Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր խորհրդաժողովը,

որն Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմնի կողմից իր` 80-րդ նստաշրջանը գումարել էր Ժնևում, 1993 թվականի հունիսի 2-ին,

նկատի առնելով աշխատանքի ոլորտը կարգավորող համապատասխան միջազգային կոնվենցիաները և հանձնարարականները, մասնավորապես, Աշխատանքի անվտանգության և հիգիենայի մասին 1981 թվականի կոնվենցիան և հանձնարարականը, Քիմիական նյութերի մասին 1990 թվականի կոնվենցիան և հանձնարարականը և շեշտելով համապարփակ և հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը,

նկատի առնելով նաև 1991 թվականին հրապարակված` խոշոր արդյունաբերական վթարների կանխման վերաբերյալ ԱՄԳ-ի գործնական կանոնների ժողովածուն,

հաշվի առնելով ա/ խոշոր վթարների կանխման, բ/ խոշոր վթարների ռիսկը առավելագույնս նվազեցնելու և գ/ խոշոր վթարների հետևանքները առավելագույնս նվազեցնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների իրականացման ապահովման հրատապությունը,

նկատի առնելով այդպիսի վթարների պատճառներն, այդ թվում` կազմակերպչական սխալները, մարդկային գործոնը, բլոկների և հանգույցների շարքից դուրս գալը, սովորական աշխատանքային ռեժիմից շեղվելը, արտաքին գործոնները և բնության ուժերը,

հաշվի առնելով Քիմիական անվտանգության միջազգային ծրագրի շրջանակներում Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ համապատասխան միջկառավարական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը,

որոշելով մի շարք առաջարկներ ներկայացնել խոշոր արդյունաբերական վթարների կանխման վերաբերյալ, ինչը հանդիսանում է նստաշրջանի օրակարգի չորրորդ կետը,

որոշելով միջազգային կոնվենցիայի ձև հաղորդել այդ առաջարկներին,

ընդունում է, 1993 թվականի հունիսի քսաներկուսին, սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին 1993 թվականի կոնվենցիա:

 

Մաս 1

Կիրառման շրջանակները և սահմանումները

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակը վտանգավոր նյութերի ներգրավմամբ խոշոր վթարների կանխումն է և այդպիսի վթարների հետևանքների սահմանափակումը:

2. Սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներն ընդգրկում են բարձր վտանգ պարունակող օբյեկտները:

3. Սույն Կոնվենցիայի շրջանակները չեն ընդգրկում.

ա/ միջուկային սարքերը և ռադիոակտիվ նյութերի վերամշակման ձեռնարկությունները, բացառությամբ նշված սարքերի և ձեռնարկությունների այն մասերը, որտեղ օգտագործվում են ոչ ռադիոակտիվ նյութեր,

բ/ ռազմական օբյեկտները,

գ/ ձեռնարկությունից դուրս գտնվող տրանսպորտային միջոցները, բացառությամբ խողովակաշարերի:

4. Սույն Կոնվենցիան վավերացնող Անդամը կարող է, շահագրգիռ գործատուներին և գործառուներին ներկայացնող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, Կոնվենցիայի կիրառման շրջանակներից հեռացնել տնտեսական գործունեության այնպիսի օբյեկտներ կամ ճյուղեր, որտեղ ապահովված են անվտանգության համազոր միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Այն դեպքերում, երբ ծագում են էական բնույթ կրող հատուկ խնդիրներ, ինչի հետևանքով սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր կանխարգելիչ և պաշտպանական միջոցների անհապաղ կիրառումն անհնարին է դառնում, Անդամը, շահագրգիռ գործատուներին և գործառուներին ներկայացնող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, սահմանված ժամկետներում մշակում է նշված միջոցների աստիճանական կիրառման պլաններ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Կոնվենցիայի իմաստով.

ա/ «վտանգավոր նյութ» տերմինը նշանակում է նյութ կամ նյութերի խառնուրդ, որն իր քիմիական, ֆիզիկական կամ թունաբանական հատկանիշների շնորհիվ առանձին կամ միացության մեջ վտանգ են ներկայացնում,

բ/ «առավելագույն թույլատրելի քանակություն» տերմինը նշանակում է հատուկ պայմանների նկատառումով ազգային օրենսդրությամբ սահմանված վտանգավոր նյութի կամ նյութերի կարգի այնպիսի քանակություն, որը գերազանցելու դեպքում տվյալ օբյեկտը սկսում է դասվել որպես բարձր վտանգ պարունակող օբյեկտ,

գ/ «բարձր վտանգ պարունակող օբյեկտ» տերմինը նշանակում է այնպիսի օբյեկտ, որտեղ արտադրվում, վերամշակվում, բեռնվում կամ բեռնաթափվում, օգտագործվում, ժամանակավորապես կամ մշտապես տեղավորվում կամ պահեստավորվում է մեկ կամ մի շարք վտանգավոր նյութեր կամ նյութերի կարգեր, որոնց քանակությունը գերազանցում է առավելագույն, թույլատրելի քանակությունը,

դ/ «խոշոր վթար» տերմինը նշանակում է բարձր վտանգ պարունակող օբյեկտում տեղի ունեցած անակնկալ պատահար` խոշոր արտանետում, հրդեհ կամ պայթյուն, որտեղ ներգրավված են մեկ կամ մի շարք վտանգավոր նյութեր և որն առաջացնում է լուրջ անմիջական կամ հետաձգված վտանգ բանվորների, բնակչության կամ շրջակա միջավայրի համար,

ե/ «անվտանգության վերաբերյալ զեկույց» տերմինը նշանակում է գրավոր փաստաթուղթ, որտեղ ներկայացվում են տեխնիկական, վարչական և օպերատիվ տեղեկություններ` բարձր վտանգ պարունակող օբյեկտում բարձր ռիսկի կամ վտանգների գործոնների և դրանց նկատմամբ իրականացվող հսկողության միջոցների նշումով, և որտեղ տրվում է օբյեկտում անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկված միջոցների հիմնավորումը:

զ/ «վթարային իրավիճակ» տերմինը նշանակում է ցանկացած անակնկալ դեպք` մեկ կամ մի շարք վտանգավոր նյութերի ներգրավմամբ, որը կարող էր բերել խոշոր վթարի, սակայն տեղի չունեցավ կանխարգելիչ գործոնների, միջոցների կամ համակարգերի շնորհիվ:

 

Մաս 2

Ընդհանուր սկզբունքներ

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Հիմնվելով իր ազգային օրենսդրության, պայմանների և կիրառվող պրակտիկայի վրա և շահագրգիռ գործատուներին և գործառուներին ներկայացնող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, յուրաքանչյուր Անդամ մշակում, իրականացնում և պարբերականորեն վերանայում է խոշոր վթարների վտանգից աշխատավորների, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության իր հետևողական ազգային քաղաքականությունը:

2. Այդ քաղաքականությունն իրականացվում է բարձր վտանգ պարունակող օբյեկտներում կանխարգելիչ և պաշտպանական միջոցների կիրառման միջոցով և, որքան հնարավոր է, նպաստում է առավել անվտանգ տեխնոլոգիաների օգտագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Իրավասու մարմինը, կամ իրավասու մարմնի կողմից լիազորված կամ ճանաչվող մարմինը, շահագրգիռ գործատուներին և գործառուներին ներկայացնող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, մշակում է բարձր վտանգ պարունակող օբյեկտների հատկանշման համակարգը` նկատի առնելով 3-րդ հոդվածի «գ» կետով տրված դրանց սահմանումը, հիմք ընդունելով վտանգավոր նյութերի ցանկը կամ վտանգավոր նյութերի կարգերի ցանկը, կամ երկու ցանկերն էլ միաժամանակ, նշելով դրանց առավելագույն թույլատրելի քանակությունները` իր ազգային օրենսդրության և միջազգային նորմերին համապատասխան:

2. 1-ին կետում նշված համակարգը պարբերականորեն վերանայվում և թարմացվում է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Իրավասու մարմինը, շահագրգիռ գործատուներին և գործառուներին ներկայացնող կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո, ընդունում է հատուկ դրույթ, 8-րդ, 12-րդ, 13-րդ կամ 14-րդ հոդվածներին համապատասխան, իրեն տրամադրված կամ հաղորդված տեղեկության գաղտնիության պահպանման վերաբերյալ, որի հրապարակումը կարող է վնաս պատճառել գործատուի գործարար շահերին` պայմանով, որ ընդունված դրույթը չի առաջացնի լուրջ ռիսկեր աշխատավորների, բնակչության կամ շրջակա միջավայրի համար:

 

Մաս 3

Գործատուների պարտականությունները. հատկանշում

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Գործատուները, 5-րդ հոդվածում նշված համակարգի հիման վրա, հատկանշում են իրենց կողմից տնօրինվող բարձր վտանգ պարունակող բոլոր օբյեկտները:

 

Ծանուցում

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Գործատուները իրավասու մարմնին ծանուցում են իրենց կողմից հատկանշված բարձր վտանգ պարունակող յուրաքանչյուր օբյեկտի մասին.

ա/ սահմանված ժամկետներում` գործող օբյեկտի դեպքում,

բ/ շահագործման հանձնելուց առաջ` նոր օբյեկտի դեպքում:

2. Գործատուները իրավասու մարմնին ծանուցում են նաև բարձր վտանգ պարունակող յուրաքանչյուր օբյեկտի վերջնական փակման մասին:

 

Օբյեկտի մակարդակի վրա իրականացվող միջոցառումներ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Բարձր վտանգ պարունակող յուրաքանչյուր օբյեկտի համար գործատուները ստեղծում և պահպանում են բարձր ռիսկի գործոնների վերահսկման փաստաթղթավորված համակարգ, որը նախատեսում է.

ա/ վտանգների հատկանշում և վերլուծություն, ինչպես նաև ռիսկի գործոնների գնահատում` ներառյալ նյութերի միջև հնարավոր փոխգործակցության հավանականությունը,

բ/ տեխնիկական միջոցառումներ` ներառյալ օբյեկտի նախագծումը, անվտանգության համակարգերը, շինարարությունը, քիմիական նյութերի ընտրությունը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը և պարբերական զննումը,

գ/ կազմակերպչական միջոցառումներ` ներառյալ անձնակազմի մասնագիտական պատրաստությունը և հրահանգավորումը, անձնակազմի անվտանգությունն ապահովող սարքավորումների առկայության ապահովումը, անձնակազմով ապահովված լինելու մակարդակները, աշխատանքային ժամերը, պարտականությունների բաշխումը, օբյեկտում արտաքին կապալառուների և ժամանակավոր աշխատողների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ հսկողության սահմանումը,

դ/ վթարային իրավիճակների դեպքում` գործողությունների պլաններ և համապատասխան ընթացակարգեր, որոնք ընդգրկում են.

i) վթարային իրավիճակների դեպքում` գործողությունների արդյունավետ պլանների և համապատասխան ընթացակարգերի մշակում, ներառյալ խոշոր վթարների կամ դրանց առաջացման վտանգի դեպքում շտապ բժշկական օգնության տրամադրման ընթացակարգերի մշակումը, դրանց պարբերական ստուգումը և արդյունավետության գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, վերանայումը,

ii) պոտենցիալ վթարների և օբյեկտում վթարային իրավիճակի դեպքում գործողությունների պլանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում իրավասու մարմիններին, որոնք պատասխանատու են վթարային իրավիճակների դեպքում գործողությունների պլանների մշակման և օբյեկտի տարածքից դուրս գտնվող բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների նախապատրաստման համար,

iii) ցանկացած անհրաժեշտ խորհրդակցությունների անցկացում այդպիսի մարմինների հետ,

ե/ խոշոր վթարների հետևանքները սահմանափակող միջոցներ,

զ/ խորհրդակցությունների անցկացում աշխատավորների և նրանց ներկայացուցիչների հետ,

է/ համակարգի կատարելագործում` ներառյալ տեղեկատվության հավաքման և վթարների ու վթարային իրավիճակների վերլուծության միջոցները:

Այդ վերլուծությունների արդյունքները քննարկվում են աշխատավորների և նրանց ներկայացուցիչների հետ և գրանցվում են` ազգային օրենսդրության և պրակտիկային համապատասխան:

 

Անվտանգության վերաբերյալ զեկույց

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Յուրաքանչյուր գործատու պատրաստում է անվտանգության վերաբերյալ զեկույց` 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Զեկույցը պատրաստվում է.

