Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-611 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-721/2006

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Է. Մուրադյան

Վ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վահան Տեր-Հովակիմյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Գարիկ Հարությունյանի դիմումի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2006 թվականի վճռով Արմեն Տեր-Հովակիմյանի հայցը բավարարվել է` վճռվել է «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրաշատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները և տարածքը բերել նախկին տեսքին»: Նշված վճռի հիման վրա 25.10.2006 թվականին տրվել է թիվ 06-721 կատարողական թերթը:

Դիմելով դատարան` Ծառայության հարկադիր կատարողը խնդրել է պարզաբանել թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես` հստակեցնել թե Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ո՞ր ինքնակամ կառույցները քանդելուն պետք է պարտավորեցվի Վահան Տեր-Հովակիմյանը:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնելով Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի, Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցները և տարածքը բերել նախկին տեսքին` դատարանը նկատի է ունեցել տան վրա ավելացվող հարկը (ձեղնահարկը)»:

Ծառայության հարկադիր կատարողը մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես` «Ծառայությունը իրավունք ունի՞ պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդելու Ջրառատ 54/1 տան վրա ավելացված, բացի ձեղնահարկից, որը արդեն քանդվել է, այլ կառույցներ»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրառատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները` ավելացված հարկը, ներառյալ ձեղնահարկը և տարածքը բերել նախկին տեսքի»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Տեր-Հովակիմյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ արդեն պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2006 թվականի վճիռը` նշելով, որ վճռով սահմանված Վահան Տեր-Հովակիմյանի պարտականությունը սահմանափակված է Երևանի Ջրառատ փողոցի թիվ 54/1 տան ձեղնահարկի քանդմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 24.06.2008 թվականի որոշմամբ կրկին պարզաբանելով արդեն իսկ պարզաբանված վճիռը, խախտել է մինչ այդ կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի պարզաբանման որոշումը, դրանով իսկ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավական որոշակիության սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2008 թվականի որոշումը և Ծառայության հարկադիր կատարողի դիմումը թողնել առանց քննության կամ դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության ավագ հարկադիր կատարողը խնդրել է պարզաբանել 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը, մասնավորապես հստակեցնել, թե Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող որ ինքնակամ կառույցները քանդելուն պետք է պարտավորեցվի Վահան Տեր-Հովակիմյանը:

2) Վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «Վահան Տեր-Հովակիմյանին Երևանի Ջրառատ 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցները քանդելուն և տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելով` դատարանը նկատի է ունեցել տան վրա ավելացվող հարկը (ձեղնահարկը)»:

3) Ծառայության ավագ հարկադիր կատարող Գ. Հարությունյանը մեկ այլ դիմումով խնդրել է պարզաբանել, թե Ծառայությունն իրավունք ունի պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին, բացի ձեղնահարկից (որն արդեն քանդվել է) քանդելու Երևանի Ջրառատի 54/1 հասցեում գտնվող տան վրա ավելացված այլ կառույցները, քանի որ կատարողական գործողությունների իրականացման ընթացքում կառուցված ձեղնահարկն արդեն քանդվել է, սակայն պահանջատերը դիմել է Ծառայություն` խնդրելով պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել տան վրա ավելացված մնացած հարկերը:

4) Վերաքննիչ դատարանի 24.06.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանվել է հետևյալ կերպ. «պարտավորեցնել Վահան Տեր-Հովակիմյանին քանդել Երևանի Ջրառատ 54/1 հասցեում իրականացված ինքնակամ կառույցները` ավելացված հարկը, ներառյալ ձեղնահարկը և տարածքը բերել նախկին տեսքի»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթի պարզաբանման մասին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշման մեջ հստակ նշված է, որ ինքնակամ կառույցները քանդելու Վահան Տեր-Հովակիմյանի պարտավորությունը սահմանափակվում է միայն ձեղնահարկով: Դա հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ թիվ 06-721 գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Ջրառատի փողոցի 54/1 հասցեի ձեղնահարկի կառուցման աշխատանքների քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացումը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 24.06.2008 թվականի որոշմամբ հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ 06-721 կատարողական թերթը նախկինում` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.05.2007 թվականի որոշմամբ, արդեն իսկ պարզաբանվել էր, և այդ դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման:

i

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 25.10.2006 թվականին տրված թիվ 06-721 կատարողական թերթը պարզաբանելու մասին 15.05.2007 թվականի որոշումից հետո վճիռը կատարվել է. քանդվել է ձեղնահարկը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարումից հետո դրա պարզաբանման պահանջ չէր կարող ներկայացվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության ավագ հարկադիր կատարող Գարիկ Հարությունյանի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-611(ՎԴ)
Որոշում