Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՆՑԱՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ընդունելով, որ կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ահաբեկչության, ծանր և հատկապես ծանր այլ հանցագործությունների դեմ պայքարը պահանջում է ժամանակակից և արդյունավետ ձևերի, մեթոդների և միջոցների օգտագործում,

համարելով, որ այդպիսի մեթոդներից մեկը հանդիսանում է հանցավոր գործունեությունից ստացված եկամուտներից և հանցագործություններ կատարելու համար օգտագործվող այլ միջոցներից հանցագործներին զրկելը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

նպատակ ունենալով կատարելագործել հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու իրավական հիմքը,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Բաժին I
Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1

 

Կողմերը, սույն Պայմանագրին, միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցում են, համակարգում իրենց գործունեությունը, միավորում պետական մարմինների, հասարակական և այլ միավորումների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների ջանքերը` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու նպատակով:

 

Հոդված 2

 

Սույն Պայմանագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) հանցավոր եկամուտներ - հանցագործություն կատարելու արդյունքում ստացված դրամական միջոցներ և/կամ այլ ունեցվածք,

բ) միջոցներ (ունեցվածք) - ցանկացած բնույթի ակտիվներ` շարժական կամ անշարժ, անկախ դրանք ձեռք բերելու եղանակից, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթեր կամ ակտեր, որոնք հաստատում են նման ակտիվների նկատմամբ կամ դրանց մասնակցելու իրավունքը,

գ) ահաբեկչության ֆինանսավորում - միջոցների տրամադրում կամ հավաքում կամ ֆինանսական ծառայությունների մատուցում` գիտակցելով, որ դրանք նախատեսված են ահաբեկչական բնույթի հանցագործություններից թեկուզ մեկի կազմակերպման, նախապատրաստման կամ կատարման ֆինանսավորման համար կամ կազմակերպված խմբի, անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբակցության (հանցավոր կազմակերպության) ապահովման համար, որոնք ստեղծվել են կամ ստեղծվում են նման հանցագործություններից թեկուզ մեկի կատարման համար,

դ) հանցավոր եկամուտների օրինականացում (լվացում) - հանցավոր եկամուտներ տիրապետելուն, օգտագործելուն կամ տնօրինելուն իրավական բնույթ տալու գործողություններ,

ե) հիմնական հանցագործություն - քրեորեն պատժելի արարք, որի արդյունքում ստացվել են հանցավոր եկամուտներ, որոնց օրինականացման (լվացման) համար Կողմերի օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն,

զ) գործարքներ` դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված - ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց` դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործողություններ (անկախ դրանց իրականացման ձևերից և միջոցներից), որոնք ուղղված են դրանց հետ կապված քաղաքացիական իրավունքների և պարտավորությունների սահմանմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը,

է) կասկածելի գործարքներ - դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ, որոնց վերաբերյալ կասկածներ են ծագում, որ դրանք կատարվում են հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով,

ը) բռնագրավում - դատարանի որոշման հիման վրա ունեցվածքի անհատույց առգրավում,

թ) իրավասու մարմիններ - Կողմերի պետական մարմիններ, որոնք իրականացնում են սույն Պայմանագրի իրագործման լիազորությունները օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասության սահմաններում,

ժ) լիազորված մարմին - Կողմի իրավասու մարմին, որը, իր օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է պարտադիր վերահսկողության ենթակա գործարքների և կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդագրությունների ստացումը և վերլուծումը, ինչպես նաև հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկատվության փոխանցումը իրավապահ մարմիններին:

 

Հոդված 3

 

1. Սույն Պայմանագրի իրականացման նպատակով Կողմերի համագործակցությունն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղություններն ու ձևերը` օրենսդրության ներդաշնակեցում, իրավական օգնության ցուցաբերում, այդ թվում` փաստաթղթերի հանձնում, հանցավոր եկամուտների և ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների կալանք, բռնագրավման իրականացում, տեղեկատվության փոխանակում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացում, խորհրդակցություններ, ներկայացուցիչների փոխանակում:

2. Սույն Պայմանագիրը չի խոչընդոտում Կողմերին համագործակցության այլ` փոխադարձ ընդունելի ուղղությունների և ձևերի որոշման և զարգացման գործում:

3. Սույն Պայմանագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է իրավական օգնություն ցուցաբերելու մասին հանձնարարությունների (այսուհետ` հանձնարարություն) և իրավական աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ` հարցում) հիման վրա:

