Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

հրավիրված Ժնևում, 1978 թ. հունիսի 7-ին, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից, իր վաթսունչորսերորդ նստաշրջանին,

նշելով Միավորվելու ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության 1948 թ. կոնվենցիայի, Կազմակերպվելու իրավունքի և կոլեկտիվ պայմանագրերի 1949 թ. կոնվենցիայի և Աշխատավորների ներկայացուցիչների 1971 թ. կոնվենցիայի ու հանձնարարականի դրույթները, և

հիշեցնելով, որ Կազմակերպվելու իրավունքի և կոլեկտիվ պայմանագրերի 1949 թ. կոնվենցիան չի ընդգրկում պետական ծառայողների որոշակի խմբերի և, որ Աշխատավորների ներկայացուցիչների 1971 թ. կոնվենցիան ու հանձնարարականը կիրառվում են ձեռնարկության աշխատավորների ներկայացուցիչների նկատմամբ,

նկատի ունենալով շատ երկրներում պետական ծառայության գործունեության զգալի ընդլայնումը և պետական մարմինների ու պետական ծառայողների կազմակերպությունների միջև աշխատանքային առողջ հարաբերությունների անհրաժեշտությունը,

հաշվի առնելով անդամ պետությունների քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերի բազմազանությունն ու նրանց պրակտիկայում առկա տարբերությունները, (որոնք վերաբերում են, օրինակ, կենտրոնական և տեղական կառավարությունների, դաշնային, նահանգային ու մարզային մարմինների, պետական ձեռնարկությունների և տարբեր տիպի ինքնավար կամ կիսաինքնավար պետական մարմինների համապատասխան գործառույթներին, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների բնույթին),

ուշադրության առնելով այն հիմնախնդիրները, որոնք շատ երկրներում մասնավոր և պետական ոլորտներում զբաղվածության միջև առկա տարբերությունների պատճառով ծագում են միջազգային ցանկացած փաստաթղթի կիրառման շրջանակի և այդ փաստաթղթի նպատակների համար գործածվող սահմանումների կապակցությամբ, ինչպես նաև մեկնաբանման հետ կապված այն դժվարությունները, որոնք ծագել են Կազմակերպվելու իրավունքի և կոլեկտիվ պայմանագրերի 1949 թ. կոնվենցիայի համապատասխան դրույթները պետական ծառայողների նկատմամբ կիրառելու կապակցությամբ, հաշվի առնելով նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության վերահսկողական մարմինների դիտողությունները բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որ որոշ կառավարություններ այդ դրույթները կիրառել են այնպես, որ պետական ծառայողների մեծ խմբեր դուրս են մնացել այդ կոնվենցիայի գործողության շրջանակից, և

որոշելով ընդունել միավորվելու ազատության և պետական ծառայության բնագավառում զբաղվածության պայմանների սահմանման ընթացակարգերի վերաբերյալ մի շարք առաջարկություններ, ինչը նստաշրջանի օրակարգի հինգերորդ կետն է,

որոշելով այդ առաջարկություններին տալ միջազգային կոնվենցիայի ձև,

ընդունում է հազար ինը հարյուր յոթանասունութ թվականի հունիսի քսանյոթին հետևյալ Կոնվենցիան, որը կարող է մեջբերվել որպես Պետական ծառայության բնագավառում աշխատանքային հարաբերությունների 1978 թվականի կոնվենցիա:

 

Բաժին 1
Կիրառման շրջանակը և սահմանումները

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է պետական մարմիններում աշխատող բոլոր անձանց նկատմամբ, եթե միայն նրանց նկատմամբ չեն կիրառվում այլ միջազգային աշխատանքային կոնվենցիաների ավելի բարենպաստ դրույթներ:

2. Սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառման ծավալն այն բարձրաստիճան ծառայողների նկատմամբ, որոնց գործառույթները սովորաբար համարվում են որպես քաղաքականություն մշակող կամ ղեկավարող, կամ այն ծառայողների նկատմամբ, որոնց պարտականությունները կրում են խիստ գաղտնի բնույթ, սահմանվում է ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով:

3. Սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառման ծավալը զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ սահմանվում է ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար պետական ծառայող հասկացությունը նշանակում է ցանկացած անձ, որի նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան` 1-ին հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար պետական ծառայողների կազմակերպություն հասկացությունը նշանակում է ցանկացած կազմակերպություն, անկախ նրա կազմից, որի նպատակն է պետական ծառայողների շահերին օժանդակելն ու դրանց պաշտպանությունը:

 

Բաժին 2
Կազմակերպվելու իրավունքի պաշտպանությունը

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Պետական ծառայողներն օգտվում են պատշաճ պաշտպանությունից ընդդեմ իրենց աշխատանքի կապակցությամբ միավորվելու դեմ ուղղված խտրականության:

2. Նման պաշտպանությունը կիրառվում է, մասնավորապես, այն գործողությունների կապակցությամբ, որոնք նպատակ ունեն.

