Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ (ՂԵ ...

26.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2009  -ից մինչեւ   26.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 29.03.11 թիվ 85-Ն որոշում)

i

050.0022.200209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        02            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2009 թվականի թիվ 22-Ն

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ (ՂԵԿԱՎԱՐԻ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) որակավորման» կարգը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թ. հունվարի 27-ի

թիվ 22-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ (ՂԵԿԱՎԱՐԻ) ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը տարածվում է բանկերի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ` ՓԼ/ԱՖ) կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) վրա, բացառությամբ` մասնագիտացված գործունեություն իրականացնող այն անձանց, որոնց վերապահվել են այդ գործառույթները ու սահմանում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) որակավորման կարգը:

2. Սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացվում տպագիր կամ ձեռագիր (լրացված գրչով) և հայերեն` պատվիրված նամակով, կամ մուտքագրվում են Կենտրոնական բանկ:

3. Սույն կարգի իմաստով` թեկնածու են համարվում բանկերի կողմից որակավորման քննությանը մասնակցելու համար ներկայացված այն անձինք, որոնց բանկը նշանակել է ներքին դիտարկումների մարմնում: Թեկնածու են համարվում նաև այն անձինք, որոնք անձնական նախաձեռնությամբ դիմում են որակավորում ստանալու համար:

4. Բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) պաշտոնում նշանակված անձինք ենթակա են սույն կարգով նախատեսված որակավորման` նշանակման պահից 3 ամսվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 2. Որակավորման ստուգման ձևը

 

5. Որակավորման ստուգում անցնում են բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) թեկնածուները:

6. Թեկնածուների որակավորման ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրավոր` թեստավորման և բանավոր` հարցազրույցի միջոցով: Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ թեկնածուները կարող են ազատվել բանավոր հարցազրույցից:

7. Թեկնածուների որակավորման ստուգման քննությունը (այսուհետև` քննություն) անցկացվում է Կենտրոնական բանկի կողմից:

 

ԳԼՈՒԽ 3. Քննությանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը

 

8. Քննությանը թեկնածուների մասնակցության համար Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

1) բանկի միջնորդագիր` համաձայն Հավելված 1-ի (բանկի միջնորդությամբ դիմելու դեպքում) կամ դիմում` համաձայն Հավելված 2-ի (անձնական նախաձեռնությամբ դիմելու դեպքում).

2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճեն (համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի).

3) անձնագրի պատճենը:

9. Կենտրոնական բանկը քննությունն անցկացնում է թեկնածուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 4. Քննությանը մասնակցելու մերժման հիմքերը

 

10. Կենտրոնական բանկը թեկնածուին արգելում է մասնակցել քննության, եթե սույն կարգի 8-րդ կետում ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկություններ:

11. Կենտրոնական բանկը կարող է մերժել թեկնածուի մասնակցությունը որակավորման քննությանը, եթե թեկնածուն նախորդ երեք տարիների ընթացքում զրկվել է որակավորման վկայականից:

 

ԳԼՈՒԽ 5. Թեստավորման անցկացումը

 

12. Թեստավորումն անցկացվում է համակարգչային ծրագրով:

13. Քննության ընթացքին կարող են հետևել Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցները:

14. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կարգի 10-րդ գլխում սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

15. Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման: Թեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

16. Թեստը բաղկացած է 80 հարցից:

17. Թեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1.5 րոպե:

18. Թեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 3-ից 4 պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ և սպառիչ պատասխանը:

19. Թեստի հարցի միանշանակ ճիշտ և սպառիչ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ կամ ոչ սպառիչ պատասխան նշելը կամ մեկից ավելի պատասխաններ նշելը:

20. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել թեստավորմանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

21. Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների թեստավորման անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում Կենտրոնական բանկի համաձայնությամբ` Կենտրոնական բանկի այլ աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Կենտրոնական բանկի թույլտվությամբ հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել:

22. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

23. Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցը ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ թեկնածուն կարող է զբաղեցնել ցանկացած ազատ սեղան: Թեկնածուների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց տասը րոպե առաջ:

24. Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցը թեկնածուներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

25. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` միանշանակ ճիշտ և սպառիչ) պատասխան:

26. Քննության ժամանակ թեկնածուին, ինչպես նաև քննասենյակում գտնվող այլ անձանց արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից, ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և նրա քննության արդյունքը գնահատվում է բացասական:

28. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին հանձնվում է իր կատարած աշխատանքի` համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով` երկու օրինակից, որոնք ստորագրվում են թեկնածուի կողմից: Մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 6. Թեստի գնահատումը և արդյունքները

 

29. Թեստերի հարցերի գնահատումը Կենտրոնական բանկի կողմից կատարվում է հետևյալ կերպ`

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում արձանագրվում է բացասական գնահատական.