 

Հոդված 4

 

1. Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրությանը համապատասխան, որոշում է իրավասու մարմինների ցանկը` դրանում նշելով լիազորված մարմինը, և այն ուղարկում է ավանդապահին` միաժամանակ տեղեկատվություն տրամադրելով սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Կողմերը մեկ ամսվա ընթացքում ավանդապահին ծանուցում են իրենց իրավասու և լիազորված մարմինների փոփոխության մասին:

2. Ավանդապահը Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա ձևավորում է իրավասու մարմինների ցանկը, այն ուղարկում Պայմանագրի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Կողմերից ստացված ծանուցումների հիման վրա հայտնում է նշված ցանկում բոլոր փոփոխությունների մասին:

3. Կողմերի իրավասու մարմինները սույն Պայմանագրով նախատեսված հարցերով միմյանց հետ փոխգործակցում են անմիջականորեն այդ Կողմերի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում:

 

Հոդված 5

 

Ըստ սույն Պայմանագրի` ուղարկվող և մի Կողմի տարածքում որպես պաշտոնական փաստաթուղթ դիտարկվող փաստաթղթերը մյուս Կողմերի տարածքներում ունեն պաշտոնական փաստաթղթերի իրավաբանական ուժ և չեն պահանջում օրինականացում, եթե դա չի հակասում դրանք ստացող Կողմերի օրենսդրությանը:

 

Հոդված 6

 

Հարցման (հանձնարարության) կատարման հետ կապված ծախսերը կրում է այն Կողմը, որի տարածքում դրանք առաջացել են, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

Բաժին II
Նորմատիվ իրավական բազայի ձևավորումը

 

Հոդված 7

 

Կողմերը ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում` հաշվի առնելով հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ոլորտում միջազգային իրավունքի նորմերը:

 

Հոդված 8

 

1. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք իրենց իրավասու մարմիններին թույլ են տալիս նույնականացնել, որոնել հանցավոր եկամուտները և ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցները, կանխել ու խափանել նման եկամուտների և միջոցների հետ կապված գործողություններն ու գործարքները, դրանց փոխանցումը կամ այլ կերպով տնօրինումը:

2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է նորմատիվ իրավական ակտեր, որոնք իր իրավասու մարմիններին իրավունք են ընձեռում հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու միջոցների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն հայցել:

 

Հոդված 9

 

1. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպություններին պարտավորեցնում են հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է մասնավորապես ընդգրկեն.

ա) հաճախորդների և շահույթ ստացողների նույնականացման կատարումը,

բ) հաճախորդների և շահույթ ստացողների, ինչպես նաև դրամական միջոցների և այլ ունեցվածքի հետ կապված գործարքների մասին տվյալների փաստաթղթային ամրագրումը,

գ) դրամական միջոցների և/կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների և դրանցով շահույթ ստացողների մասին տվյալներ պարունակող փաստաթղթերի պահպանումն առնվազն հինգ տարի, իսկ հաճախորդների մասին տվյալների պահպանումը` հաճախորդի հետ հարաբերությունները դադարեցնելու օրվանից սկսած` առնվազն հինգ տարի,

դ) դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների դադարեցումը Կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով,

ե) լիազոր մարմնին տեղեկությունների տրամադրումը դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքների մասին, որոնց հատկանիշները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան,

զ) հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ձեռնարկվող միջոցների մասին հաճախորդներին և այլ անձանց տեղեկացնելու արգելքը,

է) բանկային հաշվի (ավանդի) պայմանագրի կնքման մերժումը և գործարքի կատարման մերժումը Կողմերի օրենսդրությամբ սահմանված հանգամանքների առկայության դեպքում:

2. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքի հատկանիշները, որի վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն լիազոր մարմնին:

3. Կողմերը որոշում են այն պետական մարմինները, որոնք վերահսկողություն են իրականացնում դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ կատարող կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցների իրագործման նկատմամբ, և նշված մարմիններին լիազորություններ են ընձեռում վերահսկողության ենթակա կազմակերպությունների համար պարտադիր կանոններ հրապարակել` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ:

4. Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնցում սահմանում են դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունը տեղեկություններ տրամադրելուց խուսափելու կամ թաքցնելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությունների չկատարման համար:

 

Հոդված 10

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է նորմատիվ իրավական ակտեր, որոնց համաձայն բանկային և/կամ առևտրային գաղտնիքը արգելք չի հանդիսանում իր օրենսդրությամբ սահմանված պետական մարմինների կողմից տեղեկատվություն ստանալու համար, որն անհրաժեշտ է հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

 

Հոդված 11

 

Կողմերն ընդունում են նորմատիվ իրավական ակտեր, որոնք թույլ են տալիս ապահովել հանցավոր եկամուտների, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների բռնագրավումը, ներառյալ` հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) արդյունքում ստացված ունեցվածքի:

 

Հոդված 12

 

Կողմերը, իրենց իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով, ձեռնարկում են օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են հետևյալ արարքները քրեորեն պատժելի ճանաչելու համար.

