Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների` այսուհետ` Կողմեր,

ուշադրության առնելով 1992 թվականի մայիսի 15-ի` կրթության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի, 1997թ. հունվարի 17-ի` Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի կազմավորման ուղղությամբ համագործակցման մասին Համաձայնագրի, 1997 թվականի հունվարի 17-ի` Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում Համաձայնագրի, 2005 թվականի օգոստոսի 26-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին Համաձայնագրի դրույթները,

հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատուժի աճող միգրացիան, ինչը պահանջում է իրենց բնակության վայրերում աշխատողների հարմարվելը,

ձգտելով արագացնել Կողմերի տնտեսության տեխնոլոգիական բարեփոխումը, ապահովել այն որակյալ մասնագետներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար գործածվող հասկացությունները նշանակում են.

«մասնագետների որակավորման բարձրացում» - ավելի վաղ ձեռք բերված մասնագիտական գիտելիքների, ունակությունների և հմտությունների ընդլայնմանը, խորացմանն ու կատարելագործմանն ուղղված լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում ոչ պակաս, քան երկու ամբողջական ուսումնական շաբաթ կամ ուսումնական ժամանակի 72 ակադեմիական ժամ տևողությամբ, որն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ.

«մասնագետների մասնագիտական վերապատրաստում» - լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում ոչ պակաս, քան երկու ամբողջական կիսամյակ կամ ուսումնական ժամանակի 1000 ակադեմիական ժամ տևողությամբ, որը չի հանգեցնում ավելի վաղ ձեռք բերված կրթական մակարդակի փոփոխության և ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ և նոր մասնագիտական որակավորման շնորհմամբ:

 

Հոդված 2

 

Կողմերը ձեռնարկում են միջոցներ նորմատիվ իրավական բազայի կատարելագործման, ինչպես նաև կրթական գործունեության որակի վերահսկման ուղղությամբ, որոնք ներառում են մասնագետների որակավորման բարձրացումն ու մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների արտոնագրումը, մասնագետների մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների ատեստավորումը և պետական հավատարմագրումը:

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Կողմ ընդունում է մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչման ուղղությամբ, որոնք նշված ձևերով տրվել են Կողմերի հավատարմագրված կրթական հաստատությունների կողմից:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Կողմ որոշում է լիազորված մարմին (մարմիններ), որը (որոնք) պատասխանատու է (են) մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչման համար, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման համակարգի մասին մյուս Կողմերին տեղեկատվության տրամադրման համար` այդ Կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմերի` իր տարածքում մշտապես բնակվող քաղաքացիներին ընձեռում է նշված Կողմի քաղաքացիների հետ հավասար իրավունքներ որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման համար: Մյուս Կողմերի` ընդունող Կողմի տարածքում մշտապես չբնակվող քաղաքացիների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման կարգը սահմանում է այդ Կողմը:

 

Հոդված 6

 

Կողմերն աջակցում են ուղիղ կապերի զարգացմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը Կողմերի` մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման բնագավառում ծառայություններ մատուցող կրթական հաստատությունների, նման ծառայություններ ստանալու մեջ շահագրգիռ կազմակերպությունների միջև, ինչպես նաև աջակցում են նշված բնագավառում կրթական ծառայությունների գովազդին և ցուցահանդեսների կազմակերպմանը:

 

Հոդված 7

 

Կողմերը, միջազգային պարտավորություններին և Կողմերի օրենսդրությանը համապատասխան, աջակցում են մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման բնագավառում ծառայություններ մատուցող հաստատությունների համատեղ կրթական գործունեությանն իրենց տարածքներում` մյուս Կողմերի կրթական հաստատությունների մասնակցությամբ:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու ամսաթվից: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու պահից:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով: Միացող Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ միանալուն համաձայն լինելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ:

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալը, ինչպես նաև Կողմերի կողմից դրա գործողության դադարեցումը չի շոշափում Կողմերի կողմից իրենց իրավունքների և պարտավորությունների կատարումը այն նախագծերով, որոնք սկսվել են սույն Համաձայնագրի գործողության ժամկետում և չեն ավարտվել մինչև դրա գործողության դադարեցման ամսաթիվը:

 

Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի կառավարությունների կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար` 09.04.2008, Տաջիկստանի Հանրապետության համար` 25.02.2008, Բելառուսի Հանրապետության համար` 25.02.2008, Ռուսաստանի Դաշնության համար` 25.02.2008:

 

 

pin
25.05.2007
Միջազգային պայմանագիր