Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/4114/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/4114/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 29.08.2008 թվականի վճռի դեմ` ըստ Սվետլանա Հարությունյանի, Արթուր Սահակյանի, Մարինե Գրիգորյանի և Ռիտա Աջամօղլյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 554-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Սվետլանա Հարությունյանը, Արթուր Սահակյանը, Մարինե Գրիգորյանը և Ռիտա Աջամօղլյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 554-Ա որոշումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.08.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Հարությունյանի, Արթուր Մանուկյանի, Մարինե Գրիգորյանի, Ռիտա Աջամօղլյանի ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանն անտեսել է, որ գործում առկա Քաղաքապետարանի ծանուցման համաձայն` Քաղաքապետարան ներկայացված Սվետլանա Հարությունյանի դիմումը վերաբերել է ձեղնահարկ կառուցելու համար շինարարության թույլտվություն տալու խնդրանքին, իսկ Երևանի քաղաքապետին հասցեագրված և 14.09.2007 թվականին մուտք եղած դիմումի պատճենում չկա դիմողի անունը, ազգանունը, հասցեն, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը համարվում է հարուցված միայն համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, իսկ նույն օրենքի 31-րդ հոդվածի իմաստով ներկայացվող դիմումը համարվում է դիմում, եթե դրանում պահպանված են դիմումին ներկայացվող` նույն հոդվածով նախատեսված պահանջները:

Մինչդեռ Դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու պահանջը, չի պարզել վարչական մարմնին ներկայացված դիմումի համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին, որի անհամապատասխանության դեպքում, վերոնշյալ հոդվածների համաձայն, դիմումը չի համարվում դիմում, իսկ վարչական վարույթը համարվում է չհարուցված:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանը, մերժելով հայցվորների կողմից վարչական ակտը բողոքարկելու ժամկետը բաց թողնելու վերաբերյալ Քաղաքապետարանի միջնորդությունը, անտեսել է, որ վարչական ակտն ընդունվել է 21.03.2007 թվականին (որոշման մեջ բողոքարկման ժամկետ չի նշված), սակայն հայցվորները նշված ակտը բողոքարկելու համար դատարան են դիմել մեկ տարի անց` 16.06.2008 թվականին: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում այն կարող է բողոքարկվել ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 29.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 

Հայցվորները 04.09.2006 թվականին ստացել են Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված թիվ 3ձ-62 նախագիծը: Նշված նախագծի հիման վրա Երևանի քաղաքապետի 07.09.2006 թվականի թիվ 18-Հ-736-190 որոշմամբ տրվել է շինարարության թույլտվություն: Երևանի քաղաքապետի 21.03.2007 թվականի որոշմամբ շինարարության թույլտվությունը չեղյալ է համարվել: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 21.03.2007 թվականի որոշման մեջ նշված բոլոր տեխնիկական թերությունների վերաբերյալ «Սեյսմանախագիծ» ՍՊԸ-ի կողմից 21.02.2008 թվականին արված եզրակացությամբ հիմնավորվել է, որ առկա բոլոր թերություններով հանդերձ ձեղնահարկի կառուցումը հնարավոր է: Դեռևս 14.07.2007 թվականին Սվետլանա Հարությունյանը դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետին` մանսարդային հարկ կառուցելու համար շինթույլտվության խնդրանքով: Սակայն դիմումը մնացել է անպատասխան: Երևանի քաղաքապետի 07.09.2006 թվականի թիվ 18-Հ-736-190 որոշման հիման վրա տրված շինարարության թույլտվությունը չեղյալ համարելու հիմք հանդիսացած հանգամանքները բնակիչների կողմից շտկվել են: Դատարանը կատարել է գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետի 21.03.2007 թվականի թիվ 554-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.09.2006 թվականին համաձայնեցված թիվ 3ձ-62 նախագիծը և 07.09.2006 թվականի թիվ 18-Հ-736-190 շինարարական թույլտվությունը` հիմք ընդունելով Երևանի Ղազար Փարպեցու փողոցի 9-րդ շենքի բնակիչների բողոքները և «Հայնորոգնախագիծ» ՊՓԲԸ-ի 04.12.2006 թվականի և «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 26.01.2007 թվականի եզրակացությունները:

2) «Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ-ի 04.12.2006 թվականի եզրակացությամբ առաջարկվել է շինարարական աշխատանքները կատարել ՀՀՇՆ II-6-02-2006 թվականի պահանջներին և նույն եզրակացության հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

3) «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի 26.01.2007 թվականի եզրակացությամբ «եզրակացվում է» մասում նշվել է «Տանիքը ձեղնահարկի վերակառուցելու համար պահանջվող ուժեղացման աշխատանքները կատարել սահմանված կարգով մշակված և համաձայնեցված նախագծով»:

4) «Քաղսեյսմշին և Փորձաքննություն» ՍՊԸ-ի 07.07.2006 թվականի եզրակացությամբ տեխնիկապես հնարավոր է համարվել Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9 շենքի վերակառուցումը ձեղնահարկի, սակայն նշվել է, որ աշխատանքները կատարվեն ՀՀ գործող նորմերի և նույն եզրակացության մեջ նշված հանձնարարականների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված նախագծով:

5) 14.09.2007 թվականին Քաղաքապետարան մուտք է արվել դիմում (համար 2177), որով դիմողը խնդրել է Երևանի քաղաքապետին վերականգնել թիվ 3ձ-62 նախագծի և 07.09.2006 թվականի թիվ 18-Հ-736-190 շինարարական թույլտվության իրավական լինելը և չեղյալ համարել 21.03.07 թվականի թիվ 554-Ա որոշումը: Գործում առկա դիմումում բացակայում է դիմողի անունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը:

6) Քաղաքապետարանի ծանուցման համաձայն` դիմող Սվետլանա Հարությունյանի դիմումը (ձեղնահարկ կառուցելու համար շինարարական թույլտվության խնդրանքով) Քաղաքապետարանում գրանցվել է 14.09.2007 թվականին Հ2177 համարով, բանալի 52825, ծածկագիր 52825200709141:

7) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի 05.08.2008 թվականի թիվ 50/2-16997 գրության համաձայն` Քաղաքապետարանին հասցեագրված Սվետլանա Հարությունյանի 14.09.2007 թվականի դիմումի վերաբերյալ տրվել է պատասխան:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմքերն են անձի դիմումը, բողոքը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմողի հասցեն, վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

Սույն գործով Դատարանը Սվետլանա Հարությունյանի կողմից Քաղաքապետարան դիմում ներկայացնելու և համապատասխան վարույթ հարուցված լինելու փաստերը հաստատված է համարել, հիմք ընդունելով 14.09.2007 թվականին Քաղաքապետարան մուտք արված դիմումը (ձեղնահարկ կառուցելու համար շինարարական թույլտվության խնդրանքով), դիմումը 14.09.2007 թվականին Քաղաքապետարանում գրանցված լինելու մասին Քաղաքապետարանի ծանուցումը, ինչպես նաև Քաղաքապետարանին հասցեագրված 14.09.2007 թվականի դիմումի վերաբերյալ Սվետլանա Հարությունյանին պատասխանելու մասին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի 05.08.2008 թվականի թիվ 50/2-16997 գրությունը:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած սույն գործում առկա վարչական մարմին ներկայացված դիմումը չի բավարարում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված պահանջներին (դրանում առկա չէ դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը), այնուամենայնիվ, սույն գործում առկա Սվետլանա Հարությունյանի դիմումը (ձեղնահարկ կառուցելու համար շինարարական թույլտվության խնդրանքով) 14.09.2007 թվականին Քաղաքապետարանում գրանցված լինելու մասին Քաղաքապետարանի ծանուցմամբ, ինչպես նաև Քաղաքապետարանին հասցեագրված 14.09.2007 թվականի դիմումի վերաբերյալ Սվետլանա Հարությունյանին պատասխանելու մասին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի 05.08.2008 թվականի թիվ 50/2-16997 գրությամբ հիմնավորվում է Քաղաքապետարանի կողմից Սվետլանա Հարությունյանի դիմումի (այդ թվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության) վերաբերյալ տեղյակ լինելու, դրան պատասխանելու և համապատասխանաբար վարչական վարույթը հարուցված լինելու փաստը: Հիմք ընդունելով վերոգրյալը, վճռաբեկ բողոքում վկայակոչված վերոնշյալ խախտումը Վճռաբեկ դատարանը համարում է ձևական:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` վարչական բողոք կարող է բերվել գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժինը սահմանում է վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու ժամկետները և կարգը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կիրառելի չէ դատարան հայցադիմում ներկայացնելու ժամկետների հետ կապված հարաբերությունների նկատմամբ, քանի որ այդ հոդվածը վերաբերում է վարչական կարգով ակտի բողոքարկմանը: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետի բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործում առկա եզրակացություններով, այդ թվում` Երևանի քաղաքապետի թիվ 554-Ա որոշման հիմքում դրված եզրակացություններով շինարարության իրականացումը հնարավոր է համարվել, սակայն դրանցում նախատեսված որոշակի պայմանների պահպանման դեպքում:

Դատարանը, անդրադառնալով վերոնշյալ եզրակացություններին, նշել է որ դրանց համար «ընդհանրական է մանսարդային հարկի կառուցման հնարավորությունը չբացառելը»: Միաժամանակ, Դատարանը սույն գործով անդրադարձել է Երևանի քաղաքապետի թիվ 554-Ա որոշման իրավաչափությանը և այն համարել օրենքի խախտմամբ ընդունված:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վերոնշյալ եզրահանգումները հիմնավոր են, քանի որ սույն գործում բացակայում է Երևանի Ղազար Փարպեցու փողոցի 9-րդ շենքի ձեռնահարկը վերոնշյալ եզրակացությունների պահանջների խախտմամբ կառուցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց, ինչպես նաև դրանցով հիմնավորվում է, որ ձեռնահարկի կառուցումը հնարավոր է այդ եզրակացություններում նշված պայմանների բավարարման դեպքում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վարչական դատարանի 29.08.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Ա. Մաթևոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.02.2009
N ՎԴ/4114/05/09
Որոշում