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում արձանագրվում է դրական գնահատական:

 

ԳԼՈՒԽ 7. Թեստավորման արդյունքների բողոքարկումը

 

30. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված թեստավորման արդյունքները` քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ: Դիմումը ուսումնասիրվում է Կենտրոնական բանկի կողմից 5-օրյա ժամկետում և թեկնածուին տրվում է պատասխան բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 8. Բանավոր հարցազրույցը

 

31. Թեստավորման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկն անցկացնում է բանավոր հարցազրույց դրական գնահատական ստացած թեկնածուների հետ:

 

ԳԼՈՒԽ 9. Որակավորված աշխատակիցների (ղեկավարների) ցուցակը, որակավորման վկայականների տրամադրումը

 

32. Թեստավորման և հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ համապատասխան դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

33. Որակավորման վկայականը տրվում է թեստավորման և հարցազրույցի արդյունքում համապատասխան դրական եզրակացություն ստացած անձի տվյալները` թեստավորմանը կամ հարցազրույցին մասնակցելու դեպքում` բանավոր հարցազրույցի օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) պաշտոնների համար որակավորում անցած անձանց ցուցակում հրապարակելու ձևով: Բացի սույն կետում նշված` որակավորման վկայականի տրման ձևից, որակավորման վկայականը կարող է տրվել նաև թղթային ձևով (համաձայն Հավելված 3-ի)` որակավորված անձի` Կենտրոնական բանկ ներկայացված գրավոր պահանջի հիման վրա:

34. Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) պաշտոնների համար որակավորում անցած անձանց ցուցակում նշվում են որակավորված աշխատակցի (ղեկավարի) անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, որակավորման վկայականի համարը, որակավորման տրման ամսաթիվը: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

35. Որակավորման վկայականները տրվում են 3 (երեք) տարի ժամկետով:

36. Որակավորման վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 (երեք) տարով` առանց սույն կարգով նախատեսված քննության անցկացման, եթե նշված անձը նախորդ 3 տարիների ընթացքում վերապատրաստվել է առնվազն 150 ժամ` ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև եթե Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում որակավորման ստուգումը: Որակավորման վկայականի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով անձը, որակավորման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ, Կենտրոնական բանկի նախագահի անունով ներկայացնում է փաստարկված դիմում` դրան կցելով անցկացված վերապատրաստման վերաբերյալ համապատասխան տվյալներ: Երկարաձգման հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից, որի հիման վրա Կենտրոնական բանկի նախագահի որոշումն անձին է տրամադրվում որակավորման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

37. Տրված որակավորման վկայականները հաշվառվում են Կենտրոնական բանկի համապատասխան մատյանում, որտեղ գրառվում են որակավորված անձանց անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, պաշտոնը, Կենտրոնական բանկի նախագահի որոշման համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

38. Որակավորման վկայականի կորստի դեպքում որակավորված անձինք կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկին` ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

39. Քննության մասնակցած և միավորների առավելագույն թվի 70 տոկոսից ցածր հավաքած թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննության և ստանալ որակավորման վկայականներ:

 

ԳԼՈՒԽ 10. Թեկնածուների քննության թեմաների ցանկը

 

40. Թեկնածուները Կենտրոնական բանկում քննությունը հանձնում են ստորև աղյուսակում նշված թեմաներով:

 

Գիտելիքների և ունակությունների բնագավառները

 

1. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտը կարգավորող օրենսդրություն (օրենքներ, կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ) և գործնական (իրավիճակային) խնդիրներ

1.1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

1.1.1. Ընդհանուր դրույթներ

1.1.2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.1.3. Տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները

1.1.4. Կասկածելի գործարար հարաբերությունը կամ կասկածելի գործարքը

1.1.5. Հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը

1.1.6.Գործարքների լրացուցիչ դիտանցումը, այդ թվում` նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման դեպքում

1.1.7. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազոր մարմինը, վերջինիս գործառույթներն ու լիազորությունները

1.1.8. Կասկածելի գործարքների հետ կապված տեղեկատվության պաշտպանությունը

1.1.9. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները

1.1.10. Միջազգային համագործակցությունը

1.1.11. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը

1.1.12. Գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կնքելու սահմանափակումները

1.1.13. Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները

1.1.14. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից հավելյալ ուսումնասիրության անցկացումը, հաշվետվություն տրամադրող անձանց օտարերկրյա պետություններում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները

1.1.15. Տեղեկատվության պահպանման պարտավորությունը

1.1.16. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերը

1.1.17. Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին դիտարկումների ստորաբաժանումը

1.1.18. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից աուդիտի իրականացումը

1.1.19. Կասկածելի գործարար հարաբերության կամ գործարքների կասեցումը, դրանց իրականացման մերժումը

1.1.20. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումը

1.1.21. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողությունը

1.1.22. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1.1.23. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար

1.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.09.2008թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատված`»Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգ

1.2.1. Ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների գործառությունները և դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները

1.2.2. ՓԼ/ԱՖ ներքին դիտարկումների գործառույթը և մարմինը

1.2.3. Ներքին իրավական ակտերի փոփոխման և հաստատման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները

1.2.4. Բարձր ռիսկի չափանիշները և դրանց որոշման կարգը

1.2.5. Ցածր ռիսկի չափանիշները

1.2.6. Հաճախորդի նույնականացման նվազագույն պահանջները

1.2.7. Հաճախորդի պատշաճ, այդ թվում` հավելյալ և պարզեցված ուսումնասիրության նվազագույն կանոնները

1.2.8. Տեղեկատվության հաշվառման, հավաքագրման և թարմացման նվազագույն կանոնները

1.2.9. Ֆինանսական հաստատության կողմից գործարքների (գործարար հարաբերության) կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ լիազոր մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները

1.2.10. ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող նվազագույն կանոնները

1.2.11. Ֆինանսական հաստատությունների` ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ուսուցման նվազագույն կանոնները

1.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 31.07.2008թ. թիվ 231-Ն որոշմամբ հաստատված`»Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ թիվ 001 հաշվետվական ձևը, դրա տրամադրման կարգը և ժամկետները»

1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 11.09.2008թ. թիվ 1/913-Ա որոշմամբ հաստատված`»Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ տիպաբանությունների» ուղեցույց

1.5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.09.2008թ. թիվ 1/886-Ա որոշմամբ հաստատված`»Կասկածելի գործարքների չափանիշների վերաբերյալ» ուղեցույց

1.6. ՀՀ քրեական օրենսգրքի 190 և 217.1 հոդվածներ

1.7. Գործնական (իրավիճակային) խնդիրներ

2. ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում գործող միջազգային փաստաթղթեր և միջազգային կառույցներ

2.1. «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1988թ. կոնվենցիա (Վիեննայի կոնվենցիա)

2.2. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» Եվրախորհրդի 1990թ. կոնվենցիա (Ստրասբուրգի կոնվենցիա)

2.3. «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1999թ. կոնվենցիա (Նյու-Յորքի կոնվենցիա)

2.4. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի 2000թ. կոնվենցիա (Պալերմոյի կոնվենցիա)

2.5. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրախորհրդի 2005թ. կոնվենցիա (Վարշավայի կոնվենցիա)

2.6. Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնախմբի (ՖԱԹՖ) 40+9 ստանդարտներ

2.7. Փողերի լվացման և ահաբեկչության կանխարգելմանն առնչվող Բազելյան փաստաթղթեր

2.8. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1373 Բանաձև, 2001թ.

2.9. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1267 Բանաձև, 2002թ.

2.10. Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբ

2.11. Էգմոնտ խումբ

2.12. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման Եվրասիական խումբ

3. Բանկերի գործունեության կարգավորման ու վերահսկողության վերաբերյալ օրենսդրություն

3.1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

3.2. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

3.3.»Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

3.4. Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները

4. Ընդհանուր տնտեսական, քաղաքացիական, հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրություն

4.1. Գրավի իրավունք, վարձակալություն, վարկ, ֆինանսավորում դրամական պահանջի զիջման դիմաց (ֆակտորինգ), բանկային ավանդ, բանկային հաշիվ, գույքի հավատարմագրային կառավարում

4.2. Արժեթղթեր, արժեթղթերի տեսակներ

4.3 «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

4.4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

4.5. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

4.6. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

4.7. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

 

Գլուխ. 11. Քննությունից ազատելու հիմքերը

 

41. Կենտրոնական բանկի կողմից որակավորված աուդիտորները, Համապատասխանության միջազգային ասոցիացիայի համապատասխանության դիպլոմ կամ հավաստագիր ունեցող անձինք ազատվում են սույն կարգով նախատեսված քննություն հանձնելու պարտականությունից, իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կազմակերպված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում համապատասխանության գործնական դասընթացը և որակավորում անցած անձինք ազատվում են քննությունը հանձնելու պարտականությունից` այդ որակավորումը ստանալուց հետո երեք տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 12. Որակավորման վկայականից զրկելը