ա/ բարձր վտանգ պարունակող գործող օբյեկտի դեպքում` ծանուցումից հետո, ազգային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում,

բ/ բարձր վտանգ պարունակող նոր օբյեկտի դեպքում` մինչև այն շահագործման հանձնելը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Գործատուները վերանայում, նորացնում և փոփոխում են անվտանգության վերաբերյալ զեկույցները.

ա/ օբյեկտի կամ արտադրական գործընթացի անվտանգության մակարդակի վրա զգալիորեն ազդող փոփոխությունների, կամ օբյեկտում առկա վտանգավոր նյութերի քանակությունների փոփոխության դեպքում,

բ/ եթե այդպես է պահանջում տեխնիկական գիտելիքների զարգացումը կամ վտանգի գնահատման նոր մեթոդների ի հայտ գալը,

գ/ ազգային օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ,

դ/ իրավասու մարմնի պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Գործատուները 10-րդ և 11-րդ հոդվածներում նշված անվտանգության վերաբերյալ զեկույցներն ուղղում կամ ներկայացնում են իրավասու մարմնին:

 

Վթարի վերաբերյալ զեկույց

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Գործատուները տեղի ունեցած խոշոր վթարի մասին անհապաղ տեղեկացնում են իրավասու մարմնին և համապատասխան լիազորություններով օժտված այլ մարմիններին:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Գործատուները տեղի ունեցած խոշոր վթարից հետո սահմանված ժամկետներում իրավասու մարմնին են ներկայացնում մանրամասն զեկույց, որը պարունակում է վթարի պատճառների վերլուծությունը և օբյեկտում դրա հետևանքների, ինչպես նաև դրանց նվազեցման նպատակով ձեռնարկված միջոցների նկարագրությունը:

2. Զեկույցը պարունակում է մանրամասն հանձնարարականներ նոր վթարի բացառմանն ուղղված գործնական միջոցների վերաբերյալ:

 

Մաս 4

Իրավասու մարմինների պարտականությունները. պատրաստվածությունը օբյեկտի

տարածքից դուրս` վթարային իրավիճակի դեպքում

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Իրավասու մարմինը, հաշվի առնելով գործատուից ստացված տեղեկությունները, ապահովում է վթարային իրավիճակներում գործողությունների պլանների և բարձր վտանգ պարունակող յուրաքանչյուր օբյեկտի տարածքից դուրս գտնվող բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակումը, սահմանված պարբերականությամբ նորացումը և համաձայնեցումը համապատասխան մարմինների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Իրավասու մարմինն ապահովում է.

ա/ խոշոր վթարի դեպքում կիրառվելիք անվտանգության միջոցների և ճիշտ վարքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը, որը կարող է հայտնվել այդպիսի խոշոր վթարի ազդեցության ներքո` անգամ, եթե այն չի դիմում նման տեղեկատվություն ստանալու խնդրանքով, տեղեկատվության թարմացումը և սահմանված պարբերականությամբ այդ նորացված տեղեկատվության տարածումը,

բ/ խոշոր վթարի առաջացման դեպքում` բնակչության տեղեկացում հնարավորինս սեղմ ժամկետներում,

գ/ եթե խոշոր վթարի հետևանքները կարող են ձեռք բերել անդրսահմանային բնույթ, ապա սույն հոդվածի «ա» և «բ» կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է շահագրգիռ պետություններին` համագործակցության և համադրման ապահովման նպատակով:

 

