Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ/0476/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0746/05/08                              2008 թ.

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Եվա Գևորգյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռուբեն Միրաքյանի ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը, և ճանաչել տան 1/2 մասի սեփականատեր:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման հավելվածի 100-րդ կետը և Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան նկատմամբ Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան 1/2 մասի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի սեփականության իրավունքի ճանաչման մասով գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եվա Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Երևանի քաղաքապետարանը և Ռուբեն Միրաքյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը` 1/2 մասով այն հիմքով, որ տարածքի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի օգտագործման իրավունք ունենալու պայմաններում վիճելի որոշմամբ ճանաչվել է միայն Եվա Գևորգյանի սեփականության իրավունքը: Այսինքն` Ռուբեն Միրաքյանի կողմից Քաղաքապետի որոշման իրավաչափությունը չի վիճարկվել: Մինչդեռ, Դատարանը Քաղաքապետի 09.11.2005 թ. թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և Երևանի Լեոյի փողոցի 76/5 բնակելի տան նկատմամբ Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչել ամբողջությամբ` եզրահանգելով, որ վիճարկվող որոշումն իրավաչափ չէ: Այսինքն` Դատարանը, ըստ էության, դուրս է եկել հայցապահանջի սահմաններից, ինչը հանգեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի խախտմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 30.06.2008 թվականի վճիռը, փոփոխել այն կամ գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության:

 

2.1 Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վարչական դատարանը կատարելով գործի ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն հանգել է ճիշտ հետևության, քանի որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ռուբեն Միրաքյանը վիճելի տարածքի օրինական օգտագործող է:

 

2.2 Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը, որը հիմք է հանդիսացել վիճարկվող որոշման ընդունման համար: Քաղաքապետի որոշումն օրինական է, հետևաբար այն չի կարող անվավեր ճանաչվել: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի փաստարկները հիմնավոր են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Դատարանը 30.05.2008 թվականի վճռով Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին հայցը մասնակիորեն բավարարելիս Քաղաքապետի վերոնշյալ որոշումը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի գրանցումը անվավեր է ճանաչել ամբողջությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանում գործը հարուցում է միայն հայցի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոնշյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի հիման վրա, գործը քննել և վեճը լուծել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

Ռուբեն Միրաքյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշման 100-րդ կետը և սեփականության իրավունքի գրանցումը` 1/2 մասով այն հիմքով, որ տարածքի նկատմամբ Ռուբեն Միրաքյանի օգտագործման իրավունք ունենալու պայմաններում վիճելի որոշմամբ ճանաչվել է միայն Եվա Գևորգյանի սեփականության իրավունքը: Մինչդեռ, Դատարանը Քաղաքապետի որոշման 100-րդ կետը և Եվա Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչել ամբողջությամբ: Այսինքն` Դատարանը, դուրս է եկել հայցի շրջանակներից, ինչը հանգեցրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջների խախտմանը և վարչական գործի սխալ լուծմանը:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ռուբեն Միրաքյանի վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 30.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/0476/05/08
Որոշում