 

42. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցը (ղեկավարը) կարող է զրկվել սույն կարգով սահմանված որակավորման վկայականից` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու արդյունքում:

 

ԳԼՈՒԽ 13. Որակավորումից հետո բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) նշանակման վերաբերյալ բանկերի կողմից ծանուցման կարգը

 

43. Բանկերը պարտավոր են ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) նշանակման վերաբերյալ ծանուցել Կենտրոնական բանկին` սույն կարգով նախատեսված որակավորման վկայականը տրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 12.2 կետով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 14. Անցումային դրույթներ

 

44. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը` բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի (ղեկավարի) պաշտոնին նշանակված անձինք պետք է որակավորվեն սույն կարգի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

 

Հավելված 1

«Բանկերի ներքին դիտարկումների

մարմնի աշխատակցի (ղեկավարի)

որակավորման» Կարգի

 

Որակավորման ստուգման քննությանը բանկերի ներքին դիտարկումների

մարմնի աշխատակցի (ղեկավարի) թեկնածուների մասնակցության համար

միջնորդագրի օրինակելի ձև

 

._______________________________________________________________.

|                             ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ                       |

|                                                               |

|                                     Հայաստանի Հանրապետության  |

|                                     կենտրոնական բանկի նախագահ |

|                                     ..................        |

|                                                               |

|  Հարգելի .....................                                |

|                                                               |

|  Խնդրում եմ թույլատրել _________________________________ - ին |

|                           անունը, ազգանունը, հայրանունը       |

|                                                               |

|  մասնակցել բանկի __________________________________ պաշտոնում |

|                           (պաշտոններում)                      |

|  պաշտոնի կամ պաշտոնների անվանումը                             |

|                                                               |

|  աշխատելու համար որակավորման քննությանը:                      |

|                                                               |

|  Թեկնածուի`                                                   |

|                                                               |

|  Բնակության վայրը ____________                                |

|  Հեռախոսահամարը ______________                                |

|                                                               |

|  Միջնորդող բանկի                                              |

|  գործադիր մարմնի ղեկավար` ________________ ________________   |

|                            անուն, ազգանուն ստորագրություն     |

|                                                               |

|                                ____ ________________ 200 թ.   |

._______________________________________________________________.

 

Հավելված 2

«Բանկերի ներքին դիտարկումների

մարմնի աշխատակցի (ղեկավարի)

որակավորման» Կարգի

 

Որակավորման ստուգման քննությանը թեկնածուների

մասնակցության համար դիմումի օրինակելի ձև

 

.__________________________________________________________________.

|                               ԴԻՄՈՒՄ                             |

|                                                                  |

|                                    Հայաստանի Հանրապետության      |

|                                    կենտրոնական բանկի նախագահ     |

|                                    ..................            |

|                                                                  |

| Հարգելի .....................                                    |

|                                                                  |

| Խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցել բանկի _____________________  |

|                                պաշտոնի կամ պաշտոնների անվանումը  |

|                                                                  |

| պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը: |

|                                                                  |

| Թեկնածուի`                                                       |

|                                                                  |

| Բնակության վայրը ____________                                    |

| Հեռախոսահամարը ______________                                    |

|                                                                  |

| Դիմող` ___________________________ ______________                |

|         անուն, ազգանուն, հայրանուն ստորագրություն                |

|                                                                  |

|                               ____ ________________ 200 թ.       |

.__________________________________________________________________.

 

Հավելված 3

«Բանկերի ներքին դիտարկումների

մարմնի աշխատակցի (ղեկավարի)

որակավորման» Կարգի

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

.________________________________________________________________.

|                             ՎԿԱՅԱԿԱՆ N                         |

|                                                                |

| Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի   |

| «»_________ 200 թ. թիվ ____ որոշման` սույն վկայականը տրվում է |

|                                                                |

| __________________________________ -ին _______________         |

| Անուն, ազգանուն, հայրանուն             անձնագրի համար          |

|                                                                |

| բանկի _________________________________________________________|

|                 պաշտոնի կամ պաշտոնների անվանումը               |

|                                                                |

| պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:                      |

|                                                                |

| Սույն վկայականն ուժի մեջ է մինչև  «»__________________ 200 թ.:|

|                                                                |

| Հայաստանի Հանրապետության                                       |

| կենտրոնական բանկի նախագահ ________________________             |

|                                                                |

|                          ____ ________________ 200 թ.          |

.________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.01.2009
N 22-Ն
Որոշում