Բարձր վտանգ պարունակող օբյեկտների տեղաբաշխումը

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Իրավասու մարմինը մշակում է օբյեկտների տեղաբաշխման համակողմանի քաղաքականություն` հաշվի առնելով բարձր վտանգ պարունակող օբյեկտների պատշաճ հեռավորության ապահովումը արդյունաբերական և բնակելի շրջաններից և հանրային օգտագործման վայրերից, ինչպես նաև համապատասխան միջոցներ է նախատեսում գործող օբյեկտների համար: Այդ քաղաքականությունը հիմնվում է սույն Կոնվենցիայի 2-րդ մասով սահմանված ընդհանուր սկզբունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Իրավասու մարմինը պետք է ապահովված լինի մասնագիտացված և պատրաստված` համապատասխան հմտություններով օժտված կադրերով, ինչպես նաև տեսչությունների, հետաքննությունների, գնահատումների, սույն Կոնվենցիայում դիտարկվող հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու և ազգային օրենսդրության դրույթների պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական միջոցներով:

2. Գործատուի և բանվորների ներկայացուցիչները բարձր վտանգ պարունակող օբյեկտներում կարող են ուղեկցել սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցների կիրառումը հսկող տեսուչներին, եթե միայն տեսուչները չեն գտնում, որ իրավասու մարմինների ընդհանուր հրահանգների համաձայն դա կարող է խանգարել իրենց պարտականությունների կատարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Իրավասու մարմինն իրավունք ունի դադարեցնել ցանկացած գործունեություն, որը կարող է խոշոր վթարի ակնհայտ վտանգ առաջացնել:

 

Մաս 5

Բանվորների և նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու

պարտականությունները

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Բարձր վտանգ պարունակող օբյեկտում աշխատանքի անվտանգության ապահովման նպատակով բանվորների և նրանց ներկայացուցիչների հետ անց են կացվում խորհրդակցություններ` համագործակցության համապատասխան մեխանիզմների օգտագործմամբ: Բանվորները և նրանց ներկայացուցիչները, մասնավորապես.

ա/ ստանում են պատշաճ և ստույգ տեղեկատվություն բարձր վտանգ պարունակող օբյեկտի հետ կապված ռիսկի գործոնների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,

բ/ ստանում են տեղեկատվություն իրավասու մարմինների բոլոր հանձնարարականների, հրահանգների և առաջարկների վերաբերյալ,

գ/ ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերի մշակման նպատակով կազմակերպվող խորհրդակցություններում և ունեն այդ փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք.

i) անվտանգության վերաբերյալ զեկույցներ,

ii) վթարային իրավիճակների դեպքերում գործողությունների պլաններ և համապատասխան ընթացակարգեր,

iii) վթարների վերաբերյալ զեկույցներ,

դ/ անցնում են պարբերական հրահանգավորում և մասնագիտական ուսուցում խոշոր վթարների կանխման և դրանց առաջացման գործոնների վերահսկման հետ կապված գործողությունների և ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաև խոշոր վթարի առաջացման դեպքում վթարային ընթացակարգերի վերաբերյալ,

ե/ ծառայողական պարտականությունների շրջանակներում, չենթարկվելով որևէ պատժի, ձեռնարկում են ուղղիչ միջոցներ, իսկ, անհրաժեշտության դեպքում, դադարեցնում են աշխատանքը, եթե ստացված մասնագիտական պատրաստվածության և անձնական փորձի հիման վրա բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ առկա է խոշոր վթարի վտանգ և տեղեկացնում են ղեկավարությանը կամ տագնապ են հայտարարում, կախված հանգամանքներից, այդ միջոցները ձեռնարկելուց առաջ կամ անմիջապես հետո,

զ/ գործատուի հետ քննարկում են բոլոր պոտենցիալ վտանգները, որոնք, իրենց կարծիքով, կարող են խոշոր վտանգի պատճառ հանդիսանալ և իրավունք ունեն իրավասու մարմնին տեղեկացնել այդպիսի վտանգների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Բարձր վտանգ պարունակող օբյեկտում զբաղված բանվորները պարտավոր են.

