Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «Հ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 24 մարտի 2009 թ.

 

«ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչ Թ. Մալխասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Թագուհի Կուրդիյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղ. Թագուհի Կուրդիյանի` 08.12.2008 թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի զեկուցագիրը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա հարցը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` 1993 թվականի հունիսի 29-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1993 թվականի հունիսի 29-ին, ուժի մեջ է մտել 1993 թ. սեպտեմբերի 1-ին և ուժը կորցրել` 2007 թ. հունվարի 4-ին: Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացն այդ օրենքի 29 հոդվածի համաձայն (մի շարք փոփոխություններով և լրացումներով հանդերձ) իրականացվել է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը` բացառությամբ մինչ այդ ժամկետի ավարտը քաղաքացիների կողմից տրված դիմումների:

«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ուժը կորցրած ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանում էր.

«Հոդված 13. Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից»:

2. Դիմող կողմի փաստարկների համաձայն` «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքի 13 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 8 հոդվածին և 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին այն առումով, որ այդ օրենքի գործողությամբ խախտվել են այն բոլոր քաղաքացիների սեփականության և դրանից բխող այլ (տիրապետման, օգտագործման, տնօրինման) իրավունքները, որոնք գնման միջոցով բնակարանի սեփականատեր են դարձել 13.06.1989 թ-ից մինչև 01.09.1993 թ. ընկած ժամանակահատվածում, և փաստորեն գոյություն ունի էական տարբերություն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թ. թիվ 272 որոշման և 01.09.1993 թ. ուժի մեջ մտած օրենքի միջև, որը, ըստ դիմողի, խախտում է իր սահմանադրական իրավունքները: Դիմողի կարծիքով` «հիմնական տարբերությունը, որն առաջացրել է հակասություն սահմանադրության համապատասխան հոդվածների հետ, դա «որպես անձնական սեփականություն վաճառվում է վարձակալին ...» և «սեփականաշնորհումը ձևակերպվում է վարձակալի անունով» արտահայտություններն են»: Դիմողն անընդունելի է համարում նաև դատարանի կողմից «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքի 13 հոդվածն անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելը:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի իրավական վերլուծությունը հանգեցնում է այն եզրահանգմանը, որ դիմողի կողմից վիճարկվում է ոչ թե «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի սահմանադրականության հարցը, այլ այն, թե արդյո՞ք իր նկատմամբ կարող էին կիրառվել նշված օրենքի դրույթները, երբ ինքը փաստացի վիճարկվող բնակարանը գնել է մինչև այդ օրենքի ընդունումը: Պատասխանող կողմը կարծում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե վիճարկվող նորմերի հակասահմանադրականությանը, այլ իրավակիրառական պրակտիկային, որի պարագայում, որպես մոտեցում, պետք է ընդունվեր այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է այդ օրենքի հիման վրա, որը հետադարձ ուժ նախատեսող դրույթ չի պարունակում և չէր էլ կարող ունենալ, քանի որ կվատթարացներ այն անձանց իրավական վիճակը, որոնց` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է նախկինում գործող կարգի համաձայն:

Ըստ պատասխանողի` քանի որ դիմողը բարձրացնում է դատարանի կողմից իր գործով օրենքի կիրառելիության հարց, ապա հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 60 և 69 հոդվածները, սույն գործի վարույթը պետք է կարճել:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ պարզել.

- վերջնական դատական ակտով վիճարկվող և իրավաբանական ուժը կորցրած նորմը դիմողի նկատմամբ կիրառված լինելը և արդյունքում` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված նրա սեփականության իրավունքի իրացնելիության ապահովումը,

- դիմումում բարձրացված հարցերի համատեղելիությունը ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջներին և դրանց լուծման իրավաչափ շրջանակները` հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանում համանման գործերի քննության պրակտիկան,

- սույն գործով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի դրույթների կիրառելիության հնարավոր շրջանակները:

5. Ըստ գործում առկա նյութերի` Հայկական ՍՍՀ Մասիսի շրջսովետի գործկոմի 12.03.1979 թվականի թիվ 5 որոշման հիման վրա սույն գործով դիմող քաղ. Թ.Կուրդիյանին հատկացվել է բնակարան` 19,74 քմ մակերեսով, որը Երևանի քաղսովետի գործկոմի 19.03.1982 թ. թույլտվությամբ փոխանակվել է Երևանի Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի հետ, և Թ. Կուրդիյանին տրվել է թիվ 5813 փոխանակման օրդերը: Այդ ժամանակահատվածում Թ.Կուրդիյանի եղբայրը` Գարիկ Կուրդիյանը և նրանց ծնողները` Ալեքսանդր և Մանյա Կուրդիյանները, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, գրանցվել են Թ.Կուրդիյանի վերոհիշյալ բնակարանում` մինչև Կիրովաբադում վաճառված իրենց բնակարանի փոխարեն նոր բնակարանի ձեռքբերումը:

Թ. Կուրդիյանը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն տվյալ բնակարանը պետությունից գնելու համար 13.05.1993 թ. դիմել է Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմին և 27.05.1993 թ. կնքված առուվաճառքի պայմանագրով գնել այն որպես անձնական սեփականություն` դրա դիմաց վճարելով 8625 ռուբլի: Կատարվել է պետական գրանցում և քաղ. Թ. Կուրդիյանին տրվել է թիվ 8439 սեփականության վկայագիրը, որը 22.05.2003 թ. փոխարինվել է նոր` սեփականության իրավունքի գրանցման թիվ 1480895 վկայականով:

Վերոհիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ առաջացած վեճի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թ. հունիսի 8-ի վճիռը վերանայելիս` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր 2006 թ. նոյեմբերի 17-ի վճռով իրավաբանորեն հաստատված է ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշման և «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտումը և այդ հանգամանքից ելնելով` անիրավաչափ է համարել վիճելի բնակարանի նկատմամբ Գ. Կուրդիյանին և Մ. Կուրդիյանին համասեփականատերեր ճանաչելը, և նշել, որ Գ. Կուրդիյանը ՀՀ պաշտպանության նախարարության միջնորդությամբ Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 6-րդ շենքի 4-րդ մուտքի թիվ 31 բնակարանն ստացել, սեփականաշնորհմամբ ձեռք բերել և վաճառել է` թաքցնելով վիճելի բնակարանում իր գրանցված լինելու փաստը:

Վերանայելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վերոհիշյալ վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2007 թ. մարտի 30-ի որոշմամբ բեկանել է այն, նշելով, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի և Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54 հոդվածի նորմերի կիրառմամբ իրավակարգավորումը «...պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո», և որ «... տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը», և որ «վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում` 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը» (նշելով վերջինիս 13 հոդվածի բովանդակությունը):

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը նոր կազմով քննության առնելով «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» վերոնշյալ թիվ 272 որոշմամբ հաստատված Կանոնադրության 20-րդ կետի հիման վրա` Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. կայացրած թիվ 10/235 որոշման օրինականության հարցը, ճանաչել է այդ որոշումը մասնակի անվավեր` չանդրադառնալով համասեփականատերերի կազմին, որի վերաբերյալ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրել է վճիռ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2008 թ. վճռով մասնակի բավարարվել է Գարիկ Կուրդիյանի հայցը, ճանաչվել է նրա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 3/10 մասի նկատմամբ և մերժվել է Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես և Տիգրան Այվազյանների հայցն ընդդեմ Գարիկ Կուրդիյանի, Ավան համայնքի թաղապետարանի` Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. թիվ 10/235 որոշումն ընտանիքի անդամ համարելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճիռ կայացնելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետադարձ ուժով, ըստ էության, կիրառել է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը` տարածելով այն «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» ՀՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. թիվ 272 որոշման հիման վրա` Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. կայացրած թիվ 10/235 որոշմամբ արդեն իսկ անձնական սեփականության իրավունքով ամբողջությամբ գնված, այլ ոչ թե սեփականաշնորհված բնակարանի նկատմամբ: Եվ, ինչպես փաստել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր վերոհիշյալ վճռում, առաջնորդվելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-506 (ՎԴ) որոշմամբ արտահայտված վերը հիշատակված իրավական դիրքորոշմամբ, առուվաճառքի հիմքով որպես սեփականություն ձեռք բերված բնակարանը ճանաչել է սեփականաշնորհված` հիմք ընդունելով վճռի կայացման պահին իրավաբանական ուժը կորցրած` «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքը, դրա 13 հոդվածը և ՀՀ բնակարանային օրենսգիրքը` այն մասերով, որոնք նախատեսում էին բնակարանների սեփականաշնորհման գործընթացում և դրանից բխող ընտանիքի չափահաս անդամների ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքի իրացման ընդհանուր պայմաններ: Արդյունքում, սույն գործով դիմողը զրկվել է վիճելի բնակարանի 3/10 մասի նկատմամբ սեփականության իրավունքից: Ընդ որում, ինչպես երևում է գործի նյութերից, վերոհիշյալ քաղաքացիական վեճի քննության և լուծման շրջանակներում գործնականում կիրառվել են ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 10 հոդվածի 3-րդ մասի պահանջները, այլ իրավաբանական ուժ չունեցող ակտեր («ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքը, դրա 13 հոդվածը և նախկին ՀՀ բնակարանային օրենսգիրքը):

