Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-2(ՎԴ)

    դատարանի որոշում                                          2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ Ո-152/2008 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վաչագան Թամազյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Վաչագան Թամազյանի դիմումի` վճիռը պարզաբանելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Վաչագան Թամազյանի դիմումի հիման վրա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ պարզաբանվել է Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճիռը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2008 թվականի որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Թամազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչիկ Թամազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է Վաչագան Թամազյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:

Վերաքննիչ դատարանի 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 01.10.2008 թվականին, որը ստացվել է 04.10.2008 թվականին: Այսինքն, Վերաքննիչ դատարանը գործը քննել և որոշում է կայացրել Վաչագան Թամազյանի բացակայությամբ` զրկելով վերջինիս «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմանը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

 

Անհիմն են բողոք բերած անձի պնդումներն այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ստացվել է 04.10.2008 թվականին, քանի որ նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց Վաչագան Թամազյանի կողմից չի ներկայացվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սույն գործի քննությունն ավարտվել է 02.10.2008 թվականին, իսկ բողոքարկվող որոշումը հրապարակվել է 03.10.2008 թվականին:

2. 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 02.10.2008 թվականին: Հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն` ծանուցագիրը Վաչագան Թամազյանն ստացել է 04.10.2008 թվականին: Այսինքն, 02.10.2008 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Վաչագան Թամազյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու որոշում կայացրել: 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է դատական նիստի օրը` 02.10.2008 թվականին (հիմք` փոստային անդորրագիրը), որը Վաչագան Թամազյանն ստացել է 04.10.2008 թվականին (հիմք` հանձնման մասին ծանուցման թերթիկը): Վաչագան Թամազյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:

i

Վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ բեկանվել է նույն կողմերի միջև առկա վեճի վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված և սույն վեճի համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N 3-2(ՎԴ)
Որոշում