, ինչպես նաև, որպեսզի խրախուսվի ընտրովի ներկայացուցիչների և համապատասխան արհմիությունների ու նրանց ներկայացուցիչների միջև համագործակցությունը բոլոր պատշաճ հարցերի շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Կոնվենցիայի իրականացումը կարող է ապահովվել ներպետական օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրերի միջոցով կամ ներպետական պրակտիկային համահունչ ցանկացած այլ եղանակով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիայի պաշտոնական վավերագրերն ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին` գրանցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամի վավերագրերի` Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելուց տասներկու ամիս անց:

3. Հետագայում սույն Կոնվենցիան Կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու սկզբնական օրվանից սկսած տասնամյա ժամկետի լրանալուց հետո չեղյալ հայտարարել այն` Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին գրանցման համար ուղարկած փաստաթղթի միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթի գրանցումից մեկ տարի անց:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում հիշատակված տասնամյա ժամկետի լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, կապված է համարվում հաջորդ տասնամյա ժամկետով և հետագայում կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետի լրանալուց հետո` սույն հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամների կողմից իրեն հանձնված վավերագրերի և չեղյալ հայտարարման մասին բոլոր փաստաթղթերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին իրեն հանձնված երկրորդ վավերագրի գրանցման մասին ծանուցելիս` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան` գրանցման համար, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է լիարժեք տեղեկություններ` նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան իր գրանցած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինն անհրաժեշտ է գտնում, Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց սույն Կոնվենցիայի կիրառման մասին և որոշում է նրա ամբողջական կամ մասնակի վերանայման հարցը խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Եթե խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասամբ վերանայած նոր կոնվենցիա և եթե նոր կոնվենցիայում հակառակը նախատեսված չէ, ապա.

(ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը, անկախ 9-րդ հոդվածի դրույթներից, ipso facto հանգեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարմանը, պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ է մտել,

(բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացման համար:

2. Սույն Կոնվենցիան, իր գործող ձևով ու բովանդակությամբ, ամեն դեպքում ուժի մեջ է մնում Կազմակերպության այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Ընդունվել է Ժնև քաղաքում 1971 թվականի հունիսի 23-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 29-ից:

 

 

pin
23.06.1971
Միջազգային պայմանագիր