Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                  ԼԴ/0197/06/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ/0197/06/08

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

    2008 թվականի դեկտեմբերի 26-ին             ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

1. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում 2008 թ. ապրիլի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 53102008 քրեական գործը:

Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչի 2008 թ. օգոստոսի 30-ի որոշմամբ Տիգրան Վահրադյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2008 թ. օգոստոսի 30-ին Տ.Վահրադյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. օգոստոսի 30-ի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը, և Տ.Վահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկու ամիս ժամկետով:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է պաշտպանի միջնորդությունը Տ.Վահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Որպես գրավի առարկա է սահմանվել 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամը:

3. Որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազության դատախազը` խնդրելով վերացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

4. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թ. հոկտեմբերի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

 

5. Տ.Վահրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Ֆրեդո և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն, «Վորլդ Վիժն ինտերնեյշնլ» ՄԲԿ հայաստանյան մասնաճյուղի Ստեփանավանի տարածքային զարգացման ծրագրի /ՏԶԾ/ ղեկավար, իր վաղեմի ծանոթ Վահագն Ալֆրեդի Գրիգորյանից 2007 թ. կեսերին տեղեկանալով նույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հիշյալ մասնաճյուղի կողմից կազմակերպվելիք «Տավարաբուծության զարգացումը Ստեփանավանի ՏԶԾ համայնքներում» ծրագրի շրջանակներում շուրջ 32 մլն դրամով 110 գլուխ հղի կովերի մատակարարման մրցույթի մասին, Վ. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, իր ղեկավարած ընկերության և այլ անձանց անուններից բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, այդ թվում` իր մորաքրոջ դուստր անհատ ձեռնարկատեր Հերմինե Ղուկասյանի կողմից իբր 110 գլուխ կովեր մատակարարվելու, դրանք «Ֆրեդո և ընկերներ», «Օազիս Սիթի» և «Վահան և Տիգրան» ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ կեղծ ակտեր և այլ փաստաթղթեր կազմելու միջոցով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են հիշյալ մասնաճյուղի առանձնապես խոշոր չափերի` 32.285.000 ՀՀ դրամը, որը ծախսել են իրենց կարիքների համար:

6. Քննիչի 2008 թ. օգոստոսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Տ. Վահրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քննիչի նույն օրվա որոշումներով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:

7. 2008 թ. սեպտեմբերի 8-ին Տ. Վահրադյանի պաշտպան Ի. Գազարովան դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Տ. Վահրադյանն ինքնակամ ներկայացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշված միջնորդության քննարկմանը և մասնակցել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ դատական նիստին: Նիստի ընթացքում հայտնաբերվելով ոստիկանության աշխատակցի կողմից` Տ. Վահրադյանը բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն:

8. 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

9. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. օգոստոսի 30-ի որոշմամբ բավարարվել է Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը: Օգոստոսի 30-ի որոշման մեջ դատարանը նշել է, որ «Տ. Վահրադյանի հանցանքը հիմնավորված է իր և վկաների ցուցմունքներով, կազմված կեղծ փաստաթղթերով ու այլ ապացույցներով»:

10. 2008 թ. սեպտեմբերի 8-ին Տ.Վահրադյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով Տ. Վահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել գրավով:

11. 2008 թ. սեպտեմբերի 17-ին Տ. Վահրադյանն ինքնակամ ներկայացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն` ի կատարումն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 2008 թ. օգոստոսի 30-ի որոշման:

i

12. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասը, Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով:

13. Դատական ստուգման արդյունքում ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշումը:

 

4. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Բողոք բերած անձը գտնում է, որ նախաքննության ընթացքում Տ. Վահրադյանն ամեն կերպ փորձել է խոչընդոտել քննությանը, խեղաթյուրել ճշմարտությունը և այդ նպատակով ուղղորդել վկաներին: 2008 թ. օգոստոսի 30-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Տ. Վահրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանը, հիմնավոր համարելով մեղադրյալ Տ. Վահրադյանի հանցանքն ու հաստատելով, որ նա թաքնվել է ու խուսափում է քրեական վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

15. 2008 թ. սեպտեմբերի 17-ին նույն դատարանը նույն դատավորի նախագահությամբ մեղադրյալ Տ. Վահրադյանի պաշտպանի միջնորդության հիման վրա անդրադարձել է Տ. Վահրադյանի խափանման միջոցին և կալանքը փոխարինել է գրավով, որով փաստորեն հակասել է իր իսկ կողմից 2008 թ. օգոստոսի 30-ին կայացրած որոշմանը:

16. Մեղադրյալ Տ. Վահրադյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանքի առավել քան բավարար հիմնավորում էր նրա` հետախուզման մեջ գտնվելը, իսկ դատարանը հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելով, ամբողջությամբ հակասել է իր իսկ կողմից դեռևս 2008 թ. օգոստոսի 30-ին կայացրած որոշմանը:

17. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, քննության առնելով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը, այն թողել է օրինական ուժի մեջ, մինչդեռ սույն քրեական գործով ձեռք բերած նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Տ. Վահրադյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով:

18. Բողոք բերած անձը գտնում է, որ Տ. Վահրադյանի գործով կայացրած դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառման և «ապագայում արդարացի պատիժ նշանակելու համար»:

19. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թ. հոկտեմբերի 9-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

I. Մինչդատական վարույթի ընթացքում անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի դատական քննարկմանը նրա մասնակցությունը.

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին. մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի դատական քննարկմանը մեղադրյալի մասնակցության միակ եղանակը նրան դատարան տանե՞լն է, թե մեղադրյալը կարող է նաև ներկայանալ ինքնակամ:

21. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը (...)»:

22. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան` ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով

(...)»:

i

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե (...) լրացել է ձերբակալման` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «(...) ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի (...)»:

24. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված «անհապաղությունը» ՀՀ քրեական դատավարության իմաստով ձերբակալման եռօրյա ժամկետն է, որից հետո անձը կա՛մ ազատ է արձակվում, կա՛մ մինչդատական վարույթ իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը:

i

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն`

«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունից բխում է, որ «տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» կոնվենցիոնալ պահանջը ՀՀ ներպետական իրավունքում արտացոլված է դատարանում կալանավորման միջնորդության քննարկմանը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող մեղադրյալի մասնակցությունն ապահովելու` այդ մարմնի պարտականության մեջ:

26. Այնուհանդերձ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված «տարվում է» արտահայտությունը մեկնաբանելով ինչպես Կոնվենցիայի, այնպես էլ ՀՀ ներպետական օրենսդրության տրամաբանության ենթատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալի ներկա գտնվելը դատարանում կարող է տեղի ունենալ ինչպես նախաքննության մարմնի կողմից նրան հարկադրաբար դատարան տանելով, այնպես էլ դատական նիստին մեղադրյալի ինքնակամ ներկայանալով: Կալանավորման հարցի քննարկմանը մեղադրյալի մասնակցությունն ազատությունից զրկելու օրինականության ապահովման հիմնական երաշխիքն է, որը չի կարող արհեստականորեն նեղացվել` ելնելով դատարանում անձի ներկայությունը ապահովելու դատավարական եղանակներից:

27. Հետևաբար` մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի դատական քննարկմանը մեղադրյալը կարող է մասնակցել նաև ինքնակամ ներկայանալով: Այսինքն` Տ. Վահրադյանը, իր նկատմամբ խափանման միջոցի դատական քննարկմանը ինքնակամ ներկայանալով (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), գործել է օրինականության սահմաններում:

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին. երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, նա պե՞տք է արդյոք անհապաղ տարվի դատավորի մոտ:

i

29. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(...) քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` «Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է միջնորդությունը ներկայացրած անձի և հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման նախորդ կետում նշված իրավադրույթները, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության առումով, չեն բխում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` դատավորի մոտ անհապաղ տարվելու պահանջից: Նշված իրավանորմերը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրել անձի բացակայության պայմաններում` առանց հնարավորություն ընձեռելու, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված անձը ներկայանա դատարան, և անձի կալանավորման հարցի քննարկումը տեղի ունենա իր ներկայությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենքում ամրագրված նման կարգավորումը, կհակասի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և կոպտորեն կխախտի անձի ազատության իրավունքը, եթե հետախուզման մեջ գտնվող անձի ի հայտ գալուց հետո նա անհապաղ դատարանի առջև չներկայացվի:

31. Սույն որոշման նախորդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը հիմնվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Այսպես, անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառմանը` Եվրոպական դատարանը Լադենտն ընդդեմ Լեհաստանի գործով վճռում նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը չի նախատեսում որևէ հնարավոր բացառություն այն պահանջից, որ անձը ձերբակալվելիս կամ կալանավորվելիս պետք է բերվի դատավորի կամ այլ պաշտոնյայի մոտ (Ladent v. Poland, 2008 թ., գանգատ N 11036/03, կետ 75): Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում Եվրոպական դատարանի դիրքորոշումը հետևյալն է. այն, որ դատարանը հեռակա որոշում է կայացրել անձին կալանավորելու մասին այն պայմաններում, երբ անձը թաքնվում էր արդարադատությունից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, չի հակասում Կոնվենցիայի դրույթներին: Սակայն Թուրքմենստանից դիմումատուի վերադառնալուց և Ռուսաստանում ձերբակալվելուց հետո, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա, նա պետք է անհապաղ հասցվեր դատավորի մոտ (Garabaev v. Russia, 2007 թ., բողոք N 38411/02, կետ 101):

32. Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը կարևորագույն երաշխիք է ընդդեմ ազատությունից զրկված անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և իրավակիրառ մարմինների կողմից իշխանության չարաշահման (տե՛ս McKay v. Tհe սnited Kingdom, 2006 թ., գանգատ N 543/03, կետ 32):

Վճռաբեկ դատարանը ևս կարևորում է քրեական դատավարության շրջանակներում ազատությունից զրկված անձին անհապաղ դատարան ներկայացնելու երաշխիքային նշանակությունը:

33. Հիմք ընդունելով ՀՀ իրավական համակարգում Կոնվենցիայի բարձրագույն իրավաբանական ուժը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց անհապաղ դատարանի առջև ներկայացնելու` Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում: Դա հնարավորություն կտա նվազեցնել կամայական կալանավորման դեպքերը, ինչպես նաև կապահովի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն հանդիսացող պահանջների կատարումը:

34. Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տ. Վահրադյանի` հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ նրա ի հայտ գալուց հետո անհապաղ դատավորի մոտ տարվելու համար: Այդ հանգամանքը չէր կարող ազդել նաև Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու խնդրանքի իրավունքի իրացման վրա:

II. Տ. Վահրադյանի նկատմամբ գրավի կիրառումը.

35. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, կայացնելով Տ. Վահրադյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշում, հակասե՞լ է արդյոք նախկինում իր կայացրած կալանավորման որոշմանը:

36. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(...) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ (...): Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը:

Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»:

37. Նախորդ կետում մեջբերված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ գրավը, լինելով կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, կարող է կիրառվել միայն այն մեղադրյալի նկատմամբ, որի նկատմամբ առկա է խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը:

Այս պարագայում, եթե Վճռաբեկ դատարանն ընդունի, որ Տ. Վահրադյանին կալանավորելու և կալանքը գրավով փոխարինելու մասին դատական ակտերի միջև առկա է հակասություն, ապա դրանով գործնականում անհնարին կդարձնի խափանման միջոց գրավի կիրառման հնարավորությունը` ընդհանուր իրավասության դատարաններին կաշկանդելով իրենց կայացրած կալանավորման որոշումներով: Մինչդեռ, անձի ազատության կանխավարկածը և մինչդատական վարույթի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը կարող են երաշխավորված լինել միայն այն պայմաններում, երբ կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս դատարանը ազատ լինի:

38. ՈՒստի, բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ առկա է հակասություն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած կալանավորման և գրավի մասին որոշումների միջև, անհիմն է և չի բխում ոչ ներպետական իրավունքից, ոչ էլ դրա մասը կազմող միջազգային իրավունքի նորմերից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դրսևորած մոտեցումն իրավաչափ է ինչպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, այնպես էլ ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով:

III. Տ. Վահրադյանին կալանավորելու որոշումը և նրա անմեղության կանխավարկածը.

39. Սույն գործով Վճռաբեկ դատարանն ըստ էության պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին. խախտվել է արդյոք Տ. Վահրադյանի անմեղության կանխավարկածը, երբ նրան կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված է համարվել:

40. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն`

«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(...)»

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(...)

3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

(...)

5. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր»:

41. Վճռաբեկ դատարանն իր մտահոգությունն է արտահայտում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերում, մասնավորապես Տ. Վահրադյանին կալանավորելու որոշման մեջ անձի մեղավորության հարցերի քննարկման կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դա սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն սկզբունքի` անմեղության կանխավարկածի խախտում է:

42. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում անձի մեղավորության հարցը քննարկման առարկա դարձնելով` խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:

Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի, որպես խափանման միջոցի, կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից:

Այլ կերպ` կալանավորման նպատակն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացի ապահովումը, քրեական գործի բնականոն քննությանը մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը, ոչ թե նրան պատժելը կատարած հանցանքի, քննության ընթացքում դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:

43. Խափանման միջոցի մասին որոշումն ընդունվում է, եթե գոյություն ունեն այդ որոշումը պարտադրող հանգամանքներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս), և եթե այդ հանգամանքները վերանում են, ապա քննիչը (դատարանը) մինչև գործն ըստ էության լուծելը պարտավոր է այդ որոշումը վերացնել: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա (տե՛ս Ա. Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թ. հոկտեմբերի 31-ի որոշման 20-րդ կետը):

i

Հակառակ դրան` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` անձի հանցագործությունը հիմնավորված ճանաչելը հիմք է պատիժ կիրառելու համար: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` հանցագործության մեջ անձի մեղավորությունը պետք է հաստատվի «ողջամիտ ենթադրություններից» շատ ավելի բարձր ապացուցողական չափանիշով` վերաբերելի փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

44. Այսպիսով, Տ. Վահրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս նրա հանցանքը հիմնավորված ճանաչելով` դատարանը խափանման միջոցին հաղորդել է պատժի տարրեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով: Հետևաբար` Տ. Վահրադյանին կալանավորելու մասին դատական ակտում նրա հանցանքը հիմնավորված համարելը նրա անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում է:

45. Սույն որոշման 40-44-րդ կետերից բխում է, որ կալանավորումը, լինելով մեղադրյալի (կասկածյալի) դատավարական պատշաճ վարքագիծն ապահովող միջոց, կրելով ժամանակավոր և պայմանական բնույթ, չի կարող կանխորոշել հետագայում անձի մեղավորությունը մեղսագրված արարքում, առավել ևս նշանակվող «արդարացի պատիժը»:

46. Այսպիսով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, անփոփոխ թողնելով Տ. Վահրադյանի վերաբերյալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 17-ի որոշումը, դատական ակտը բեկանելու հիմք հանդիսացող նյութական կամ դատավարական օրենքի խախտում թույլ չի տվել: Հետևաբար, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հաշվի առնելով սույն որոշման մեջ բերված պատճառաբանությունները, պետք է թողնել անփոփոխ, իսկ բերված բողոքն առանց բավարարման:

47. Սույն գործով բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառում ապահովելու սահմանադրական գործառույթի, ինչպես նաև իրավունքի զարգացման օրենսդրական գործառույթի իրացումն է: Այդ առումով վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

i

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Տիգրան Մայիսի Վահրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ԼԴ/0197/06/08
Որոշում