Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 202-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-590 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1071Ա

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Անտոնյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միքայել Մեժլումյանի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ, Հրաչիկ Վարդանյանների և Անահիտ Անտոնյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և առանձնացնելու պահանջի մասին, Անահիտ Անտոնյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Հրաչիկ Վարդանյանների և Միքայել Մեժլումյանի, երրորդ անձ Գայանե Գալոյանի` բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, Գայանե Գալոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միքայել Մեժլումյանի, Անահիտ Անտոնյանի` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները մասնակի անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին, անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Ռուդոլֆ, Անդրանիկ, Սահակ Վարդանյանների, Միքայել Մեժլումյանի, Գայանե Գալոյանի, Անահիտ Անտոնյանի` բաժինն առանձնացնելու և տունը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միքայել Մեժլումյանը պահանջել է առանձնացնել իր կողմից փաստացի զբաղեցված Երևանի Պռոշյան 5ա հասցեում գտնվող 450 քմ հողամասը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ:

Դիմելով դատարան` Անահիտ Անտոնյանը պահանջել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից առանձնացնել իր բաժինը և վերացնել սեփականության իրավունքի խախտումը` Միքայել Մեժլումյանին պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Գալոյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Միքայել Մեժլումյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, սեփականության իրավունքի վկայականները և Երևանի Պռոշյան 5ա հասցեում 104,7 քմ շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ իրեն ճանաչել համասեփականատեր:

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանը պահանջել է առանձնացնել Հրաչիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի հողամասի 1/10-րդ մասը և հրապարակային սակարկություններով վաճառել ամբողջ տունը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճռով Միքայել Մեժլումյանի և Գայանե Գալոյանի հայցերը մերժվել են, Անահիտ Անտոնյանի հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ Հրաչիկ Վարդանյանի սնանկության գործերով կառավարիչ Արամ Կարապետյանի հայցի մասով գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2008 թվականի որոշմամբ Գայանե Գալոյանի, Միքայել Մեժլումյանի և Անահիտ Անտոնյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն` բեկանվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Անտոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Միքայել Մեժլումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 202-րդ հոդվածները, որի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործի փաստերի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող 1303,8 քմ մակերեսով հողամասը համասեփականատերերի փաստացի օգտագործման արդյունքում բաժանվել է երկու` 702 քմ և 604,7 քմ մակերեսներով մասերի: Վեճի առարկա 604,7 քմ մակերեսով հողամասը երկու սեփականատերերի` Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առանձնացնելու մասին համաձայնություն առկա չէ, հետևաբար այն պետք է դիտել հավասար:

Անահիտ Անտոնյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը Միքայել Մեժլումյանի հետ համատեղ օգտագործվող հողամասից և պարտավորեցնել քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պարտավորեցնելով միայն քանդել ցանկապատը և վերականգնել հողամասի նախկին վիճակը: Վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն բավարարելով կոնկրետ չի նշել, թե վճռի որ մասն է բեկանվում և որ մասն է թողնվում անփոփոխ, ինչպես նաև չի նշել գործի քննության ծավալը:

Փաստորեն ստորադաս դատարանն Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը, այն է` ընդհանուր սեփականության ներքո գտնվող 604,7 քմ հողամասից սեփականատերերի բաժիններն առանձնացնելու հարցը չեն լուծել, որի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի մասերով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2008 թվականի որոշումը և դատական ակտը փոփոխել:

 

2.1 Միքայել Մեժլումյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է շինություններ, որոնք գտնվել են 1308 քմ մակերեսով հողամասի վրա: Մինչդեռ Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին հողամաս չի նվիրել: Նվիրատվության պայմանագրի առարկա է միայն շինությունը: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածները, իրավացիորեն նշել է, որ հնարավոր չէ Անահիտ Անտոնյանին հատկացնել հողամաս, որը նրան չի նվիրվել և չի պատկանում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) 10.08.1994 թվականի նվիրատվության պայմանագրով Միքայել Մեժլումյանն Անահիտ Անտոնյանին նվիրել է Երևանի Պռոշյան 5ա հասցեի 136,8 քմ մակերեսով բնակելի, 32 քմ մակերեսով օժանդակ և 238,9 քմ այլ մակերեսներից բաղկացած տնատիրությունը, որը գտնվում է ընդհանուր հողամասի վրա:

2) Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 07.08.2007 թվականի թիվ Ել-55602 մասնագիտական եզրակացության համաձայն` Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեների շինությունները գտնվում են 1308 քմ մակերեսով հողամասի վրա:

3) Երևանի Պռոշյան 5 և Պռոշյան 5ա հասցեում գտնվող 1308 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի վրա առկա են 3 գույքային միավորներ` 1. Պռոշյան 5 հասցեում գտնվող շինություններ` գրանցված Հրաչիկ, Սահակ, Անդրանիկ և Ռուդոլֆ Սարգսի Վարդանյանների անվամբ (285,5 քմ բնակելի տուն, 58,5 քմ և 24,05 քմ ավտոտնակներ և 52,98 քմ օժանդակ մակերես), 2. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Անահիտ Անտոնյանի անվամբ (407,5 քմ բնակելի տուն), 3. Պռոշյան 5ա հասցեում գտնվող շինություններ` գրանցված Գայանե Գալոյանի անվամբ (104,7 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկ, 96 քմ մակերեսով հողամաս և նրա վրա առկա 22,3 քմ օժանդակ շինություն) և Միքայել Մեժլումյանի անվամբ (Գայանե Գալոյանին պատկանող տան 2-րդ հարկի 82,9 քմ մակերեսով մասը և բնակելի տան 1-ին հարկ` 84,86 քմ մակերեսով և 59,55 քմ նկուղային հարկ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո, որի հիմքերն ու կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով: Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել դրա մասնակիցների միջև նրանց համաձայնությամբ: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի վերաքննիչ բողոքներին, գտել է, որ դրանք պետք է բավարարվեն, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես, Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 31.05.2006 թվականի թիվ ԵԼ-3392 գրությունը, Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանի 06.06.1986 թվականի վճիռը, Պռոշյան 3, 5, 7, 9բ և 1-ին նրբանցքի 30/2 տան բնակիչների հայտարարությունը, 14.09.1994 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չհետազոտելով և գնահատման առարկա չդարձնելով գործում առկա մի շարք ապացույցներ, չի լուծել Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի միջև առկա վեճը:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքը համարում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունների շրջանակներում գործն ուղարկել է նոր քննության:

Հետևաբար առաջին ատյանի դատարանում գործն ըստ էության լուծված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոքի պատճառաբանությունները:

Ինչ վերաբերում է Անահիտ Անտոնյանի պահանջներին առանձին անդրադառնալուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Անտոնյանի և Միքայել Մեժլումյանի պահանջների միջև առկա է փոխադարձ կապ ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել ճիշտ լուծումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-590(ՎԴ)
Որոշում