ա) ունեցվածքի կոնվերսիա, ինչպես նաև դրա հետ կապված ցանկացած գործարք, եթե հայտնի է, որ նման ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ, որոնք կատարվել են այդ ունեցվածքի հանցավոր ծագումը թաքցնելու կամ գաղտնի պահելու նպատակով կամ հիմնական հանցագործությունը կատարելուն մասնակից ցանկացած անձի օգնություն ցուցաբերելու նպատակով, որպեսզի վերջինս իր արարքների համար կարողանա խուսափել պատասխանատվությունից,

բ) ունեցվածքի իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, տնօրինման ձևի, տեղաշարժման կամ դրա նկատմամբ իրավունքի կամ դրա պատկանելության թաքցնելը կամ գաղտնի պահելը, եթե հայտնի է, որ նման ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտ,

գ) ունեցվածքի ձեռք բերում, տիրապետում կամ օգտագործում, եթե հայտնի է, որ այդ ունեցվածքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտ,

դ) մասնակցություն ցանկացած հանցագործության կատարման, որը, սույն հոդվածին համապատասխան, ճանաչվում է այդպիսին, կամ նման հանցագործության կատարման փորձ կամ նման հանցագործություն կատարելու նախապատրաստում,

ե) ահաբեկչության ֆինանսավորում:

 

Բաժին III
Տեղեկատվության փոխանակում, հարցումների (հանձնարարությունների) կատարում

 

Հոդված 13

 

1. Իրավասու մարմինները հարցման (հանձնարարության) հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց տրամադրում են տեղեկատվություն հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու հարցերով:

2. Տեղեկատվության հաղորդումն իրականացվում է այն դեպքում, եթե դա չի վնասում հաղորդող Կողմի ազգային անվտանգությանը և չի հակասում նրա օրենսդրությանը:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրվում է այն պայմանով, որ, առանց տրամադրող Կողմի նախնական համաձայնության, չի օգտագործվի այլ նպատակով, քան այն նպատակն է, ինչի համար տրամադրվել է:

4. Լիազոր մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է սույն Պայմանագրի 23-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 14

 

Իրավասու մարմինները չեն հրապարակում հարցում (հանձնարարություն) ստանալու փաստը և դրա բովանդակությունը, եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինների հետ այլ պայմանավորվածություն չկա, ապահովում են հայցվող Կողմի տրամադրած տեղեկությունների գաղտնիությունը և դրանք օգտագործում միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է հետաքննության, դատական քննության կամ հարցմամբ (հանձնարարությամբ) նախատեսված ընթացակարգերի կատարման համար:

 

Հոդված 15

 

1. Հարցման (հանձնարարության) կատարումն իրականացվում է սույն Պայմանագրին, Կողմերի այլ միջազգային պայմանագրերին և հայցվող Կողմի օրենսդրությանը համապատասխան ձևով: Հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով` հարցումը (հանձնարարությունը) կատարելիս կարող է կիրառվել այդ Կողմի օրենսդրությունը, եթե հայցվող Կողմի օրենսդրությամբ կամ այդ Կողմի միջազգային պարտավորություններով այլ բան սահմանված չէ:

2. Իրավասու մարմինները կատարում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումները` հանցավոր եկամուտների և դրանց օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը մասնակից լինելու մեջ կասկածվող անձանց գտնվելու վայրը պարզելու նպատակով:

3. Իրավական օգնություն ցուցաբերելու մասին հանձնարարությունների ուղարկման և կատարման կարգը սահմանվում է այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը:

 

Հոդված 16

 

1. Հայցվող Կողմի իրավասու մարմինները կարող են հետաձգել հարցման կատարումը կամ, հարցում անող Կողմի իրավասու մարմինների հետ պայմանավորվելով, հայցը կատարել մասնակիորեն կամ այն պայմաններով, որոնց պահպանումն իրենք համարում են անհրաժեշտ, եթե հարցման կատարումը կարող է վնասել հայցվող Կողմի իրավասու մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների, մինչդատական վարույթի կամ դատաքննության անցկացմանը:

2. Հայցվող Կողմի իրավասու մարմինները կարող են մերժել հարցման կատարումը, եթե դա հակասում է իրենց ազգային շահերին կամ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին, ինչպես նաև` եթե հարցումը չի համապատասխանում սույն Պայմանագրի դրույթներին:

 

Հոդված 17

 

1. Հարցումը կազմվում և հաղորդվում է գրավոր: Ընդ որում` կարող են օգտագործվել կապի տեխնիկական միջոցներ, ինչին հետևում է անհապաղ գրավոր հաստատում:

2. Հարցումը ստորագրվում է հարցում անող Կողմի իրավասու մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է զինանշանի պատկերն ունեցող կնիքով, եթե իրավասու մարմիններն այլ պայմանավորվածության չեն գալիս:

3. Հարցումը կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, եթե Կողմերն այլ պայմանավորվածություն չունեն:

 

Հոդված 18

 

Հարցման մեջ նշվում են.

ա) հարցում անող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) հարցման առարկան և հիմքը,

գ) այն գործի (հանցագործության) էությունը, որի համար իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական փաստաթղթեր հանձնելուն,

դ) համապատասխան նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև հայտարարություն այն մասին, որ հայցվող կամ նույնանման արդյունքի հանգեցնող ցանկացած այլ միջոց կարող է ընդունվել հարցում անող Կողմի տարածքում` նրա օրենսդրության համապատասխան:

ե) անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում`

տեղեկատվություն անձի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, տեղեկություններ ծննդյան վայրի և քաղաքացիության մասին, բնակության և գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթղթի ռեկվիզիտները, իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն, նրա պետական գրանցման համարը և գրանցման վայրը),

տեղեկատվություն հարցման առարկա հանդիսացող ունեցվածքի կամ եկամուտների մասին (դրանց գտնվելու վայրը, կապերը համապատասխան անձի կամ անձանց և հանցագործության հետ, ինչպես նաև այդ ունեցվածքի կամ եկամուտների նկատմամբ այլ անձանց իրավունքների մասին ցանկացած առկա տեղեկություն),

այն կոնկրետ ընթացակարգը, որին, հարցում անող Կողմի խնդրանքով, ցանկալի կլիներ հետևել:

 

Հոդված 19

 

Բռնագրավման մասին դատական որոշման կատարման վերաբերյալ հանձնարարությունն այդ թվում ընդգրկում է`

ա) հարցում անող Կողմի դատարանի կայացրած` բռնագրավման մասին որոշման հաստատված պատճենը և տեղեկատվություն այն մասին, թե որ մասով այն պետք է կատարվի,

բ) փաստաթղթեր, որոնք հաստատում են բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ երրորդ անձանց կողմից իրավունքների հայտ ներկայացվելու հնարավորությունը:

 

Հոդված 20

 

Եթե հարցման մեջ (հանձնարարությունում) նշված տեղեկությունները բավարար չեն դրա կատարման համար, հայցվող Կողմը կարող է հայցել լրացուցիչ տեղեկատվություն` սահմանելով այն տրամադրելու վերջնական ժամկետ:

 

Հոդված 21

 

Մի քանի Կողմերի կողմից սույն Պայմանագրի համաձայն ուղարկված և նույն հանգամանքները շոշափող հարցումների շատ լինելու դեպքում հայցվող Կողմն ինքնուրույն որոշում է, թե հարցումներից որն է ենթակա առաջնահերթ կատարման` անհրաժեշտության դեպքում նախապես խորհրդակցելով հարցում անող Կողմերի հետ:

 

Հոդված 22

 

1. Հայցվող Կողմը տեղեկացնում է հարցում անող Կողմին`

ա) հարցման շուրջ ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին,

բ) հարցման (դրա մի մասի) կատարման մերժման, հետաձգման և պայմանների մասին` նշելով դրանց պատճառները,

գ) ազգային օրենսդրության այն դրույթների մասին, որոնք ինքնաբերաբար կպահանջեն հարցման հետ կապված ապահովման միջոցները չկատարել:

2. Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացնում է հայցվող Կողմին հարցման կատարման վրա էապես ազդող հանգամանքների մասին:

 

Հոդված 23

 

