ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0429/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/0429/05/08 2008 թ.
Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Սարգիս Նազարյանի` գումարի բռնագանձման և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Սարգիս Նազարյանից բռնագանձել տուգանք` 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:
Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասը, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը, որը պետք է կիրառեր և կիրառել է նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.
Վարչական դատարանը հայցը մերժելիս կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը և հանգել այն եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ապացուցվել, որ ինքնակամ կառույցը կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա:
Մինչդեռ, սույն գործով Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանը, առանց անհրաժեշտ թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, ինքնակամ իրականացրել է իր տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի արդյունքում ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված կարգով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ռ. Կարապետյանի 23.08.2007 թվականի արձանագրությամբ հայտնաբերվել է խախտում, այն է` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Երևանի Մանուշյան Փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի գոյություն ունեցող շինության հարթ տանիքի վրա իրականացրել է երկրորդ հարկի կառուցման շինարարական աշխատանքներ:
2. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 28.08.2007 թվականի թիվ Վ-12/7 որոշմամբ Սարգիս Նազարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` վարչական տուգանքի` 200.000 ՀՀ դրամ գումարի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Վերոհիշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական տուգանքը 200.000 ՀՀ դրամ գումարի չափով ծագում է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում, իսկ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանքը` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:
Սույն վարչական գործի փաստերի համաձայն` Սարգիս Նազարյանը` որպես հողօգտագործման իրավունք ունեցող անձ, առանց համապատասխան թույլտվության իրականացրել է Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:
Մինչդեռ, Վարչական դատարանը հաստատված համարելով Սարգիս Նազարյանի կողմից Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան հարթ տանիքի վրա երկրորդ հարկի կառուցման աշխատանքների ինքնակամ իրականացման փաստը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ թե հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շինություն կառուցելու, այլ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շինություն կառուցելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն պատճառաբանությունը, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքների իրականացումը պետությանը պատկանող հողամասի վրա, քանի որ այդ փաստը սույն քաղաքացիական գործի լուծման համար որևէ նշանակություն չի կարող ունենալ:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել. Սարգիս Նազարյանից բռնագանձել վարչական տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան