Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0041/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0041/05/08                             2008 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Սաթի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 07.11.2007 թվականի թիվ 1032425 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերը, Ծառայության պետի 27.11.2007 թվականի թիվ ԱՀ 002097 հանձնարարագիրը, ինչպես նաև Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 30.11.2007 թվականի թիվ 186/1 որոշումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ծառայության 07.11.2007 թվականի թիվ 1032425 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերը և Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 30.11.2007 թվականի թիվ 186/1 որոշումն անվավեր ճանաչելու մասերով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը սխալ է մեկնաբանել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, կիրառել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, սխալ մեկնաբանելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, հանգել է սխալ եզրակացության, որ Ընկերության, որպես զբոսաշրջային գործակալի, իրականացվող գործունեության տեսակը որոշվում է ոչ թե յուրաքանչյուր միջոցառման ծրագրի շրջանակներով, այլ ընդհանրապես իրականացվող գործունեության բնույթով, որն իր մեջ ներառել է զբոսաշրջային ծառայություններին բնորոշ տարբեր տարրեր: Նշված սխալ մեկնաբանման հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ Ընկերությունն ազատված է ավելացված արժեքի հարկից: Մինչդեռ միայն զբոսաշրջային գործակալ լինելու հանգամանքը հիմք չէ ավելացված արժեքի հարկից ազատվելու համար, քանի որ գործում առկա չեն Ընկերության կողմից գործակալական ծառայություններ մատուցելու փաստը հաստատող բավարար ապացույցներ, որոնք պարտավոր էր ներկայացնել Ընկերությունը: Տվյալ դեպքում Ընկերության կողմից չեն ներկայացվել գործակալական ծառայություններ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին ծառայություններ մատուցելու փաստը հաստատող փաստաթղթեր, որևէ զբոսաշրջային փաթեթ, կամ պայմանագրի հիման վրա հյուրանոցների կողմից տրված որևէ հարկային հաշիվ, որը կհավաստեր զբոսաշրջիկին մատուցած գիշերակացի ծառայությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը` հայցի բավարարված մասով և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Բողոք բերած անձն անտեսել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի պահանջը: Պատասխանողը կրում է իր կողմից կազմված ստուգման ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը: Նման պարտականությունը ոչ միայն պատշաճ կերպով չի կատարվել ստուգման ընթացքում, այլև այդ պարտականությունների կատարման ընթացքում ձեռնարկած միջոցառումների արդյունքը չի արտացոլվել նաև ստուգման ակտում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծառայության Սպանդարյանի 1 հարկային տեսչության 07.11.2007 թվականի թիվ 1032425 ակտի համաձայն` բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում Ընկերությանն առաջադրվել են շահութահարկի (1-ին կետ), ավելացված արժեքի հարկի (4-րդ կետ) և այլ խախտումների գծով լրացուցիչ հարկային պարտավորություններ:

i

2) Ստուգման ակտի առաջին կետով արձանագրվել է, որ Ընկերությունն ըստ ներկայացրած փաստաթղթերի 2006 թվականի ընթացքում, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, առանց հիմնավոր փաստաթղթերի համախառն եկամտից նվազեցվող ծախսերը ավելի է ցույց տվել 769.100 ՀՀ դրամով: Ստուգման ակտի 4-րդ կետում նշվել է, որ Ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում իրականացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերով օրական շրջագայությունների կազմակերպում և նշված գործունեության մասով իրացման շրջանառությունը Ծառայություն ներկայացրած ավելացված արժեքի հարկի հաշվարկներում ցույց է տվել որպես ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներ: Ընկերության կողմից իրականացված օրական շրջագայությունների կազմակերպումը չի համապատասխանում զբոսաշրջության գործունեություն, զբոսաշրջային գործակալություն հասկացություններին:

Ստուգման ակտում նշվել է նաև, որ հարկ վճարողն է պարտավոր ներկայացնել իր հարկային արտոնությունը հաստատող փաստաթղթերը, մինչդեռ Ընկերությունը չի ներկայացրել դրանք: Հետևաբար, Ընկերության ներկայացրած հաշվարկներում օրական շրջագայությունների կազմակերպման գործունեություն շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատված գործունեություն համարելու համար բավարար հիմքեր չկան:

3) Ծառայության գանգատարկման հանձնաժողովի 30.11.2007 թվականի թիվ 186/1 որոշմամբ 07.11.2007 թվականի ստուգման ակտը թողնվել է անփոփոխ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` զբոսաշրջային ծառայություններ են համարվում` զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայությունները, իսկ զբոսաշրջային գործակալ է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` զբոսաշրջության գործունեության մասով ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում` այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը` առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջիկային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են ՀՀ տարածքում:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունում կատարված ստուգման արդյունքում արձանագրված իրավախախտման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, պարտավորված լինելով ներկայացնել հարկային արտոնությունը հաստատող փաստաթղթերը, այն չի կատարել: Մինչդեռ Դատարանը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, Ընկերության հարկային արտոնությունների առկայությունը ապացուցելու պարտականությունը դրել է Ծառայության վրա:

Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում արձանագրել, որ վարչարարության յուրաքանչյուր առանձին տեսակի իրականացման ժամանակ պետք է հաշվի առնվեն ոչ միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները, այլև համապատասխան կոնկրետ ոլորտը կարգավորող օրենքների պահանջները: Այս եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ հարկային արտոնությունների առկայության փաստը հաստատելու համար փաստաթղթեր ներկայացնում է հարկ վճարողը:

Հետևաբար, ստուգման ժամանակ հարկային արտոնությունների առկայության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացներ Ընկերությունը, որը չներկայացնելու դեպքում այդ արտոնությունների առկայությունը համարվում է չհիմնավորված:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցելու դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնությունից օգտվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացներ այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեին հարկ վճարողի կողմից «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված զբոսաշրջային ծառայություններին և զբոսաշրջային միջոցառումներին բնորոշ գործունեության իրականացումը: Մինչդեռ սույն գործի քննության ժամանակ Ընկերության կողմից այդպիսիք չեն ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. «Սաթի» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/0041/05/08
Որոշում