ա/ հետևել բարձր վտանգ պարունակող օբյեկտներում խոշոր վթարների կանխման և դրանց առաջացնող գործոնների վերահսկմանն առնչվող շահագործման կանոններին և ընթացակարգերին,

բ/ խոշոր վթարի դեպքում հետևել բոլոր վթարային ընթացակարգերին:

 

Մաս 6

Արտահանող պետությունների պարտականությունները

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Եթե արտահանող անդամ պետությունում վտանգավոր նյութերի, տեխնոլոգիաների կամ գործընթացների կիրառումն արգելված է այն կապակցությամբ, որ դրանք խոշոր վտանգի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ, այդպիսի արգելքի և դրան պատճառների մասին տեղեկատվությունը պետք է այդ պետության կողմից տրամադրվի յուրաքանչյուր ներմուծող պետությանը:

 

Մաս 7

Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման համար ուղարկվում են Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միայն Աշխատանքի միջազգային կազմակերպության այն Անդամների համար, որոնց վավերագրերը գրանցվել են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից Կազմակերպության երկու Անդամի վավերագրերի գրանցման պահից 12 ամիս անց:

3. Հետագայում սույն Կոնվենցիան Կազմակերպության յուրաքանչյուր Անդամի համար ուժի մեջ է մտնում այդ պետության վավերագրի գրանցման պահից 12 ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր Անդամ, Կոնվենցիայի առաջին անգամ ուժի մեջ մտնելու օրվանից տասը տարին լրանալուն պես, կարող է չեղյալ հայտարարել այն` այդ մասին ծանուցում ուղարկելով Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենին` գրանցման համար:

2. Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության այն Անդամի համար, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամկետին հաջորդող մեկ տարվա ընթացքում չի օգտվում սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքից, Կոնվենցիան ուժի մեջ է մնում հաջորդ տասը տարվա ընթացքում, և հետագայում նա կարող է այն չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետի ավարտից հետո` սույն հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը ծանուցում է Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր Անդամներին Կազմակերպության Անդամների կողմից իրեն ուղղված վավերագրերի և չեղյալ հայտարարման ծանուցագրերի մասին:

2. Կազմակերպության Անդամներից երկրորդ վավերագրի ստացման մասին ծանուցելիս, Գլխավոր տնօրենը առաջիններիս ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվան:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Աշխատանքի միջազգային գրասենյակի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին է ուղղում իր կողմից նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան գրանցված բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարման ծանուցագրերի մասին մանրամասն տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Անհրաժեշտության դեպքում, Աշխատանքի միջազգային գրասենյակի ղեկավար մարմինը Գլխավոր խորհրդաժողովին է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույց և քննարկում է Խորհրդաժողովի օրակարգում դրա ամբողջական կամ մասնակի վերանայման հարցն ընդգրկելու նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Եթե Խորհրդաժողովն ընդունում է սույն Կոնվենցիան ամբողջովին կամ մասնակիորեն վերանայող նոր Կոնվենցիա և եթե նոր Կոնվենցիան այլ բան չի նախատեսում, ապա.

ա/ Կազմակերպության որևէ Անդամի կողմից նոր, վերանայված Կոնվենցիայի վավերացումն ինքնաբերաբար, անկախ 25-րդ հոդվածի դրույթներից, առաջացնում է սույն Կոնվենցիայի չեղյալ հայտարարում` պայմանով, որ նոր, վերանայված Կոնվենցիան արդեն ուժի մեջ է,

բ/ նոր, վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացման համար:

2. Սույն Կոնվենցիան, համենայնդեպս, ուժի մեջ է մնում` իր ներկա ձևով և բովանդակությամբ, Կազմակերպության այն անդամների համար, որոնք այն վավերացրել են, սակայն չեն վավերացրել վերանայված Կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

Կատարված է Ժնև քաղաքում 1993 թվականի հունիսի 22-ին:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 3-ից:

 

 

pin
22.06.1993
Միջազգային պայմանագիր