Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ, 55-ՐԴ, 60...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ, 55-ՐԴ, 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/1822/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1822/05/08                             2008 թ.

Դատավոր` Դ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                    

2008 թվականի դեկտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Օլեգ Գոլովյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի` սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Օլեգ Գոլովյանը պահանջել է պարտադրել Կադաստրին կատարելու ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 615,2 քմ շինության և 203,1 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 28.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օլեգ Գոլովյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ, 55-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, և կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման չի ենթարկել գործում առկա ապացույցները, անտեսելով այն հանգամանքը, որ 07.07.1997 թվականի թիվ 4270 սեփականության վկայականի համաձայն` Ս. Վարդանյանի, Ա. Սաֆարյանի և Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքը գրանցվել է միայն 615,2 քմ անավարտ բնակելի տան նկատմամբ, այնինչ դատարանի վճռով պատասխանող կողմը պարտավորեցվել է գրանցել Օլեգ Գոլովյանի, որպես շենքի համասեփականատիրոջ, սեփականության իրավունքը շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:

Ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1 քմ հողամասը պետական սեփականություն է, հետևաբար չի կարող գրանցվել Օլեգ Գոլովյանի անվամբ:

Բացի այդ, Դատարանը, չկիրառելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին ենթակետը, անտեսել է այն հանգամանքը, որ ք. Երևան, Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող շենքը պատմության և մշակույթի հուշարձան է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտադրելու պահանջի մասով Օլեգ Գոլովյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

04.07.1997 թ.-ին գրանցվել է Էդիկ Սիմոնյանի և Սիլվա Գրիգորյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Արամի 7 հասցեի 203,1 քմ հողամասի և 615,2 քմ անավարտ շինության նկատմամբ, նրանց տրվել է թիվ 4270 սեփականության վկայագիրը, որտեղ հողամասի բնութագիրը բաժնում նշված է 203,1 քմ հողամաս: 1997 թ.-ի հուլիսի 5-ին Էդիկ Սիմոնյանը և Սիլվա Գրիգորյանը ք. Երևան, Արամի 7 հասցեի անավարտ բնակելի տունը և հողամասը վաճառել են Օլեգ Գոլովյանին, Սերգեյ Վարդանյանին և Աշոտ Սաֆարյանին: Պայմանագրի 3-րդ կետում նշված է, որ անավարտ բնակելի տան տարածությունը կազմված է 203,1 քմ հողամասից և 615,2 քմ ընդհանուր մակերեսից: 07.07.1997 թ.-ին տրված սեփականության թիվ 4270 վկայագրի համաձայն` Օլեգ Գոլովյանի, Սերգեյ Վարդանյանի և Աշոտ Սաֆարյանի սեփականության իրավունքը գրանցվել է ք. Երևան, Արամի 7 հասցեի անավարտ բնակելի տան 615,2 քմ շինության և 203,1 քմ հողամասի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.06.1993 թվականի թիվ 22/24 որոշմամբ թույլատրվել է Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը վաճառել Կարինե Պետրոսյանին: Ի կատարումն նշված որոշման Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի և Կարինե Պետրոսյանի միջև կնքվել է 17.06.1993 թ.-ի պայմանագիրը, որով վաճառել է Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը` 95,95 քմ ընդհանուր մակերեսով:

2. 04.07.1996 թվականի թիվ 4270 անշարժ գույքի սեփականության վկայականի համաձայն` Արամի փողոցի 7-րդ շենքի թիվ 3 բնակարանը` 95,95 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով հաշվառվել է Էդիկ Սիմոնյանի և Սիլվա Գրիգորյանի անվամբ` համապատասխանաբար 2/3 և 1/3 բաժիններով:

3. ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի` Արամի փողոցի 7-րդ շենքի վերակառուցման մասին 25.03.1994 թվականի թիվ 12/9 որոշման համաձայն` շենքը պատմության և մշակույթի հուշարձան է:

4. 05.07.1997 թվականին Էդիկ Սիմոնյանի, Սիլվա Գրիգորյանի` որպես վաճառողների, և Սերգեյ Վարդանյանի, Աշոտ Սաֆարյանի, Օլեգ Գոլովյանի` որպես գնորդների, միջև կնքվել է անավարտ բնակելի տան առուծախի պայմանագիր, որով գնորդները վաճառողներից ձեռք են բերել Երևանի Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող անավարտ բնակելի տունը` 615,2 քմ ընդհանուր մակերեսով: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Նշված պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում` համաձայն 07.07.1997 թվականի թիվ 4270 սեփականության վկայականի:

5. Կադաստրի ղեկավարի 08.05.2007 թվականի թիվ ԵԼ-2839 գրության համաձայն` Արամի փողոց թիվ 7 հասցեում Սերգեյ Վարդանյանի, Աշոտ Սաֆարյանի և Օլեգ Գոլովյանի անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով հաշվառված է 615,2 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն և 203,1 քմ մակերեսով հողամաս` վարձակալության իրավունքով:

6. Կադաստրի ղեկավարի 18.05.2007 թ. թիվ ԵԼ-3179 գրությունով պետական գրանցումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «1. Արամի փող. թիվ 7 շենքը, որը պատմության և մշակույթի հուշարձան է, որպես բնակարան Սպանդարյանի շրջ. գործկոմի 10.06.1993 թվականի 22/24 որոշմամբ սեփականաշնորհվել է Կարինե Պետրոսյանին: 03.07.1996 թվականի 3873 առուծախի պայմանագրով բնակարանը գնել են Էդիկ Սիմոնյանը և Սիլվա Գրիգորյանը, և այն հաշվառվել է վերջիններիս անվամբ, սակայն «Մանանա» արտադրական կոոպերատիվին հատկացվել է 450 քմ հողամաս օֆիսի և հյուրանոցի վերակառուցման համար, մինչդեռ տեղում 450 քմ սահմանազատված հողամաս առկա չէ: Շենքով ծանրաբեռնված հողամասի մակերեսը 210 քմ է»: Նշված գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում:

i

7. ՀՀ կառավարության 25.01.2007 թվականի թիվ 108-Ն որոշմամբ նույն որոշման թիվ 1 հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահը: Նշված որոշման թիվ 1 հավելվածի ցանկի 29-րդ սյունակում նշված է նաև Արամի թիվ 7 հասցեում գտնվող բնակելի տան մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողերը պետության սեփականությունն են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույցի բացակայության դեպքում գործում է դրա` պետական սեփականության լինելու կանխավարկածը (իրավական հիմնավորումները տես` Սիմոն Սարգսյան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 12.12.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-1835 (Ա)):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը Օլեգ Գոլովյանի` Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքը հաստատել է առանց բավարար ապացույցների առկայության, քանի որ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Երևան քաղաքի Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող շենքի թե նախկին սեփականատերերի և թե ներկայիս սեփականատերերի մոտ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք երբևիցե ձեռք բերելու հանգամանքը: Մասնավորապես, վերոնշյալ ապացույցներով չի հիմնավորվում Օլեգ Գոլովյանի` Արամի փողոց թիվ 7 հասցեում գտնվող 203,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու հանգամանքը:

Փաստորեն, Դատարանը պարտավորեցրել է Կադաստրին գրանցելու հողամասի նկատմամբ Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքը` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այդ հողամասը գտնվում է պետության սեփականության ներքո:

Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են:

Սույն գործի փաստերի համաձայն` Արամի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող շենքը պատմական և մշակութային օբյեկտ է, հետևաբար այդ շենքի տակ գտնվող հողամասը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով, չէր կարող սեփականության իրավունքով փոխանցվել Օլեգ Գոլովյանին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի չեն Դատարանի կողմից վկայակոչած` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված ձևական պահանջները չարաշահելու արգելքին վերաբերող, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներում ամրագրված դրույթները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 28.07.2008 թվականի վճռի` հողամասի նկատմամբ Օլեգ Գոլովյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հայցի մասը և այն փոփոխել. Օլեգ Գոլովյանի հայցի նշված մասը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                        Նախագահող`    Ա. Մկրտումյան

                        Դատավորներ`   Ս. Սարգսյան

                                      Վ. Աբելյան

                                      Ե. Խունդկարյան

                                      Դ. Ավետիսյան

                                      Հ. Ղուկասյան

                                      Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ՎԴ/1822/05/08
Որոշում