1. Լիազորված մարմինները միմյանց միջև իրականացնում են տեղեկատվության փոխանակում կասկածելի գործարքների և այդ գործարքների կատարմանը մասնակցող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց գործունեության մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության փուլերում:

2. Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է լիազորված մարմիններից մեկի նախաձեռնությամբ կամ հայցով: Տեղեկատվություն ստանալու մասին հարցումը պետք է պարունակի դրա հակիրճ հիմնավորումը:

3. Ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմի, հայտնի դառնալ երրորդ անձի համար, ինչպես նաև օգտագործվել քննչական կամ դատական նպատակներով միայն այն տրամադրած լիազորված մարմնի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ընդ որում` նշված տեղեկատվությունն օգտագործվում է միայն հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված գործերով, եթե այն հաղորդող լիազորված մարմինն այլ բան չի որոշում:

4. Սույն հոդվածի համաձայն ստացված տեղեկատվությունը գաղտնի է, և դրա վրա տարածվում է պաշտպանության պայմանակարգը, որը նախատեսված է այն ստացող Կողմի օրենսդրությամբ` ազգային աղբյուրներից նմանատիպ տեղեկատվության համար:

 

Բաժին IV
Բռնագրավում

 

Հոդված 24

 

Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի հանձնարարությամբ ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները հանցավոր եկամուտների և/կամ ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների բռնագրավումն ապահովելու համար:

 

Հոդված 25

 

Սույն Պայմանագրի համաձայն իրականացվող ապահովման միջոցի հնարավոր չկայացման մասին հայցվող Կողմը նախօրոք տեղեկացնում է հարցում անող Կողմին:

 

Հոդված 26

 

1. Իր տարածքում գտնվող հանցավոր եկամուտների և/կամ ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների բռնագրավման մասին դատական որոշման վերաբերյալ հանձնարարություն ստացած Կողմը բռնագրավումն իրականացնում է համաձայն ազգային օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից են հարցում անող և հայցվող Կողմերը:

2. Եթե որևէ Կողմ նույն որոշման հիման վրա բռնագրավման համար դիմում է մի քանի Կողմերի, ապա նա այդ մասին ծանուցում է այդ Կողմերից յուրաքանչյուրին:

3. Հարցում անող Կողմն անհապաղ տեղեկացնում է հայցվող կողմին այն հանգամանքների մասին, որոնց հետ կապված` բռնագրավման մասին որոշումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցնում է ուժը:

 

Հոդված 27

 

Կողմերը կարող են միմյանց հետ կնքել համաձայնագրեր կամ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պայմանավորվել այն ունեցվածքի բաժանման մասին, որը Կողմերից մեկն ստացել է բռնագրավման մասին դատական որոշումը կատարելու վերաբերյալ հանձնարարության կատարման արդյունքում, կամ` բռնագրավված ունեցվածքի իրացումից ստացված միջոցների բաժանման մասին:

 

Բաժին V
Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 28

 

Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 29

 

Սույն Պայմանագրի դրույթների զարգացման նպատակով իրավասու մարմինները կարող են միմյանց հետ կնքել միջգերատեսչական պայմանագրեր:

 

Հոդված 30

 

Սույն Պայմանագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս Կողմերը որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:

 

Հոդված 31

 

1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

2. Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 32

 

Սույն Պայմանագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար. միանալն իրականացվում է այդ մասին ավանդապահին ծանուցում հանձնելու միջոցով: Միացող պետության համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից` պահպանելով սույն Պայմանագրի 31-րդ հոդվածի 1-ին կետը:

 

Հոդված 33

 

Կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագրի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով, եթե Կողմերն այլ պայմանավորվածության չեն գալիս:

 

Հոդված 34

 

Սույն Պայմանագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերի միջև լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 35

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Պայմանագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ենթադրվող օրվանից առնվազն վեց ամիս առաջ:

2. Մինչև դուրս գալու պահը համապատասխան Կողմը պետք է կատարի բոլոր այն նյութական, ֆինանսական և այլ պարտավորությունները, որոնք ծագել են սույն Պայմանագրին մասնակցելու կապակցությամբ:

 

Կատարված է Դուշանբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Պայմանագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Սույն Պայմանագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կողմից:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել

 

Հայաստանի Հանրապետության համար` 23.09.2008,

Ղրղզստանի Հանրապետության համար` 23.09.2008,

Բելառուսի Հանրապետության համար` 23.09.2008:

 

 

pin
05.10.2007
Միջազգային պայմանագիր