(ա) պետական ծառայողների աշխատանքը ենթարկել այնպիսի պայմանի, որպեսզի նրանք չանդամակցեն պետական ծառայողների կազմակերպության կամ հրաժարվեն նման կազմակերպությունում իրենց անդամակցությունից,

(բ) հանգեցնել պետական ծառայողին աշխատանքից հեռացնելուն կամ ցանկացած այլ միջոցով վնաս պատճառելուն այն բանի հիման վրա, որ նա պետական ծառայողների կազմակերպության անդամ է կամ մասնակցում է նման կազմակերպության բնականոն գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Պետական ծառայողների կազմակերպություններն օժտվում են լիակատար անկախությամբ պետական մարմիններից:

2. Պետական ծառայողների կազմակերպություններն օգտվում են պատշաճ պաշտպանությունից ընդդեմ իրենց ստեղծման, գործունեության կամ կառավարման գործում պետական մարմինների միջամտության ցանկացած գործողության:

3. Մասնավորապես, այն գործողությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու պետական ծառայողների կազմակերպությունների ստեղծմանը պետական մարմնի ենթակայության ներքո կամ աջակցելու պետական ծառայողների կազմակերպություններին ֆինանսավորման կամ այլ միջոցներով` այդ կազմակերպությունները պետական մարմնի վերահսկողության ներքո պահելու նպատակով, համարվում են միջամտության գործողություններ սույն հոդվածի իմաստով:

 

Բաժին 3
Պետական ծառայողների կազմակերպություններին տրամադրվող հնարավորությունները

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պետական ծառայողների ճանաչված կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք դրանց թույլ են տալիս իրենց պարտականություններն իրականացնելու արագ և արդյունավետ` ինչպես աշխատանքի ընթացքում, այնպես էլ աշխատանքից դուրս:

2. Նման հնարավորությունների տրամադրումը չպետք է խոչընդոտի համապատասխան գերատեսչության կամ ծառայության արդյունավետ գործունեությանը:

3. Այդ հնարավորությունների բնույթն ու շրջանակը որոշվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածում նշված մեթոդներին համապատասխան կամ այլ պատշաճ միջոցներով:

 

Բաժին 4
Աշխատանքի պայմանները սահմանելու ընթացակարգերը

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Անհրաժեշտության դեպքում, ազգային պայմաններին համապատասխան, ձեռնարկվում են միջոցառումներ` համապատասխան պետական մարմինների և պետական ծառայողների կազմակերպությունների միջև աշխատանքի պայմանների շուրջ բանակցությունների մեխանիզմի լիակատար զարգացումն ու կիրառումը կամ այնպիսի այլ մեթոդներ խրախուսելու և դրանց նպաստելու նպատակով, որոնք պետական ծառայողների ներկայացուցիչներին թույլ կտան մասնակցելու այդ պայմանների սահմանմանը:

 

Բաժին 5
Վեճերի կարգավորումը

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Աշխատանքի պայմանների սահմանման կապակցությամբ ծագող վեճերը կարգավորվում են ազգային պայմանների համաձայն` կողմերի միջև բանակցությունների կամ անկախ ու անկողմնակալ կառուցակարգի միջոցով, ինչպիսին են միջնորդությունը, հաշտեցումը և արբիտրաժը` ձևավորված այնպես, որպեսզի ապահովվի շահագրգիռ կողմերի վստահությունը:

 

Բաժին 6
Քաղաքացիական և քաղաքական իրավունքները

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պետական ծառայողները, ինչպես և մյուս աշխատողները, ունեն այն քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, որոնք էական նշանակություն ունեն միավորվելու ազատության բնականոն իրականացման համար, միակ պայմանով` պահպանել իրենց կարգավիճակից և իրենց գործառույթների բնույթից բխող պարտավորությունները:

 

Բաժին 7
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Կոնվենցիայի պաշտոնական վավերագրերը գրանցման համար ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցվել են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից Կազմակերպության երկու անդամների վավերագրերի գրանցումից տասներկու ամիս անց:

3. Հետագայում սույն Կոնվենցիան Կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Կազմակերպության` սույն Կոնվենցիան վավերացրած ցանկացած անդամ կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու սկզբնական օրվանից տասնամյա ժամկետի լրանալուց հետո չեղյալ հայտարարել այն` այդ մասին Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին գրանցման համար հանձնված փաստաթղթի միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման մասին փաստաթղթի գրանցումից մեկ տարի անց:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամկետի լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, կապված կլինի հաջորդ տասնամյա ժամկետով և հետագայում կարող է սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետի լրանալուց հետո` սույն հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենն Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է Կազմակերպության անդամների կողմից իր ստացած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման մասին փաստաթղթերի գրանցման մասին:

2. Իրեն հանձնված երկրորդ վավերագրի գրանցման մասին Կազմակերպության անդամներին ծանուցելիս` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունն է հրավիրում սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան` գրանցման համար, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ուղարկում է լիարժեք տեղեկություններ` նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան իր գրանցած բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման վերաբերյալ փաստաթղթերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Ամեն անգամ, երբ Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինն անհրաժեշտ է գտնում, Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ և որոշում սույն Կոնվենցիայի ամբողջական կամ մասնակի վերանայման հարցը խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Եթե խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասամբ վերանայած նոր կոնվենցիա, և եթե նոր կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, ապա.

(ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայված կոնվենցիայի վավերացումը, անկախ 12-րդ հոդվածի դրույթներից, ipso jure հանգեցնում է սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարմանը, պայմանով, որ նոր, վերանայված կոնվենցիան ուժի մեջ է մտել,

(բ) նոր, վերանայված կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացման համար:

2. Սույն Կոնվենցիան, իր գործող ձևով ու բովանդակությամբ, ամեն դեպքում ուժի մեջ է մնում այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել նոր, վերանայված կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

Ընդունվել է Ժնև քաղաքում 1978 թվականի հունիսի 27-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 29-ից:

 

 

pin
27.06.1978
Միջազգային պայմանագիր