Սույն գործի քննության նախապատրաստման շրջանակներում իր լրացուցիչ բացատրությանը կից դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել նաև 2006 թվականի հոկտեմբերի 9-ին կազմված և թվագրված կտակի պատճենը, համաձայն որի` Գարիկ Կուրդիյանն իր ամբողջ շարժական և անշարժ գույքը, ըստ դիմողի, կտակել է վեճի լուծման պահին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության դատախազ Արմեն Աբգարյանի որդուն` քաղ. Վազգեն Արմենի Աբգարյանին, որպիսի փաստն իր պնդմամբ հաստատում է սույն գործով քաղաքացիական վեճի ոչ իրավաչափ լուծման մասին:

6. Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի դրույթներով` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով դիմումում բարձրացված հարցերը ձևականորեն համապատասխանում են վերոհիշյալ օրենքի պահանջներին, այսինքն` առկա է գործը լուծող վերջնական դատական ակտը և` դրանով դիմողի նկատմամբ վիճարկվող ակտի ըստ էության կիրառումը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և սահմանադրական դատարանը կասկածահարույց չի համարում ուժը կորցրած օրենքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը, այնուհանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով բավարար չեն իրավակարգավորման այն շրջանակները, որոնք թույլ կտային որոշելու անձի նկատմամբ ընդհանուր կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառված այն ակտի սահմանադրականությունը, որն իրավաբանական ուժը կորցրել է մինչև սահմանադրական դատարան անձի կողմից դիմում ներկայացնելը: ՈՒ թեև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն ՀՀ սահմանադրական դատարանն է ապահովում ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը, այնուհանդերձ, օրենքով նախատեսված չլինելու պայմաններում սույն գործով առկա չէ իրավական այն միջոցը, որը համանման դեպքերում հնարավորություն կտար սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքով քաղաքացու խախտված իրավունքները (այդ թվում` արդար դատաքննության իրավունքը) ընդհանուր (կամ մասնագիտացված) արդարադատական կարգով վերականգնելու համար: Այլ կերպ, ի տարբերություն միջազգային սահմանադրական-արդարադատական պրակտիկայի, ՀՀ-ում սահմանադրական դատարանն իրավասու չէ որոշել դատական ակտերի սահմանադրականությունը:

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը, եթե իրավական ակտը կամ դրա դրույթը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, վերացվել է կամ ուժը կորցրել է գործի դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել: Անդրադառնալով այդ նորմի դրույթների կիրառման իրավաչափության խնդրին, սահմանադրական դատարանն իր` 08.05.2007 թ. ՍԴԱՈ-63 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել, որ դրանք «... կիրառելի են այն իրավական ակտերի կամ դրանց դրույթների նկատմամբ, որոնք իրենց իրավաբանական ուժը կորցրել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելուց հետո` մինչև տվյալ գործի դատաքննությունն սկսելը կամ` դրա ընթացքում»: Սակայն սույն գործի առանձնահատկությունը պայմանավորված է իրավաբանական ուժ չունեցող և վերջնական դատական ակտով կիրառված ակտի սահմանադրականության վիճարկմամբ, որն անհամատեղելի է սահմանադրական արդարադատության ընդհանուր սկզբունքների հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 6-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը և դրա 13 հոդվածն օրենսդրի կողմից ընդունվելու, ուժի մեջ մտնելու և գործողության ընթացքում սահմանադրականության խնդիր չեն հարուցել և իրավաբանական ուժը կորցնելուց հետո չէին կարող կիրառվել դատարանների կողմից:

i

2. «Քաղաքացի Թագուհի Կուրդիյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կարճել:

3. Սահմանադրական դատարանի սույն գործով որոշումը, կտակի պատճենը, կողմի բացատրությունները տրամադրել ՀՀ դատախազությանը` սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում քննության առնելու հնարավոր իրավախախտումների փաստերը և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

 

24 մարտի 2009 թվականի

ՍԴԱՈ-24

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.03.2009
N ՍԴԱՈ-24
Որոշում