Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ/0292/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0292/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Գավալյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 16.05.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գրիգոր Գավալյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևանի ստորաբաժանման Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի (այսուհետ` Ծառայություն)` արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 05.12.2007 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գրիգոր Գավալյանը պահանջել է վերացնել Ծառայության 05.12.2007 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Գավալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն օրենքի 28-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործի բազմակողմանի քննություն չի իրականացրել, գնահատման չի արժանացրել գործում առկա մի շարք ապացույցներ: Մասնավորապես, 01.11.2006 թվականին և 14.10.2006 թվականին Հրայր Ագանիկյանի լիազորված անձ Գառնիկ Ագանիկյանը գրել է ստացականներ այն մասին, որ Անահիտ Խանգելդյանից ստացել է Գրիշա Գավալյանի պարտքից 2000 ԱՄՆ դոլար: Վերը նշված ստացականներով, ինչպես նաև Կարինե Մայիլյանի բացատրությամբ, Անահիտ Խանգելդյանի` Ծառայության Երևանի ստորաբաժանման պետին ուղղված դիմումով հիմնավորվում է, որ Գրիգոր Գավալյանի կողմից պարտատերերի պարտքի գումարն ամբողջությամբ մարվել է, և կողմերը հաշտության են եկել գործի հարկադիր կատարման փուլում:

Հրայր Ագանիկյանը երկրորդ անգամ Ծառայություն է ներկայացրել 30.05.2006 թվականին տրված թիվ 06-348 նույն կատարողական թերթը, որը փաստացի կատարված է եղել, որի հիման վրա հարուցված վարույթը ենթակա էր կարճման` Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 42-րդ հոդվածում կատարողական վարույթը փաստացի կատարված լինելու հիմքով:

Անհիմն են որոշակի բանկային տոկոսներ հաշվարկման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները, քանի որ գումարը Ծառայության դեպոզիտ հաշվին մուծված լինելու պայմանում կողմերը տոկոսներ պահանջելու իրավունք չունեն, քանի որ նրանք ցանկացած ժամանակ կարող էին ստանալ այդ գումարները:

Անհիմն են նաև Դատարանի այն պատճառաբանությունները, որ Անահիտ Խանգելդյանը Ծառայությունում Հրայր Ագանիկյանի շահերը ներկայացնելու լիազորություն չի ունեցել: Մինչդեռ, 17.06.2004 թվականին 3 տարի ժամկետով Հրայր Ագանիկյանի կողմից տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրում հատուկ նշվել է, որ Անահիտ Խանգելդյանն իրավունք ունի հանդես գալ Ծառայությունում, Հրայր Ագանիկյանի փոխարեն տալ դիմումներ, ձևակերպել և ստանալ փաստաթղթեր, ստորագրել և կատարել այն բոլոր գործողությունները, որոնք կապված կլինեն տվյալ հանձնարարության հետ:

Սույն գործով երրորդ անձ Կարինե Մայիլյանի կողմից Երևանի Ոստիկանության վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում տրված բացատրության մեջ նշված է, որ վերջինս իր պարտքի գումարը պետք է ստանա Հրայր Ագանիկյանից Ծառայության փոխանցված 5.600 ԱՄՆ դոլար դեպոզիտ հաշվից, որն էլ պետք է տար նրան լիազորված անձ Անահիտ Խանգելդյանը, ուստի Կարինե Մայիլյանն իր բացատրության մեջ նշել է, որ Գրիգոր Գավալյանից պարտք ու պահանջ չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.05.2008 թվականի վճիռը և փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1. Վերաքննիչ դատարանի թիվ 06-348 գործով վճռվել է Գրիգոր Գավալյանից, Լարիսա Ասաթյանից, Լիլիթ Ամիրջանյանից համապարտությամբ հօգուտ Հրայր Ագանիկյանի բռնագանձել 1000 ԱՄՆ դոլար, դրա նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ մինչև վճռի փաստացի կատարման օրը: Նույն ակտով վճռվել է Գրիգոր Գավալյանից հօգուտ Հրայր Ագանիկյանի բռնագանձել 1100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և դրա նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 05.05.2006 թվականին:

2. 01.11.2006 թվականին 14.10.2006 թվականին տրված ստացականների համաձայն` Ա. Խանգելդյանը Գ. Գավալյանի կողմից տրված 2000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է Գ. Ագանիկյանին, որն իրեն տրված լիազորագրով իրավունք ուներ դրամ ստանալու: Այդ հանգամանքը դատաքննության ընթացքում ընդունել է նաև Հրայր Ագանիկյանը` նշելով, որ դա ենթակա է հաշվարկման Գրիգոր Գավալյանի պարտավորությունների մարման ժամանակ:

3. Ծառայության Երևանի բաժնի հարկադիր կատարող Ս. Սամվելյանի 29.03.2007 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Գրիգոր Գավալյանին պատկանող Երևանի Կոմիտասի 41-րդ շենքի 36-րդ բնակարանի վրա:

4. Ծառայության հարկադիր կատարող Է. Վենյամինովը 05.12.2007 թվականին կայացրել է որոշում` Գրիգոր Գավալյանին և Լիլիթ Ամիրջանյանին պատկանող Երևանի Կոմիտասի 41-րդ շենքի 36-րդ բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի կողմից քննված թիվ 06-348 գործով կիրառված հայցի ապահովման միջոցի շրջանակներում Ծառայության դեպոզիտ հաշվին մուծվել է հայցագնի 5600 ԱՄՆ դոլարը, որի նկատմամբ դրված արգելանքը վերացվել է 27.04.2006 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ` վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել երկու կատարողական թերթերի փաստացի կատարումը և պահանջատերերի հրաժարվելը բռնագանձումից: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ 15.02.2006 թվականին տրված թիվ 06-348 կատարողական թերթում նախատեսված բռնագանձման ենթակա գումարի չափն ավելին է հայցվորի վկայակոչած 2000 ԱՄՆ դոլարից, քանի որ հաշվարկման ենթակա որոշակի տոկոսներ` մինչև վճռի փաստացի կատարումը:

Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված բազմաթիվ որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)): Դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեն գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար (տես` Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը): Մինչդեռ սույն գործով Դատարանը մերժելով հայցը`չի նշել, թե վերոնշյալ տոկոսները որ ժամանակահատվածի համար պետք է հաշվարկվեն, և նման պայմաններում ինչպես է Գրիգոր Գավալյանի պարտքի գումարը ավելին վերջինիս կողմից մատնանշված 2000 ԱՄՆ դոլարից: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննված թիվ 06-348 գործով կիրառված հայցի ապահովման միջոցի շրջանակներում Ծառայության դեպոզիտ հաշվին մուծվել է հայցագնի 5600 ԱՄՆ դոլարը, որի նկատմամբ դրված արգելանքը վերացվել է 27.04.2006 թվականին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, Ջոն Վարդանյանի և Ռազմիկ Մուրադյանի անունով կատարողական թերթ չի տրվել հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:

Սույն գործում բացակայում է ապացույց, որով կհիմնավորվի, որ վերը նշված կատարողական թերթը պահանջելիս Հրայր Ագանիկյանը պատշաճ կերպով լիազորված է եղել թիվ 06-348 գործով մյուս հայցվորներ Ջոն Վարդանյանի և Ռազմիկ Մուրադյանի կողմից: Նման ապացույցի բացակայության պայմաններում և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ գործով կատարողական թերթ տրվել է միայն Հրայր Ագանիկյանին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 16.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ/0292/05/08
Որոշում