Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-650 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1050

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Տ. Սահակյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լ. Գաբոյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լ. Գաբոյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք Գ. Եգանյանի, Գ. Բակմազյանի, Վ. Գասպարյանի, Ա. Համբարձումյանի, Ռ. Գասպարյանի, Գ. Համբարյանի, Կ. Եղիկյանի` Լ. Գաբոյանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները վերացնելու և այդպիսի խոչընդոտներ առաջացնող որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Քաղաքապետարանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լ. Գաբոյանի, երրորդ անձինք Գ. Եգանյանի, Գ. Բակմազյանի, Վ. Գասպարյանի, Ա. Համբարձումյանի, Ռ. Գասպարյանի, Գ. Համարյանի, Կ. Եղիկյանի` «Առևտրի կենտրոն» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող շինության քանդման թույլտվություն և ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Քաղաքապետարան դիմելուն պարտավորեցնելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լ. Գաբոյանը պահանջել է վերացնել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Առևտրի կենտրոն» շինության նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները և անվավեր ճանաչել այդպիսի խոչընդոտներ առաջացնող Գյումրու քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ)` 29.08.2006 թվականի թիվ 1098, 29.08.2006 թիվ 1104, 29.08.2006 թվականի թիվ 1103, 29.08.2006 թվականի թիվ 1101, 05.09.2006 թվականի թիվ 1132 և 29.08.2006 թվականի թիվ 1105 որոշումները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Լ. Գաբոյանին քանդման թույլտվություն և ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար դիմել Քաղաքապետարան:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 10.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.04.2008 թվականի որոշմամբ հայցը մերժել է: Դատարանի վճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լ.Գաբոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործում առկա «ՀՀ Հայնախագիծ» ԲԲԸ-ի 06.06.2007 թվականի թիվ 183 գրությամբ, «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 24.10.2007 թվականի եզրակացությամբ, ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության 20.12.2004 թվականի եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ընկերությանը պատկանող շինությանը հարող օտարված հողամասերում կատարվող շինարարությունը խոչընդոտում է Ընկերության բնականոն գործունեությանը և զրկում նրան սեփականության իրավունքի իրականացմանը: Մասնավորապես, իրականացվող շինարարությունը սպառնում է Ընկերությանը պատկանող շինության հիմքի ամրությանն ու փլուզմանը: Երեք կողմերից շինությանը կից թույլատրվել է կառուցապատման աշխատանքներ կատարել` խոչընդոտելով ոչ միայն շենքի բնական լուսավորությանը և մուտքին, այլև հակահրդեհային անվտանգությանը: Շենքը բոլոր կողմերից ունի պատուհաններ, հետնամասում` երկու դուռ, և այդպիսի պայմաններում առանց սեփականատիրոջ համաձայնության, հնարավորություն է տրվել կից կառույց կառուցել: Մինչդեռ, վերը նշված ապացույցները Վերաքննիչ դատարանի որևէ գնահատականի չեն արժանացել:

Վերոգրյալի հիման վրա` վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2008 թվականի որոշումը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության կամ այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 10.12.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 123 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը, որի գլխավոր տնօրենը Լ. Գաբոյանն է:

2) «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 24.10.2007 թվականի եզրակացության համաձայն` հետազոտման առարկա հանդիսացող տարածքը, ըստ ՀՀ Կառավարության 28.03.2005 թվականի թիվ 295-Ն որոշման, պետք է նախագծվի և կառուցվի համալիր, մինչդեռ, տվյալ դեպքում կառուցապատվում է առանձին-առանձին: Իրականացվող կառուցապատումները չեն համապատասխանում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող բնական լուսավորության և ինսոլյացիոն նորմաները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև` հակահրդեհային պահանջներին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանը, հայցը մերժելիս, պատճառաբանել է, որ «Տվյալ պարագայում սկզբնական հայցի մասով պատշաճ հայցվոր կարող էր հանդիսանալ «Առևտրի կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այլ ոչ թե վերջինիս տնօրեն Լյովա Գաբոյանը»: Նշվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Լ. Գաբոյանի կողմից չի ներկայացվել իր իրավունքի խախտման վերաբերյալ որևէ ապացույց:

i

Մինչդեռ, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ընկերության գլխավոր տնօրենը համարվում է ընկերության գործադիր մարմին: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն` ընկերության գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ:

Վերոգրյալից բխում է, որ Լ. Գաբոյանը, լինելով Ընկերության գլխավոր տնօրեն, կարող է ներկայացնել Ընկերության շահերն` առանց լիազորագրի: Հետևաբար, հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ պատշաճ հայցվոր կարող էր լինել Ընկերությունը, այլ ոչ թե տնօրեն Լ. Գաբոյանը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ այն անձի կողմից, ում պատկանում է պահանջի իրավունքը, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Ընկերության կողմից ներկայացված ապացույցները, այդ թվում` «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 24.10.2007 թվականի եզրակացությունը:

i

Մասնավորապես, նշված եզրակացության համաձայն` հետազոտման առարկա հանդիսացող տարածքը, ըստ ՀՀ Կառավարության 28.03.2005 թվականի թիվ 295-Ն որոշման, պետք է նախագծվի և կառուցվի համալիր, մինչդեռ, տվյալ դեպքում կառուցապատվում է առանձին-առանձին, իսկ իրականացվող կառուցապատումները չեն համապատասխանում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող բնական լուսավորության և ինսոլյացիոն նորմաները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև` հակահրդեհային պահանջներին:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-240.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2008 թվականի որոշումը` հայցը մերժելու մասով, և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N 3-650(ՎԴ)
Որոշում